Ստվերային տնտեսության դեմ պայքարը՝ եկամտաբեր բիզնես

Լուրեր

22.11.2024 | 14:03
Բաքուն COP29-ի շրջանակներում «Ադրբեջանական  Երևան» միջոցառում է անցկացնելու
22.11.2024 | 13:51
Արդարադատության փոխնախարարի ԺՊ Արմենուհի Հարությունյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից
22.11.2024 | 13:45
Ավինյանի կարգադրությամբ՝ շուրջ 2 միլիոն դրամ կհատկացվի «Ավետիս» ՀԿ-ին
22.11.2024 | 13:34
Ուկրաինայի Գերագույն Ռադան չեղարկել է այսօրվա նիստը հարձակման սպառնալիքի պատճառով
22.11.2024 | 13:23
Շների վրա կրակած տղամարդը ներկայացել է Արթիկի բաժին
22.11.2024 | 13:10
Երանոս գյուղում ոռոգման ջրատար ցանց է կառուցվում
22.11.2024 | 12:57
Կուրսկի շրջանում ուկրաինական հարվածի հետևանքով ԿԺԴՀ բանակի գեներալ է վիրավորվել.WSJ
22.11.2024 | 12:44
Հունաստանում ՀՀ դեսպանը հանդես է եկել «Հայաստանի անվտանգային միջավայրն այսօր» թեմայով դասախոսությամբ
22.11.2024 | 12:32
ԱԺ նախագահի հայտարարությունը պատգամավոր Նարեկ Զեյնալյանի հրաժարականի դիմումի առնչությամբ
22.11.2024 | 12:24
Ադրբեջանի Մեջլիսը «կողմնակալ, ոչ օբյեկտիվ և անարդար» է անվանել Լյուքսեմբուրգի խորհրդարանի բանաձևը
22.11.2024 | 12:19
12 մեդալ՝ հայ ըմբիշներին, Պուտինը՝ ուկրաինական հակամարտության գլոբալ բնույթ ստանալու մասին․ ԼՈՒՐԵՐ
22.11.2024 | 12:12
Լիլիթ Մակունցը և Սթիվեն Նիքսն ընդգծել են Հայաստանի և Միջազգային հանրապետական ինստիտուտի միջև համագործակցությունը խթանելու հանձնառությունը
22.11.2024 | 11:59
Հայաստանում 2025 թ․ փետրվարի 4-ից մինչև ապրիլի 18-ը պահեստազորի վարժական հավաքներ կանցկացվեն
22.11.2024 | 11:46
Երևանի մի շարք փողոցներում կտեղադրվեն ռետինե կանգնակներ
22.11.2024 | 11:35
ՌԴ-ն Հյուսիսային Կորեային 1 մլն բարել նավթ է մատակարարել զենքի ու զինծառայողների դիմաց
Բոլորը

Հայաստանի տնտեսության զարգացման գլխավոր թշնամին շարունակում է մնալ  ստվերը: Տարբեր հաշվարկներով`  ստվերային տնտեսությունը ՀՆԱ-ի մինչև 50 տոկոսի շրջանակներում է:

Ստվերային տնտեսության դեմ պայքարի շուրջ հայտարարություններ ու խոստումներ հնչել են մշտապես` Հայաստանի անխտիր բոլոր կառավարությունների ղեկավարների կողմից, նկատելի արդյունքներ, սակայն, երբեք չեն արձանագրվել: Աստվածի ապացույցն է այն, որ այսօր էլ մեր տնտեսությունում ստվերի մակարդակը գնահատվում է նույնքան, որքան 2010թ.-ին էր: Կարճ անդրադարձ կատարենք այս յոթնամյա պայքարին ու գնահատենք արդյունքը:

2010 թվականի հունիսի 18-ին Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի ղեկավար Արիստոմենե Վարուդակիսը հայտարարեց, թե Հայաստանում ստվերային տնտեսությունը կազմում է ՀՆԱ-ի 35-40 տոկոսը:

Տնտեսության ստվերային սեկտորում, ըստ նրա, ամենամեծ բաժինն ուներ հանքարդյունաբերությունը: ՀԲ տրամադրած վարկից 25 մլն դոլարն ուղղվեց հանքարդյունաբերության ոլորտում օրենսդրական և կառուցվածքային փոփոխությունների իրականացմանը: Գաղտնիք չէ, որ հանքարդյունաբերությունը ամենամեծ շահույթներ ապահովող և միաժամանակ ամենաքիչ վերահսկելի ոլորտներից մեկն է: Մեր հանքարդյունաբերողները, հավանաբար հասկանալով, որ այս փողաբեր երակը մի օր կարող է կտրվել, երբ ոլորտը բերվի օրինականության թափանցիկ դաշտ, ձգտում են օր առաջ առավելագույն  շահույթներ կորզել՝ հնարավորինս շատ հանքանյութ արդյունահանելով: Կարող ենք ասել, որ ստվերի դեմ պայքարին ուղղված  այդ  25 մլն դոլար  վարկի առյուծի բաժինը  հենց ստվերում կորչեց, քանի որ  էական ոչինչ չփոխվեց:

2012թ. հոկտեմբերի 30-ին ԱԺ-ում ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը հայտարարեց, որ   ստվերային տնտեսությունը  կազմում է Հայաստանի տնտեսության 30-35 տոկոսը:

2012թ. վերջին Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) հրապարակեց զեկույց, ըստ որի՝ Հայաստանի տնտեսության ստվերայնության աստիճանն ամենաբարձրերից է ոչ միայն հարավկովկասյան տարածաշրջանում, այլև արևելաեվրոպական և կենտրոնասիական երկրների շարքում: Այն կազմում է ՀՆԱ-ի ավելի քան 35 տոկոսը:

Կառավարությունն ասաց, որ խստացնում է հարկերից խուսափողների նկատմամբ կիրառվող պատասխանատվության միջոցները: Վարչական լծակները, իրազեկում-բացատրումը քիչ է: Պետք է զգայուն միջոցների դիմել, ընդհուպ մինչև քրեական պատասխանատվություն: Հազարավոր տնտեսվարող սուբյեկտներ իրենց հարկային պարտավորությունները ժամանակին չեն կատարում կամ չեն կատարում ընդհանրապես:

2014թ. մայիսի 14-ին վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանդիպեց խոշոր գործարարների հետ և կոշտ հրահանգ տվեց, անգամ՝ վերջնաժամկետ, թե որ օրվանից պետք է ստվերում բիզնես չմնա, խոստանալով գործընթացը սկսել  իր մերձավոր շրջապատից: Դա հուլիսի 1-ն էր:

Խոստացան ինքնուրույն ստվերից դուրս չեկողների հանդեպ կոշտ լինել: Կառավարությունը կանչում էր առանձնացրած 16 ոլորտների ներկայացուցիչներին, ներկայացնում ցուցանիշներ, մատ թափ տալիս և պահանջում ավելի մեծ շրջանառություն ցույց տալ: Միայն թե հրապարակայնորեն չէր նշվում, թե ովքեր են պետության արյունը քամող այդ տզրուկները:

2015-16 թվականներին ևս, չնայած մեր իշխանությունների  ինքնամոռաց  պայքարին, Հայաստանում ստվերի մակարդակը գնահատվեց մինչև 50 տոկոս:

2016 թվականի փետրվարին Հայաստանում ԱՄՀ մշտական ներկայացուցիչ Թերեզա Դաբան-Սանչեսը հայտարարեց, թե հարկումն անհրաժեշտ է արտադրությունից տեղափոխել սպառման դաշտ և փակել հարկերից խուսափելու հնարավորությունները: Դա կօգնի ստվերային տնտեսության դեմ պայքարին, որը, ըստ ԱՄՀ-ի, 30-50 տոկոս է կազմում:

2016 թվականի մայիսի 11-ին խորհրդարանում  «փառահեղ» պայմանավորվածության  եկան ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանն ու այդ ժամանակվա էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը: «Եթե մենք կարողանանք 1 տարվա ընթացքում հաղթահարել… Ես էն գործիչներից չեմ, որ ասում եմ՝ 100 տոկոսով ստվերը կհանենք, բայց եթե կարողանում ենք պայմանավորվել՝ կլինի, չե՞նք պայմանավորվում՝ չի լինի»,- Մելքումյանի այս դիտարկմանը նախարար Մինասյանը պատասխանեց. «Ես համամիտ եմ, բայց ամեն մեկը պետք է սկսի իրենից, այս դահլիճում: Հենց ամեն մեկը սկսի իրենից, մենք նման համախմբվածություն կունենանք»:

Բայց նրանք տեղյակ չէին ՊԵԿ փոխնախագահ Արմեն Ալավերդյանի բացահայտմանը` ստվերը եղել է, կա ու կմնա:

Եկավ Կարեն Կարապետյանի հերթը: Խորհրդարանում ունեցած  հենց առաջին ելույթում նա հայտարարեց ստվերի վերացման անհրաժեշտության մասին: Հետո վարչապետը ևս մի քանի անգամ  խոսեց այդ մասին՝ գործարարների շրջանակներում, միջազգային կազմակերպությունների հետ հանդիպումներում:

ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը լավ լուր ունի. ստվերի հաշվարկման մեխանիզմը գտել են:  

Ստվերը կրճատվել է, բայց՝ խոշոր հարկ վճարողների մոտ: Ընդ որում, եթե մինչ այս միջազգային կազմակերպությունները բերում էին ստվերի 50 տոկոս թիվը, մեր կառավարությունը՝ 35 տոկոս, ապա այժմ խոստովանում են, որ շատ-շատ էր: 

ՊԵԿ նախագահը, սակայն,  չկանխատեսեց, թե մինչև տարեվերջ որքան կնվազի ստվերը: Ու չպատասխանեց հարցին, թե որ խոշոր հարկատուներն են թալանողները:

Համաշխարհային բանկը գնահատում է, որ Հայաստանում միջին հարկային բեռը 40 տոկոսից ավելի է: Սա նշանակում է, որ յուրաքանչյուր միջին տնտեսվարող սուբյեկտ իր հասույթի միայն 40 տոկոսը հարկերի համար է սպառում, և եթե ավելացնում ենք յուրաքանչյուր աշխատողի աշխատանքային բեռը, այն հասնում է 80-85 տոկոսի: Այսինքն, գործատուն կաշխատի 15 տոկոս շահութաբերությամբ: Ուստի նա մտնում է ստվերային եկամտի տակ: Կան նաև չարամիտները, որ կարող են օրինական շահույթ ստանալ, բայց հիմարացնում են պետությանը: Հայաստանի տնտեսությունում առկա մեծաչափ ստվերը օրինական դաշտ բերելու ուղիներից մեկը, ըստ տնտեսագետների, կարող է լինել ՏՄՊՊՀ-ի ակտիվ գործունեությունը. այն միայն վերահսկող մարմին չպետք է լինի, այլ պետք է ջանա, որ օրենքները կիրառվեն:

Պարբերաբար հայտարարվում է, թե ստվերի դեմ պայքարի արդյունքում այսքան ու այսքան գումար է մուտք արվել բյուջե: Եթե 2014 թվականին դա կազմել է 16 մլրդ դրամ, 2017-ին նախատեսվում է 24,2 մլրդ  դրամ: Սակայն որևէ կերպ չի նշվում՝ ի՞նչ է կատարվում բացահայտված այն հարկատուների հետ, որոնք մինչ այս ստվերում էին, որրևէ մեկը պատիժ կրո՞ւմ է ստվերի համար:

Միջազգային կառույցները Հայաստանում ստվերը 2017 թվականին գնահատում են 30-50 տոկոս, կառավարությունը՝ նախորդի պես, 35 տոկոս: Փաստորեն, 2010 թվականից հետո ոչինչ չի փոխվել: Մի կողմից կառավարությունն ամեն տարի միլիարդավոր դրամներ է բացահայտում և բերում բյուջե, մյուս կողմից՝ ստվերը մեծանում է: Իսկ ընդհանրապես, ինչպես խոստովանում են Ֆինանսների նախարարության ներկայացուցիչները, Հայաստանում ստվերային տնտեսությունն այս կամ այն չափով առկա է ամենուրեք:

Հայաստանում ստվերի դեմ պայքարի նպատակով տարբեր կազմակերպություններից  միլիոնավոր դոլարներ են գալիս՝ թե՛ որպես վարկ, թե՛ որպես դրամաշնորհ: Եվ ինչո՞ւ վերացնել ստվերը, եթե դրանից ավելի եկամտաբեր է ստվերի դեմ պայքարը:

 

Սևակ Հակոբյան