Ռուսաստանը հարվածել է Կրամատորսկում ուղևորատար ավտոբուսների․ զոհվել է 30 մարդ, ևս 18-ը՝ վիրավորվել
Քաղաքականություն
08.10.2026 | 15:44
Ռուսական զորքերը հոկտեմբերի 8-ի առավոտյան հարվածել են Դոնեցկի մարզի Կրամատորսկ քաղաքին։ Զոհվել է 12 մարդ, ևս 19-ը՝ վիրավորվել։ Այս մասին հայտնել է մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Վադիմ Ֆիլաշկինը։ Ավելի ուշ Դոնեցկի մարզի դատախազությունը հայտնել է, որ զոհվել է 30 մարդ, ևս 18-ը՝ վիրավորվել։
Հաղորդվում է, որ դեպքը տեղի է ունեցել տեղի ժամանակով ժամը 10:00-ի սահմաններում։ Դոնեցկի մարզի դատախազության տվյալներով՝ հարվածի էպիկենտրոնում են հայտնվել երկու երթուղային ավտոբուսներ, որոնք, ենթադրաբար, թիրախավորվել են УМПБ Д-30 СН-ի՝ արդիականացված կառավարվող ավիառումբի միջոցով։
Ֆիլաշկինի և դատախազության հրապարակած լուսանկարներից երևում է, որ երկու ավտոբուսներն ամբողջությամբ այրվել են։
«Սրանք «պատերազմի հետևանքներ» չեն, չոր վիճակագրություն չէ։ Սրանք մարդիկ են, որոնց սպանել է ռուսական բանակը։ Ռուսաստանը մահ է բերում ուկրաինական հող։ Հարվածում է մեր քաղաքներին, սպանում մեր մարդկանց և ամեն օր ավելացնում իր հանցագործությունները։ Դրա համար ոչ մի արդարացում չկա և չի կարող լինել»,- նշել է Ֆիլաշկինը։
Դոնեցկի վարչակազմի ղեկավարը մարզի բնակիչներին կոչ է արել տարհանվել Ուկրաինայի ավելի անվտանգ շրջաններ։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

