Վահագն Հարությունյանը կգլխավորի ՀԲՖ մարզչական կոմիտեն
Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայում ձևավորվել է մարզչական կոմիտե, որը կգլխավորի նախկին բասկետբոլիստ, փորձառու մարզիչ Վահագն Հարությունյանը, որն ունի նաև վաստակավոր մարզչի կոչում։ Նա երկար տարիներ զբաղեցրել է նաև Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի փոխնախագահի պաշտոնը, հաղորդում է ՀԲՖ մամուլի ծառայությունը:
Մարզչական կոմիտեի ստեղծման հիմնական նպատակն է նպաստել Հայաստանում բասկետբոլի մարզիչների մասնագիտական զարգացմանը, մարզչական կրթության համակարգի կատարելագործմանը և մարզումների որակի բարձրացմանը։
Ներկայումս Հայաստանում գործում է շուրջ 75 բասկետբոլային մարզիչ։ Ֆեդերացիայի առաջնահերթություններից է նրանց մասնագիտական կարողությունների զարգացումը, ինչպես նաև նոր մարզիչների ներգրավումը և մարզչական համայնքի ընդլայնումը։
Կոմիտեի գործունեության հիմնական ուղղություններն են լինելու՝
- Մարզիչների համար պարբերական սեմինարների, վերապատրաստումների և գործնական դասընթացների կազմակերպումը։
- Մարզչական կրթության և որակավորման բարձրացման ծրագրերի մշակումը։
- Միջազգային փորձի ուսումնասիրությունն ու արտասահմանյան մասնագետների հետ համագործակցության զարգացումը։
- Մանկապատանեկան բասկետբոլում մարզումների մեթոդաբանության և տարիքային զարգացման մոտեցումների կատարելագործումը։
- Հայաստանի մարզերում գործող մարզիչների մասնագիտական զարգացման աջակցությունը։
- Երիտասարդ մարզիչների ներգրավումն ու նրանց մասնագիտական աճի խրախուսումը։
Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան կարևորում է մարզչական համայնքի դերը հայկական բասկետբոլի երկարաժամկետ զարգացման գործում և նպատակ ունի ձևավորել շարունակական կրթության ու մասնագիտական համագործակցության արդյունավետ համակարգ:

