Կրեմլը Լիտվայում միջուկային զենք տեղակայելու ծրագրերն «էսկալացիայի քայլ» է անվանել
Քաղաքականություն
06.10.2026 | 19:28
Հարևան պետության տարածքում միջուկային զենքի տեղակայումը լարվածության սրման քայլ է, և Ռուսաստանը ստիպված կլինի ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ իր անվտանգությունը երաշխավորված կերպով ապահովելու համար: Այս մասին հայտարարել են Կրեմլում՝ մեկնաբանելով Լիտվայում միջուկային զենքի տեղակայման արգելքը վերացնելու հնարավորությունը։
«Ռազմաբազան ռազմական ենթակառուցվածքի մաս է։ Եվ եթե որևէ մեկի, մասնավորապես, ՆԱՏՕ-ի առաջատար պետության ռազմական ենթակառուցվածքը մոտենում է մեր սահմաններին, ապա, իհարկե, դա չի կարող ընկալվել այլ կերպ, քան լարվածության սրման քայլ, ինչպես և հարևան պետության տարածքում միջուկային զենքի տեղակայումը»,- ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե Կրեմլում ինչպես են գնահատում Լիտվայում երկրում միջուկային զենքի տեղակայման արգելքը վերացնելու հարցի քննարկման գործընթացը և Միացյալ Նահանգների կողմից Լիտվայում մշտական ամերիկյան ռազմաբազա ստեղծելու առաջարկի քննարկումը։
Նա նշել է, որ այդ ամենը «չի նպաստի եվրոպական մայրցամաքում իրավիճակի կայունությանն ու կանխատեսելիությանը, այլ, հակառակը, կհանգեցնի լարվածության սրման հերթական էական փուլին»։
«Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա, իհարկե, Ռուսաստանը ստիպված կլինի ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ սեփական անվտանգությունը երաշխավորված կերպով ապահովելու համար»,- ասել է Պեսկովը։
Լիտվայի Սեյմը հոկտեմբերի 6-ին կրկնակի քվեարկությամբ հավանություն է տվել Սահմանադրության մեջ փոփոխություն կատարելուն, որը նախատեսում է վերացնել Լիտվայի տարածքում զանգվածային ոչնչացման զենքի և օտարերկրյա պետությունների ռազմական բազաների տեղակայման արգելքը սահմանող դրույթը։ Սահմանադրական փոփոխության վերաբերյալ վերջնական քվեարկությունը տեղի կունենա հաջորդ տարվա հունվարի 12-ին։
Լիտվայի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ «Սահմանադրության փոփոխությունը պայմանավորված է նրանով, որ Լիտվան պետք է հնարավորություն ունենա օգտագործելու ՆԱՏՕ-ի զսպման ողջ ներուժը, ՆԱՏՕ-ի միջուկային զենքը զսպման ամենաարդյունավետ միջոցն է, իսկ ՆԱՏՕ-ի միջուկային վահանը այդ զսպման հիմքն է»։
Իր հերթին, ԱՄՆ նախագահի վարչակազմը նշել էր, որ կքննարկի Լիտվայում իր ռազմակայանը տեղակայելու վերաբերյալ Լիտվայի առաջարկը։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

