«Պրոմաք»-ից պետք է բռնագանձել 643.8 մլն դրամ․ հայտնաբերված տեխնիկան հանձնվել է ՊՆ-ին
Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունից հայտնում են, որ «Պրոմաք» ՍՊԸ-ից պետությանը պատճառված վնասի հատուցման համար պետք է բռնագանձել 643 մլն 786 հազար 858 դրամ։ Ծառայողների իրականացրած կատարողական գործողությունների արդյունքում հայտնաբերված և առգրավված ժամանակակից տեխնիկան իր լրակազմով հանձնվել է Պաշտպանության նախարարությանը՝ ի պահ։
«ՀԿԱԾ Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման և հատուկ նշանակության բաժնում Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի կողմից տրված կատարողական թերթի հիման վրա 2023 թ.-ին հարուցված կատարողական վարույթով «Պրոմաք» ՍՊԸ-ից հօգուտ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության( այժմ՝ ԲՏԱ և ԱԲ նախարարության) պետք է բռնագանձել 643 786 858․10 ՀՀ դրամ՝ որպես վնասի հատուցման գումար։
Ծառայողների կողմից իրականացված հետևողական և շարունակական կատարողական գործողությունների արդյունքում՝ պետությանը պատճառված վնասի հատուցման կատարողական վարույթով օրերս հայտնաբերվել, առգրավվել և Պաշտպանության նախարարությանն ի պահ է հանձնվել ժամանակակից տեխնիկա՝ իր լրակազմով»,- ասված է հաղորդակցությունում։




