Երկու բրոնզե մեդալ՝ արհեստական բանականության միջազգային օլիմպիադայում
Հայ դպրոցականները երկու բրոնզե մեդալ են նվաճել օգոստոսի 2-8-ը Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում անցացված արհեստական բանականության միջազգային օլիմպիադայում (IOAI): Հայաստանն այս տարի ներկայացրել է միանգամից երկու թիմ՝ յուրաքանչյուրում չորսական աշակերտ (առավելագույն թույլատրելին IOAI-ում)։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:
Թիմային մրցույթում հաջող ելույթ է ունեցել Վանաձորի մաթեմատիկայի և բնագիտական առարկաների խորացված ուսուցմամբ հատուկ դպրոցը ներկայացնող քառյակը՝ Ալեն Գևորգյանը, Արամ Ամիրխանյանը, Սերյոժա Նազարյանը և Վահե Պլուզյանը: 120 երկրի ներկայացուցիչների պայքարում նրանք զբաղեցրել են 5-րդ տեղը՝ առաջ թողնելով միայն Նոր Զելանդիայի, Հոնկոնգի, Պուերտո Ռիկոյի և Իսպանիայի թիմերին: Անհատական հաշվարկում Արամ Ամիրխանյանը և Ռազմիկ Եփրեմյանը (Արտաշես Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոց) դարձել են բրոնզե մեդալակիրներ:
Եվս երեք աշակերտ՝ Արտյոմ Հովհաննիսյանը (Գյումրու «Ֆոտոն» վարժարան), Գուրգեն Բայբուրդյանը (Գյումրու «Ֆոտոն» վարժարան) և Դավիթ Ղազարյանը (Վաղարշապատի թիվ 5 ավագ դպրոց), ընդգրկվել են պատվավոր հիշատակումների թվում։
Օլիմպիադան անցկացվել է 3 փուլով՝ տնային (3 առաջադրանք), թիմային (2 փուլով առաջադրանքներ՝ սիմուլյացիոն և Galbot ռոբոտով) և անհատական (6 առաջադրանք ԱԲ-ից):
Հայաստանի թիմը ձևավորվել է երեք փուլից բաղկացած ազգային ընտրական գործընթացի արդյունքներով, որին շուրջ 170 աշակերտ է մասնակցել ՀՀ տարբեր տարբեր դպրոցներից։ Օլիմպիադայի 8 մասնակիցներից 6-ը հանդիսացել են ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) կողմից իրականացվող «Արհեստական բանականության (ԱԲ) սերունդ» ծրագրի աշակերտներ՝ արհեստական բանականություն ուսումնասիրելով ավագ դպրոցի իրենց եռամյա ուսումնառության ընթացքում։ Հայ դպրոցականները երկրորդ տարին անընդմեջ մասնակցում են ԱԲ միջազգային օլիմպիադային: Նախորդ տարի Պեկինում կայացած մրցույթում Արամ Ամիրխանյանը բրոնզե մեդալ էր նվաճել անհատական պայքարում:
Ավելի վաղ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հայտնել էր, որ մեր աշակերտները արհեստական բանականության միջազգային օլիմպիադայում թիմային պայքարում 5-րդ տեղն են զբաղեցրել:

