Ադրբեջանը կուլիսներում աշխատում է Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը մեղմելու ուղղությամբ․ իսրայելական աղբյուրներ
Քաղաքականություն
25.08.2026 | 19:44
Իսրայելի կողմից սիրիական ավիաբազային հասցված հարվածից հետո, Ադրբեջանը կուլիսներում աշխատում է Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը մեղմելու ուղղությամբ։ Այս մասին իսրայելական աղբյուրները հաստատել են Ynet գործակալությանը՝ սիրիական ավիաբազայի վրա Իսրայելի հարվածից մեկ շաբաթ անց, գրում է Turkiye today-ը։
Ըստ Ynet-ի՝ Ադրբեջանի պաշտոնյաները խորապես մտահոգված են Բաքվի մտերիմ գործընկերներ Իսրայելի և Թուրքիայի միջև հարաբերությունների վատթարացմամբ և շուրջ մեկ տարի առաջ սկսել են երկու երկրների միջև ուղիղ երկխոսություն, երբ ստեղծվեց Սիրիայում օպերատիվ համակարգման մեխանիզմ։
Իրավիճակին ծանոթ աղբյուրը Ynet-ին ասել է, որ Միացյալ Նահանգները նույնպես աշխատում է լարվածությունը նվազեցնելու ուղղությամբ։
«Դուք և Թուրքիան խելքներդ կորցրե՞լ եք։ Դուք մեր բարեկամներն եք, Թուրքիան նույնպես մեր բարեկամն է։ Ի՞նչ պետք է անենք, եթե, Աստված մի արասցե, դուք սկսեք կռվել։ Հենց այդ պատճառով է կարևոր անհապաղ նվազեցնել լարվածությունը»,- իսրայելական լրատվամիջոցին ասել է ադրբեջանցի պաշտոնյան։
Ynet-ը հաղորդել է, որ, ըստ երևույթին, ջանքեր են գործադրվում Սիրիայի հարցերով համակարգման մեխանիզմը վերակենդանացնելու և Իսրայելի ու Թուրքիայի միջև ուղիղ երկխոսությունը վերսկսելու ուղղությամբ՝ կանխելու սխալ հաշվարկները, որոնք կարող են հանգեցնել իրավիճակի սրմանը։
Ադրբեջանի միջնորդական ջանքերին զուգահեռ՝ Axios-ը կիրակի հայտնել էր, որ Սիրիայի արտգործնախարար Ասադ ալ-Շայբանին հանդիպել է «Մոսադի» ղեկավար Ռոման Գոֆմանի հետ՝ Աբու ալ-Դուհուր ավիաբազայի վրա Իսրայելի հարվածից հետո։ Հարցին ծանոթ աղբյուրների փոխանցմամբ՝ հանդիպումը լավ է անցել։
Շայբանին կիրակի Reuters-ին հայտնել է, որ հարվածից հետո Իսրայելի հետ շփումները դադարեցվել են, սակայն Դամասկոսն ակնկալում է, որ անվտանգության համաձայնագրի շուրջ Իսրայելի հետ բանակցությունները շուտով կվերսկսվեն։
«Ներկայում Սիրիան չի վստահում Իսրայելին, սակայն մենք մեր ձեռքը մեկնում ենք դիվանագիտությանը և Իսրայելին կոչ ենք անում օգտվել այս պատմական հնարավորությունից»,- ասել էր նա։
Սիրիայի արտգործնախարարն արևմտյան լրատվամիջոցներին տված մեկ այլ հարցազրույցում, որը մեջբերել է սիրիական Alikhbaria TV-ն, հայտարարել էր, որ Իսրայելի հետ ուղիղ շփումները դադարեցվել են օգոստոսի 18-ին՝ Աբու ալ-Դուհուր ավիաբազայի վրա ավիահարվածից հետո։
«Այս պահին մենք չենք վստահում Իսրայելին»,- ասել է նա՝ հավելելով, որ Իսրայելը հարվածել է օբյեկտին՝ չնայած այն հանգամանքին, որ Դամասկոսը տեղեկացրել էր, որ այդ տարածքը «չի դառնա թուրքական ռազմաբազա»։
Շայբանին հայտնել է, որ Դամասկոսն ու Թել Ավիվը այս տարվա սկզբին առաջարկվող անվտանգության համաձայնագրի դրույթների մեծ մասի շուրջ փոխըմբռնման էին հասել։
«Գրեթե ամեն ինչ թղթի վրա համաձայնեցված էր»,- ասել է նա։
Շայբանիի խոսքով՝ առաջարկվող համաձայնագիրն Իսրայելից կպահանջեր զերծ մնալ Սիրիայի վրա հարձակումներից կամ նրա ներքին գործերին միջամտելուց, դադարեցնել ռազմական գործողությունները և դուրս բերել զորքերը Բաշար ալ-Ասադի վարչակարգի տապալումից հետո գրավված տարածքներից։ Նրա խոսքով՝ համաձայնագիրը նաև նախատեսում էր սահմանի մոտ անվտանգության մի քանի գոտիների ստեղծում, այդ թվում՝ բացառապես ՄԱԿ-ի վերահսկողության տակ գտնվող բուֆերային գոտի, ինչպես նաև տարածքներ, որտեղ սիրիական ուժերը կտեղակայվեին տարբեր մակարդակներով։
Շայբանին Իսրայելին մեղադրել է համաձայնագրի վերջնականացման գործընթացից խուսափելու մեջ։
«Մենք չտեսանք, որ նրանք ունեն համաձայնության հասնելու շարժառիթ կամ անկեղծ կամք»,- ասել է նա ու նշել, գրավյալ Գոլանի բարձունքների հարցում Սիրիայի առաջնահերթ խնդիրն այս պահին իսրայելական հարձակումների դադարեցումն է, իսկ Գոլանի և ավելի լայն խաղաղության հարցերի շուրջ քննարկումները կանցկացվեն ավելի ուշ։ Նա նաև հայտնել է, որ ԱՄՆ-ը շարունակական ճնշում է գործադրում Իսրայելի վրա՝ բանակցությունների սեղանի շուրջ վերադառնալու համար։
Իսրայելական ինքնաթիռներն օգոստոսի 18-ին ութ հարված էին հասցրել Աբու ալ-Դուհուր ռազմական օդանավակայանի թռիչքուղուն՝ վնասելով դրա ենթակառուցվածքները։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն պնդել է, որ Իսրայելը նախազգուշացրել էր Սիրիային՝ թույլ չտալ թուրքական ներկայություն այդ ռազմաբազայում։ Այս հիմնավորումը Շայբանին և Թուրքիան մերժել են։
Իսրայելական Haaretz թերթը մեջբերել է Սիրիայի հարցով ԱՄՆ դեսպան Թոմ Բարաքի նախազգուշացումը, ըստ որի՝ հարվածը «կարող էր վերաճել Իսրայելի և Թուրքիայի միջև ուղղակի ռազմական առճակատման»։ Նա ենթադրել է, որ դա կարող էր լինել Իսրայելի իրական նպատակը։
Բարաքը շեշտել է, որ Թուրքիան «Իսրայելի վրա հարձակվելու կամ նրա հետ ռազմական առճակատման մեջ մտնելու որևէ մտադրություն չունի»։ Նա նաև նախազգուշացրել էր, որ Իսրայելն ընտրությունների շրջանում կարող է «ոչ ռացիոնալ գործել»։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

