TikTok-յան քաղաքական պատերազմներ․ ինչպես են ԱԲ-ով կեղծում իրականությունը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Քաղաքականություն
18.04.2026 | 20:30«ՀՀ ՊՆ ծովակալ Սուրեն Պապիկյանը մեկ ժամ ժամանակ է տվել ամերիկացիներին, որ լքեն տարածաշրջանը»,- նշվում է TikTok-ում տարածվող տեսանյութերից մեկում։
Զարմացա՞ք, իսկ գուցե վախեցա՞ք այս տեսանյութը դիտելիս․ պետք չէ, սա ընդամենը արհեստական բանականության միջոցով ստեղծված կեղծիք է։ Բայց ուշադիր, ինչու ոչ՝ նաև կասկածամիտ լինել պետք է, որպեսզի չտրվեք նման ապատեղեկատվությանը։
Առաջիկա ընտրարշավում մեծ խնդիր է դառնում արհեստական բանականությամբ ստեղծված նյութերի տարածումը և այն, որ շատ մարդիկ դրանք ընդունում են որպես իրական։ Նման տեսանյութերը մեծ քանակությամբ տարածվում են հատկապես TikTok-ում և հավաքում հարյուր հազարավոր, անգամ միլիոնավոր դիտումներ և հավանումներ։ Տեսանյութերի մեկնաբանություններից հասկանալի է դառնում, որ օգտատերերի զգալի մասն ԱԲ-ով գեներացված բովանդակությունն իրականից չի տարբերում։
Factor TV-ն արհեստական բանականությամբ բովանդակություն ստեղծող մի քանի տասնյակ էջեր է ուսումնասիրել և առանձնացրել դրանցից մի քանիսը։ Տեսանյութերի մի մասը մանիպուլյատիվ է, կեղծ, որոշները՝ տագնապ հարուցող կամ ատելություն գեներացնող։ Այդպիսի էջերից է «Ծիծաղելի ճշմարտությունը», որը վերջերս ամենօրյա ռեժիմով նման տեսանյութեր է հրապարակում։ Այն մի քանի օր առաջ վերանվանվել է «Փոփոխության ձայն», ապա՝ «Նոր օրակարգ»։
TikTok-ի տեսանյութերից մեկում հայր ու որդու «զրույց» է ներկայացվում․
-Պապ, ինձ հայաթում էսօր Նիկոլ Փաշինյան են ասել։
-Ո՞նց, դու խելոք խաղում էիր, քեզ տենց բան ասացի՞ն։
Մեկ այլ տեսանյութում «լրագրողը» Արարատ Միրզոյանի բաճկոնի մասին է պատմում․ «Emporio Armani խանութների ցանցը, իմանալով, որ Միրզոյանը հագնում է իրենց բաճկոնը, որոշել է շտապ փակել իր բոլոր խանութները»։

Արհեստական բանականությամբ ստեղծված տեսանյութերը, որոնք տարածվում են TikTok-ում, թիրախավորում են հատկապես ակտիվ ընտրազանգվածին, ընդ որում՝ տարբեր թիրախային խմբերի համար մոտեցումները տարբեր են։ Բարձր և միջին տարիքի անձանց փորձ է արվում գրավել տարեց կերպարներով, որոնք խոսում են սոցիալական, առողջապահական խնդիրների մասին։

Անվտանգային թեմաները հանրության համար ամենազգայուններից են, և պատահական չէ, որ հենց դրանք են ակտիվորեն շահարկվում արհեստական բանականությամբ ստեղծված տեսանյութերում։
Տեսանյութերից մեկում նշվում է․ «Եթե Երևանը չանվանափոխենք Իրեվան, իսկ Սևանը՝ Գյոյչա, պատերազմ է լինելու»։
Մեկ այլ տեսանյութում ԱԲ «տատիկը» Նիկոլ Փաշինյանի խոսքերն է այլ կերպ «մեկնաբանում»․ «Հասկացա՞ք՝ ի՞նչ է ասում։ Սա արդեն նշանակում է, որ Հայաստանը ճանաչում են Ադրբեջանի մաս»։
3-րդում տարեց տղամարդն «ասում» է․ «Երբ թշնամին մեր բարձունքներից նայում է մեր պատուհաններին, դա խաղաղություն չէ, դա ծնկի իջած մահվան սպասում է»։

Նման տեսանյութերի ստեղծման համար հեղինակները հաճախ նաև դիփֆեյքեր են կիրառում։ Դիփֆեյքը (deepfake) արհեստական բանականության միջոցով ստեղծված սինթետիկ մեդիա բովանդակություն է։ Այս տեխնոլոգիան թույլ է տալիս իրականին շատ նման կերպով փոփոխել կամ փոխարինել մարդկանց դեմքերն ու ձայները։ Դիփֆեյքի բազմաթիվ տեսակներ կան, սակայն մեր ուսումնասիրած տեսանյութերում հաճախ օգտագործվում են դեմքի փոխարինումը կամ վերակերտումը, ինչպես նաև՝ ձայնի կեղծումը։
Նման տեսանյութերում է, որ քաղաքական գործիչը կարող է «ասել» կամ «անել» այն, ինչ իրականում չի եղել։ Արհեստական բանականությամբ գեներացված տեսանյութերից մեկում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանն «ասում» է․ «Մենք հիմա նոր օրենք ենք քննարկում, որով միայն Ալիևի հրամանով կարող ենք գրանցել կուսակցություններին»։
ՔՊ-ական մեկ այլ պատգամավոր՝ Ալխաս Ղազարյանն էլ «նշում» է․ «Մենք՝ ՔՊ-ականներս, վախենում ենք Սամվել Կարապետյանի անունից, ուստի օրենք ընդունեցինք, որ նրա անունը չգրվի կուսակցության անվան մեջ»։

Հարկ է նկատել, որ արհեստական բանականությամբ գեներացված բովանդակության միջոցով հանրությանն ապակողմնորոշում են ինչպես ընդդիմադիր, այնպես էլ իշխանական նարատիվներ տարածող TikTok-յան էջերով։
Տեսանյութերից մեկում 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն «ասում է», որ ժողովրդից գողացված փողերով կյանքն է վայելում, մյուսում Սամվել Կարապետյանն է։ «Հավաստիացնում» է, որ երբ ինքը վարչապետ դառնա, Ալիևն ու Էրդողանը միանգամից հրաժարական կտան։ Իսկ 3-րդում Փաշինյանը «հայտարարում» է, թե չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը և տեղի ունեցածում «նախկիններին» է մեղադրում։

Այս էջերն արագ արձագանքում են իրական քաղաքական իրադարձություններին և տեղեկությունը ներկայացնում՝ ըստ իրենց հայացքների։ ԱԲ-ով գեներացված տեսանյութերից մեկը, օրինակ, վերաբերում է օրեր առաջ Հակակոռուպցիոն կոմիտեի տարածած ձայնագրությանը և հաղորդագրությանն այն մասին, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամները խախտել են բարեգործություն իրականացնելու օրենսդրական արգելքը և «տելեվիզրներ» են խոստացել ընտրողներին։
ԱԲ-ով գեներացված մեկ այլ կերպար Հանրապետության հրապարակից «ասում» է, որ մեղադրանքն անհեթեթ է․ «Այսօր անհեթեթ մեղադրանքով մեր թիմակից Գոհար Ղումաշյանին, կտրելով նրան իր 40 օրական նորածնից, ձերբակալել են»։

Ի դեպ, TikTok-ում «Ծիծաղելի ճշմարտություն» կոչվող էջը նաև Factor TV-ին է անդրադարձել՝ մեր ապրանքանշանի օգտագործմամբ և մեր ստուդիայի նմանակմամբ կեղծ տեղեկատվական հոլովակ պատրաստելով։
«Մենք պարզել ենք, որ Քենեդուն սպանողը ոչ միայն Սամվել Կարապետյանի աջակիցն է եղել, այլ նաև տարին մեկ անգամ գնացել է Ռուսաստան աշխատելու»,- «ասում» է լուրերի «մեկնաբանը»։ Հատկանշական է, որ այս տեսանյութի բովանդակությունը գրեթե նույնական է դրանից օրեր առաջ «Ուժեղ Հայաստանի» անդամ Նարեկ Կարապետյանի՝ Factor TV-ի մասին Facebook-ում արած գրառման հետ․ «Factor TV-ին հայտնի է դարձել, որ Քենեդուն խփողը Սամվել Կարապետյանի աջակից է եղել»։

Եթե տեսնում եք ակնհայտ կեղծ, մանիպուլյատիվ կամ վտանգավոր տեսանյութ, պետք չէ հավանել, մեկնաբանել կամ կիսվել դրանով։ Մինչև վերջ մի դիտեք նման տեսանյութերը, նշեք, որ այն ձեզ չի հետաքրքրում։ TikTok-ը հնարավորություն է տալիս նաև բողոք ուղարկել մոլորեցնող բովանդակության վերաբերյալ։
2025-ի խորհրդարանական ընտրություններից առաջ ԱԲ-ով գեներացված ապատեղեկատվության դեմ պայքարելու նպատակով Մոլդովայի իշխանությունները և Կենտրոնական ընտրական հանձնաժողովը համագործակցել են TikTok-ի հետ՝ կեղծ և մանիպուլյատիվ բովանդակությունը հեռացնելու և նման էջերի գործունեությունը սահմանափակելու համար։
Հայաստանում դեռ նման քայլեր չեն ձեռնարկվում։ Առայժմ հայտնի է, որ TikTok-ի ներկայացուցիչները հանդիպել են ԿԸՀ ղեկավարության հետ և քննարկել հնարավոր համագործակցությունը՝ առաջիկա ընտրություններին ընդառաջ։
Մանրամասները՝ տեսանյութում։
Եվգենյա Համբարձումյան