ՌԴ-ում քրգործ է հարուցվել «Դոժդ»-ի հիմնադիր Նատալյա Սինդեևայի դեմ՝ «անցանկալի» կազմակերպություն հիմնելու համար
Քաղաքականություն
17.08.2026 | 15:44
Ռուսաստանում քրեական գործ է հարուցվել «Դոժդ»-ի տնօրենների խորհրդի նախագահ Նատալյա Սինդեևայի և հեռուստաալիքի գլխավոր տնօրեն Մարկ Տենի դեմ, գրում է Current time-ը։
Գործը հարուցվել է «անցանկալի» կազմակերպության գործունեություն կազմակերպելու հոդվածով։ Ռուսաստանում նման կազմակերպություն է ճանաչվել հոլանդական TVR Studios B.V. ընկերությունը, որի հիման վրա էլ, ըստ ռուսական կողմի պնդման, գործում է «Դոժդ»-ը։ Հեռուստաալիքը հեռարձակվում է արտասահմանից, գործով երկու կասկածյալներն էլ՝ Սինդեևան և Տենը, նույնպես ապրում են արտասահմանում։
Նատալյա Սինդեևան «Դոժդ»-ի հիմնադիրն ու նախկին գլխավոր տնօրենն է։ 2024 թվականին նա գործադիր տնօրենի պաշտոնը զիջել է Տենին, որը նախկինում ղեկավարում էր Sports.ru նախագիծը։ Սինդեևան դարձել է տնօրենների խորհրդի նախագահ՝ մնալով «Դոժդ»-ի հիմնական բաժնետերը։ Նա դեռևս չի մեկնաբանել քրեական գործի մասին լուրը։
2025 թվականի դեկտեմբերին էլ նմանատիպ գործով «Մեդուզա»-ի ղեկավար Գալինա Տիմչենկոն Ռուսաստանում հեռակա կարգով դատապարտվել էր 5 տարվա ազատազրկման։ Գործի հարուցման պատճառ էր դարձել 2024 թվականի սեպտեմբերի 18-ին DW-ին տված հարցազրույցը «Նևզլինգեյթի հետևանքների մասին», 2025 թվականի մարտի 17-ին TV2-ին տված հարցազրույցը և «Մեդուզա»-ի ընթերցողներին ուղղված ուղերձը։
«Դոժդ»-ի մի շարք լրագրողներ նույնպես նախկինում հեռակա կարգով դատապարտվել են Ռուսաստանում։ Հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Տիխոն Ձյադկոն հեռակա կարգով դատապարտվել է 8 տարվա ազատազրկման՝ ռուսական բանակի մասին «կեղծ լուրեր» տարածելու և «օտարերկրյա գործակալի» մասին օրենքը խախտելու մեղադրանքով։ Նրա կինը՝ «Դոժդ»-ի հաղորդավարուհի Եկատերինա Կոտրիկաձեն, հեռակա կարգով դատապարտվել է 8 տարվա ազատազրկման՝ ռազմական «կեղծ լուրեր» տարածելու և «օտարերկրյա գործակալի» իր պարտականությունները չկատարելու համար։ «Դոժդ»-ի լրագրող Վալերիա Կիչիգինան հեռակա կարգով դատապարտվել է 10 տարվա ազատազրկման, հաղորդավարուհի Վալերիա Ռատնիկովան՝ 7,5 տարվա ազատազրկման՝ ռազմական «կեղծիքներ» տարածելու համար։

