Նոր ազգային ստադիոն, ևս 300 դպրոց, 5 անգամ քիչ մանկապարտեզ․ ինչ կա Կառավարության նոր ծրագրում 

Լուրեր

06.11.2026 | 01:59
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիան» ցավալի պարտություն կրեց Պորտուգալիայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 23:32
Հայաստան-Լիտվա համագործակցություն․ Վահան Կոստանյանը աշխատանքային այցով մեկնել է Վիլնյուս
05.11.2026 | 23:22
Մենք ցանկանում ենք տեսնել սփյուռքահայերի ներդրումը Հայաստանի զարգացման գործում. եթե դա լինի հայրենադարձության տեսքով, ՀՀ-ի հայերս երջանիկ կլինենք. Ռուբինյան
05.11.2026 | 23:08
Հայերը մեկ քայլով մոտեցան ԵՄ առանց վիզայի ճամփորդելու հնարավորությանը․ Մարթա Կոսը՝ նոր անձնագրերի մասին
05.11.2026 | 22:54
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Տորենսեի» դեմ խաղում
05.11.2026 | 22:42
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.11.2026 | 22:27
Լեհաստանում Ռուսաստան սպառազինության բաղադրիչներ մատակարարելու գործով 6 մարդ է ձերբակալվել, այդ թվում՝ ՌԴ քաղաքացի
05.11.2026 | 22:13
Հովտաշատում ապօրինի ձկնաբուծարան է հայտնաբերվել․ 3 անձ ձերբակալվել է
05.11.2026 | 21:59
Հոր անունը կրող հիմնադրամը ղեկավարելու համար Բորիս Նեմցովի դուստրը Ռուսաստանում դատապարտվել է 4 տարվա ազատազրկման
05.11.2026 | 21:42
Ֆինլանդիայի դատարանը ադրբեջանցի նավաստուն 3 տարվա ազատազրկման է դատապարտել ստորջրյա մալուխները վնասելու գործով
05.11.2026 | 21:28
Արսեն Ոսկանյանը նշանակվել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ-ոստիկանության պետի տեղակալ
05.11.2026 | 21:13
ԲԴԽ նախագահն ու ԵՄ դեսպանը քննարկել են դատական համակարգի անկախության և արդյունավետության բարձրացման հարցերը
05.11.2026 | 21:00
ՀԷՑ-ում 64․5 մլրդ-ի չարաշահման մասին է խոսքը․ վարկերը Կարապետյանին կապակցված ընկերություններին է դուրս գրվել․ Արուսյակ Մանավազյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 20:46
Ռաֆինյան երկարաձգեց «Բարսելոնայի» հետ պայմանագիրը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 20:33
«Երևանը դեռ կարող է վերադառնալ ՀԱՊԿ»․ Զախարովան դժգոհել է Հայաստանի՝ ԵՄ-ին մերձենալու քաղաքականությունից
Բոլորը

Ինչ է պատրաստվում Կառավարությունն անել առաջիկա հինգ տարում կրթական համակարգում․ խորհրդարանն այս շաբաթ հաստատել է Կառավարության 2026-2031 թթ. ծրագիրը։ Factor TV-ն այն համեմատել է 2021-2026 թթ. ծրագրի հետ՝ հասկանալու համար, թե ինչ է փոխվել դպրոցների ու մանկապարտեզների կառուցման և վերանորոգման, «Ակադեմիական քաղաքի» և ուսուցիչների կամավոր ատեստավորման հետ կապված խոստումներում։

Եվս 300 դպրոցի կառուցման խոստում 

Երկու ծրագրերում էլ պետության ստանձնած քանակական հիմնական թիրախը գրեթե անփոփոխ է: 2021-2026 թթ. ծրագրով նախատեսվում էր կառուցել, հիմնանորոգել կամ վերանորոգել առնվազն 300 դպրոց՝ ապահովելով դրանց ամբողջական հագեցումը անհրաժեշտ գույքով և սարքավորումներով: 2026-2031 թթ. ծրագիրը պահպանում է նույն ցուցանիշը՝ սահմանելով հաջորդ 300 դպրոցի կառուցումը, վերակառուցումը, հիմնանորոգումը և նոր գույքով ամբողջական հագեցումն ու գործարկումը: 

2021 թվականի ծրագրում հիմնական շեշտը դրված էր սեյսմիկ անվտանգության ապահովման և հանրապետության բոլոր 1400 դպրոցներում ժամանակակից բնագիտական ու ինժեներական լաբորատորիաների ստեղծման վրա: 2026 թվականի ծրագրում ներդրվել է դպրոցական ենթակառուցվածքների բազմաֆունկցիոնալ օգտագործման սկզբունքը: 

Ըստ այդմ՝ նորակառույց և հիմնանորոգված դպրոցների շենքային և մարզական ենթակառուցվածքները դասապրոցեսից դուրս ծառայեցվելու են նաև արտադպրոցական կրթությանը, մեծահասակների կրթությանն ու համայնքային սոցիալականացման ծրագրերին:

Կառավարությունը նախատեսում է ընդլայնել դպրոցներում ինժեներական, ռոբոտաշինության, ծրագրավորման և ԱԲ միջոցով (ներառյալ անհատականացված) կրթությունը՝ տեխնոլոգիական խմբակներն ու լաբորատորիաները դարձնելով հանրակրթության և արտադպրոցական կրթության փոխկապակցված բաղադրիչ։

Ներդրվելու է նաև սովորողների կրթության արդյունքների արտաքին գնահատման համակարգ, որը համադրելի կլինի միջազգային գնահատման չափանիշների հետ։

Մանկապարտեզների շինարարություն և նախադպրոցական կրթություն

Կառավարության երկու ծրագրերում էլ ամրագրված է նախադպրոցական հաստատությունների շենքային պայմանների բարելավման և դրանք ժամանակակից գույքով ու սարքավորումներով ապահովելու պետական հանձնառությունը:

2021-2026 թթ. ծրագրով նախատեսվում էր կառուցել, հիմնանորոգել կամ վերանորոգել առնվազն 500 մանկապարտեզ և նախակրթարան: 2026-2031 թթ. ծրագրում այս թիրախը նվազեցվել է՝ սահմանվելով 100 մանկապարտեզի և նախակրթարանի կառուցում, վերակառուցում և հիմնանորոգում:

Նշվում է նաև 100 կոմբինացված խաղահրապարակի (ներառյալ համայնքային լողավազանները) կառուցման, վերակառուցման, հիմնանորոգման և ամբողջական գույքով հագեցման ու գործարկման մասին։ 

2026 թ. ծրագրով նախատեսվում է նորակառույց մանկապարտեզների ենթակառուցվածքները ևս դասապրոցեսից դուրս տրամադրել համայնքին սոցիալականացման ծրագրերի համար (հիմնական գործունեությանը չխոչընդոտելու նախապայմանով):

2021թ. ծրագիրը նպատակադրում էր 3-5 տարեկան երեխաների ընդգրկվածությունը նախադպրոցական հաստատություններում հասցնել առնվազն 85%-ի: 

2026 թ. ծրագիրը շեշտադրում է բոլոր խոշորացված համայնքներում մինչև 2 տարեկանների համար նախադպրոցական կրթության հասանելիության ապահովումը և 5 տարեկանների համար առնվազն մեկ տարվա պարտադիր նախադպրոցական կրթության ներդրումը:

«Ակադեմիական քաղաք» նախագծի իրագործման մեկնարկ

Երկու ծրագրերում էլ Ակադեմիական քաղաքի ստեղծումը դիտարկվում է որպես բարձրագույն կրթության և գիտության ինտեգրման ռազմավարական նշանակության նախագիծ: 

Եթե 2021 թվականին հաստատված ծրագրում նախագիծը ձևակերպված էր որպես գաղափար՝ առանց ենթակառուցվածքային կամ ֆիզիկական կոնկրետ տվյալների: 2026 թվականի ծրագրով նախագիծն արդեն անցել է իրականացման գործնական փուլ:

2026-2031 թթ. ծրագրով հստակ սահմանվել են առաջին փուլի շրջանակներում գործարկվելիք ենթակառուցվածքները, որոնք նախորդ փաստաթղթում բացակայում էին.

-Տեխնոլոգիական կլաստերի գործարկում:

-3600 ուսանողի համար նախատեսված կացարանային ենթակառուցվածքների կառուցում:

-ՈՒԵՖԱ-ի չափանիշներին համապատասխան նոր ազգային ստադիոնի կառուցում՝ 35 հազար հանդիսատեսի համար:

-Տեխնոլոգիական համալսարանի համալսարանական ստարտափների ինկուբատորի ստեղծում:

-Պետություն-բուհ-մասնավոր համատեղ ներդրումների մեխանիզմով առնվազն 30 համալսարանական ստարտափների ֆինանսավորում:

Ուսուցիչների կամավոր ատեստավորում և բնակապահովման ծրագիր

ՀՀ կառավարության նախորդ և նոր ծրագրերի համադրումը ցույց է տալիս, որ մանկավարժների վարձատրության ու մասնագիտական աճի քաղաքականությունն անցնում է համակարգի ներդրումից դեպի շոշափելի, կոնկրետ թվային թիրախներ և ոլորտային ընդլայնում:

Եթե 2021-2026 թթ. ծրագրում նպատակը ուսուցիչների մասնագիտական զարգացման տարբերակված քաղաքականության ներդրումն էր՝ հիմնված նրանց կարիքների վրա, ապա նոր ծրագրում ընդգծվում է ատեստավորման համակարգի կարևորությունը։

Ըստ այդմ՝ Կամավոր ատեստավորման առաջին փուլը հաղթահարած ուսուցիչների համար մեկնարկում է որակավորման երկրորդ փուլը, իսկ այդ փուլը հաղթահարած մանկավարժների համար բազային դրույքը սահմանվելու է 300 հազար ՀՀ դրամ, որին կգումարվեն 30%, 40% կամ 50% հավելավճարներ։

Ընդլայնվում է նաև շահառուների շրջանակը․ ատեստավորման և վարձատրության բարձրացման այս մոդելը դուրս է գալիս հանրակրթական դպրոցի շրջանակից և ներառում է մանկապարտեզների աշխատակիցներին, արտադպրոցական հաստատությունների մանկավարժներին ու մարզիչներին, քոլեջների և ուսումնարանների դասախոսներին։ Վերջինի դեպքում նշվում է, որ  նրանց վարձատրությունն առնվազն կրկնապատկելու նպատակադրություն ունի կառավարությունը։ 

Կառավարության նոր ծրագրում նորություն է ուսուցիչների համար նախատեսվող բնակարանային ապահովման ծրագիրը։ Նշվում է, որ օրենքով սահմանվելու են ուսուցիչների կարգավիճակից բխող համալիր երաշխիքներ, որոնց մեջ ներառվելու է նաև վերոնշյալ բնակարանային աջակցություն։ 2021-2026 թթ. ծրագրի կրթության կամ հանրակրթության բաժիններում ուսուցիչների համար բնակարանային ապահովման որևէ հատուկ աջակցության ծրագիր սահմանված չէր։

 

Անի Թամրազյան