Ադրբեջանի աղվանա-ուդիական կրոնական համայնքի ներկայացուցիչները Գանձասարի վանական համալիր են այցելել
Քաղաքականություն
21.09.2026 | 14:34
Պաշտոնական Բաքուն շարունակում է Արցախի հայկական պատմամշակութային ու կրոնական ժառանգության խեղաթյուրման և նենգափոխման պետական քաղաքականությունը։ Այս անգամ էլ Բաքուն կազմակերպել է Ադրբեջանի աղվանա-ուդիական (ալբանա-ուդիական) կրոնական համայնքի ներկայացուցիչների այցը հայկական Գանձասար վանական համալիր։
Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ համայնքի ներկայացուցիչները վանական համալիրում կրոնական արարողություններ են անցկացրել և աղոթքներ կարդացել։
Նշվում է, որ նրանք առաջին անգամ են այցելել եկեղեցի։
՛


Հավելենք, որ Բաքուն կազմակերպված արշավ է իրականացնում Արցախում հայկական կրոնական ժառանգության նկատմամբ, վերջին օրերին հատկապես, թիրախում է Գանձասարի վանական համալիրը։
Հիշեցնենք, որ օրեր առաջ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը, որն ուղեկցել էր Ադրբեջանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներին Արցախի տարածքներ, հայկական Գանձասար ու Դադիվանք վանքերի անվանումները նախ նենգափոխել էր ու անվանել Գանջասար և Խուդավենք, նաև կեղծել պատմությունը՝ դրանք ներկայացնելով որպես «հնագույն աղվանական քրիստոնեական ժառանգության անբաժանելի մասը»։ Հաջիևն ասել էր, թե Գանձասարը հիմնադրել է 13-րդ դարում Կովկասյան Աղվանքի կառավարիչ Հասան-Ջալալը և «օկուպացիայի տարիներին այդ հուշարձանները ենթարկվել են արտաքին միջամտությունների՝ կեղծ «վերականգնման» քողի ներքո, ինչը խաթարել է դրանց ճարտարապետական իսկությունն ու սկզբնական կերպարը»։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

