ՀՀ-ն Ախուրիկի երկաթուղու վերականգնման մրցույթ է հայտարարել, բայց այն դեռ մնում է ՌԴ կոնցեսիայի ներքո

Լուրեր

27.07.2026 | 21:13
Նեթանյահուն հայտարարել է, որ Վաշինգտոնում իր օրակարգի գլխավոր առաջնահերթությունն Իրանն է
27.07.2026 | 21:00
ՔՆՆԱՐԿՈւՄ․ Զբոսաշրջիկների ռեկորդային հոսք ՀՀ 6 ամսում․ ի՞նչ խնդիրներ և առավելություններ են ի հայտ եկել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 20:49
ՌԴ-ում ոչնչացվել է Հայաստանից ներկրված ավելի քան 39 հազար վարդի խմբաքանակ
27.07.2026 | 20:37
Ռումինիան հայտնել է ՌԴ դեսպանատան աշխատակցի արտաքսման մասին
27.07.2026 | 20:23
Իրանն ադրբեջանական պետական AzTV-ն ներառել է «թշնամական լրատվամիջոցների» ցուցակում․ ի պատասխան՝ Բաքուն անօրինական է ճանաչել իրանական Səhər-ն ու Mehr-ը
27.07.2026 | 20:09
Հայ շախմատիստները մրցաշարի են մասնակցում Ղազախստանում
27.07.2026 | 20:02
Ինչպես են իրականացվել գաղտնալսումները․ Հակակոռուպցիոն կոմիտեի փոխնախագահը մանրամասներ է պատմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 19:49
Հայ գերի Լյուդվիգ Մկրտչյանի վիճակը վատթարացել է․ փաստաբանը դիմել է Ալիևին
27.07.2026 | 19:39
Փաշինյանն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել. ըստ ՀՀ վարչապետի՝ սահմանափակումները հակասում են երկկողմ և ԵՏՄ պայմանագրերին
27.07.2026 | 19:33
Գազատար է վնասվել. Գյումրու մի շարք հասցեներում վթարային գազանջատում է
27.07.2026 | 19:21
ՀՀ-ն Ախուրիկի երկաթուղու վերականգնման մրցույթ է հայտարարել, բայց այն դեռ մնում է ՌԴ կոնցեսիայի ներքո
27.07.2026 | 19:08
Մ-17 ԱԱ․ Արարատ Ավետիսյանը և Վազգեն Մնացականյանը բրոնզե մեդալի համար կգոտեմարտեն Բաքվում
27.07.2026 | 19:00
ՌԴ-ն պատերազմ է վարում ՀՀ-ի դեմ՝ պատժամիջոցներով․ ռազմական տրամաբանությամբ կիրառում է տնտեսական լծակներ․ Հրաչյա Արզումանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 18:51
Ռուսաստանն ամեն ինչ կանի հաղթանակի համար․ Պուտին
27.07.2026 | 18:40
Սամվել Կարապետյանը դատական հայց է ներկայացրել ԿԿՀ-ի դեմ
Բոլորը

Հայաստանի կառավարությունը դեռևս գործնական քայլ չի ձեռնարկել հայկական երկաթուղու որևէ հատված ռուսական կոնցեսիայից (կառավարումից) դուրս բերելու նպատակով, սակայն մրցույթ է հայտարարել Գյումրի-Ախուրիկ-Թուրքիայի սահման երկաթգծի վերակառուցման նախագծի համար։

Դեռևս 2025-ի դեկտեմբերին, հիշեցնենք, Հայաստանի ու Ռուսաստանի ղեկավարների հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը խոսել էր Իջևանի, Երասխի և Ախուրիկի երկաթուղային հատվածների վերականգնման օրակարգի հասունացման մասին։ Իսկ Մոսկվայից վերադառնալուց հետո Փաշինյանը հայտարարել էր, թե «Հայաստանի կառավարությունը կարող է այդ հատվածները հետ վերցնել կոնցեսիայից և պետական բյուջեի միջոցներով իրականացնել վերականգնումը, եթե պարզվի, որ ՌԴ ղեկավարությունը որևէ խնդիր է տեսնում»։

Factor.am-ը ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից հետաքրքրվել է՝ հայկական երկաթուղու հատվածները ռուսական կոնցեսիոն կառավարումից դուրս բերելու բանակցություններն ընթանո՞ւմ են, ե՞րբ հայտնի կդառնան արդյունքները։

Նախարարությունից պատասխանել են․ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲ ընկերությանը փոխանցված հայկական երկաթուղու որևէ հատվածի կոնցեսիոն ակտիվների կազմից հանելը հնարավոր է միայն ՀՀ կառավարության համապատասխան որոշումով։ Նման որոշման անհրաժեշտության դեպքում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից կմշակվի ՀՀ կառավարության որոշման նախագիծ, որը կշրջանառվի շահագրգիռ գերատեսչություններում, և արդյունքների ամփոփումից հետո տեղեկատվությունը հասանելի կլինի հանրությանը»։

Սա նշանակում է, որ թեև վերջին շրջանում տարբեր մակարդակներում քննարկվում է երկաթուղային հաղորդակցությունների վերագործարկման թեման, կառավարությունը դեռ չի ընդունել որևէ իրավական ակտ, որով հայկական երկաթուղու առանձին հատվածները կհանվեն ռուսական կոնցեսիոն կառավարման ներքո գտնվող ակտիվներից։ Երկաթուղու այդ հատվածների վերականգնման անհրաժեշտությունն առաջացել է ԹՐԻՓՓ (Trump Route for International Peace and Prosperity) նախագծի համատեքստում, որը նախատեսում է վերականգնել և զարգացնել Հայաստանի տարածքով անցնող երկաթուղային կապերը, որոնք պետք է ծառայեն տարածաշրջանային հաղորդակցությունների բացմանը։ Այս ուղղությամբ աշխատանքները բավականին ակտիվ են ընթանում․ հունիսի 16-ին ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ԹՐԻՓՓ նախագծի վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրը վավերացնելու մասին ՀՀ օրենքի նախագծին, նաև գործում է Գյումրի-Կարս երկաթուղու վերագործարկման հայ-թուրքական համատեղ աշխատանքային խումբ։

Լուծման փնտրտուք

Այս տարվա փետրվարին լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ վարչապետը ներկայացրել էր խնդրի լուծման իր պատկերացումը՝ Ռուսաստանի և Հայաստանի որևէ բարեկամ երկիր «ուղղակի գնի Ռուսաստանից կոնցեսիոն կառավարման իրավունքը»։

Ենթադրվում էր, որ խոսքը Ղազախստանի մասին է։ Վերջին ամիսներին հայ-ղազախական շփումները բավականին ակտիվացել են՝ տարբեր մակարդակների փոխայցերի ու հեռախոսազրույցների տեսքով։ Սակայն 2026-ի ապրիլին Ղազախստանի արտգործնախարարի՝ Հայաստան պաշտոնական այցից հետո, կոնցեսիան ղազախներին վաճառելու հնարավորության մասին պաշտոնական հայտարարություն չհնչեց։

Երկաթուղու կառավարման մասին որևէ հիշատակում չեղավ նաև 2026-ի ապրիլի 1-ին Փաշինյան-Պուտին հանդիպման ընթացքում․ պաշտոնական հաղորդագրությունը լուռ էր։ ՌԴ դիրքորոշումը հրապարակեցին ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ հերքելով Երևանի կամ Աստանայի հետ բանակցությունների մասին լուրերը, ապա ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը՝ բացառելով ՀԿԵ-ի կոնցեսիան երրորդ կողմին վաճառելու որևէ օբյեկտիվ պատճառ:

Ուշագրավ է, որ այս պայմաններում ՀՀ կառավարությունը մրցույթ է հայտարարել «Գյումրի-Ախուրիկ-Թուրքիայի սահման» երկաթգծի վերակառուցման աշխատանքների նախագծերի պատրաստման, ծախսերի գնահատման ծառայությունների ձեռքբերման նպատակով։ 

Խնդիրն այն է, որ Ախուրիկի հատվածը նույնպես ներառված է ՀԿԵ-ի կոնցեսիոն կառավարման մեջ, և հասկանալի չէ, թե ինչպես է ՀՀ կառավարությունը պատրաստվում այն վերականգնել պետական բյուջեի միջոցներով՝ առանց դուրս բերելու ռուսական կոնցեսիայից։

Նկատենք, որ ավելի վաղ ՀՀ ԱԳՆ-ից Factor TV-ին ասել էին, որ ԹՐԻՓՓ նախագծի շրջանակում նոր կառուցվելիք երկաթուղային ենթակառուցվածքների վրա Կոնցեսիոն պայմանագրով փոխանցված իրավունքները չեն տարածվում։

Թե բեռնափոխադրման ինչ ծավալներ են սպասվում Գյումրի-Կարս երկաթուղով, ինչքան կլինի դրա արդյունավետությունը, կամ ինչպես է լուծվելու երկաթուղիների լայնությունների տարբերության խնդիրը, ՏԿԵՆ-ից նշել են, որ Factor.am-ի այս հարցերին հնարավոր կլինի պատասխանել նախագծի առկայության դեպքում՝ հավելելով, որ վերակառուցումից հետո երկաթուղու այս հատվածի բեռնաթողունակությունը կկազմի 10 մլն տոննա։

2025 թվականին, ըստ Վիճակագրական կոմիտեի, Հայաստանի երկաթուղային բեռնափոխադրումների փաստացի ծավալը կազմել է գրեթե 1․9 մլն տոննա։

Ինչ կլինի կոնցեսիայի ավարտին

Factor.am-ը նաև խնդրել էր տրամադրել «Հարավկովկասյան երկաթուղում» իրականացված աուդիտի արդյունքները և պարզաբանել՝ արդյոք ռուսական կողմը պատրաստվում է փոխհատուցել կամ վերականգնել այն գույքը, որն, ըստ կոնցեսիոն պայմանագրի, պարտավոր էր պահպանել։

Ի պատասխան՝ նախարարությունը վկայակոչել է կոնցեսիոն պայմանագրի 9.3-րդ հոդվածը, ըստ որի՝ պայմանագրի լուծման օրը կոնցեսիոները (հեղ․՝ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ) պարտավոր է վերադարձնել կոնցեսիոն ակտիվներն այնպիսի վիճակում, որպեսզի երկաթուղու շահագործումն ու փոխադրումները հնարավոր լինի շարունակել առնվազն 3 տարի՝ առանց լրացուցիչ ներդրումների, բացառությամբ ընթացիկ սպասարկման։ Ընդ որում՝ երկաթուղու կառավարիչը պարտավոր է իր հաշվին իրականացնել անհրաժեշտ վերանորոգումներն ու վերակառուցումները:

Սակայն նախարարությունը չի հայտնել՝ իրականացված աուդիտն ի՞նչ է արձանագրել, արձանագրվե՞լ են արդյոք վնասներ, և եթե այո, ապա ռուսական կողմի նկատմամբ ներկայացվե՞լ է որևէ պահանջ։

Այսպիսով, մինչ ՀՀ կառավարությունը գործնական քայլեր է կատարում Գյումրի-Ախուրիկ-Թուրքիայի սահման հատվածի վերակառուցման նախագծման ուղղությամբ, դեռևս անորոշ է մնում դրա իրականացման իրավական հիմքը։ Ախուրիկի հատվածը շարունակում է գտնվել «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի կոնցեսիոն կառավարման ներքո, իսկ կառավարությունն այն կոնցեսիայից դուրս բերելու վերաբերյալ որևէ որոշում դեռ չի ընդունել։

 

Գայանե Խաչատրյան