Ոչ մի կապ չունի ազգությունը. ՔՊ-ականը` զինված ադրբեջանցու հանցագործության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
08.10.2026 | 16:44Շաքիում 39-ամյա կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայող Նասիմի Մուսաևի գործողությունները, ըստ ՔՊ խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանի, կարող են որակվել որպես ծանր կամ առանձնապես ծանր հանցագործություն։
Factor TV-ի հարցին՝ արդյոք Մուսաևի արարքը «սովորական կրիմինալ հանցագործություն» է, ինչպես այն որակել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Խաչատրյանը պատասխանեց, որ Քրեական օրենսգիրքը հանցագործությունները դասակարգում է ըստ ծանրության։
«Կրիմինալ հանցագործությունները չեն բաժանվում սովորականի կամ ոչ սովորականի․ դրանք բաժանվում են նվազ նշանակության հանցագործություններ, միջին ծանրության հանցագործություններ, ծանր հանցագործություններ և առանձնապես ծանր հանցագործություններ։ Այս հանցագործությունը երևի կորակվի որպես ծանր կամ առանձնապես ծանր հանցագործություն»,- ասաց նա։
Պատգամավորը նաև ասաց, որ Մուսաևի առողջական վիճակի վերաբերյալ այս պահին տեղեկություն չունի։
«Գիտեմ, որ բժշկական օգնության կարիք ուներ և ստանում էր, որևէ այլ տեղեկության չեմ տիրապետում»,- ասաց նա։
Անդրադառնալով միջադեպին՝ Խաչատրյանը պնդեց, որ Մուսաևի ազգությունը չպետք է ազդի նրա արարքի իրավական գնահատականի վրա։
«Կարևոր չէ այստեղ ազգությունը՝ ադրբեջանցի է, թե ադրբեջանցի չէ»,- ասաց նա։
Խաչատրյանը միաժամանակ կոչ արեց այլևս չշեշտադրել Մուսաևի ադրբեջանցի լինելը՝ ընդգծելով, որ այս գործին պետք է տրվի իրավական, ոչ թե քաղաքական գնահատական։
«Ես արդեն ասել եմ՝ այս միջադեպը քաղաքական արձագանքի կարիք չունի, սա իրավական արձագանքի խնդիր է։ Հանցագործ է, հանցագործություն է կատարել, բոլոր հանցագործությունները և արարքները նախատեսված են մեր քրեական օրենսգրքով՝ որ դեպքում ինչ պատիժ է հասնում, և այդ մարդը ենթարկվելու է քրեական պատասխանատվության։ Ի՞նչ կա այստեղ»,- ասաց պատգամավորը։
Նշենք, որ Հայաստանի սահմանն ապօրինի հատած Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։
Արփի Հակոբյան

