«Շուռա, որքա՞ն է Ձեզ պետք երջանիկ լինելու համար». լրագրողը միացրեց Փաշինյանի նախկին ելույթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
08.10.2026 | 13:28Լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում լրագրողը միացրել է Նիկոլ Փաշինյանի՝ 2013 թվականի պատգամավորական ելույթի ձայնագրությունը, որտեղ նա քննադատում էր նախկին իշխանություններին պաշտոնյաների աշխատավարձերը բարձրացնելու համար և մեջբերում «Ոսկե հորթը» վեպից Օստապ Բենդերի հայտնի հարցը Շուռա Բալագանովին։
Նշենք՝ Հայաստանի կառավարությունը ավելի քան 25 միլիարդ դրամ կծախսի եկող տարի՝ հանրային ծառայողների, բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերը բարձրացնելու համար։ Օրենսդրական փաթեթը Կառավարությունը հավանության արժանացրեց սեպտեմբերի 17-ին, և այն առաջիկայում կքննարկի խորհրդարանը։
Նախագահի աշխատավարձը կկրկնապատկվի՝ 1,5 միլիոնից կդառնա 2,6 միլիոն։ Վարչապետի աշխատավարձը ևս կդառնա 2,6 միլիոն։
Նախարարների ամսական աշխատավարձը կմոտենա 2 միլիոն դրամի՝ 998,000 դրամի փոխարեն, փոխվարչապետերն էլ ամսական կվարձատրվեն ավելի քան 2,1 միլիոն դրամի չափով։
Արձագանքելով լրագրողի հարցադրմանը և 2013 թվականի իր ելույթին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է վերջին տարիների ցուցանիշները։ Ըստ նրա՝ 2025 թվականի պետական բյուջեն 2017-ի համեմատ աճել է 135%-ով (ավելի քան կրկնապատկվել է), իսկ ՀՆԱ-ն վերջին յոթ-ութ տարիներին աճել է 53.1%-ով։
Փաշինյանն ընդգծեց, որ պետական ապարատում կատարողականի վրա հիմնված վարձատրության համակարգ է ներդրվում, որի մի մասը պաշտոնյաները պարտավոր են ծախսել իրենց կրթության վրա։
«Ուզում եմ ձեզ տեղեկացնել, որ չնայած այն փաստին, որ ես ութ տարի Հայաստանի Հանրապետության վարչապետ եմ, ոչ ես, ոչ նախարարներից որևէ մեկը միլիոնատեր չի դարձել»,-նշեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։
Եվգենյա Համբարձումյան

