Հայտնի է՝ ով կքննի Գարեգին Բ-ի գործը․ Վճռաբեկը հրապարակել է որոշումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հասարակություն
07.09.2026 | 22:10Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործը ո՞վ կքննի և ո՞ր դատարանում․ այս հարցը վերջին օրերին հանրային ուշադրության կենտրոնում էր։ Բարձրաստիճան հոգևորականների գործի քննությունն արդեն երրորդ դատավորի մոտ էր, սակայն առաջ չէր ընթանում։ Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Վահագն Մելիքյանը դիմել էր Վճռաբեկ դատարան՝ գործի ընդդատության հարցը լուծելու համար։
«Այստեղ քրեաիրավական խնդիր չկա, բայց նույնիսկ եթե պատկերացնենք, որ փաստերի վերաբերյալ ինչ-որ քննություն պետք է իրականացվի, անվիճելի է, որ դա ընդդատյա է Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանին։ Հետևաբար, այս մասով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի մոտեցումն առավել պատճառաբանված է, որ, ըստ էության, ուղարկել է Վճռաբեկ դատարան, որպեսզի Վճռաբեկ դատարանը ընդդատության վերաբերյալ այս վեճը լուծի»,- Factor TV-ի հետ զրույցում նշել էր Գարեգին Բ-ի և եպիսկոպոսների պաշտպան, փաստաբան Արմինե Վանյանը։
Ինչպես Վճռաբեկ դատարանի որոշման հրապարակումից առաջ մեզ հետ զրույցում կանխատեսել էր փաստաբանը, գերագույն ատյանը գործի քննությունն ընդդատյա է համարել հենց Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանին։
«Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից քրեական վարույթը Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան փոխանցելով՝ դատարանը դրսևորել է բացառապես սուբյեկտիվ և ձևական մոտեցում՝ առանց օբյեկտիվ նախադրյալների նախաձեռնելով ընդդատության վեճ ու անհարկի դատական շրջապտույտ, դրանով իսկ առաջացնելով ՀՀ Սահմանադրությամբ ու Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայով երաշխավորված՝ ողջամիտ ժամկետում գործի քննության և դրանից ածանցվող իրավունքների խախտման վտանգ»,- իր 17 էջանոց որոշման մեջ նշել է Վճռաբեկ դատարանի քրեական պալատը։
Օգոստոսի 7-ին Գարեգին Բ-ն և 6 եպիսկոպոսները դատարանում հայտնվեցին ընդամենը 20 րոպեով։ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հակոբ Մանուկյանն ինքնաբացարկ հայտնեց՝ պատճառաբանելով, որ Արա Զոհրաբյանը, որը ներկայացնում է հոգևորականների շահերը, ժամանակին իրեն փաստաբանի արտոնագիր է տվել։
Երեք օր անց գործը մակագրվեց նույն մարզի դատավոր Սերժ Ռուշանյանին, սակայն նա նույնպես չսկսեց գործի քննությունը և այն ուղարկեց Երևանի ընդհանուր իրավասության դատարան՝ պատճառաբանելով, որ պարզ չէ ենթադրյալ հանցանքի կատարման վայրը։
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում գործը մակագրվեց Վահագն Մելիքյանին, որն էլ գործն ուղարկեց Վճռաբեկ դատարան։
«Արդեն մի քանի դատավոր, ըստ էության, չի ցանկանում, այսպես ասած, քննել կաթողիկոսի վերաբերյալ գործը։ Նախ, առաջին հերթին դա կարող է պայմանավորված լինել բարոյական կոմպոնենտով։ Բնականաբար, շատ բարդ հոգեբանական բարիեր կա՝ Ամենայն հայոց կաթողիկոսի և վեց բարձրաստիճան հոգևորականների նկատմամբ քրեական գործ ստանձնել, այն քննել և ավարտին հասցնել»,- կարծիք է հայտնել փաստաբան Ֆանյանը։
«Ազատ քաղաքացի» ՀԿ ղեկավար Հովսեփ Խուրշուդյանը, սակայն, հակադարձում է՝ արդարադատության համակարգում չպետք է լինեն դատավորներ, որոնք իրենք կորոշեն՝ դատո՞ւմ են այս կամ այն անձին, թե՞ ոչ։
«Եթե արդարադատության համակարգում կան մարդիկ, որոնք իրենց կեղծ էժան իմիջն ավելի բարձր են դասում, քան արդարադատությունը՝ իրենց բուն գործառույթը, դա արդեն ցույց է տալիս, որ մենք արդարադատության լուրջ խնդիր ունենք։ Այդ մարդկանց ես հասկանում եմ՝ իրենք ինչի են տենց չեն ուզում «կաթողիկոս դատող» դառնալ, հա՞, էսպես չակերտավոր, որ այդ խարանը հանկարծ իրենց վրա լինի, որ ինչ-որ ռադիկալ հավատացյալներ կարող է հանկարծ ասեն՝ «վայ, տեսեք, սրանք կաթողիկոս դատող են»»։
Ոչ միայն դատավորները, այլև դատախազը ևս գործը չի հասցրել ավարտին։ Հանրային մեղադրող Խաչատուր Գալստյանը երկու օր առաջ, ըստ Գլխավոր դատախազության, «իր դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից»։
Պաշտպանական կողմը, թեև ծանոթ չէ ազատման հիմքերին, սակայն չի բացառում, որ ազատումը կարող է կապ ունենալ գործի հետ՝ պնդելով, որ առաջադրված մեղադրանքն աբսուրդի ժանրից է։
«Չգիտեմ նույնիսկ՝ ինչ գնահատական տամ, որովհետև չի կարող Հայաստանի Հանրապետության որևէ պաշտոնյա որոշել, թե եպիսկոպոս ով պետք է լինի, կամ հոգևորական առհասարակ ով պետք է լինի ու ոչ, որ անձին որ պաշտոնից որ մյուսը տեղափոխելը իրավաչափ է, իրավաչափ չէ։ Դա ներքին ինքնավարությունից բխող որոշում է եղել, որը և Ամենայն հայոց կաթողիկոսը կայացրել է, և դրան պետությունը միջամտել չի կարող»։
Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչ Խուրշուդյանը, սակայն, այլ կարծիքի է՝ Հայաստանը Վատիկանը չէ։
«Ինքը առանձին պետությո՞ւն է պետության մեջ, որ ոչ մեկ իրավունք չունի խառնվի, ասենք՝ ինչ հանցագործություններ անեն, ապօրինություններ անեն, ոչ մեկ պիտի չխառնվի՞։ Կաթողիկոսին կամ, չգիտեմ, այդ եկեղեցականներին չի՞ կարելի դատել, ո՞վ պետք է դատի, չի՞ կարելի դատել, ասենք՝ եթե հանցագործություն են գործում, ասենք՝ Աստվա՞ծ պետք է դատի իրենց, հա՞։ Եվ եթե Աստված պետք է դատի, գուցե Քրեական օրենսգիրքն ընդհանրապես չեղարկե՞նք և օրենսդրությունը չեղարկենք»։
Փետրվարի 14-ին՝ Ավստրիայում կայանալիք Եպիսկոպոսաց ժողովից երեք օր առաջ, բարձրաստիճան հոգևորականներին մեղադրանք առաջադրվեց, և Հայաստանից նրանց ելքն արգելվեց։
Ըստ մեղադրանքի՝ նրանք խոչընդոտել են Մասյացոտնի թեմի առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանի վերաբերյալ դատական ակտի կատարմանը։ Սարոյանն իրեն թեմի առաջնորդի պաշտոնից ազատելու որոշումը վիճարկել էր դատարանում՝ միաժամանակ ներկայացնելով հայցի ապահովման միջոց կիրառելու միջնորդություն, որով խնդրել էր մինչև վերջնական դատական ակտի կայացումը իրեն վերականգնել թեմի առաջնորդի պաշտոնում։
Դատարանը բավարարել էր միջնորդությունը։ Հոգևորականը, սակայն, ոչ միայն չէր վերականգնվել պաշտոնում, այլև կարգալույծ էր հռչակվել, իսկ Գարեգին Բ-ի որոշմամբ թեմի առաջնորդ էր նշանակվել մեկ այլ հոգևորական։
Մեղադրանքն ամբողջությամբ կառուցված է հենց այս միջադեպի շուրջ։ Փաստացի, Գարեգին Բ-ի հրաժարականի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի պահանջից մոտ 10 ամիս անց կաթողիկոսը հայտնվեց մեղադրյալի աթոռին։
Մանրամասները՝ տեսանյութում։
Ռոզա Վարդանյան

