OpenAI-ի գրասենյակում գաղտնալսող սարք է հայտնաբերվել․ ՀԴԲ-ն հետաքննություն է իրականացնում
Հաղորդաշարեր
14.10.2026 | 17:20
Սաուդյան Արաբիայի քաղաքացի Աբդուլրահման ալ-Ֆաուզանին մեղադրանք է առաջադրվել Քալիֆորնիայում գտնվող OpenAI-ի գրասենյակներից մեկում գաղտնի ձայնագրող սարք տեղադրելու համար։ Այս մասին հայտնել են ԱՄՆ Արդարադատության նախարարությունից, փոխանցում է DW-ի ռուսական ծառայությունը։
Նրան ձերբակալել են հոկտեմբերի 9-ին, չորս օր անց նա կանգնել է դաշնային դատարանի առաջ։ ՀԴԲ տնօրեն Քեշ Պատելի խոսքով՝ տղամարդը, ենթադրաբար, ձայնագրող սարքը թաքցրել է ընկերության ղեկավարության նիստերի սենյակում՝ «գերբանականության» մասին գաղտնի խոսակցություններն աննկատ ձայնագրելու նպատակով։
Ալ-Ֆաուզանը 2025 թվականի հուլիսից աշխատել է OpenAI ընկերությունում որպես ինժեներ։ Սեպտեմբերի 30-ին OpenAI-ի աշխատակիցները հայտնաբերել են ձայնագրող թաքնված սարք, որը տեղադրված է եղել Սան Ֆրանցիսկոյում գտնվող ընկերության նիստերի սրահի հեռուստացույցի հետևի վահանակի USB միացիչի մեջ։ OpenAI-ը պարզել է, որ զուգարանի թղթով փաթաթված սարքը տեղադրվել է, ենթադրաբար, սեպտեմբերի 28-ին, իսկ դրա պարունակությունը գաղտնագրված է եղել։
OpenAI-ի գրասենյակի տեսահսկման համակարգի տեսագրությունները ցույց են տվել, որ ալ-Ֆաուզանը սարքի հայտնաբերումից առաջ մի քանի օր շարունակ հայտնվել է նիստերի սրահի մոտ, թեև այդ տարածք մուտք գործելու իրավասություն չի ունեցել։ Այդ սրահում հաճախ քննարկվել են խիստ գաղտնի տեխնիկական, առևտրային և ռազմավարական հարցեր, այդ թվում՝ հետազոտությունների արդյունքները, բիզնեսի զարգացման հնարավորությունները, ինչպես նաև OpenAI-ի տեխնիկական ձեռքբերումների և ռազմավարական որոշումների, պետական մարմինների հետ փոխգործակցության ու առևտրային կապերի վերաբերյալ խիստ կոնֆիդենցիալ տեղեկություններ։
Աբդուլռահման ալ-Ֆաուզանն օգտագործել է արտադրողականության բարձրացման գործիք՝ OpenAI-ի շենքերի, նիստերի սրահների, դրանց տարողունակության և ժամանակացույցի, ղեկավարության ու գործադիր տնօրենների գտնվելու վայրերի, ինչպես նաև գործընկերների հետ հանդիպումների մասին տեղեկություններ հավաքելու համար։ Բացի այդ, նրա կնոջ հետ կապված չաթբոտի հաշվից սեպտեմբերի 24-ից 30-ը հարցումներ են ուղարկվել սարքի հավաքման, կարգավորման, տեղադրման, ձայնագրման, փորձարկման և հեռահար հասանելիության վերաբերյալ, այդ թվում՝ իրական ժամանակում ձայնի որակը բարելավելու մասին։
Հոկտեմբերի 5-ին ալ-Ֆաուզանը OpenAI-ի սենյակներից մեկում առանց հսկողության պայուսակ է թողել։ Անվտանգության աշխատակիցները հայտնաբերել են այն և ներսում գտել դրամապանակ, անձը հաստատող փաստաթուղթ և մեկ այլ ձայնագրող սարք։
OpenAI-ում հայտարարել են, որ իրենց մոդելների օգնությամբ վերլուծել են սարքը և պարզել, թե ով է այն տեղադրել։ Գործը փոխանցվել է ՀԴԲ-ին։ Հետաքննությունը շարունակվում է։ Այս պահին տվյալներ չկան, որ տղամարդն ապօրինի հասանելիություն է ստացել մոդելների թվային պարամետրերին, սկզբնական կոդին կամ հաճախորդների տվյալներին։ Աշխատակիցն ազատվել է աշխատանքից։
Մեղավոր ճանաչվելու դեպքում ալ-Ֆուազանին սպառնում է առավելագույնը 5 տարի ժամկետով ազատազրկում և 250 հազար դոլարի չափով տուգանք։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

