Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
Քաղաքականություն
07.10.2026 | 14:11
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը Reuters-ին տված բացառիկ հարցազրույցում ասել է, որ Իրանը պետք է «զգալիորեն» կրճատի իր միջուկային հզորությունները՝ ԱՄՆ պահանջները բավարարելու և երկրների յոթամսյա պատերազմը դադարեցնելու համար, նույնիսկ այն դեպքում, երբ Վաշինգտոնը վստահ չէր, թե ինչպես է Թեհրանը որոշումներ կայացնում բանակցությունների ժամանակ։
Լրատվամիջոցը գրում է, որ Վենսը, որը վաղուց թերահավատորեն է վերաբերվում օտարերկրյա պատերազմներին ԱՄՆ-ի ներգրավվելուն, առաջատար դեր է ստանձնել հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններում և հունիսին միջնորդել է ժամանակավոր խաղաղության համաձայնագրի կնքմանը, որը, սակայն, կարճ ժամանակ անց փլուզվել է։
Պատերազմը ցնցել է համաշխարհային էներգետիկ շուկաները և դարձել քաղաքական խնդիր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և հանրապետականների համար՝ նոյեմբերին կայանալիք միջանկյալ ընտրությունների նախաշեմին։
Երկուշաբթի Ալյասկայում նախընտրական այցից հետո Վենսն ասել է, որ ցանկացած համաձայնագիր պետք է նախատեսի Իրանի կողմից ուրանի հարստացման կարողությունների կրճատում, այլ ոչ թե ապագայում միջուկային հարստացման ծավալների նվազեցման վերաբերյալ երաշխիքներ։
«Եթե դուք միջուկային զենք չեք ցանկանում, ինչո՞ւ է ձեզ անհրաժեշտ 60 տոկոսով հարստացված վառելիք։ Իսկ եթե ցանկանում եք ցույց տալ, որ հանձնառու եք միջուկային զենք չստեղծելուն, ապա մի արտադրեք բարձր հարստացված վառելիք։ Սա շատ հիմնարար հարց է։ Կարծում եմ՝ եթե նրանք ցանկանում են ցույց տալ, որ հանձնառու են միջուկային զենք չստեղծելուն, ապա պետք է ինչ-որ էական քայլ կատարեն իրենց հարստացման կարողությունների առումով»,- ասել է Վենսը։
Վերջին շաբաթներին Իրանը և ԱՄՆ-ը փոխանակել են առաջարկներ, որոնք ուղղված են պատերազմը դադարեցնելուն և Հորմուզի նեղուցի բացմանը։ Նեղուցը համաշխարհային էներգակիրների փոխադրման կարևորագույն երթուղի է։ Թրամփը մերժել է Թեհրանի վերջին առաջարկը և նախազգուշացրել, որ միջանկյալ ընտրություններից հետո ռազմական գործողությունները կարող են ավելի ինտենսիվ դառնալ։
Վենսը նշել է, որ ԱՄՆ-ը շարունակում է բաց լինել համաձայնագրի կնքման համար, սակայն Իրանից պահանջում է միջուկային ծրագրի վերաբերյալ կոնկրետ զիջումներ։
«Մենք գործողությունների դիմաց խոսքեր չենք փոխանակելու»,- ասել է Վենսը։
Իրավիճակն ավելի է բարդանում նրանով, որ Վաշինգտոնը վստահ չէ, թե ով է որոշումներ կայացնում Թեհրանում, ընդգծել է ամերիկացի պաշտոնյան։ Նա ասել է, որ ԱՄՆ-ը բանակցություններ է վարում Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի և արտգործնախարար Աբբաս Արաղչիի հետ։ Սակայն, նրա խոսքով, պարզ չէ, թե Իրանի իշխանության կառուցվածքում որքան լիազորություններ ունեն նրանք, հատկապես այն բանից հետո, երբ պատերազմի սկզբում ԱՄՆ-ի և Իսրայելի համատեղ հարվածների հետևանքով սպանվեց Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ, այաթոլլա Ալի Խամենեին։
«Այն բաներից մեկը, որ մենք արձանագրել ենք, այն է, որ լիովին պարզ չէ, թե ինչպես է նրանց երկիրը որոշումներ կայացնում»,-ասել է Վենսը։
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը կիրակի հայտարարել է, որ ԱՄՆ պաշտոնյաները քաջատեղյակ են, թե ովքեր են իրենց իրանցի գործընկերները և ինչպես է գործում Իրանի որոշումների կայացման համակարգը։
Վենսը Reuters-ին հայտնել է, որ անձնական զրույցներ է ունեցել ռազմաճակատի հրամանատարների հետ՝ մարտադաշտում տիրող իրավիճակը գնահատելու համար։ Նա հերքել է ռազմամթերքի պակասի հետ կապված մտահոգությունները և հավելել, որ թեև իրանական զորքերը պարբերաբար կարողանում են հարվածել Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերին, սակայն հիմնականում ի վիճակի չեն կանխել այդ ջրուղով էներգակիրների արտահանումը։
Վենսը հրաժարվել է ասել՝ արդյո՞ք ինքն է ղեկավարում խաղաղության բանակցությունները, թեև նրան հաճախ ներկայացնում են որպես Սպիտակ տան գլխավոր բանակցող։
«Մենք, անկասկած, ներգրավված ենք։ Ի վերջո, ամեն ինչ ղեկավարում է Միացյալ Նահանգների նախագահը»,- հայտարարել է նա։
Պատերազմը՝ և դրա ամսական 3 միլիարդ դոլարի հասնող ծախսը, դարձել է նախընտրական քարոզարշավի առանցքային թեմաներից մեկը։ Էներգակիրների գների աճը Թրամփին և հանրապետականներին դրել է պաշտպանական դիրքում այն մրցակցային նահանգներում, որոնք որոշիչ դեր կունենան Կոնգրեսի նկատմամբ վերահսկողության հարցում։Վենսը փորձել է մեղմել Թրամփի կողմից հակամարտության կարգավորմանն առնչվող քննադատությունը՝ ընտրողներին հորդորելով թույլ չտալ, որ այդ հարցը խոչընդոտի հանրապետականներին սատարելուն հաջորդ ամիս կայանալիք ընտրություններում։
Ալյասկայում Վենսը մասնակցել է հանրապետական սենատոր Դեն Սալիվանի նախընտրական հանրահավաքին․ վերջինս վերընտրվելու համար լարված պայքար է մղում դեմոկրատ մրցակից Մերի Պելտոլայի դեմ։
Reuters-ի հետ զրույցից առաջ Վենսն իր ելույթի զգալի մասը նվիրել է բնակչության համար մատչելիության, հատկապես՝ էներգակիրների գների հետ կապված մտահոգություններին։ Հանրահավաքի մասնակիցները բուռն արձագանքել են, երբ Սալիվանը քիչ էր մնում Վենսին ներկայացներ որպես ԱՄՆ նախագահ, այլ ոչ թե փոխնախագահ։
Վենսը դիտարկվում է որպես Թրամփին Սպիտակ տանը հաջորդելու հավակնություն ունեցող հանրապետականների առաջատար ներկայացուցիչներից մեկը։ Հանրահավաքից հետո Reuters-ին Վենսը հայտնել է, որ դեռ չի որոշել՝ արդյոք 2028 թվականին առաջադրվելու է նախագահի պաշտոնում։
«Ես բնույթով գործերը հետաձգող մարդ եմ։ Այդ մասին իրականում առանձնապես չեմ էլ մտածել»,-հայտարարել է նա։

