Ադրբեջանը Կասպից ծովում ստեղծում է անօդաչու նավատորմ․ ի՞նչ կփոխեն Ալիևին ներկայացված SALVO-ն և KAYRA-ն

Լուրեր

07.09.2026 | 23:24
Հայկական պտուղ-բանջարեղենի արտահանումը ԱՄԷ․ Պապոյանը քննարկել է ծավալների ավելացումը
07.09.2026 | 23:10
Կաբարդինո-Բալկարիայում ձնահյուսի հետևանքով 11 լեռնագնաց է զոհվել
07.09.2026 | 22:53
Գավառում հայտնաբերվել է ապօրինի պահվող զենք-զինամթերք․ 59-ամյա տղամարդը կալանավորվել է
07.09.2026 | 22:38
Ադրբեջանը Կասպից ծովում ստեղծում է անօդաչու նավատորմ․ ի՞նչ կփոխեն Ալիևին ներկայացված SALVO-ն և KAYRA-ն
07.09.2026 | 22:24
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.09.2026 | 22:10
Հայտնի է՝ ով կքննի Գարեգին Բ-ի գործը․ Վճռաբեկը հրապարակել է որոշումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 21:58
Երրորդ դեպքը 5 ամսում․ ի՞նչ է կատարվում Բյուրեղավանի խմելու ջրի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 21:45
Տարածվող տեսանյութը հին է. Նարեկ Նալբանդյանը բերման է ենթարկվել մեկուկես տարի առաջ
07.09.2026 | 21:33
Volkswagen-ը գերմանական ավտոգործարաններից մեկը վերափոխում է՝ իսրայելական պաշտպանական տեխնիկա կարտադրի
07.09.2026 | 21:14
Հոբարձիում հյուրատան մոտ փոխհրաձգություն է եղել․ ոստիկանները բացահայտել են սպանության փորձի դեպքը. ՆԳՆ
07.09.2026 | 21:00
Փաշինյանը Պուտինի հետ կքննարկի ՌԴ-ի հեռացման պայմանները՝ ռազմաբազա, երկաթուղի․ Կրեմլը սակարկում է ժամանակը․ Տիգրան Խզմալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 20:46
Հայաստանի և Լատվիայի քաղաքական երկխոսությունը պետք է վերածել կոնկրետ տնտեսական արդյունքների. Միրզոյան
07.09.2026 | 20:36
Միրզոյանը և Լատվիայի նախագահը մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ
07.09.2026 | 20:16
Ռուսաստանը հարվածել է Ուկրաինայում British American Tobacco ծխախոտի գործարանին
07.09.2026 | 20:00
Փաշինյանենք ԵՄ գնում են՝ «չերեզ» Մոսկվա․ ես անդամակցելու կողմնակից եմ, հանրաքվե լինի՝ կողմ կքվեարկեմ․ Հարություն Հարությունյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ադրբեջանը թուրքական տեխնոլոգիաների հիման վրա սկսել է զինված ծովային անօդաչու սարքերի և կամիկաձե դրոնների տեղական արտադրություն։

Նոր սարքերը նախատեսված են տարբեր առաջադրանքների իրականացման համար՝ Կասպից ծովում էներգետիկ ենթակառուցվածքների պաշտպանությունից և հետախուզությունից մինչև նավերի դեմ հարձակումներ։

Միևնույն ժամանակ, դրանց արտադրության ծավալները, արժեքը, ինչպես նաև Ադրբեջանում իրականացվող արտադրության մասնաբաժինը չեն հրապարակվում։ Այս մասին ասվում է JAM News-ի անդրադարձում։

Սեպտեմբերի 6-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևան այցելել են Ադրբեջանի ռազմածովային ուժեր։ Այցի ընթացքում ներկայացվել են երկու անօդաչու հարթակներ՝ SALVO զինված անօդաչու մոտորանավակը և KAYRA ծովային կամիկաձե դրոնը։

Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքի հաղորդմամբ՝ սարքերն արտադրվել են Ադրբեջանի պաշտպանության նախարարության ենթակայության տակ գտնվող ռազմարդյունաբերական «MİRAS» ընկերության և թուրքական նավաշինական DEARSAN ընկերության համատեղ ձեռնարկությունում։

Ալիևին ներկայացվել են սարքերի մարտավարատեխնիկական բնութագրերը, որից հետո դրանք անցել են գործնական փորձարկումներ։

Միևնույն ժամանակ, պաշտոնական հաղորդագրությունում չեն նշվում արտադրության ծավալները, նախագծի արժեքը, ինչպես նաև առաջին խմբաքանակը Ադրբեջանի ռազմածովային ուժերին փոխանցելու ժամկետները։

Սարքերն արդեն ցուցադրվել էին

SALVO-ի և KAYRA-ի ներկայացումը Ադրբեջանում առաջին անգամ չէ։ SALVO-ն ցուցադրվել էր դեռևս 2025 թվականի օգոստոսին՝ «Ծովային էներգետիկ ենթակառուցվածքների անվտանգությունն ու պաշտպանությունը» թեմայով զորավարժությունների ժամանակ։ KAYRA-ն նույն տարվա նոյեմբերին ներկայացվել էր Բաքվում կայացած ռազմական շքերթի ընթացքում։

Հետևաբար, սեպտեմբերի 6-ի միջոցառման հիմնական նորությունը ոչ թե այդ համակարգերի ի հայտ գալն է, այլ այն, որ դրանք այժմ արտադրվում են Ադրբեջանում՝ թուրքական ընկերության հետ համատեղ ստեղծված ձեռնարկությունում։ Արտադրական գործընթացը երկրի ղեկավարությանը պաշտոնապես ներկայացվել է առաջին անգամ։

Սա կարող է վկայել այն մասին, որ Ադրբեջանը փորձում է չսահմանափակվել Թուրքիայից պատրաստի ռազմական տեխնիկա ձեռք բերելով և անցնել տեղական արտադրության, սպասարկման ու տեխնոլոգիական կարողությունների զարգացման։

Այնուամենայնիվ, դեռևս հայտնի չէ, թե սարքերի կառուցվածքի, շարժիչի, էլեկտրոնիկայի, կապի և կառավարման համակարգերի որ մասն է փաստացի արտադրվում Ադրբեջանում։

Ո՞րն է SALVO-ի և KAYRA-ի տարբերությունը

SALVO-ն բազմակի օգտագործման, ավելի խոշոր և բազմաֆունկցիոնալ անօդաչու ծովային հարթակ է։ Ըստ DEARSAN-ի՝ այն կարող է կիրառվել ափամերձ տարածքների և սահմանների պարեկության, հետախուզության, մաքսանենգության դեմ պայքարի, որոնողափրկարարական գործողությունների, ինչպես նաև վերգետնյա թիրախների դեմ ռազմական գործողությունների համար։

2022 թվականին անցկացված փորձարկումների ընթացքում SALVO-ից արձակվել է թուրքական Roketsan ընկերության արտադրած Cirit հրթիռը, որը խոցել է շարժվող թիրախ։ Այնուհետև փորձարկվել է ASELSAN-ի արտադրած կայունացված 12,7 մմ գնդացրային կայանքը։

Հարթակը կարող է կառավարվել ափին տեղակայված շարժական կետից, հրամանատարական կենտրոնից կամ մեկ այլ ռազմական նավից։

Միևնույն ժամանակ, չի հաղորդվում, թե կոնկրետ ինչ սպառազինությամբ են համալրվելու Ադրբեջանի համար նախատեսված SALVO-ները։

KAYRA-ն ավելի փոքր չափերի միանգամյա օգտագործման հարվածային անօդաչու սարք է։ Այն նախատեսված է թիրախին մոտենալու և պայթուցիկ լիցքի միջոցով այն ոչնչացնելու համար։

Հայտարարված առաջադրանքների թվում են հակառակորդի նավերի և պարեկային մոտորանավակների, ռազմածովային բազաների, նավահանգիստների, ափամերձ ենթակառուցվածքների և լոգիստիկ ուղիների դեմ հարվածները։

Ինչո՞ւ են այս համակարգերը պետք Կասպից ծովում

Ադրբեջանի ռազմածովային ուժերի առաջնային խնդիրներից է Կասպից ծովում գտնվող նավթագազային ենթակառուցվածքների, նավահանգիստների, խողովակաշարերի և ծովային սահմանների պաշտպանությունը։

Ադրբեջանի պաշտպանության նախարարության տվյալներով՝ 2025 թվականի ռազմածովային զորավարժությունների ընթացքում նավերը պարեկություն են իրականացրել նավթագազային խողովակաշարերի անցման տարածքներում և մարզվել են հնարավոր հարձակումներին, ստորջրյա դիվերսիոն խմբերին ու ականների սպառնալիքներին հակազդելու ուղղությամբ։

SALVO-ի նման հարթակները կարող են այս առաջադրանքների մի մասը կատարել՝ առանց նավերի անձնակազմին վտանգի ենթարկելու։ Դրանք կարող են իրականացնել երկարատև հսկողություն, հետևել կասկածելի նավերին և, անհրաժեշտության դեպքում, կիրառել սպառազինություն։

KAYRA-ն, իր հերթին, ավելի շատ հարվածային և զսպման միջոց է։ Փոքր չափերն ու բարձր շարժունակությունը կարող են լրացուցիչ խնդիրներ ստեղծել խոշոր նավերի պաշտպանության համակարգերի համար։ Միաժամանակ մի քանի ուղղություններից նման դրոնների կիրառումը կարող է ստիպել թիրախային նավին զգալի ռեսուրսներ հատկացնել ինքնապաշտպանությանը։

Սակայն ծովային դրոնները չեն կարող ամբողջությամբ փոխարինել ավանդական ռազմածովային ուժերին։

Ուկրաինայի պատերազմի փորձը

Ծովային անօդաչու սարքերի ռազմական նշանակությունը հատկապես մեծացել է Ուկրաինայի պատերազմի ընթացքում։ Ուկրաինան, չունենալով խոշոր ավանդական ռազմածովային նավատորմ, ծովային անօդաչու մոտորանավակների միջոցով կարողացել է սահմանափակել Ռուսաստանի Սևծովյան նավատորմի գործողությունների հնարավորությունները։

Այս փորձը ցույց է տվել, որ համեմատաբար փոքր պետությունները կարող են ծովում ստեղծել զսպման լրացուցիչ ներուժ՝ առանց խոշոր ռազմանավերի թվի համաչափ ավելացման։

Այնուամենայնիվ, Ռուսաստանը ևս աստիճանաբար զարգացրել է նման հարձակումներից պաշտպանվելու միջոցները։

Ադրբեջանի կողմից SALVO-ի և KAYRA-ի համատեղ արտադրությունը ցույց է տալիս, որ Բաքուն հետաքրքրված է ծովային անօդաչու համակարգերի միջոցով ինչպես վերահսկողության, այնպես էլ հարվածային կարողությունների ընդլայնմամբ։

Կփոխվի՞ Կասպից ծովում ռազմական հավասարակշռությունը

Կասպից ծովի ափամերձ պետություններն են Ադրբեջանը, Իրանը, Ղազախստանը, Ռուսաստանը և Թուրքմենստանը։

2018 թվականին ստորագրված Կասպից ծովի իրավական կարգավիճակի մասին կոնվենցիան նախատեսում է կողմերի ռազմական ներուժի սահմանափակում «ողջամիտ բավարարության» շրջանակներում, սպառազինությունների հավասարակշռության պահպանում և թափանցիկության ապահովում։ Կոնվենցիան նաև արգելում է Կասպից ծովում այլ պետությունների զինված ուժերի ներկայությունը։

Թուրքական ընկերության հետ համատեղ արտադրություն կազմակերպելը, ինքնին, չի հակասում այս դրույթին, քանի որ խոսքը օտարերկրյա ռազմական ուժերի տեղակայման, այլ ոչ թե տեխնոլոգիական և արդյունաբերական համագործակցության մասին է։

Միայն SALVO-ի և KAYRA-ի արտադրության մեկնարկով Կասպից ծովում ռազմական հավասարակշռության էական փոփոխության մասին խոսելը դեռ վաղ է։ Դրա համար անհրաժեշտ է հասկանալ, թե քանի սարք է նախատեսվում արտադրել, ինչ սպառազինությամբ են դրանք համալրվելու և ինչպես են ինտեգրվելու Ադրբեջանի ռազմածովային ուժերի կառավարման ու հետախուզական համակարգերին։

Բաց աղբյուրներում նաև տեղեկություններ չկան այն մասին, որ այս համակարգերը մշակվում են բացառապես Ռուսաստանի կամ Իրանի դեմ կիրառելու նպատակով։ Ադրբեջանը Կասպից ծովում, այդ թվում՝ Իրանի և Ղազախստանի հետ, իրականացնում է նաև համատեղ զորավարժություններ։

Այնուամենայնիվ, տարածաշրջանում ռազմական տեխնոլոգիաների զարգացումն ու հարվածային անօդաչու համակարգերի տարածումը կարող են հաշվի առնվել հարևան երկրների պաշտպանական պլանավորման գործընթացներում։

Որո՞նք են դեռևս անպատասխան հարցերը

Ադրբեջանի նախագահի այցից հետո պաշտոնապես հաստատվել է, որ SALVO և KAYRA համակարգերի արտադրությունն իրականացվում է Ադրբեջանում։ Սակայն ծրագրի իրական մասշտաբը գնահատելու համար մի շարք կարևոր տվյալներ դեռևս չեն հրապարակվել։

  • Քանի՞ SALVO և KAYRA է նախատեսվում արտադրել։
  • Որքա՞ն է նախագծի և արտադրական ձեռնարկության ստեղծման արժեքը։
  • Կոմպոնենտների ո՞ր մասն է արտադրվում անմիջապես Ադրբեջանում։
  • Ի՞նչ կապի, հետախուզության և կառավարման համակարգերով են համալրվելու ադրբեջանական տարբերակները։
  • Սարքերն արդեն ընդունվե՞լ են մարտական ծառայության, թե՞ դեռ գտնվում են փորձարկման փուլում։
  • Ինչպե՞ս է կազմակերպվելու KAYRA-ի կիրառման որոշումների ընդունման և կառավարման գործընթացը։

Այս հարցերի պատասխանները կարևոր են՝ հասկանալու համար, թե որքանով է Ադրբեջանում ձևավորվում իրական ծովային անօդաչու կարողություն, և որքանով է խոսքը դեռևս թուրքական տեխնոլոգիաների տեղական հավաքման կամ արտադրության մասին։

Այս պահին կարելի է արձանագրել, որ SALVO-ն կարող է ընդլայնել Ադրբեջանի՝ Կասպից ծովում վերահսկողություն և զինված պարեկություն իրականացնելու հնարավորությունները, իսկ KAYRA-ն՝ լրացուցիչ հարվածային գործիք դառնալ։

Տեղական արտադրությունը, իր հերթին, կարող է հեշտացնել տեխնիկական սպասարկումը և որոշ չափով նվազեցնել արտասահմանյան մատակարարներից կախվածությունը։

Սակայն Ադրբեջանի «դրոնային նավատորմի» իրական հնարավորությունները կախված են լինելու արտադրության ծավալներից, համակարգերի սպառազինությունից, մարտական կառավարման միասնական համակարգում դրանց ինտեգրման մակարդակից և ծրագրի ֆինանսական պայմաններից, որոնք առայժմ չեն հրապարակվում։

 

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի