«Տարբեր նարատիվներ կան որոշ վայրերի ծագման հետ կապված»․ ԵՄ ներկայացուցիչը՝ Արցախ այցի մասին
Քաղաքականություն
14.09.2026 | 12:28
Ադրբեջանում հանդիպումների ընթացքում քննարկել ենք ԵՄ-ի աջակցությունը Ադրբեջան-Հայաստան երկկողմ խաղաղության գործընթացին, այդ թվում՝ անցյալ հակամարտության ժառանգության հետ կապված հումանիտար հարցերը, տարածաշրջանային կապակցվածության և համագործակցությանն ուղղված ջանքերը։ Այս մասին X-ում գրել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն՝ ամփոփելով Բաքվում ունեցած հանդիպումներն ու Արցախի տարածքներ կատարած այցը։
«Սեպտեմբերի 11-12-ին ես առաջին անգամ միացա Ադրբեջանի իշխանությունների կողմից դիվանագիտական կորպուսի համար կազմակերպված այցին դեպի Ղարաբաղի և Արևելյան Զանգեզուրի՝ նախկինում հակամարտությունից տուժած շրջաններ՝ տեղում իրավիճակին ծանոթանալու նպատակով»,- գրել է Գրոնոն՝ օգտագործելով պաշտոնական Բաքվի եզրույթները՝ «Ղարաբաղի ու Արևելյան Զանգեզուրի շրջան»։
Նա նշել է, թե հնարավորություն է ունեցել շփվելու տեղական իշխանությունների, նախկին տեղահանվածների և լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ։ Այցի շրջանակում այցելել են նաև մշակութային և կրոնական ժառանգության տարբեր վայրեր, այդ թվում՝ մզկիթներ և եկեղեցիներ։
«Խորը տարբերվող տեսակետներ և նարատիվներ են պահպանվում, օրինակ՝ որոշ վայրերի ծագման վերաբերյալ, և դրանք պետք է քննարկվեն Ադրբեջանի և Հայաստանի միջև՝ հաշտեցմանն ուղղված ավելի լայն ջանքերի շրջանակում, նաև անցյալի հակամարտության այս ասպեկտը հաղթահարելու նպատակով։ Դրա համար առանցքային նշանակություն կունենա անցյալ հակամարտության և բոլոր կողմերի կրած տառապանքների ծանր հետևանքների ճանաչումը։ Ադրբեջանի ներկայացուցիչների հետ ունեցած քննարկումներից հետո սպասում եմ վաղը Երևանում Հայաստանի պաշտոնյաների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ նախատեսված հանդիպումներին»,- եզրափակել է Գրոնոն։
Ուշագրավ է նրա գրառման՝ պատմամշակութային ժառանգությանը նվիրված հատվածը, որն ադրբեջանական կողմի քարոզչական թեզից է բխում և կասկածի տակ է դնում հայկական հուշարձանների ու եղեկեցիների ծագումը։
Հավելենք, որ Ադրբեջանի նախագահ օգնական Հիքմեթ Հաջիևը, որն ուղեկցել էր Ադրբեջանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներին (որոնց թվում էր Գրոնոն) Արցախի տարածքներ, հայկական Գանձասարի ու Դադիվանք վանքերի անվանումները նախ նենգափոխել էր ու անվանել Գանջասար և Խուդավենք, նաև կեղծել պատմությունը՝ դրանք ներկայացնելով որպես «հնագույն աղվանական քրիստոնեական ժառանգության անբաժանելի մասը»։ Հաջիևը նշել էր, թե Գանձասարը հիմնադրել է 13-րդ դարում Կովկասյան Աղվանքի կառավարիչ Հասան-Ջալալը և «օկուպացիայի տարիներին այդ հուշարձանները ենթարկվել են արտաքին միջամտությունների՝ կեղծ «վերականգնման» քողի ներքո, ինչը խաթարել է դրանց ճարտարապետական իսկությունն ու սկզբնական կերպարը»։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

