Բրիտանիայի վարչապետը պատմել է, որ համաշխարհային առաջնորդները WhatsApp խմբեր ունեն՝ կարևոր հարցերը քննարկելու համար
Քաղաքականություն
10.04.2026 | 17:10
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը «Talking Politics» փոդքասթի հաղորդավար Ռոբերտ Փեսթոնի հետ զրույցում բացահայտել է WhatsApp մեսենջերում տարբեր խմբերի գոյությունը, որոնցում ներգրավված են համաշխարհային առաջնորդները: Նրա խոսքով՝ դրանցում քննարկում են հարցեր, որոնք կապված են միջազգային օրակարգի հետ, գրում է The Insider-ը։
«Պետք է ասեմ, որ ես WhatsApp-ի երկրպագու չեմ, որովհետև ես կորչում եմ այս քննարկումների և անվերջ հաղորդագրությունների մեջ։ Բայց մենք ստեղծել ենք այս խմբերը տարբեր ձևաչափերի համար, հատկապես՝ Ուկրաինայի և նման այլ հարցերի շուրջ, որպեսզի բոլորս կարողանանք կապի մեջ մնալ»,- նշել է Սթարմերը։
Նա հավելել է՝ Ֆինլանդիայի նախագահ Ալեքս Ստուբը, որը հմուտ է այլ առաջնորդներին զրույցի համար հավաքելու հարցում, այս հաղորդագրությունների մեծ երկրպագու է։
Մինչ այդ, Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովը կրկին քննադատել է WhatsApp-ը, որը պատկանում է Meta-ին: Նա հրապարակել է ամերիկյան ընկերության դեմ ներկայացված դատական հայցի սքրինշոթ, որում պնդում է, որ WhatsApp-ի աշխատակիցները և երրորդ կողմերը կարող են կարդալ օգտատերերի անձնական հաղորդագրությունները։
«WhatsApp-ի «գաղտնագրումը» կարող է լինել պատմության մեջ ամենամեծ սպառողական խարդախությունը, որը մոլորեցրել է միլիարդավոր օգտատերերի: Չնայած իր պնդումներին՝ ծառայությունը կարդում է օգտատերերի հաղորդագրությունները և կիսվում դրանք երրորդ կողմերի հետ: Telegram-ը երբեք դա չի արել և երբեք չի անի»,- գրել է Դուրովը:
Ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաները կարևոր հարցեր են քննարկում նաև հանրությանը հասանելի հաղորդագրությունների հավելվածներում: Անցյալ գարնանը Signal-ում Դոնալդ Թրամփի թիմի անդամները ռազմական գործողություններ էին ծրագրում Եմենում հուսիթների դեմ: Նամակագրության բովանդակությունը բացահայտել էր The Atlantic-ի գլխավոր խմբագիր Ջեֆրի Գոլդբերգը, որը, ենթադրաբար, պատահաբար էր ավելացվել խմբին:
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի