ԵՄ-ն ավելի քան 20 հազար աշխատատեղ է ապահովել Հայաստանում 2024-ին, սա մեծ թիվ է. Մարագոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
15.04.2026 | 13:01«2025 թվականի վերջնական թվերը չունենք, բայց 2024 թվականին Եվրոպական միության աջակցությամբ ավելի քան 20 000 աշխատատեղ է ապահովել Հայաստանում: Սա մեծ թիվ է»,- այս մասին ԵՄ-Հայաստան քաղաքացիական հասարակության հարթակի 8-րդ հանդիպման ժամանակ հայտնեց ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսը՝ հավելելով, որ աշխատում են անհատական առանձին ընկերությունների հետ՝ օգնելով, որպեսզի նրանք բարելավեն իրենց ստանդարտները և մուտք գործեն եվրոպական շուկա:
«Միայն անցյալ տարի մենք ստորագրել ենք ավելի քան 200 միլիոն եվրոյի աջակցություն առևտրային բանկերի միջոցով Հայաստանում, որոնք պետք է տրամադրվեին հայկական ձեռնարկություններին: Ուզում եմ նաև նշել, որ այն մասնավոր ընկերությունները, որոնց հետ մենք աշխատել ենք, մենք իրենց տրամադրել ենք տեխնիկական աջակցություն, և ավելի քան 7 տոկոսով նրանք ավելացրել են մեկ տարվա ընթացքում իրենց կողմից արտահանման ծավալները»,- ընդգծեց ԵՄ պատվիրակության ղեկավարը:
Նրա խոսքով՝ ՀՀ-ԵՄ համագործակցությունը ունի պոտենցիալ և նաև մեծ ներուժ հայկական արտադրատեսակների առումով:
«Երբ մենք խոսում ենք կապակցվածության մասին, մենք չպետք է խոսենք միայն ենթակառուցվածքի մասին, միայն նոր սահմանային անցակետերի մասին, որը, հուսով ենք, կլինի խաղաղության և նորմալացման նոր համատեքստում: Բայց մենք պետք է խոսենք նաև մարդկանց միջև կապերի մասին, միակցվածության մասին: Եվ այդ առումով Եվրոպական միության քաղհասարակությունը մենք պետք է կապենք հայաստանյան քաղհասարակության հետ: Եվրոպական միության մասնավոր հատվածը պետք է կապենք հայաստանյան մասնավոր հատվածին»,- ասաց Մարագոսը։
Մանրամասները՝ տեսանյութում։