Էլեկտրամեքենայի մարտկոցը․ ի՞նչ է լինելու 15 տարի անց. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.09.2026 | 20:43
Հայաստանում մեկնարկել է առողջության համընդհանուր ապահովագրության բարեփոխմանն աջակցող ԵՄ «Թվինինգ» ծրագիրը
30.09.2026 | 20:27
Վրաստանում Իրանի դեսպանը կանչվել է ԱԳՆ․ նրա գրառումը Քեթևան թագուհու վերաբերյալ սկանդալ է առաջացրել
30.09.2026 | 20:12
Թուրքիան և Ադրբեջանը պաշտպանական արդյունաբերության ոլորտում 500 մլն դոլարի պայմանագրեր են ստորագրել
30.09.2026 | 20:00
Իշխանությունը մեզ պրոռուսականի պիտակ է կպցնում․ մենք Ղրիմը ՌԴ-ի կազմում չենք ճանաչում․ Աննա Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 19:46
Տարբերվող՝ չի նշանակում՝ սխալ. ի՞նչ է նեյրոտարբերությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 19:30
Էլեկտրամեքենայի մարտկոցը․ ի՞նչ է լինելու 15 տարի անց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 19:17
Հոկտեմբերի 1-ին մի շարք բնակավայրերում կարող են լսվել պայթյունանման ձայներ. ՊՆ
30.09.2026 | 19:13
Ամերիաբանկը` Հայաստանի ամենանորարար թվային բանկը. 9 մրցանակ` Global Finance-ի «Լավագույն թվային բանկ» մրցանակաբաշխությունում
30.09.2026 | 19:00
ՌԴ-ն պետության զավթման նպատակով է ՀՀ-ի դեմ հիբրիդային հարձակման գնացել, անել իշխանափոխություն՝ պրոռուսականների միջոցով․ Էդգար Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 18:51
Ալիևը Մեծ Բրիտանիայի ՊՆ ղեկավարի հետ Ադրբեջանին ժամանակակից սպառազինության և սարքավորումների մատակարարման հարցեր է քննարկել
30.09.2026 | 18:40
Հայ մարզիկները 5 ոսկե մեդալ են նվաճել մուայթայի միջազգային մրցաշարում
30.09.2026 | 18:32
ԱԳՆ նախկին շենքը կվերափոխվի նոր հանրային ու մշակութային տարածքի
30.09.2026 | 18:21
«Կտրականապես հերքում ենք որևէ քաղբանտարկյալի առկայությունը»․ Պեսկով
30.09.2026 | 18:15
Դատարանը Ալիկ Ալեքսանյանի նկատմամբ կիրառված կալանքը փոխեց տնային կալանքով
30.09.2026 | 18:10
Նիկոլ Փաշինյանն ԱԽ նիստ է անցկացրել // ԱՄՆ զորքերը հեռանում են Իրաքից․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Նկարը մշակված է ԱԲ-ով

Արագ, հարմարավետ ու էկոլոգիապես մաքուր․ այս համբավն ունեն էլեկտրական ավտոմեքենաները, բայց կա մի բայց՝ ի՞նչ է լինելու էլեկտրամեքենաների մարտկոցների հետ, օրինակ, 15 կամ 20 տարի անց՝ շահագործումից դուրս գալուց հետո։

Factor TV-ն ուսումնասիրել է՝ որտե՞ղ են հայտնվում էլեկտրամեքենաների օգտագործված մարտկոցները, ո՞վ է դրանք հավաքում ու վերամշակում, և ինչ կլինի, եթե էկոլոգիապես մաքուր համարվող փոխադրամիջոցի մարտկոցները, ուտիլիզացիայի փոխարեն, հայտնվեն սովորական աղբավայրում։  

Էլեկտրամեքենաների «թռիչքը»

Հայաստան էլեկտրամոբիլ ներմուծելը խրախուսվում է։ Վերջին տարիներին ներկրումը թռիչքաձև աճում է 2 արտոնությունների շնորհիվ․ էլեկտրական մեքենաների համար ՀՀ օրենքը սահմանում է ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափ, 0% է նաև ներմուծման մաքսատուրքն արդեն ԵՏՄ քվոտայի շրջանակում (քվոտայից դուրս մաքսատուրքը 12,5% է)։ Արդյունքում էլեկտրոմոբիլները նույն դասի ներքին այրման շարժիչով մեքենաների համեմատ շուրջ 32%-ով ավելի մատչելի են։

2022 թվականի փետրվարի 24-ի Կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է․ «Էլեկտրոմոբիլներն ապագան են, և բոլորս պետք է տրամադրվենք»։

2020 թվականին Հայաստան է ներկրվել 352 էլեկտրական մեքենա, իսկ 2025-ին՝ արդեն 18,687։ Այսինքն՝ ընդամենը 5 տարվա ընթացքում ներմուծման ծավալն աճել է շուրջ 53 անգամ։ 

Աճը շարունակվում է նաև 2026 թվականին․ միայն առաջին կիսամյակում Հայաստան է ներմուծվել 14,742 էլեկտրական մեքենա։ Եթե տարվա երկրորդ կեսին ներմուծման նույն տեմպը պահպանվի, ապա տարվա կտրվածքով ցուցանիշը կարող է մոտենալ 29-30 հազարի։ Սա 2020-ի ցուցանիշը կգերազանցի արդեն 85 անգամ։ 

Էլեկտրամոբիլների շուրջ 2/3-րդը հաշվառված է Երևանում։ Մայրաքաղաքում դրանց համար գործում է ավտոկայանատեղի վճարի արտոնություն, այսինքն՝ կարմիր և կապույտ գծերում դրանք կայանում են անվճար։

2025-ին ՀՀ կառավարության ընդունած Կանաչ և կայուն տնտեսության ռազմավարական ծրագրով նախատեսվում է մինչև 2030 թվականը, այսինքն՝ 4 տարվա ընթացքում, ունենալ նվազագույնը 100 հազար էլեկտրական ավտոմեքենա։

Արագ աճը նշանակում է, որ մի քանի տարի անց Հայաստանում ավելի շատ կլինեն շահագործումից դուրս եկող էլեկտրական մեքենաներ և մարտկոցներ։

Մեքենայի կյանքն ավարտվում է, իսկ մարտկոցի՞նը

Էլեկտրական ավտոմեքենաների բարձրավոլտ մարտկոցների շահագործման ժամկետը սովորաբար գնահատվում է միջինում 15 տարի՝ կախված մարտկոցի տեսակից, օգտագործման պայմաններից, կլիմայից և լիցքավորման ռեժիմից։

Այսինքն՝ այսօր Հայաստան ներմուծվող հազարավոր մեքենաների սեփականատերերի համար վաղ թե ուշ առաջանալու է հարցը՝ ի՞նչ անել մարտկոցի հետ, երբ այն այլևս պիտանի չլինի։ Factor TV-ն ՆԳՆ-ից պարզել է, որ 2026 թվականի օգոստոսի դրությամբ՝ Հայաստանում արդեն իսկ խոտանված 714 էլեկտրական ավտոմեքենա կա։  

Խոտանման դեպքում, ըստ օրենքի, սեփականատերը պետք է մեքենան հանի հաշվառումից։ Հակառակ դեպքում՝ նա պարտավոր է շարունակել առնվազն գույքահարկ վճարել։

Բայց օրենքը չի պատասխանում մեկ այլ հարցի՝ ի՞նչ պետք է անել արդեն խոտանված և հաշվառումից հանված մեքենայի հետ, մասնավորապես, դրա բարձրավոլտ մարտկոցի։

Բարձրավոլտ մարտկոցը պարզապես «մեծ մարտկոց» չէ

Էլեկտրական մեքենայի մարտկոցը բաղկացած է բազմաթիվ փոքր մարտկոցային բջիջներից, որոնք միավորվում են մոդուլների, իսկ հետո՝ ամբողջական մարտկոցային փաթեթի մեջ։ Դրանց մեծ մասը լիթիում-իոնային է։ Այս տեխնոլոգիան թույլ է տալիս համեմատաբար փոքր քաշի և ծավալի մեջ մեծ քանակությամբ էներգիա պահել և մարտկոցը բազմիցս լիցքավորել։ Դրանց բաղադրության մեջ կարող են լինել լիթիում, նիկել, կոբալտ, մանգան, գրաֆիտ, երկաթ, պղինձ, ալյումին և այլ նյութեր։ Այդ ամենը մարտկոցը դարձնում է և՛ արժեքավոր ռեսուրս, և՛ պոտենցիալ վտանգավոր թափոն։ 

ԱՄՆ Շրջակա միջավայրի պաշտպանության գործակալության (EPA) տվյալներով՝ մարտկոցներից նյութերի արտահոսքը կարող է աղտոտել հողն ու ջուրը, որոշ միացություններ նույնիսկ քաղցկեղածին հատկություն ունեն։ Հատկապես վտանգավոր կարող է լինել կենցաղային աղբում մարտկոցի հայտնվելը։ Օրինակ՝ աղբատար մեքենայում կամ աղբավայրում դրա վնասվելու դեպքում կարող է առաջանալ հրդեհ կամ վտանգավոր նյութերի արտահոսք։

«Թափոնի հետ ոչինչ չանելը» նույնպես գին ունի

Տեսականորեն չկա թափոնի տեսակ, որը հնարավոր չէ վերամշակել, սակայն որքան բարդ է գործընթացը, այնքան այն ծախսատար է։

ՀԱՀ Յակոբեան Բնապահպանական կենտրոնի թափոնների կառավարման փորձագետ Հարություն Ալպետյանը Factor TV-ի հետ զրույցում նշել է, որ թափոնի հետ ոչինչ չանելը, ուղղակի տանելն ու աղբավայր գցելն ավելի թանկ է արժենալու։ 

«Այն բոլոր ծախսերը, որ կապված են հողերի աղտոտման հետ, քաղցկեղի հետ, և այլն, և այլն, օդի աղտոտման հետ ծախսերը ոչ ոք չի հոգում, բայց այդ ծախսը նստում է հասարակության վրա, մենք հիվանդանում ենք, հետո պետությունը փող է ծախսում»,- ասում է նա։

Ստացվում է՝ եթե մարտկոցը հայտնվի կենցաղային աղբավայրում, իսկ վտանգավոր նյութերը՝ հողում ու ջրում, բնապահպանական և առողջապահական հետևանքների վերացման ծախսը կմնա հասարակության ուսերին։

Ինչ է անում Եվրոպան

Եվրոպական երկրներում նման խնդիրների լուծման համար կիրառվում են տարբեր ֆինանսական և կազմակերպական մեխանիզմներ։

«Եվրոպական երկրներում քո բակում մեքենան թողնելը կամ ինչ-որ տեղ մեքենան թողնելը ծախսատար է, դրա համար վճարներ ես վճարում, և որպեսզի դա չլինի, դու պետք է դրանք խոտանես: Կան ընկերություններ, որոնք մետաղի, մարտկոցների վերամշակում են իրականացնում։ Այս պարագաներում նրանք ունեն համապատասխան ասոցիացիաներ։ Այդ ասոցիացիաները բավականին լուրջ դերակատարում ունեն գործընթացը փուլ առ փուլ ավարտին հասցնելու և վերամշակման ամբողջ ցիկլն արդյունավետ կազմակերպելու առումով»,- Factor TV-ի հետ զրույցում նշում է Տնտեսագիտական համալսարանի միջգիտակարգային հետազոտությունների կենտրոնի ղեկավար, տնտեսագետ Սոս Խաչիկյանը։

Մասնագետները որպես Հայաստանի համար լուծման տարբերակ դիտարկում են պատասխանատվության համակարգի ներդրումը։ Այսինքն՝ ապրանք արտադրողը կամ ներմուծողը պատասխանատու է դրա օգտագործումից հետո առաջացող թափոնների կառավարման համար։

Թափոնների կառավարման փորձագետ Հարություն Ալպետյանի դիտարկմամբ՝  պրոցեսը շատ ցավոտ է, բայց կարևոր է ու անհրաժեշտ․ «Մինչև դա չարվի, մենք ոչ մի թափոնի համար նորմալ կառավարում չենք ունենա: Ներկայում Հայաստանի Հանրապետությունը CEPA-ի պահանջների ներքո ներդնում է արտադրողի ընդլայնված պատասխանատվության գործիքը։ Դա տնտեսական գործիք է, որը որոշ ապրանքի տեսակների ներմուծողների կամ արտադրողներին դարձնում է պատասխանատու իրենց ապրանքներից գոյացած թափոնի համար։ Էլեկտրական մեքենաների մարտկոցները ևս այն թափոնների տեսակն են, որ իդեալական կկառավարվեն այդ քաղաքականության ներքո։ Այսինքն՝ էլեկտրական մեքենաներ ներմուծողներն արդեն հենց սկզբում ինչ-որ մի վճար կվճարեն, փող կհատկացնեն, որ այդ մեքենաներից գոյացած էլեկտրական մարտկոցներն արդեն 10 տարի անց ճիշտ գործածվեն, անվտանգ ձևով»։

ՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունից Factor TV-ին հայտնել են, որ թափոնների հաշվառման նախագիծը դեռևս քննարկման փուլում է։ Մեկ ընդհանուր նորմատիվ իրավական ակտով նախատեսվում է սահմանել Հայաստանում գոյացող թափոնների հաշվառման, ինչպես նաև տարբեր, այդ թվում՝ վտանգավոր թափոնների հավաքման, փոխադրման, պահման, մշակման, վերամշակման, օգտահանման, հեռացման, վնասազերծման կանոններն ու պահանջները։

Միաժամանակ, Կառավարությունը 2026 թվականից խստացրել է էլեկտրական մեքենաների ներմուծման արտոնություններից օգտվելու պայմանը․ 0% մաքսատուրքը և ԱԱՀ-ի արտոնությունը կիրառվում են 2023 թվականի դեկտեմբերի 31-ից հետո թողարկված էլեկտրական ավտոմեքենաների նկատմամբ։ Այսինքն՝ 2026 թվականին արտոնության տակ են հայտնվում առավելագույնը շսւրջ 2 տարվա վաղեմություն ունեցող մեքենաները։ 

Մարտկոցների «երկրորդ կյանքը»

Էլեկտրական մեքենայի մարտկոցի կյանքը պարտադիր չէ ավարտվի հենց մեքենայի շահագործումից հետո։ Դրա համար գոյություն ունի, այսպես կոչված, «երկրորդ կյանք»՝ մարտկոցը կարող է մեքենայում այլևս չբավարարել պահանջներին, բայց դեռ պիտանի լինել էներգիա պահելու համար։ Այդ տեխնոլոգիաներն ակտիվ զարգանում են ԵՄ-ում ու ԱՄՆ-ում։ ԵՄ-ի ֆինանսավորմամբ Battery2Life նախագիծն ուսումնասիրում է օգտագործված մարտկոցների վերակազմավորման և դրանք ստացիոնար էներգիայի պահպանման համակարգերում օգտագործելու հնարավորությունները։

ԱՄՆ-ում գործող B2U Storage Solutions-ը նման մարտկոցներն արդեն օգտագործում է խոշոր էներգիայի պահպանման համակարգերում․ 5000 էլեկտրամեքենայի մարտկոցներից ստեղծված կուտակիչ համակարգերի ընդհանուր հզորությունը հասել է 100 ՄՎտժ-ի։

Հայաստանում այս ուղղությամբ աշխատանքներ են տանում անհատները։ Էլեկտրական մեքենաներով զբաղվող ձեռներեց Սարգիս Մովսիսյանը Factor TV-ի հետ զրույցում նշել է, որ մի քանի տարի փորձում են նոր կյանք տալ շահագործումից դուրս եկած էլեկտրամեքենաների մարտկոցներին․ «Մենք թեթև վնասված կամ մեքենայի համար շարքից դուրս եկած, բայց դեռ պոտենցիալ ունեցող մարտկոցները օգտագործում ենք  տարբեր գործիքներում՝ ձեռքի էլեկտրական գործիքներից (օրինակ՝ պտուտակահաններ) մինչև արևային էներգետիկայի կուտակիչ համակարգեր: Դա շատ լուրջ պոտենցիալ է, որ կարծում եմ պետք է օգտագործել։ Մենք գրեթե 3 տարի է, մեր աշխատանքային գործունեության մեջ օգտագործում ենք մեր վերաօգտագործված մարտկոցներով գործիքները, որոնք իրենց գերազանց են դրսևորում»։

Ապագայում, հնարավոր է, Հայաստանում մարտկոցների վերամշակման գործարան աշխատի․ դրա կառուցումն Արտաշատում սկսվել է 2022 թվականից։ Մոտ 3,3 մլն դոլար արժողությամբ նախագծի հեղինակը «Մել Մետալ» ՍՊԸ-ն է։ 2025 թվականի փետրվարին ընկերությունը Հայաստանում կապարի և լիթիումի վերամշակման տեխնոլոգիայի վերաբերյալ լիցենզավորման համաձայնագիր է կնքել ամերիկյան Ace Green Recycling ընկերության հետ։ Նույն տարվա հուլիսին «Մել Մետալ»-ը ՀՀ կառավարությունից սարքավորումներ ներմուծելու համար մաքսատուրքի ազատման արտոնություն է ստացել։

Նախատեսվում է վերամշակել կապարաթթվային, լիթիում-իոնային և այլ տեսակի մարտկոցներ, իսկ մետաղների կորզումը կատարել մեխանիկական և մագնիսական եղանակով՝ առանց մետաղների վերամշակման և ձուլման գործընթացների։ Սկզբնական փուլում նախատեսվում է վերամշակել 4-6 տոննա էլեկտրական ավտոմեքենաների մարտկոց։

Գործարանի ղեկավար Գոռ Հայրապետյանը Factor TV-ի հետ զրույցում նախագծի մանրամասները չներկայացրեց՝ նշելով, որ կխոսի գործարանի բացումից հետո։ Թե երբ է բացվելու գործարանը, ժամկետներ չեն նշվում։

Ստացվում է՝ Հայաստանը մի կողմից արագորեն ավելացնում է էլեկտրական ավտոմեքենաների թիվը, մյուս կողմից՝ հստակ պատկերացում չկա, թե ինչ է լինելու այդ մեքենաների ամենակարևոր բաղադրիչի՝ բարձրավոլտ մարտկոցի հետ դրա կյանքի ավարտից հետո։

Գայանե Խաչատրյան