Եվրախորհրդարանը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իրանում, Վրաստանում և Ադրբեջանում բռնաճնշումների պատասխանատուների նկատմամբ
Քաղաքականություն
08.10.2026 | 17:52
Եվրոպական խորհրդարանն ընդունել է Իրանում, Վրաստանում և Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ երեք առանձին բանաձև։ Փաստաթղթերով կոչ է արվում ընդլայնել Թեհրանի նկատմամբ սահմանափակումները, ինչպես նաև նպատակային պատժամիջոցներ կիրառել Վրաստանում և Ադրբեջանում քաղաքական հետապնդումների համար պատասխանատու անձանց նկատմամբ։
Ադրբեջանի վերաբերյալ բանաձևում եվրոպացի պատգամավորներն ընդգծել են, որ ԵՄ-ի և Բաքվի միջև ցանկացած ապագա գործընկերության համաձայնագիր պետք է ուղղակիորեն փոխկապակցվի մարդու իրավունքների ոլորտում շոշափելի բարելավումների, այդ թվում՝ քաղբանտարկյալների ազատ արձակման հետ։ Եվրոպացի օրենսդիրները պահանջել են անհապաղ և անվերապահորեն ազատ արձակել «Ադրբեջանի ժողովրդական ճակատ» կուսակցության նախագահ Ալի Քերիմլիին, իրավապաշտպան Անար Մամեդլիին և նույն գործով մեղադրվող լրագրող Անար Աբդուլաևին՝ խստորեն դատապարտելով նրանց կալանավորումը, պահման պայմաններն ու վատ վերաբերմունքի մասին հաղորդումները։
Եվրախորհրդարանը նաև ողջունել է Գուբադ Իբադօղլուի՝ անհետաձգելի բուժման նպատակով Եվրոպա ժամանումը և կոչ արել ադրբեջանական իշխանություններին՝ կարճել նրա նկատմամբ բոլոր քրեական գործերը։
Պատգամավորները քննադատել են Ադրբեջանում քրեական և ազգային անվտանգության օրենսդրության չարաշահումը՝ հասարակական կազմակերպություններին ու անկախ լրատվամիջոցներին լռեցնելու նպատակով, ինչպես նաև արտերկրում բնակվող ընդդիմախոսների նկատմամբ իրականացվող ճնշումները։
Քաղաքական բանտարկյալների թվի վերաբերյալ փաստաթղթում համառոտ հիշատակվում են նաև Բաքվում պահվող հայ գերիները։
Եվրախորհրդարանը ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցչին կոչ է արել նպատակային միջոցներ մշակել ԵՄ գլոբալ պատժամիջոցների ռեժիմի շրջանակում, իսկ Եվրոպական հանձնաժողովին՝ ուժեղացնել աջակցությունը երկրում և վտարանդիության մեջ գործող քաղաքացիական հասարակությանն ու անկախ ԶԼՄ-ներին։
Ադրբեջանի վերաբերյալ բանաձևն ընդունվել է ձայների 492 «կողմ», 23 «դեմ» և 60 «ձեռնպահ» հարաբերակցությամբ։
Վրաստան․ ընդդիմադիր կուսակցությունների արգելումը կխոչընդոտի ԵՄ անդամակցությանը
Վրաստանին վերաբերող բանաձևում Եվրախորհրդարանը դատապարտել է իշխող «Վրացական երազանք» կուսակցության՝ ընդդիմադիր քաղաքական ուժերի գործունեությունն արգելելու փորձերը՝ ընդգծելով, որ դատական ճանապարհով ընդդիմության վերացումն անհամատեղելի է ժողովրդավարական արժեքների հետ։ Եվրախորհրդարանականների գնահատմամբ՝ կայացած քաղաքական կուսակցությունների արգելումն անհնարին է դարձնում երկրի առաջընթացը ԵՄ անդամակցության ճանապարհին։
Խորհրդարանը պահանջել է անհապաղ և անվերապահորեն ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին ու խաղաղ ցուցարարներին, այդ թվում՝ Էլենե Խոշտարիային, 2025 թվականի Սախարովի մրցանակի դափնեկիր Մզիա Ամագլոբելիին, Միխեիլ Սաակաշվիլիին, Գիորգի Բարամիձեին և Նիկա Մելիային։
Եվրոպացի օրենսդիրները քննադատել են Վրաստանում իրավիճակի վատթարացման պայմաններում ԵՄ-ի և անդամ պետությունների անգործությունը և կրկին կոչ արել անհատական պատժամիջոցներ սահմանել ժողովրդավարական հետընթացի, բռնությունների և քաղաքական հետապնդումների պատասխանատուների նկատմամբ։ Բանաձևում հատուկ մատնանշվել են Բիձինա Իվանիշվիլիի, Իրակլի Կոբախիձեի, Շալվա Պապուաշվիլիի և Կախա Կալաձեի անունները։
Վրաստանի վերաբերյալ բանաձևն ընդունվել է 445 «կողմ», 37 «դեմ» և 97 «ձեռնպահ» ձայներով։
Իրան․ մահապատժի վերացման և պատժամիջոցների ընդլայնման կոչ
Իրանի վերաբերյալ բանաձևում եվրապատգամավորները խստորեն դատապարտել են 2026 թվականի հունվարից ի վեր խաղաղ բնակչության նկատմամբ իշխանությունների գործադրած բռնությունների աննախադեպ ծավալը, իրավապաշտպանների ու լրագրողների դեմ հարձակումների սաստկացումը, ինչպես նաև խոշտանգումներով կորզված ցուցմունքների հիման վրա ցուցարարների քրեական հետապնդումները։
Նրանք կոչ են արել չեղարկել բողոքի ցույցերից հետո մահապատժի դատապարտված 20-ամյա Թարանե Ռահիմիի և 43-ամյա Լեյլա Աբոլհասանիի նկատմամբ քաղաքական դրդապատճառներով կայացված դատավճիռները։ Բանաձևում անդրադարձ կա նաև Ռահիմիի քրոջը՝ Ռոմինային, որը դատապարտվել է երկարատև ազատազրկման։
Ընդգծելով, որ Իրանը մեկ շնչին բաժին ընկնող մահապատիժների թվով աշխարհում առաջին տեղում է՝ պատգամավորները պահանջել են իսպառ վերացնել մահապատժի կիրառումը։ Նրանք խոր անհանգստություն են հայտնել դատապարտված կանանց թվի աճի, կրոնական ու էթնիկ փոքրամասնությունների հալածանքների և երկրի սահմաններից դուրս իրանական վարչակարգի իրականացրած բռնաճնշումների կապակցությամբ։
Եվրախորհրդարանը նաև կոչ է արել միջազգային իրավունքում «գենդերային ապարտեիդը» ճանաչել որպես մարդկության դեմ հանցագործություն։
Պատգամավորները պահանջել են ընդլայնել պատժամիջոցների շրջանակը, ուժեղացնել ՄԱԿ-ի անկախ միջազգային փաստահավաք առաքելությունը՝ ապացույցներ հավաքելու և հանցագործությունների պատասխանատուներին բացահայտելու նպատակով, ինչպես նաև իրանական վարչակարգի գործը փոխանցել Միջազգային քրեական դատարան (ՄՔԴ)։
Իրանի վերաբերյալ բանաձևն ընդունվել է 541 «կողմ», 11 «դեմ» և 25 «ձեռնպահ» ձայներով։
Կարինե Ասատրյան
Բրյուսել-Ստրասբուրգ

