Նոր ազգային ստադիոն, ևս 300 դպրոց, 5 անգամ քիչ մանկապարտեզ․ ինչ կա Կառավարության նոր ծրագրում 

Լուրեր

26.11.2026 | 13:08
Ռուսական զորքերը հարվածել են Կիևին ու Խարկովին․ զոհեր և վիրավորներ կան
26.11.2026 | 12:59
Լեհաստանը հայտարարել է արևելյան սահմանի երկայնքով ոչ թռիչքային գոտի ստեղծելու մտադրության մասին
26.11.2026 | 12:49
Ասիայի Չեմպիոնների լիգայի խաղը սպասարկել է հարբած մրցավար
26.11.2026 | 12:38
Թրամփի վարչակազմը նոր մաքսատուրքեր կսահմանի Չինաստանի, ԵՄ-ի և 12 այլ խոշոր առևտրային գործընկերների նկատմամբ
26.11.2026 | 12:32
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
26.11.2026 | 12:30
Պետք է հասկանանք` տաքսու վարորդների ապահովագրական հարցն ինչպես ենք լուծելու. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.11.2026 | 12:23
Կալանավորի մոտ ծանր աստիճանի նեյրոֆիբրոմատոզ է․ «Չի կարողանում պառկել, միզել, խցում ծաղրի է ենթարկվում»․ ահազանգ
26.11.2026 | 12:19
Հայաստանում մեկնարկել է հայ և ադրբեջանցի 60 հասարակական գործիչների մասնակցությամբ «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության 5-րդ հանդիպումը․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
26.11.2026 | 12:10
Ադրբեջանի քաղհասարակության ներկայացուցիչները ՀՀ-ում են // Ջերմաստիճանը մինչև 10 աստիճանով կնվազի․ ԼՈՒՐԵՐ
26.11.2026 | 12:02
Հաստատվեց TRIPP-ի զարգացման ընկերություն հիմնելու համաձայնագիրը. հաջորդ շաբաթ կստորագրվի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.11.2026 | 11:59
Թրամփի բանագնաց Քուշները Պուտինին անվանել է «պատմական դեմք» և «քաղաքականության գրոսմայստեր»
26.11.2026 | 11:53
«Մասնագիտությամբ անասնաբույժ եմ, որոշումը Մոսկվայից է»․ Արզաքանցյանը նշանակվել է Մերգելյան ինստիտուտի տնօրեն
26.11.2026 | 11:50
Հաքերները կոտրել են գաղտնաբառերի կառավարման խոշորագույն մեսենջերներից մեկը՝ 1Password-ը
26.11.2026 | 11:42
Երևանում գումարի շուրջ վեճի ժամանակ դանակահարել են 15-ամյա պատանու․ 18-ամյա երիտասարդ է ձերբակալվել
26.11.2026 | 11:33
Հայտնի են Աֆրիկայի լավագույն ֆուտբոլիստի կոչման հավակնորդները
Բոլորը

Ինչ է պատրաստվում Կառավարությունն անել առաջիկա հինգ տարում կրթական համակարգում․ խորհրդարանն այս շաբաթ հաստատել է Կառավարության 2026-2031 թթ. ծրագիրը։ Factor TV-ն այն համեմատել է 2021-2026 թթ. ծրագրի հետ՝ հասկանալու համար, թե ինչ է փոխվել դպրոցների ու մանկապարտեզների կառուցման և վերանորոգման, «Ակադեմիական քաղաքի» և ուսուցիչների կամավոր ատեստավորման հետ կապված խոստումներում։

Եվս 300 դպրոցի կառուցման խոստում 

Երկու ծրագրերում էլ պետության ստանձնած քանակական հիմնական թիրախը գրեթե անփոփոխ է: 2021-2026 թթ. ծրագրով նախատեսվում էր կառուցել, հիմնանորոգել կամ վերանորոգել առնվազն 300 դպրոց՝ ապահովելով դրանց ամբողջական հագեցումը անհրաժեշտ գույքով և սարքավորումներով: 2026-2031 թթ. ծրագիրը պահպանում է նույն ցուցանիշը՝ սահմանելով հաջորդ 300 դպրոցի կառուցումը, վերակառուցումը, հիմնանորոգումը և նոր գույքով ամբողջական հագեցումն ու գործարկումը: 

2021 թվականի ծրագրում հիմնական շեշտը դրված էր սեյսմիկ անվտանգության ապահովման և հանրապետության բոլոր 1400 դպրոցներում ժամանակակից բնագիտական ու ինժեներական լաբորատորիաների ստեղծման վրա: 2026 թվականի ծրագրում ներդրվել է դպրոցական ենթակառուցվածքների բազմաֆունկցիոնալ օգտագործման սկզբունքը: 

Ըստ այդմ՝ նորակառույց և հիմնանորոգված դպրոցների շենքային և մարզական ենթակառուցվածքները դասապրոցեսից դուրս ծառայեցվելու են նաև արտադպրոցական կրթությանը, մեծահասակների կրթությանն ու համայնքային սոցիալականացման ծրագրերին:

Կառավարությունը նախատեսում է ընդլայնել դպրոցներում ինժեներական, ռոբոտաշինության, ծրագրավորման և ԱԲ միջոցով (ներառյալ անհատականացված) կրթությունը՝ տեխնոլոգիական խմբակներն ու լաբորատորիաները դարձնելով հանրակրթության և արտադպրոցական կրթության փոխկապակցված բաղադրիչ։

Ներդրվելու է նաև սովորողների կրթության արդյունքների արտաքին գնահատման համակարգ, որը համադրելի կլինի միջազգային գնահատման չափանիշների հետ։

Մանկապարտեզների շինարարություն և նախադպրոցական կրթություն

Կառավարության երկու ծրագրերում էլ ամրագրված է նախադպրոցական հաստատությունների շենքային պայմանների բարելավման և դրանք ժամանակակից գույքով ու սարքավորումներով ապահովելու պետական հանձնառությունը:

2021-2026 թթ. ծրագրով նախատեսվում էր կառուցել, հիմնանորոգել կամ վերանորոգել առնվազն 500 մանկապարտեզ և նախակրթարան: 2026-2031 թթ. ծրագրում այս թիրախը նվազեցվել է՝ սահմանվելով 100 մանկապարտեզի և նախակրթարանի կառուցում, վերակառուցում և հիմնանորոգում:

Նշվում է նաև 100 կոմբինացված խաղահրապարակի (ներառյալ համայնքային լողավազանները) կառուցման, վերակառուցման, հիմնանորոգման և ամբողջական գույքով հագեցման ու գործարկման մասին։ 

2026 թ. ծրագրով նախատեսվում է նորակառույց մանկապարտեզների ենթակառուցվածքները ևս դասապրոցեսից դուրս տրամադրել համայնքին սոցիալականացման ծրագրերի համար (հիմնական գործունեությանը չխոչընդոտելու նախապայմանով):

2021թ. ծրագիրը նպատակադրում էր 3-5 տարեկան երեխաների ընդգրկվածությունը նախադպրոցական հաստատություններում հասցնել առնվազն 85%-ի: 

2026 թ. ծրագիրը շեշտադրում է բոլոր խոշորացված համայնքներում մինչև 2 տարեկանների համար նախադպրոցական կրթության հասանելիության ապահովումը և 5 տարեկանների համար առնվազն մեկ տարվա պարտադիր նախադպրոցական կրթության ներդրումը:

«Ակադեմիական քաղաք» նախագծի իրագործման մեկնարկ

Երկու ծրագրերում էլ Ակադեմիական քաղաքի ստեղծումը դիտարկվում է որպես բարձրագույն կրթության և գիտության ինտեգրման ռազմավարական նշանակության նախագիծ: 

Եթե 2021 թվականին հաստատված ծրագրում նախագիծը ձևակերպված էր որպես գաղափար՝ առանց ենթակառուցվածքային կամ ֆիզիկական կոնկրետ տվյալների: 2026 թվականի ծրագրով նախագիծն արդեն անցել է իրականացման գործնական փուլ:

2026-2031 թթ. ծրագրով հստակ սահմանվել են առաջին փուլի շրջանակներում գործարկվելիք ենթակառուցվածքները, որոնք նախորդ փաստաթղթում բացակայում էին.

-Տեխնոլոգիական կլաստերի գործարկում:

-3600 ուսանողի համար նախատեսված կացարանային ենթակառուցվածքների կառուցում:

-ՈՒԵՖԱ-ի չափանիշներին համապատասխան նոր ազգային ստադիոնի կառուցում՝ 35 հազար հանդիսատեսի համար:

-Տեխնոլոգիական համալսարանի համալսարանական ստարտափների ինկուբատորի ստեղծում:

-Պետություն-բուհ-մասնավոր համատեղ ներդրումների մեխանիզմով առնվազն 30 համալսարանական ստարտափների ֆինանսավորում:

Ուսուցիչների կամավոր ատեստավորում և բնակապահովման ծրագիր

ՀՀ կառավարության նախորդ և նոր ծրագրերի համադրումը ցույց է տալիս, որ մանկավարժների վարձատրության ու մասնագիտական աճի քաղաքականությունն անցնում է համակարգի ներդրումից դեպի շոշափելի, կոնկրետ թվային թիրախներ և ոլորտային ընդլայնում:

Եթե 2021-2026 թթ. ծրագրում նպատակը ուսուցիչների մասնագիտական զարգացման տարբերակված քաղաքականության ներդրումն էր՝ հիմնված նրանց կարիքների վրա, ապա նոր ծրագրում ընդգծվում է ատեստավորման համակարգի կարևորությունը։

Ըստ այդմ՝ Կամավոր ատեստավորման առաջին փուլը հաղթահարած ուսուցիչների համար մեկնարկում է որակավորման երկրորդ փուլը, իսկ այդ փուլը հաղթահարած մանկավարժների համար բազային դրույքը սահմանվելու է 300 հազար ՀՀ դրամ, որին կգումարվեն 30%, 40% կամ 50% հավելավճարներ։

Ընդլայնվում է նաև շահառուների շրջանակը․ ատեստավորման և վարձատրության բարձրացման այս մոդելը դուրս է գալիս հանրակրթական դպրոցի շրջանակից և ներառում է մանկապարտեզների աշխատակիցներին, արտադպրոցական հաստատությունների մանկավարժներին ու մարզիչներին, քոլեջների և ուսումնարանների դասախոսներին։ Վերջինի դեպքում նշվում է, որ  նրանց վարձատրությունն առնվազն կրկնապատկելու նպատակադրություն ունի կառավարությունը։ 

Կառավարության նոր ծրագրում նորություն է ուսուցիչների համար նախատեսվող բնակարանային ապահովման ծրագիրը։ Նշվում է, որ օրենքով սահմանվելու են ուսուցիչների կարգավիճակից բխող համալիր երաշխիքներ, որոնց մեջ ներառվելու է նաև վերոնշյալ բնակարանային աջակցություն։ 2021-2026 թթ. ծրագրի կրթության կամ հանրակրթության բաժիններում ուսուցիչների համար բնակարանային ապահովման որևէ հատուկ աջակցության ծրագիր սահմանված չէր։

 

Անի Թամրազյան