Թրամփը չի ստորագրել Իրանի հետ հրադադարի համաձայնագրի առաջարկի տակ. Սպիտակ տան պաշտոնյա
Քաղաքականություն
06.04.2026 | 22:03
Իրանում պատերազմը դադարեցնելու ուղղությամբ աշխատող երկրները մշակել են առաջարկ, որը կոչ է անում 45-օրյա հրադադարի և Հորմուզի նեղուցի վերաբացման, քանի որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնում է կտրուկ սրել հակամարտությունը, հայտնել է առաջարկին ծանոթ աղբյուրը, գրում է CNN-ը։
Ծրագիրը կիրակի ուշ երեկոյան ուղարկվել է Միացյալ Նահանգների և Իրանի պաաշտոնյաներին և դիտվում է որպես վերջին ջանք՝ կանխելու Իրանի էլեկտրակայանների և այլ ենթակառուցվածքների վրա Թրամփի մատնանշած զանգվածային հարվածները, եթե Հորմուզի նեղուցը մնա փակ։
Սպիտակ տան պաշտոնյան ասել է, որ Թրամփը չի ստորագրել առաջարկը։
«Սա բազմաթիվ գաղափարներից մեկն է», – ասել է պաշտոնյան՝ հավելելով, որ ԱՄՆ ռազմական գործողությունը Իրանում շարունակվում է «արագ տեմպերով»։ Ակնկալվում է, որ ԱՄՆ նախագահն այսօր կանդրադառնա պատերազմի թեմային Սպիտակ տանը Արևելյան ժամանակով ժամը 13:00-ին կայանալիք մամուլի ասուլիսում։
Պակիստանը, Եգիպտոսը և Թուրքիան բոլորն էլ հանդես են գալիս որպես միջնորդներ երկու պատերազմող երկրների միջև, սակայն անուղղակի բանակցությունները անցյալ շաբաթ կանգ առան, և դեմ առ դեմ հանդիպում կազմակերպելու ուղղությամբ աշխատանքները, կարծես, ավարտվել են։
Վերջին առաջարկն ուղարկվել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիին և ԱՄՆ հատուկ դեսպան Սթիվ Վիթկոֆին։ Հույս կա, որ 45-օրյա հրադադարի պատուհանը թույլ կտա բանակցությունների միջոցով հասնել հակամարտության վերջնական կարգավորման։
Իրանն արդեն մերժում է ցանկացած ժամանակավոր հրադադար՝ ասելով, որ դա թույլ կտա հակառակորդին պատրաստվել պատերազմի շարունակությանը։ Այնուամենայնիվ, միջնորդները հույս ունեն, որ ծրագիրը կարող է իրագործվել մինչև Թրամփի կողմից սահմանված վերջնաժամկետը՝ երեքշաբթի օրը՝ ժամը 20:00-ն (Արևելյան ժամանակով)։
Թարգմանությունը`Էմմա Չոբանյանի