Խաժակ Թովմասյանը մատնանշել է այն ոստիկաններին, որոնք իր նկատմամբ բռնություն են կիրառել․  փաստաբանը հայտարարություն է տարածել

Լուրեր

15.09.2026 | 13:59
Կարևոր է, որ Հայաստանի Հանրապետությունը լինի՛, լինի՛ վաղը, լինի՛ հարատև․ Սրբուհի Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 13:50
Ռուսական նավն ազդանշանային հրթիռներ է արձակել դանիական ուղղաթիռի ուղղությամբ
15.09.2026 | 13:42
Լարված իրավիճակ՝ Գյումրիի ավագանու նիստում․ Սիմոնյանը լքեց դահլիճը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 13:33
Վաշինգտոնում հայկական բրենդիի համտեսի երեկո է անցկացվել
15.09.2026 | 13:28
Լիլիթ Գալստյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
15.09.2026 | 13:27
Կյանքից հեռացել է «Արարատ-73»-ի ֆուտբոլիստ Սերգեյ Պողոսյանը
15.09.2026 | 13:20
Վանաձորի ընտրությունները 2027 թվական հետաձգելու իրավական հիմք չկա․ «Անկախ դիտորդ»
15.09.2026 | 13:09
Աբովյան, Մասիս, Մարտունի, Վարդենիս․ հայտնի են մի շարք համայնքներում ՏԻՄ ընտրությունների օրերը
15.09.2026 | 13:02
Պապիկյանն աշխատանքային այցով ժամանել է Պեկին
15.09.2026 | 12:59
Խաժակ Թովմասյանը մատնանշել է այն ոստիկաններին, որոնք իր նկատմամբ բռնություն են կիրառել․  փաստաբանը հայտարարություն է տարածել
15.09.2026 | 12:55
Միգուցե ՀԷՑ-ի տնօրենի աշխատավարձը էդքան չի, որ իշխանությունը փորձի «Վեոլիան» խլել․ Մխիթարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 12:53
Զելենսկին արձագանքել է էներգետիկ հրադադարի մասին Թրամփի հայտարարությանը
15.09.2026 | 12:45
ԿԲ-ն բարձրացրել է քաղաքականության տոկոսադրույքը՝ սահմանելով 6.75%
15.09.2026 | 12:34
Նիկոլ Փաշինյանի մի քանի արձան կա, էժան նյութից են պատրաստված, չարժի՞ ոսկե արձան դնել․ Ղազարյանը՝ Մխիթարյանին
15.09.2026 | 12:25
Լոռու Սարատովկա բնակավայրում կասեցվել է ձկնաբուծարանի ապօրինի ջրառը
Բոլորը

Հրազդանի ոստիկանների կողմից ենթադրյալ խոշտանգման ենթարկված Խաժակ Թովմասյանի փաստաբան Սուզաննա Խչեյանը հայտարարություն է տարածել՝ բարձրաձայնելով այն մասին, որ Թովմասյանի հետ տեղի ունեցած դեպքից 4 օր անց դեռևս վարույթ նախաձեռնված չէ, ինչը կարող է հանգեցնել ինչպես ապացույցների կորստի, այնպես էլ գործի վրա հնարավոր ազդեցության ռիսկ ստեղծել։ 

Պաշտպանը նաև հայտնել է, որ Խաժակ Թովմասյանը Քննչական կոմիտեի նախագահին ուղղված հանցագործության մասին հաղորդմամբ մատնանշել է այն ոստիկաններին, որոնք իր նկատմամբ ապօրինի ձերբակալում, բռնություն և խոշտանգում են իրականացրել։

Փաստաբանը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես, նշել է․

«Սեպտեմբերի 13-ի գիշերը մամուլում հրապարակվեց Հրազդան քաղաքի բնակիչ Խաժակ Թովմասյանի ահազանգը՝ ոստիկանության ծառայողների կողմից իր նկատմամբ ենթադրյալ ապօրինի ձերբակալման, բռնության և խոշտանգման վերաբերյալ։

Խաժակ Թովմասյանի հաղորդած տեղեկությունների համաձայն՝ նա Հրազդանի ոստիկանության ծառայողների կողմից ապօրինաբար զրկվել է ազատությունից, ենթարկվել բռնության և խոշտանգման, որից հետո բազմաթիվ մարմնական վնասվածքներով ներկայացվել է քննչական բաժին։ Դեպքի հաջորդ օրը, ինքնազգացողության վատթարացման պատճառով, նա տեղափոխվել է Հրազդանի բժշկական կենտրոն, որտեղ անցել է բժշկական հետազոտություններ։

Լրատվամիջոցի հրապարակմանը կից տարածվել են նաև Խաժակ Թովմասյանի մարմնական վնասվածքները պատկերող տեսանյութեր և կադրեր։

Նման ծանրության տեղեկությունները չէին կարող և չպետք է մնային իրավապահ մարմինների կողմից առանց անհապաղ արձագանքի։ Առավել ևս, երբ իրավապահ մարմինները տեղեկություններ են ստացել նաև Հրազդանի ԲԿ-ից՝ Խաժակ Թովմասյանի մոտ առկա մարմնական վնասվածքների վերաբերյալ։

Այս պայմաններում ակնկալելի էր, որ անմիջապես կիրականացվեին անհրաժեշտ դատավարական գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու, հնարավոր ապացույցներն անհապաղ ամրագրելու և պահպանելու, ինչպես նաև ենթադրյալ խոշտանգմանը և բռնությանը մասնակցած անձանց գործողություններին իրավական գնահատական տալու նպատակով։

Այնուամենայնիվ, մեզ հայտնի տվյալներով՝ առնվազն մինչև սեպտեմբերի 14-ը դեպքի առթիվ քրեական վարույթ նախաձեռնված չէր։

Սեպտեմբերի 14-ին Խաժակ Թովմասյանի կողմից հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել ՀՀ քննչական կոմիտեի ղեկավարին։ Հաղորդման մեջ մանրամասն նկարագրվել են դեպքի հանգամանքները, նշվել են ենթադրյալ ապօրինի ձերբակալմանը, բռնությանը և խոշտանգմանը մասնակցած անձանց անունները, ինչպես նաև նրանցից յուրաքանչյուրին վերագրվող գործողությունները։

Չնայած դեպքի բացառիկ ծանրությանը, հրապարակայնությանը և առկա տեղեկություններին՝ «Հրազդանի գործով» իրավապահ մարմինների մինչ այժմ դրսևորած վերաբերմունքը գնահատում եմ որպես անընդունելի անգործություն։ Խոշտանգման մասին արժանահավատ տեղեկության դեպքում պետության պարտականությունն է ապահովել ոչ թե ձևական, այլ անհապաղ, արդյունավետ, անկախ և անաչառ քննություն։

Տեղեկացնում եմ, որ ստանձնել եմ «Հրազդանի գործով» Խաժակ Թովմասյանի իրավունքների պաշտպանությունը։

Մեր տրամադրության տակ առկա են դեպքի հանգամանքները հիմնավորող բազմաթիվ նյութեր և տեղեկություններ, այդ թվում՝ տեսանյութեր։ Հայտնի են նաև այն ոստիկանների ինքնությունները, որոնց Խաժակ Թովմասյանը մատնանշում է որպես իր նկատմամբ ապօրինի ձերբակալում, բռնություն և խոշտանգում իրականացրած անձանց։

Մեր տրամադրության տակ կան նաև այլ ապացույցներ, որոնք սահմանված կարգով ներկայացվելու են քննությանը։

Հանցագործության մասին հաղորդումն արդեն ներկայացվել է։ Համապատասխան պետական մարմիններին ուղարկվել են նաև մի շարք հարցումներ՝ գործի համար նշանակություն ունեցող տեղեկությունների և ապացույցների ստացման ու պահպանման նպատակով։

Ակնկալում եմ, որ իրավապահ մարմինները կապահովեն իրենց տրամադրության տակ գտնվող բոլոր հնարավոր ապացույցների պահպանումը և տրամադրումը և կբացառեն դրանց ոչնչացման, կորստի, փոփոխման, թաքցման կամ չտրամադրման ցանկացած հնարավորություն։

«Հրազդանի գործով» իրականացվելու է հետևողական և սկզբունքային իրավապաշտպանություն։ Օգտագործվելու են ներպետական և, անհրաժեշտության դեպքում, միջազգային իրավական պաշտպանության բոլոր հասանելի մեխանիզմները՝ դեպքի ամբողջական բացահայտման և մեղավոր անձանց պատասխանատվության ենթարկելու նպատակով։

Իմ համոզմամբ՝ իրավապահ համակարգում տեղ չպետք է ունենան այն պաշտոնատար անձինք, որոնց մասնակցությունը խոշտանգմանը, բռնությանը կամ ապօրինի ազատությունից զրկելուն կհաստատվի պատշաճ քննության արդյունքում։ Նույնը վերաբերում է այն պաշտոնատար անձանց, որոնք, իմանալով նման արարքների մասին և ունենալով դրանք կանխելու կամ դրանց անհապաղ արձագանքելու պարտականություն, չեն կատարել իրենց պարտականությունները»։

Արաքս Մամուլյան