Գալուզինը պնդում է, թե ԵՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթացը սկսվել է
Քաղաքականություն
29.06.2026 | 14:53
Մոսկվայի սկզբունքային դիրքորոշումն է՝ անընդունելի է, որ Հայաստանը պաշտոնապես հայտարարում և իրավաբանորեն ամրագրում է իր եվրոպական ձգտումները՝ շարունակելով վայելել Եվրասիական տնտեսական միության անդամակցության բոլոր օգուտներն ու առավելությունները։ RTVI-ին տված հարցազրույցում այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը։
Դիտարկմանը, որ Հայաստանը դեռևս պաշտոնական անդամակցության դիմում չի ներկայացրել ԵՄ-ին, ինչը նշանակում է, որ գործընթացը չի սկսվել, Գալուզինն արձագանքել է․ «Անցյալ ապրիլին Հայաստանում ընդունված օրենքը կոչվում է «Եվրամիությանը անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին»։ Այս հարցի վերաբերյալ հատուկ օրենք է ընդունվել։ Ես այստեղ այլ մեկնաբանություն չեմ դիտարկում»։
Անդրադառնալով Հայաստանի հետ կապված ԵՏՄ ղեկավարների հայտարարությանը՝ ռուսաստանցի պաշտոնյան ասել է, թե դրանում հստակ նշվում է, որ Հայաստանի՝ Եվրամիությանը միանալու գործընթացի սկիզբը և Հայաստանի ներկայիս ղեկավարության՝ Եվրամիությանը միանալու ծրագրերը շատ կոնկրետ ռիսկեր են ստեղծում Եվրասիական ինտեգրացիոն միավորման մյուս անդամների տնտեսական անվտանգության համար։
«Եվրամիությունն ու Եվրասիական տնտեսական միությունը բոլորովին տարբեր միություններ են իրենց կարգավորող շրջանակի առումով։ Համապատասխանաբար, ԵՄ կարգավորող շրջանակին անցնելը կնշանակեր հրաժարվել մեր եվրասիական կարգավորող շրջանակից։ Ի դեպ, Ուկրաինայի հետ իրավիճակը սկսվեց մոտավորապես նույն կերպ, երբ Ուկրաինան ցանկանում էր Ասոցացման համաձայնագիր ստորագրել Եվրամիության հետ, իսկ ԵՄ-ն՝ Ուկրաինայի հետ։ Սակայն մենք այդ ժամանակ հիմնավոր մտահոգություններ հայտնեցինք այն մասին, որ մենք Ուկրաինայի հետ ազատ առևտրի համաձայնագիր ունեինք ԱՊՀ շրջանակում, և եթե Ուկրաինան իր շուկան բացի եվրոպական ապրանքների համար, ապա, համապատասխանաբար, եվրոպական ապրանքները կհեղեղեն մեր շուկան Ուկրաինայի միջոցով, ինչը բացարձակապես անընդունելի էր։ Այս տեսակի ռիսկերը լիովին հնարավոր են։ Ահա թե ինչու ընդունվեց համատեղ հայտարարություն, մասնավորապես՝ Հայաստանի վերաբերյալ»,- ասել է նա։
Հարցին էլ, որ Եվրահանձնաժողովն արդեն, այսպես կոչված, ինքնավար առևտրային միջոցառումներ է մշակում Հայաստանից ապրանքների համար, այդ թվում՝ այն ապրանքների, որոնք ներկայում Ռուսաստանի կողմից ներմուծման սահմանափակումների են ենթարկվում, արդյո՞ք այդպիսով Ռուսաստանը ինքը ավելի չի մղում Հայաստանին դեպի եվրոպական շուկաներ, Գալուզինը պատասխանել է, համաձայն չէ նման դատողությունների հետ, և կրկին վկայակոչել ԵՄ-ին անդամակցության մեկնարկի մասին ընդունված օրենքը։
«Մենք մեր մտահոգությունները հայտնեցինք հայկական կողմին, սակայն հայկական կողմը շարունակեց և շարունակում է մերձենալ Եվրամիությանը։ Ինչ վերաբերում է, այսպես ասած, այլընտրանքային շուկաներ գտնելու հնարավորությանը, որպեսզի Հայաստանը վաճառի իր արտադրանքը, որն այսօր տասնյակ տոկոսներով, մոտենալով 100 տոկոսի, գնում է Ռուսաստան, դժվար եմ պատկերացնում, թե ինչպես դա կարելի է իրականացնել»,- ասել է նա։
ՌԴ ԱԳ փոխնախարարը հայտարարել է, թե Եվրամիության քայլերը, ընդհանուր առմամբ, լիովին քաղաքականացված բնույթ ունեն ու ևս մեկ անգամ հաստատում են Եվրամիության հակառուսական բնույթը, որը «փորձում է իր կողմը գրավել Հայաստանը՝ դժվար կատարելի խոստումներ տալով»։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

