Փաշինյանի հեռացման պրոցեսը փողոցային պայքարով պիտի գեներացվի, այլընտրանք չկա․ Նինա Կարապետյանց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
28.09.2026 | 21:00«Նժար» սահմանադրական շարժման համահիմնադիր Նինա Կարապետյանցը Factor TV-ի հետ զրույցում խոսել է արտախորհրդարանական ընդդիմության օրակարգի, քաղաքական նոր գործընթացների և հասարակության շրջանում առկա տրամադրությունների մասին:
Անդրադառնալով ընդդիմադիր դաշտում առկա տարաձայնություններին և պայքարի իրենց առաջարկած նոր ձևաչափին՝ Կարապետյանցը հայտարարեց, որ հոկտեմբերի 5-ին ազդարարվելու է նոր քաղաքական պրոցեսի մեկնարկը։ Խոսելով շարժման գլխավոր նպատակի մասին՝ նա հստակեցրեց, որ իրենց խնդիրը պարզապես անձերի փոփոխությունը չէ.
«Ես չէի ասի, որ նպատակը հենց Նիկոլ Փաշինյանին հեռացնելն է, նպատակը նորմալ պետություն ստեղծելն է, բայց էդ խոչընդոտներից մեկը, որ կա ճանապարհին, դա նաև Նիկոլ Փաշինյանն է։ Էս պրոցեսը կասեցնելու և նորմալ պայմաններով պետություն, պետականություն… ապահովելու խնդիր է դրված»։
Նա հատուկ շեշտեց կառավարման համակարգի արմատական փոփոխության կարևորությունը, որպեսզի բացառվի բռնապետությունը.«Պետության կառավարման համակարգն էնպիսինն է, որ ով էլ որ գա շատ կարճ ժամանակ հետո մեծ հավանականություն կա, որ ինքը կդառնա մոնստր, այսինքն ինքը կդառնա էն դրակոնը, էն վիշապը, որին ինչ-որ ժամանակ առաջ հեռացրել են… Որպեսզի մարդը չդառնա կամ թիմը չդառնա վիշապների թիմ, դա պետք է բալանսավորվի… իրական բալանսավորում պիտի լինի, ոչ թե ձևական»։
Պատասխանելով այն հարցին, թե ինչու մինչ այժմ ընդդիմադիր ուժերին չի հաջողվել արդյունքի հասնել, և արդյոք դա կապված է ֆինանսական ռեսուրսների հետ, Կարապետյանցը նկատեց.
«Միայն փողը, կամ շատ փողը, կամ անբարոյական շատ փողը բավարար չի ինչ-որ պրոցես գեներացնելու համար… Եթե չկա գաղափար՝ ինչի շուրջ կհավաքվեն մարդիկ… մենք չենք կարող մրցել այդ գումարների հետ»։
Նա նաև մատնանշեց այն սահմանը, որն , ըստ Կարապետյանցի, իրենց բաժանում է խորհրդարանական ընդդիմությունից և նախկին իշխանություններից՝ ընդգծելով սերնդափոխության անհրաժեշտությունը. «Նախկինների վերադարձ մենք չենք պատրաստվում ապահովել, դա չի նշանակում, որ մենք պատրաստ չենք կոալիցիոն համագործակցության մեջ տեսնել տարբեր թիմերից մարդկանց, բայց նախկինների վերադարձ մենք չենք պատրաստվում ապահովել։ Էդ թվում նաև՝ սերնդափոխության կարիք կա։ Անգամ ձեր կուսակցությունների ներսում սերնդափոխության կարիք կա։ Թողեք թող գան ավելի երիտասարդները»։
Անդրադառնալով հասարակական ապատիային և այն հարցին, թե ինչու ժողովուրդը փողոց դուրս չի գալիս նույնիսկ ծանրագույն կորուստներից ու Արցախի հայաթափումից հետո, Կարապետյանցը պաշտպանեց հանրությանը. «Մեր հասարակությունը աշխարհի ամենափորձառու հասարակություններից մեկն է։ Էդքան ինչքան մենք ենք տեսել սուտ ու կեղծիք, կեղծ ընդդիմադիրներ, կեղծ լիբերալներ, կեղծ արեւմտամետներ, կեղծ բարեպաշտներ, կեղծ չգիտեմ՝ ինչեր, էդ փորձառությունը, որ ունենք մենք, շատ քիչ երկրներ ունեն»։
Նա ընդգծեց, որ մարդիկ զայրացած և հիասթափված են մանիպուլյացիաներից. «Ամենակարևոր հարցն է, որ մարդկային արժանապատվության հարվածող գործողություններ են եղել… մարդկանց վրա շատ հեշտ է ճնշում գործադրելը… բայց դա չի նշանակում, որ մարդիկ համաձայն են էս վիճակի հետ»։
Չնայած այս ամենին, Կարապետյանցը վստահ է նոր պայքարի հաջողությանը՝ հիմնվելով հասարակության ակտիվ փոքրամասնության վրա. «Ցանկացած հասարակության ներսում կա ընդամենը 1-ից, եթե շատ բախտդ բերեց՝ մինչև 4-5% պասիոնար մարդիկ… 1-ից 4%-ն է, որ պասիոնար է, որ պատրաստ է պայքարի դուրս գալ… ես վստահ եմ, որ էդ պրոցեսը կարելի է գեներացնել եւ կգեներացնի»։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։
Ռոբերտ Անանյան

