Մենք ունենք իրական, գործող խաղաղություն, բայց չունենք խաղաղության պայմանագիրը․ Արարատ Միրզոյան
Քաղաքականություն
01.09.2026 | 15:41
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը հաստատված է, սակայն դրա ինստիտուցիոնալացման համար անհրաժեշտ է ստորագրել նախաստորագրված խաղաղության պայմանագիրը։ Այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարեց Արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը։
Նրա խոսքով՝ չնայած խաղաղության պայմանագիրը դեռևս ստորագրված չէ, Հայաստանի և Ադրբեջանի միջև արդեն առկա են խաղաղությանն ու հարաբերությունների կարգավորմանն ուղղված մի շարք գործնական գործընթացներ։
«Մենք ունենք իրական գործող, աշխատող խաղաղություն, ավելին՝ մենք ունենք համագործակցություն, տնտեսական հարաբերություններ, բայց չունենք այդ պայմանագիրը»,- ասաց Միրզոյանը։
Նախարարի խոսքով՝ խաղաղության ինստիտուցիոնալացման առաջին և կարևոր քայլը նախաստորագրված պայմանագրի ստորագրումն է։
«Մենք մի վայրկյան հետո կարող ենք ստորագրել, որովհետև նախաստորագրված է, ինչ-որ կողմեր անհրաժեշտ են գտել, գրել են և համաձայնեցրել են, մենք կարող ենք վայրկյան առաջ դա ստորագրել և անցնել առաջ»,-ընդգծեց նա։
Միրզոյանի խոսքով՝ խաղաղության պայմանագրի ստորագրմանը խոչընդոտող հարցերից մեկը Ադրբեջանի կողմից Հայաստանի Սահմանադրության վերաբերյալ բարձրացվող մտահոգություններն են։
«Մենք կարծում ենք, որ այդ մտահոգություններն իրականում հասցեագրված են հենց պայմանագրի տեքստում։ Այստեղ համաձայնություն չունենք։ Ցանկացած հարցում ցանկացած երկու երկիր խնդիրների ինչ-որ խումբ քննարկելիս կարող են համաձայնվել կամ չհամաձայնվել։ Բայց ես դրան էլ եմ նորմալ վերաբերվում, որովհետև որևէ հարց որևէ հարաբերությունում կարող է լինել, որտեղ հարցերի 90 տոկոսը հասցեագրված են, մարդիկ համագործակցում են, մարդիկ համաձայնության են գալիս, և կան առանձին հարցեր, որտեղ համաձայնություն չունեն»,- նշեց Արարատ Միրզոյանը։
Նա միևնույն ժամանակ ասաց, որ երկու երկրների միջև որևէ հարցի շուրջ տարաձայնություն ունենալը ինքնին արտառոց չէ, սակայն կցանկանային, որ Բաքուն ընդուներ Երևանի դիրքորոշումը և ստորագրեր փաստաթուղթը։
«Լավ կլիներ, որ իրենք էլ համաձայնեին, որ այդ մտահոգությունները հասցեագրված են պայմանագրում, ստորագրեինք, անցնեինք առաջ։ Բայց ունենք իրավիճակ, որտեղ դա արված չէ։ Մենք պիտի աշխատենք խաղաղության ինստիտուցիոնալացման՝ պայմանագրի ստորագրման շուրջ»,- ասաց նա։
Նախարարի խոսքով՝ կան մարդիկ, որոնք ոչ միայն չեն ցանկանում տեսնել խաղաղությունը, այլև ցանկանում են, որ խաղաղություն չլինի։ Միրզոյանը պնդեց, որ խաղաղության գործընթացը քննադատող որոշ ընդդիմադիրներ ցանկանում են, որ Հայաստանը կրկին ներքաշվի հակամարտության մեջ։
«Այդ ընդդիմադիրները, որոնք քննադատում են խաղաղության գործընթացը, ասում են՝ չկա խաղաղություն, ուզում են, որ խաղաղություն չլինի, ուզում են, որ Հայաստանը ներքաշվի նոր հակամարտության մեջ, նոր պատերազմի մեջ, լինեն նոր զոհեր, ամեն ինչ լինի ավելի վատ»,- ասաց նա։
Նախարարը նաև հայտարարեց, որ այդ մարդիկ, իր գնահատմամբ, սպասարկում են օտար պետության շահերը՝ առանց հստակեցնելու, թե որ երկրի մասին է խոսքը։
Հիշեցնենք, որ Բաքուն պայմանագրի ստորագրման թիվ մեկ խոչընդոտ է համարում Մայր օրենքի նախաբանում հղումը Անկախության հռչակագրին։ Նիկոլ Փաշինյանի կառավարությունն արդեն հայտարարել է, որ հղումը բացակայելու է նոր Սահմանադրությունից։ Սակայն ՔՊ-ն ընտրություններում չի ստացել սահմանադրական մեծամասնություն և հանրաքվե անցկացնելու համար անհրաժեշտ է ընդդիմադիր պատգամավորների աջակցությունը։ Խորհրդարանը Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելու վերաբերյալ որոշումը պետք է ընդունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն երկու երրորդի ձայներով։ 105 պատգամավորից բաղկացած Ազգային ժողովում դա նշանակում է առնվազն 70 ձայն։ ՔՊ-ն ունի 64 պատգամավոր, այսինքն՝ ևս 6 պատգամավորի կողմ ձայն է անհրաժեշտ:
Արփի Հակոբյան

