ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային․ տասնյակ զոհեր կան
Քաղաքականություն
08.10.2026 | 12:02
Ռուսական անօդաչու թռչող սարքերը հոկտեմբերի 7-ի ուշ երեկոյան հարձակվել են Կիևի վրա, հայտնել են տեղի իշխանությունները։ Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից նշել են, որ անօդաչու սարքերից մեկը հարվածել է 12 հարկանի բնակելի շենքի։ Հարձակման հետևանքով շենքի 10-րդ հարկում հրդեհ է բռնկվել։ Կրակը տարածվել է վերին հարկեր, ինչի հետևանքով շենքի հենակառույցները մասամբ փլուզվել են։
Երկու մարդ զոհվել է: Նրանց մարմինները հայտնաբերվել են վնասված բնակարաններից մեկում։ Եվս չորս մարդ, այդ թվում՝ երկու երեխա, վիրավորվել է։ Շենքից տարհանվել է 22 մարդ։
Բացի այդ, Չեռնիգովի մարզի Պրիլուկի քաղաքում հինգ հարկանի բնակելի շենքին հասցված հարվածի հետևանքով զոհերի թիվը հասել է 22-ի, հայտնել է Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։
Ռուսաստանը հոկտեմբերի 7-ի վաղ առավոտյան հրթիռային հարված էր հասցրել Պրիլուկիում շենքի։ Չեռնիգովի մարզի ռազմական վարչակազմի ղեկավար Վյաչեսլավ Չաուսը նշել էր, որ այդ պահին մարդիկ դեռևս քնած էին։
Հարձակման վայրում որոնողափրկարարական աշխատանքները շարունակվել են ամբողջ գիշեր։ 54 մարդ վիրավորվել է, այդ թվում՝ յոթ երեխա։ 15 մարդու, այդ թվում՝ մեկ երեխայի, հաջողվել է փրկել։ Փրկարարները շարունակում են մաքրել փլատակները։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

