ՀԷՑ-ի ռեյդերային զավթում չի եղել․ անհեթեթ գնահատական է․ Ռոմանոս Պետրոսյանը հերքում է Շոյգուի պնդումը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Քաղաքականություն
02.10.2026 | 20:48ՀԷՑ Ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը կտրականապես հերքել է ՌԴ ԱԽ քարտուղար Սերգեյ Շոյգուի այն մեղադրանքը, թե ի դեմս ՀԷՑ-ի պետականացման, ՀՀ-ում տեղի է ունենում ռուսական կապիտալի «ռեյդերային զավթում»։ ՌԴ ԱԽ քարտուղար Շոյգուն հայտարարել է, որ Հայաստանի իշխանությունները Մոսկվայի հետ կապերը խզելու և Արևմուտքի հետ համագործակցությունն ընդլայնելու ուղղություն են որդեգրել, և նա Երևանին մեղադրել է նաև ռուսական կապիտալով ձեռնարկությունների «ռեյդերական զավթման» մեջ, խոսքը ՀԷՑ-ի օրինակով հաջորդիվ երկաթուղին վերցնելու մասին է․ Ըստ նրա՝ Երևանն անհեթեթ փաստարկներ է բերում, որ օրինակ՝ հայկական երկաթուղիների ռուսական կառավարումը խանգարում է ՀՀ-ին ինտեգրվել միջազգային երկաթուղային ցանցերին։
Ի պատասխան՝ Ռոմանոս Պետրոսյանը նշում է․ «Եթե ռեյդերային զավթում լիներ, կտեւեր երեք ժամ, միանգամից կզավթվեր եւ կտարվեր պետռեգիստրի գործակալությունում կգրանցվեր որպես պետական սեփականություն։ Մենք մեկ տարի արդեն երկուս ու կես ամիս է օրենքի եւ Սահմանադրության բոլոր իրավաչափությունները հարգելով, օրենքի տառին եւ ոգուն խիստ հարիր գործընթաց ենք առաջ մղում։ Չորսամսյա վարչական վարույթի ընթացքում վերհանված փաստերով երկու տասնյակից ավելի քրեական վարույթներ են նախաձեռնվել, ՀԾԿՀ-ի կողմից մի քանի մոնիթորինգներ են իրականացվել, որի արդյունքներով վեց հիմնավոր պատճառներ են վերհանվել և վարույթի արդյունքում ՀԷՑ-ը զրկվել է բաշխման լիցենզիայից»։
Պարոն Պետրոսյանը նշում է, որ ռուսական կողմից այս մեղադրանքները հիմնված չեն իրական փաստերի վրա՝ մերկապարանոց են և անհեթեթ, ու շրջանցում են առկա խնդիրները, որ պետությունը հայտնաբերել է ՀԷՑ-ում։ Կառավարությունը պատրաստել է ՀԷՑ-ի 100 տոկոս բաժնետոմսերը հանրային գերակա շահ ճանաչելու նախագիծ, և հանրային քննարկումից հետո գործադիրը կընդունի համապատասխան որոշումը։ Այս պահին Արդարադատության նախարարությունում որոշման նախագիծը անցնում է պետական իրավական փորձաքննություն։ Ապացուցելու համար, որ գործ չունենք ռուսական կապիտալի զավթման հետ, Պետրոսյանը նկարագրել է իրավական այն ընթացակարգը, որ այս պահին իրականացվում է․
«Այս պահին Արդարադատության նախարարությունում որոշման նախագիծը անցնում է պետական իրավական փորձաքննություն։ Եվ դրանից հետո օրենքով սահմանված մի քանի ամսյա ժամկետներում նախ կկազմվի օտարվող գույքի արձանագրություն, օտարվող գույքի նկարագրի արձանագրությանը կհաջորդի կարծիքի ուղարկում սեփականատերին, սեփականատերի կարծիքի ստացում, դրան կհաջորդի ևս մի քանի ամիս տևող ռեզիդենտ լիցենզավորված աուդիտորական ընկերության կողմից անկախ աուդիտորական ստուգում, որը վերջին տարիներին որևէ գործարք չի ունեցել ՀԷՑ-ի հետ։ Տվյալ գնահատականի հետ սեփականատիրոջ կողմից համաձայն չլինելու դեպքում օրենքով իրենց հնարավորություն կտրվի իրենց սեփական գնահատումը պատվիրել։ Հետո կհամադրվեն երկու գնահատումները, նրանց միջին թվաբանական արժեքը կփոխհատուցվի պետության կողմից, որից հետո արդեն դեպոզիտարիայում կարվեն համապատասխան գրանցումները և սեփականության իրավունքը 100% բաժնետոմսերի կգրանցվի պետռեգիստրի գործակալությունում որպես Հայաստանի Հանրապետության սեփականություն»։
Ըստ նրա՝ այս գործընթացը կտևի ութից տասը ամիս, իսկ բուն պրոցեսը՝ երկու տարի։ Իսկ ինչո՞ւ ՀԷՑ-ը ռուսական կապիտալով գործող ընկերություն չի էլ եղել, Պետրոսյանը նշում է, որ ՀԷՑ-ի շուրջ 70% բաժնետոմսերի սեփականատեր Տաշիր Կապիտալ ընկերությունը հայաստանյան ռեզիդենտ կազմակերպություն է, և չէր կարող դիտարկվել ռուսական կապիտալով աշխատող։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։
Ռոբերտ Անանյան

