ՔՊ-ն տապալել է բարեփոխումները, «Ուժեղ Հայաստանը» մաքուր ռուսական ուժ է. մենք այլընտրանք ենք առաջարկում. Հայկ Մարության. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
30.04.2026 | 21:00«Նոր Ուժ» կուսակցության նախագահ, վարչապետի թեկնածու Հայկ Մարությանը Factor TV-ին տված հարցազրույցում անդրադարձել է առաջիկա ընտրություններին, կոալիցիոն համագործակցության հնարավորություններին, երկրի կառավարման իր տեսլականին և եվրաինտեգրման թեմային։ Նա իր քաղաքական ուժը դիրքավորում է որպես այլընտրանք իշխող «Քաղաքացիական պայմանագրին» և ընդդիմադիր դաշտի մյուս խոշոր խաղացողներին։
Անդրադառնալով վերջին հարցումներով իրենց ուժի ցածր վարկանիշի վերաբերյալ տվյալներին՝ Մարությանը նշել է. «Բնականաբար, քանի որ ակտիվությունը չէինք սկսել, չէինք հայտարարել, որ մասնակցելու էինք, և շատ բնական է, որ ռեյտինգներում չես երևում»։
Նրա խոսքով՝ ընտրություններին մասնակցելու որոշումը պայմանավորված է առկա քաղաքական իրավիճակով, որտեղ հիմնական մրցակիցներն են իշխանությունն ու նախկին իշխանությունների հետ կապվող ուժերը։ «Մեկը, որը տապալել է կառավարումը և բազմաթիվ խնդիրներ ունի, ընդ որում՝ նաև գաղափարական խնդիրներ ունենք իրենց հետ, երկրորդն էլ, ցավոք սրտի, այսօր մենք սկանդալներ ենք տեսնում կապված ինչ-որ կաշառքներ բաժանելու հետ», – ասել է Մարությանը՝ իրենց ուժը ներկայացնելով որպես այլընտրանք. «Որպեսզի մարդիկ ունենան այլ տարբերակներ, ունենան նոր ուժ, որը կարող է իրենց տալ այն ամենը, ինչ իրենց պետք է՝ և՛ բարեկեցություն, և՛ ապահովություն, և՛ խաղաղություն»։
Հարցին, թե արդյոք պատրա՞ստ է ղեկավարել Հայաստանը, Մարությանը պատասխանել է. «Այո»։ Նա նշել է, որ Երևանի քաղաքապետի պաշտոնում աշխատելու տարիներն իր համար «դպրոց» են եղել՝ հասկանալու պետական համակարգի աշխատանքը։
Խոսելով իր թիմի մասին՝ Մարությանը հայտարարել է, որ իրենց կադրային բազան չի սահմանափակվում կուսակցական նեղ շրջանակով։ «Իմ թիմն է ամբողջ 3 միլիոն մեր քաղաքացիները։ Եվ այդ 3 միլիոնից, անկախ քաղաքական, ընդ որում, հայացքներից, պետք է հավաքել լավագույն թիմը, այսպես ասած՝ դրիմ թիմը»։
Մարությանը նշել է, որ բացառում է կոալիցիան «Քաղաքացիական պայմանագրի» և Ռոբերտ Քոչարյանի ուժի հետ։ «Մենք չենք կարող սատարել ՔՊ-ին, մասնավորապես լինի Նիկոլ Փաշինյանը վարչապետ։ Չենք կարող Ռոբերտ Քոչարյանի ուժին սատարել»։
Ինչ վերաբերում է Սամվել Կարապետյանի գլխավորած «Ուժեղ Հայաստան»-ին, Մարությանը երկու հիմնական նախապայման է նշել։ Առաջինը կապված է ընտրակաշառքի բաժանման վերաբերյալ հրապարակված ձայնագրությունների հետ։ «Սա մեզ համար անընդունելի է։ Եթե սպասենք և պարզվի, որ այդպիսի բաներ կա, դրա մասին խոսք չի կարող լինել համագործակցության մասին»։
Երկրորդ նախապայմանը գաղափարական է. «Սա մաքուր ռուսական ուժ է։ Մեզ համար դա անընդունելի է, որ մենք գուբերնիզացիայի ճանապարհով գնանք»,- ասել է նա՝ հավելելով, որ իրենց ծրագրի առաջին կետերից է «Եվրոպականացումը, և այդ ճանապարհը մենք պետք է անցնենք»։
Անդրադառնալով Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրին՝ Մարությանը նշել է, որ այն պետք է ստորագրվի։ «Անպայման պետք է ստորագրվի այդ պայմանագիրը։ Յուրաքանչյուր փաստաթուղթ, որը մի քայլ առաջ է տանելու, այս դեպքում՝ խաղաղությունը, պետք է ստորագրել»։
Միևնույն ժամանակ, նա ընդգծել է, որ Ղարաբաղյան շարժումը «փակելը» պետության իրավասությունը չէ։ «Յուրաքանչյուր արցախցի ունի իրավունք միջազգային ատյանների միջոցով վերականգնել իր հայրենիքում ապրելու իրավունքը։ Եվ այստեղ պետությունը ուզենա, չուզենա, մեջտեղից պայթի, այդ իրավունքը իրենք ունեն իրացնել»։ Նա նշել է, որ այս գործոնը պետք է ծառայի որպես հակակշիռ Ադրբեջանի հետագա նկրտումներին։
Խոսելով տրանսպորտի սակագնի թանկացման դեմ իր պայքարի և չվճարելու կոչերի մասին՝ Մարությանը հերքել է, թե դրանով վնասում է քաղաքային տնտեսությանը։ Նա պնդել է, որ ներկա իշխանությունները «տապալել են Երևանի կառավարումը», և բոյկոտը բողոքի դրսևորում է այդ սխալ կառավարման դեմ։ «Ես այն ժամանակ իրենց ասում էի՝ չե՛ք հավաքագրելու, չե՛ք ունենալու։ Մարդիկ գումար չունեն, չե՞ք հասկանում»։
Հաղորդումն ամբողջությամբ՝ տեսանյութում։
Ռոբերտ Անանյան