Աֆղանստանում դպրոցի մոտ պայթյունի հետևանքով 7 աշակերտ է զոհվել, ավելի քան 90-ը՝ վիրավորվել. Associated Press
Քաղաքականություն
28.11.2026 | 15:45
Աֆղանստանի արևելյան Քունար նահանգի դպրոցներից մեկում պայթյուն է եղել, որի հետևանքով զոհվել է յոթ մարդ, իսկ ավելի քան 90-ը՝ վիրավորվել։ Այս մասին հայտնել է նահանգի մշակույթի և տեղեկատվության վարչության տնօրենը՝ հավելելով, որ պայթյունը, ըստ երևույթին, տեղի է ունեցել հարևանությամբ գտնվող՝ պայթուցիկ նյութերի պահեստում, գրում է Associated Press-ը։
Սամի ուլ Հաք Բայանը նշել է, որ նախնական տվյալներով՝ նահանգի կենտրոն Ասադաբադի ծայրամասում գտնվող դպրոցում տեղի ունեցած պայթյունը տեղի է ունեցել հանքարդյունաբերական ընկերություններին պատկանող պայթուցիկ նյութերի պահեստում ցուցաբերված անփութության պատճառով։ Նրա խոսքով՝ միջադեպի առնչությամբ հետաքննություն է ընթանում։
Նա հավելել է, որ վիրավորներից մինչև 15-ը դեռևս հիվանդանոցում են, իսկ մյուսները բուժում ստանալուց հետո դուրս են գրվել։
Ավելի վաղ Քունար նահանգի ոստիկանության վարչության խոսնակ Ֆարիդ Դեհղանը հայտնել էր, որ պայթյունը տեղի է ունեցել առավոտյան ժամը 10-ին՝ Ասադաբադի ծայրամասում գտնվող Անդար Սեր թաղամասի դպրոցներից մեկում։
Հիշեցնենք, որ oգոստոսին Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում գտնվող դպրոցական համալիրներից մեկում ձեռքի նռնակով հարձակման հետևանքով վիրավորվել էր 9-ից 14 տարեկան ավելի քան 40 երեխա։

