Ֆրանսիայում պետական ծառայողների գործադուլ ու աշակերտների բողոքի ակցիաներ են
Քաղաքականություն
29.09.2026 | 20:11
Ֆրանսիայում պետական ծառայողները երեքշաբթի գործադուլ են հայտարարել, իսկ ավագ դպրոցի աշակերտները փակել են դպրոցների մուտքերը՝ հաջորդ տարվա նախագահական ընտրություններից առաջ ծրագրված բյուջետային կրճատումների դեմ իրենց դժգոհությունն արտահայտելու նպատակով։ Ընտրություններից յոթ ամիս առաջ և կառավարության կողմից 2027 թվականի բյուջեի նախագիծը ներկայացնելուց ընդամենը երկու օր առաջ սոցհարցումները հետևողականորեն ցույց են տալիս Ֆրանսիայի կառավարության և նախագահ Էմանուել Մակրոնի նկատմամբ հասարակության խորը դժգոհությունը, գրում է Reuters-ը։
Դեռևս պաշտոնական տվյալներ չկան, թե քանի ուսուցիչ և պետական ծառայության այլ աշխատակիցներ են մասնակցել գործադուլին։ Առավոտյան հասարակական տրանսպորտի աշխատանքում սահմանափակ խափանումներ են արձանագրվել։
Վերջին օրերին աշակերտների բողոքի ակցիաները նույնպես թափ են հավաքում։
Լիլի ավագ դպրոցի մոտ աղբի տարաներ են այրվել։ Le Progrès թերթը հայտնել է Լիոնում դպրոցի մոտ ոստիկանների և աշակերտների միջև բախումների մասին։ Նիսի դպրոցների մոտ նույնպես լարված իրավիճակ է եղել։
Ֆրանսիական լրատվամիջոցների տվյալներով՝ Փարիզում ավագ դպրոցների մուտքերից յուրաքանչյուր տասներորդը շրջափակվել է։ Օրինակ՝ Փարիզի Արագո դպրոցի մուտքի մոտ ցուցադրվել է «Մակրոնի պայթյուն» գրությամբ պաստառ, իսկ աշակերտները, որոնցից ոմանք դեմքերը ծածկած են եղել, նստել կամ կանգնել են աղբամանների վրա՝ փակելով մուտքը։ Էլեն-Բուշե դպրոցի դիմաց կախված մեծ պաստառի վրա գրված է եղել՝ «Ավելի քիչ ոստիկաններ, ավելի շատ գումար»։
Վարչապետ Սեբաստիան Լըկորնյուն դատապարտել է ավագ դպրոցների մոտ անցկացվող բողոքի ակցիաները՝ դրանք անվանելով անպատասխանատու։
«Հրավառություն, հրդեհներ, բռնություն ավագ դպրոցների մոտ․ ոչինչ չի արդարացնում աշակերտների, աշխատակիցների կամ ոստիկանների կյանքը վտանգելը»,- X-ում գրել է Լըկորնյուն։
Այնուամենայնիվ, նա ընդունել է, որ «ավագ դպրոցների խնդիրները պետք է լսելի լինեն և լուծումներ ստանան»։
Այս տարի Ֆրանսիայի տնտեսությունը կաճի սպասվածից ավելի դանդաղ, ինչը կբարդացնի փոքրամասնության կառավարության խնդիրը՝ 2027 թվականի բյուջեն խորհրդարանում ընդունելու հարցում։ Կառավարությունը փորձում է սահմանափակել ծախսերը և թույլ չտալ, որ բյուջեի դեֆիցիտը դուրս գա վերահսկողությունից։ Այս ամիս Լըկորնյուն հայտարարել է, որ կառավարությունը նախատեսում է 54 միլիարդ եվրոյի խնայողությունների ծրագիր, ինչը կարող է ավելի սրել մի շարք ոլորտների աշխատակիցների դժգոհությունը։ Նրանք վերջին շաբաթներին բողոքի ակցիաներ են անցկացրել, այդ թվում՝ աշխատավարձերի և վառելիքի գների հետ կապված խնդիրների պատճառով։
Ուսուցիչները, հրշեջներն ու պետական ծառայության այլ աշխատակիցներ պահանջում են աշխատանքային պայմանների բարելավում և աշխատավարձերի բարձրացում։ Ֆրանսիացի ուսուցիչների միջին աշխատավարձն ավելի ցածր է, քան եվրոպական այլ երկրների նրանց գործընկերներինը։
Ֆրանսիայի քաղաքացիական ավիացիայի կարգավորող մարմինը նախազգուշացրել է որոշ օդանավակայաններում չվերթների խափանումների հնարավորության մասին։
Կառավարությունն արդեն ներկայացրել է միջոցառումներ՝ Իրանին առնչվող պատերազմի հետևանքով էներգակիրների գների աճի պայմաններում տնային տնտեսություններին աջակցելու համար, սակայն դա չի կարողացել մեղմել Մակրոնի և նրա կառավարության նկատմամբ դժգոհությունը։

