Պուտինն այդպես էլ չշնորհավորեց Փաշինյանին. ինչ է դա նշանակում ՀՀ-ՌԴ հարաբերությունների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

13.07.2026 | 23:14
ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել VK-ի նկատմամբ
13.07.2026 | 23:03
Ուկրաինան և եվրոպական ինը երկրներ ստեղծում են հակաբալիստիկ պաշտպանության կոալիցիա
13.07.2026 | 22:50
Մեծ Բրիտանիան Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը կներառի ահաբեկչական կազմակերպությունների ցանկում
13.07.2026 | 22:39
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում ու մարզերում
13.07.2026 | 22:30
ԵՄ-ն տարիքային սահմանափակումներ կմտցնի սոցցանցերում երեխաների համար
13.07.2026 | 22:19
Իսրայելը տարիներով հավաքագրել է Իրանի նախկին նախագահ Ահմադինեժադին՝ ռեժիմի տապալումից երկրի ղեկավար նշանակելու համար․ NYT
13.07.2026 | 22:10
Ալիևը հայտնել է, որ Բաքուն Չինաստանից ռազմական արտադրանք է գնել
13.07.2026 | 22:00
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
13.07.2026 | 21:52
Ֆրանսիան շոգի պատճառով դադարեցնում է ատոմային ռեակտորների աշխատանքը
13.07.2026 | 21:41
Տեղի է ունեցել «Ոսկե ծիրան» կինոփառատոնի պաշտոնական բացման արարողությունը․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
13.07.2026 | 21:30
Փաշինյանը Ծառուկյանին օլիգարխ կոչեց, մինչդեռ ասում էր՝ խոշոր սեփականատեր է․ բիզնեսը չպիտի լինի իշխանության մեջ․ Լևոն Բարսեղյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.07.2026 | 21:16
Ելենա Վարդազարյանը նշանակվել է Օպերային թատերախմբի ղեկավար-գլխավոր կոնցերտմայստեր
13.07.2026 | 21:00
Ծառուկյանի որդին կվերադարձվի՞ ՀՀ․ Փաշինյանի չկատարված ու նոր խոստումները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.07.2026 | 20:51
Ստամբուլում հայ համայնքը նշել է Վարդավառը․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
13.07.2026 | 20:42
Հայաստանում ԵՄ նոր առաքելության մեկնարկին նվիրված փորձագիտական կլոր-սեղան քննարկում է անցկացվել
Բոլորը

«Հայաստանի ընտրությունների վերաբերյալ ես առայժմ ձեռնպահ կմնամ որևէ պաշտոնական մեկնաբանությունից, քանի որ ԿԸՀ-ն դեռ վերջնական արդյունքներ չի հրապարակել։ Մենք սպասում ենք այդ վերջնական արդյունքներին»,- հայտարարել էր ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

Հունիսի 7-ի ընտրություններից՝ 36 օր, հունիսի 14-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից արդյունքների ամփոփումից՝ 29 օր և հուլիսի 4-ի Սահմանադրական դատարանի որոշումից 9 օր անց Նիկոլ Փաշինյանը Վլադիմիր Պուտինից այդպես էլ շնորհավորանք չստացավ։

Վերջին անգամ երկրների առաջնորդները շփվել են քարոզարշավի թեժ օրերին՝ հունիսի 1-ին՝ Փաշինյանի ծննդյան օրը։ 

«Բացի շնորհավորանքներից՝ մենք նաև գործնական խոսակցություն ունեցանք։ Պայմանավորվեցինք, որ ընտրություններից հետո ես կմեկնեմ Մոսկվա, մենք հանդիպում կունենանք, բոլոր ընթացիկ հարցերը կլուծվեն»,- հունիսի 3-ին հայտարարել էր Փաշինյանը։

Սակայն ո՛չ հանդիպումը եղավ, ո՛չ էլ ընթացիկ հարցերը լուծվեցին։ Factor TV-ն ուսումնասիրել է, թե ինչպես է եղել նախկինում, արդյո՞ք շնորհավորանքներն այսքան ուշացած եղել են։

Պուտինի՝ Հայաստանի իշխանություններին ընտրական հաղթանակի կապակցությամբ առաջին շնորհավորանքը եղել է 2003 թվականին։ Նախագահական ընտրությունների երկրորդ փուլից մեկ օր անց՝ մարտի 6-ին, նա շնորհավորել է Ռոբերտ Քոչարյանին, իսկ հաջորդ օրը հեռախոսազրույցում կրկին արձանագրել նրա «համոզիչ և տպավորիչ հաղթանակը»։

Հաջորդ փորձությունը 2008 թվականի նախագահական ընտրություններն էին։ Ռոբերտ Քոչարյանն այլևս առաջադրվել չէր կարող, իսկ իշխանության թեկնածուն Սերժ Սարգսյանն էր։ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ չի ճանաչում ընտրության արդյունքները։ Հաջորդ օրը նրա կողմնակիցները հավաք սկսեցին Մատենադարանին հարող տարածքում։ Սակայն այդ ամենը չխանգարեց Կրեմլին․ փետրվարի 20-ին՝ ընտրությունների հաջորդ օրը, ժամը 21։00-ին, Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ հղեց Սերժ Սարգսյանին։

Հետընտրական ճգնաժամը խորացավ մարտի 1-ին, երբ ոստիկանությունն ուժ կիրառեց Ազատության հրապարակում գիշերած ցուցարարների նկատմամբ։ Բախումների հետևանքով զոհվեց 10 մարդ՝ 8 քաղաքացի և 2 ոստիկան, հարյուրավորները վիրավորվեցին, իսկ Երևանում մեկ ամսով արտակարգ դրություն հայտարարվեց։ Մարտի 6-ին Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց ունեցավ Ռոբերտ Քոչարյանի հետ՝ աջակցություն հայտնելով «սահմանադրական կարգի ապահովմանն» ուղղված իշխանական ջանքերին։ Մարտի 10-ին նա խոսեց Սերժ Սարգսյանի հետ, իսկ մարտի 24-ին հանդիպեց նրան՝ Կրեմլի հաղորդագրություններում հատուկ օգտագործելով «ընտրված նախագահ» ձևակերպումը։

2013 թվականին Սերժ Սարգսյանը գնում էր կառավարման երկրորդ ժամկետի։ Ընտրություններից հետո ՄԻՊ-ն արտահերթ զեկույց հրապարակեց ու խոսեց ընտրակաշառքի 100 և կրկնակի քվեարկության 20 ահազանգի մասին․ ոստիկանությունն ընտրակաշառքի որևէ դեպք չբացահայտեց, իսկ կրկնակի քվեարկության 4 դեպք հաստատվեց։ Այդուհանդերձ, արդեն փետրվարի 19-ին Վլադիմիր Պուտինը շնորհավորեց Սերժ Սարգսյանին, Կրեմլի հաղորդմամբ՝ Սարգսյանի նախաձեռնած հեռախոսազրույցի ընթացքում։

Մարտի 12-ին արդեն տեղի ունեցավ Սարգսյան-Պուտին հանդիպումը, որտեղ Ռուսաստանի նախագահը ևս մեկ անգամ շնորհավորեց նրան։

«Եվս մեկ անգամ ուզում եմ շնորհավորել Ձեզ համոզիչ հաղթանակի կապակցությամբ. 60 տոկոսից ավելին շատ լավ արդյունք է, որը խոսում է ժողովրդի վստահության մասին»,- 2013-ի մարտի 12-ի հանդիպման ընթացքում ասել էր Պուտինը։

Այս անգամ ևս Կրեմլի արձագանքը սպասողական չէր։ Շնորհավորանքը հնչեց հաջորդ օրը։ 2017-ի խորհրդարանական ընտրություններով Հայաստանն անցնում էր խորհրդարանական կառավարման համակարգի։ ՀՀԿ-ն ստացավ 49,15 տոկոս կամ 770,718 ձայն, իսկ արդեն հաջորդ օրը Վլադիմիր Պուտինը շնորհավորեց Սերժ Սարգսյանին։

Պուտինը հայտարարեց, որ ընտրությունների արդյունքները վկայում են Սերժ Սարգսյանի և ՀՀԿ-ի հանդեպ «բարձր վստահության» մասին։ Սակայն մեկ տարի անց՝ վարչապետ ընտրվելուց ընդամենը վեց օր հետո, Սարգսյանը զանգվածային բողոքների ճնշման տակ հրաժարական տվեց։ Դրանից հետո Սարգսյան-Պուտին պաշտոնական շփումների մասին հաղորդագրություններ չեն հրապարակվել։

«Թավշյա հեղափոխությունից» հետո առաջին համապետական ընտրությունները տեղի ունեցան 2018 թվականի դեկտեմբերի 9-ին։ Փաշինյանի գլխավորած «Իմ քայլը» դաշինքը սահմանադրական մեծամասնություն ստացավ։ Կրեմլն այս անգամ չշտապեց․ Պուտինի շնորհավորանքը հնչեց միայն մոտ երեք շաբաթ անց՝ դեկտեմբերի 27-ին Մոսկվայում կայացած հանդիպման ժամանակ․ «Մենք շատ ուրախ ենք ձեզ տեսնել Մոսկվայում։ Սա ձեր առաջին այցն է ընտրություններում համոզիչ հաղթանակից հետո»: 

2021-ի արտահերթ ընտրություններում, պատերազմից հետո ստեղծված քաղաքական ճգնաժամի պայմաններում, Նիկոլ Փաշինյանը հաղթեց Ռոբերտ Քոչարյանին։ Պուտինը նրան շնորհավորեց ընտրություններից չորս օր անց, ապա կրկին՝ հուլիսի 7-ին՝ Կրեմլում կայացած հանդիպման ժամանակ։

2026-ի հունիսի 7-ին Հայաստանում տեղի ունեցան 9-րդ գումարման ԱԺ ընտրությունները։ Ընտրությունները հետևյալ արդյունքները գրանցվեցին․

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն՝ 49.7%,

«Ուժեղ Հայաստան» դաշինք՝ 23.3%,

«Հայաստան» դաշինք՝ 9.9%։

Հայ-ռուսական աննախադեպ լարված հարաբերությունների պայմաններում անցկացված ընտրություններին ապրիլի 1-ին նախորդել էր ոչ պակաս լարված երկխոսություն Կրեմլում։ 

«Կան բազմաթիվ քաղաքական ուժեր, որոնք ռուսամետ դիրքորոշում ունեն։ Իհարկե, ես Ձեզ բացահայտ կասեմ՝ մեր միջև այնպիսի երկխոսություն է, որ մենք միշտ խոսում ենք ազնվորեն և ուղիղ։ Մենք շատ կցանկանայինք, որ այս բոլոր քաղաքական կուսակցությունները, քաղաքական գործիչները կարողանային մասնակցել այս ներքաղաքական աշխատանքին՝ ընտրությունների ընթացքում։ Ոմանք, գիտեմ, գտնվում են ազատազրկման վայրերում, չնայած այն հանգամանքին, որ ունեն Ռուսաստանի անձնագիր»,- ապրիլի 1-ի հանդիպման ընթացքում ասաց Պուտինը։

Ի պատասխան վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց․ «Այս ընտրություններին կարող են մասնակցել միայն այն քաղաքացիները, որոնք ունեն բացառապես հայկական անձնագիր։ Այսինքն՝ ամենայն հարգանքով, բայց ռուսական անձնագիր ունեցող անձինք, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության համաձայն, չեն կարող լինել ո՛չ պատգամավորի թեկնածու, ո՛չ վարչապետի թեկնածու։ Այստեղ որևէ սահմանափակում չկա»։

Հայ-ռուսական քաղաքական խնդիրներն ազդեցին նաև տնտեսվարողների վրա։ Քարոզարշավի ակտիվ օրերին Ռուսաստանը մի շարք սահմանափակումներ մտցրեց հայկական ապրանքների ներմուծման նկատմամբ, որոնք մինչև հիմա՝ ընտրություններից 36 օր անց, վերացված չեն։

Հուլիսի 6-ին Փաշինյանը Մոսկվայի փոխարեն մեկնեց Եկատերինբուրգ և հանդիպեց ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինին։ Նրանք անդրադարձան ընտրություններին ու հայ-ռուսական հարաբերություններին, սակայն այս անգամ ևս շնորհավորանք չհնչեց։

«Միշուստինի հետ հանդիպման ժամանակ նա խոսում էր 3-րդ դեմքով, որ ընտրություններից հետո ձևավորվելիք կառավարությունը ՌԴ-ի հետ նորմալ հարաբերություններ կունենա։ Չէր ասում՝ Դուք, ասում էր այն կառավարությունը։ 3-րդ դեմքով էր խոսում, որպեսզի ստիպված չլինի շնորհավորել»,-Factor TV-ի հետ զրույցում նշեց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը։

Քաղտեխնոլոգի կարծիքով՝ ռուսական կողմը մինչև օգոստոսի 2-ը կճանաչի Փաշինյանին վարչապետի պաշտոնում, սակայն դրանից հետո անորոշություն է․ հնարավոր է՝ Փաշինյանին կոչեն, այսպես կոչված, ժամկետանց վարչապետ՝ դրանից բխող հետևանքներով։

«Արդեն կարող ենք կնիքը վրան դնելով ասել, որ ռուսական կողմը, այս պահի դրությամբ, հետ չի կանգնել ՀՀ իշխանական համակարգն ապամոնտաժելու իր ծրագրից: Դա բազմասերիանոց սերիալ է, առաջին սերիան չհաջողվեց, հունիսի 7-ին ռուսամետ ընդդիմության հաղթանակն էր, դա տեղի չունեցավ»,-ասաց Բադալյանը։

Հիմա, ըստ Բադալյանի սկսվել է 2-րդ սերիան․ հյուծել Հայաստանի տնտեսությունը, սոցիալական դժգոհություն գեներացնել, խորհրդարանական ընդդիմության ու փողոցային պայքարի միջոցով հասնել իշխանափոխության։ Այդ ծրագիրն է գործի դրված, պնդում է քաղտեխնոլոգը։ Որքանո՞վ իրականություն կդառնան նրա դիտարկումները, պարզ կդառնա առաջիկայում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Եվգենյա Համբարձումյան