Արտահանման աճ՝ դեպի ԵՄ և Չինաստան. իրավիճակային գործո՞ն, թե՞ կայուն դինամիկա
Տնտեսություն
01.09.2026 | 16:30
Ռուսաստանի կողմից որոշ հայկական ապրանքների սահմանափակումների կիրառումից հետո պետական պաշտոնյաները հաճախ անդրադառնում են արտահանման նոր կամ աճող ուղղություններին։ Սակայն առանձին շուկա արտահանման աճը դեռևս ամբողջությամբ չի ներկայացնում այդ երկրի հետ առևտրի պատկերը։ Դրա համար անհրաժեշտ է դիտարկել նաև ներմուծման ծավալներն ու արտահանման և ներմուծման տարբերությունը։
Factor TV-ն ուսումնասիրել է 2026 թվականի առաջին կիսամյակի արտաքին առևտրի տվյալները՝ հասկանալու համար, թե արտահանման առանձին ուղղություններով արձանագրված աճին զուգահեռ ինչպես են փոխվել Հայաստանի ընդհանուր առևտրային պատկերը։
Եթե 2025-ի հունվար-հունիսին ԵՄ երկրներ է արտահանվել շուրջ 286.6 մլն դոլարի ապրանք, ապա 2026-ի նույն ժամանակահատվածում՝ շուրջ 516.5 մլն դոլարի։ Աճը կազմել է ավելի քան 80 տոկոս կամ մոտ 230 մլն դոլար։
2026թ․ հունվար-հունիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 6 անգամով ավելացել է արտահանումը դեպի Բուլղարիա կազմելով` 179 մլն դոլար, 2,1 անգամով էլ աճել է դեպի Բելգիա արտահանման ծավալները կազմելով՝ 113 մլն դոլար։ Դեպի այս երկու երկրներ արտահանումը կազմում է ամբողջ ԵՄ երկրների արտահանման 56.8%-ը։
Ըստ UN Comtrade բազայի 2026թ․ հունվար-մայիսին ավելի քան 175 մլն դոլարի «Հանքաքար, խարամ և մոխիր» ապրանքախմբից արտահանում է եղել Հայաստանից դեպի Բուլղարիա։ Այսինքն՝ Բուլղարիայից այդ ապրանքախմբի արտահանումը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 6.4 անգամով։


Նույնը վերաբերում է նաև Բելգիային, այստեղ ևս արտահանման խոշոր մասը կազմում է «Հանքաքար, խարամ և մոխիր» ապրանքախումբը։ Այդ ապրանքախմբից հունվար-մայիսի դրությամբ արտահանվել է ավելի քան 93 մլն դոլարի արտադրանք։
Աճել է նաև ոչ տրիկոտաժե հագուստ և հագուստի պարագաների արտահանումը դեպի ԵՄ։ Դեպի Ավստրիա, Իտալիա և Գերմանիա միասին արտահանվել է 44.5 մլն դոլարի ոչ տրիկոտաժե հագուստ և հագուստի պարագաներ։
Ալյումինի և դրանից պատրաստված արտադրանքի արտահանումը ես ավելացել է։
Ավելին, Կիպրոսի և Իսպանիայի արտահանումը կտրուկ ավելացել է հենց այս ապրանքախմբի միջոցով։ Այս երկրներում այդ ապրանքախմբի արտահանումը նոր ուղղություն է։
«Մոդեքս» խորհրդատվական ընկերության հիմնադիր-տնօրեն Հայկազ Ֆանյանը ԵՄ-ի հետ արտահանման ծավալների ավելացումը հիմնականում կապում է մոլիբդենի և ֆեռոմոլիբդենի մատակարարումների ավելացման հետ և այն դիտարկում որպես իրավիճակային գործոն։
«ԵՄ-ի դեպքում արտահանման աճը վերջին ամիսներին պայմանավորված է հիմնականում մոլիբդենի և ֆեռոմոլիբդենի մատակարարումների ծավալներով։ Սակայն սա համակարգված աճի արդյունք չէ․ մոլիբդենը B2B ապրանք է (commodity), և արտահանման ուղղությունը կախված է զուտ գնորդի նախընտրած առաքման վայրից։ Հետևաբար՝ սա իրավիճակային գործոն է, և հաջորդ եռամսյակում նույն ապրանքը կարող է արտահանվել բոլորովին այլ երկիր»,- ներկայացնում է Հայկազ Ֆանյանը։
Հունվար-մայիսի տվյալներով ԵՄ արտահանման ավելի քան 280 մլն դոլարը այսինքն կարելի է ասել հիմնական աճը կապ ունի «Հանքաքար, խարամ և մոխիր» ապրանքախմբի հետ։
Միաժամանակ, աճել է նաև ԵՄ-ից ներմուծումն ըստ ապրանքի ծագման երկրի՝ 35 տոկոսով։ Ըստ ծագման երկրի՝ ԵՄ-ից ներմուծումը մոտ 873 մլն դոլարից հասել է 1 մլրդ 179 մլն դոլարի՝ ավելանալով ավելի քան 305 մլն դոլարով։
Այսինքն՝ արտահանման ավելի քան 80 տոկոս աճին զուգահեռ ԵՄ-ից ներմուծման բացարձակ աճը նույնիսկ ավելի մեծ է եղել։ Արդյունքում՝ ԵՄ-ի հետ Հայաստանի բացասական առևտրային հաշվեկշիռը մոտ 586 մլն դոլարից մեծացել է մինչև 662 մլն դոլար։
Ներմուծման տվյալներում էական բարձր ցուցանիշներ և աճ են գրանցվել Բուլղարիայի, Նիդերլանդների, Ֆրանսիայի, Գերմանիայի և Իտալիայի, Լեհաստանի ինչպես նաև Իսպանիայի և Կիպրոսի ուղղություններով։
Գերմանիայից և Իտալիայից հիմնականում ներմուծվել են մեքենաներ ու սարքավորումներ, ինչպես նաև՝ դեղորայք, հագուստ, Նիդեռլանդներից՝ դեղորայք, սարքավորումներ, կահույք վառելիք, Ֆրանսիայից՝ օդանավերն ու դրանց մասերը։
Լեհաստանի արտահանման կառուցվածքում 1062.2%-ով ավելացել է մեքենաներ և մեխանիկական սարքավորումների ներմուծումը։
Բուլղարիայից ներմուծումը ավելացել է 3,1 անգամով, որը հունվար-մայիսի երկիր-ապրանքախումբ բացվածքով բացատրվում է հանքային վառելիքի ներմուծման աճով։ Նաև կտրուկ՝ 15,5 անգամով աճել է Կիպրոսից ներմուծումը, որը պայմանավորված է այդ երկրից հանքային վառելիքի և նավթամթերքի ներմուծման ավելացմամբ։
Այս ամենի արդյունքում առանձին վերցրած արտահանման բարձր աճը չի նշանակում, որ ԵՄ-ի հետ ապրանքային առևտրի պակասուրդը նվազել է․ այն, հակառակը, մեծացել է շուրջ 76 մլն դոլարով։
Այս դեպքում կարևոր է հաշվի առնել, որ ինչպես արտահանման, այնպես էլ ներմուծման ցուցանիշների վրա կարող են ազդեցություն ունենալ ժամանակավոր գործոնները, այսինքն անհրաժեշտություն լինի ձեռք բերել, ինչ-որ սարքավորումներ, գործիքներ, որոնք ՀՀ-ում չեն արտադրվում, սակայն հաջորդ տարի դրանց անհրաժեշտությունը կարող է անգամ չլինել։
Չինաստան արտահանումը գրեթե կրկնապատկվել է
Արտահանման զգալի աճ է արձանագրվել Չինաստանի ուղղությամբ․ 2025 թվականի առաջին կիսամյակի շուրջ 288.3 մլն դոլարի դիմաց 2026-ին Չինաստան արտահանվել է շուրջ 526.5 մլն դոլարի ապրանք՝ 82.6 տոկոսով ավելի։
ԵՄ և Չինաստան արտահանումը միասին մեկ տարում աճել է մոտ 468 մլն դոլարով։ Սակայն միայն ԱՄԷ ուղղությամբ անկումը կազմել է 810 մլն դոլար։
Այսինքն՝ ԵՄ-ի և Չինաստանի ուղղություններով արձանագրված ամբողջ աճը կարողացել է փոխհատուցել ԱՄԷ արտահանման անկման ընդամենը մոտ 58%-ը։
Ըստ UN Comtrade բազայի՝ 2026թ․ հունվար-մայիսի դրությամբ Հայաստանից Չինաստան արտահանված ամենախոշոր ապրանքախումբը եղել է «Հանքաքար, խարամ և մոխիր» խումբը՝ 288 մլն ԱՄՆ դոլարի։



Հատկանշական է, որ նախորդ տարվա համեմատ կտրուկ աճել է «Թանկարժեք քարեր և մետաղներ» ապրանքախմբի արտահանումը դեպի Չինաստան․ նախորդ տարվա հունվար-մայիսի համեմատ այդ ցուցանիշն աճել է 788%-ով՝ 12.8 մլն-ից դառնալով 113.5 մլն ԱՄՆ դոլար։
Այս երկու ապրանքախմբերը միասին կազմել են Չինաստան հունվար-մայիսի ամբողջ արտահանման շուրջ 98.6%-ը։
Դրան հակառակ՝ 86%-ով նվազել է ծխախոտի և ծխախոտային արտադրանքի արտահանումը դեպի Չինաստան՝ 15.4 մլն դոլարից դառնալով 2.1 մլն դոլար։
Դեպի Հոնկոնգ է արտահանվել 105 մլն թանկարժեք քարեր և մետաղներ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արտահանումը ավելացել է 81 %-ով։
Չնայած ծխախոտի արտահանումը դեպի Չինաստան կրճատվել է, սակայն Հոնկոնգի ուղղությամբ այն ավելացել է 15.07 %-ով, կազմելով՝ 20.5 մլն դոլար։
Հունվար-հունիսին չինական ծագման ապրանքների ներմուծումը ևս աճել է՝ մոտ 908.9 մլն դոլարից մինչև 944.7 մլն դոլար։

Դրա արդյունքում Չինաստանի հետ Հայաստանի առևտրային պակասուրդը շուրջ 620.6 մլն դոլարից նվազել է մինչև 418 մլն դոլար։
Այսպիսով, 2026 թվականի առաջին կիսամյակի արտաքին առևտրի տվյալների վերլուծությունը ցույց է տալիս, որ դեպի ԵՄ և Չինաստան արտահանման ծավալների ռեկորդային աճը դեռևս չի վկայում Հայաստանի տնտեսության իրական դիվերսիֆիկացիայի մասին։ Արտահանման ցուցանիշների ավելացումը գրեթե ամբողջությամբ հենված է հումքային ապրանքների (հանքաքար, մոլիբդեն, թանկարժեք մետաղներ) իրավիճակային մատակարարումների վրա, որոնք ենթակա են շուկայական տատանումների: Միևնույն ժամանակ, ԵՄ-ից ներմուծման բացարձակ ծավալների աճը գերազանցում է արտահանման աճին՝ ավելի խորացնելով առևտրային պակասուրդը, իսկ ԵՄ-ի և Չինաստանի ուղղություններով արձանագրված դրական դինամիկան ի վիճակի չէ ամբողջությամբ փոխհատուցել ԱՄԷ շուկայում կրած էական կորուստները:
Մարիա Խաչատրյան

