Գործը շատացել է, փողը՝ պակասել․ հեռակա բանավեճ՝ բժիշկների ու նախարարի միջև. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
03.04.2026 | 20:15Առողջության համապարփակ ապահովագրության ներդրումից հետո Առողջապահության նախարարության ենթակայությամբ գործող Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ի պոլիկլինիկայի որոշ բժիշկներ ահազանգում են աշխատանքի ծավալի աճի պայմաններում վարձատրության նվազման մասին։ Factor TV-ին ահազանգած մանկական վիրաբույժ Արման Հարությունյանն ասում է՝ 140 հազարի փոխարեն 110 հազար դրամ է ստացել, իսկ մարտին 160 այցի սպասարկման համար անհայտ է, թե որքան կվճարվի։
«Մարտին ես ունեցել եմ 160 այց, հիմա մեզ ասում են, որ այդ այցերից շատ քչերը կփոխհատուցվեն, որովհետև դուք ախտորոշում չեք գրել։ Դա ռիսկ է պարունակում, քանի որ, եթե բարեխիղճ չլինես, կարող ես ախտորոշումներ նկարել, որ վարձատրվես»,- ասաց Հարությունյանը։
Պոլիկլինիկայի մանկական վիրաբույժը Factor TV-ի հետ զրույցում նշում է՝ նախկինում վարձատրվել է սպասարկվող բնակիչների թվաքանակով, այժմ այս մոտեցումը չի գործում նեղ մասնագետների համար։ Հիմա, ըստ բժշկի, մարտ ամսվա ամբողջ ընթացքում իրականացրած հետազոտություններից հետո՝ ուշացումով է տեղեկացվել, որ ոչ բոլորի համար է վճարվելու։ Ասում է՝ կստանա 1750 դրամ, եթե որևէ հիվանդություն ախտորոշվի հետազոտված մեկ երեխայի մոտ։
«Իսկ այդ զննությունները գործի կեսից ավելին են։ 15 րոպե եմ տրամադրում մեկ քաղաքացուն»,- ասաց նա։
Նույն սկզբունքով վճարվում է նաև բուժքույր Աննա Հարությունյանը։ Նրա վարձատրությունն ավելի քիչ է՝ մեկ այցի ախտորոշման համար 750 դրամ։ Ի դեպ, այս գումարը ներառում է նաև հարկերը։ «Փետրվարին ստացել եմ 13,800 դրամ, սա ինձ համար անակնկալ էր, ես իմ աշխատանքը համարել եմ չգնահատված»,- ասաց բուժքույր Աննա Հարությունյանը։
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Factor TV-ի հետ զրույցում պնդեց՝ ահազանգը անհիմն է։ «Խորհրդատվությունն ինքնին արդեն ծառայություն է և կապ չունի՝ արդյունքում կհայտնաբերվի որևէ բան, թե չի հայտնաբերվի։ Հարցն այն է, որ մեր խորհրդատվությունները պետք է իրականացվեն ըստ գործելակերպի, օրինակ՝ եթե ուղեգրում է ԿՏ-ի, պետք է հիմնավորի՝ ինչու է ուղարկում։ Անձի մոտ երևի շփոթմունք կա»։
Մինչ առողջապահության ոլորտի թիվ մեկ պատասխանատուն հերքում է խնդրի առկայությունը, այլ բժիշկներ նոր խնդիրների մասին են բարձրաձայնում։ Մարտին ամբողջ ծավալով աշխատելուց հետո պոլիկլինիկայի մանկաբույժ Վարդուհի Մելիքյանը տեղեկացել է, որ առողջության համապարփակ ապահովագրության շրջանակներում իրականացրած աշխատանքի համար չի վճարվելու։
«Մենք աշխատելու ենք ֆիքսված աշխատավարձով, մեզ ոչ եռամսյակային վարձատրություն է տրվելու, ոչ այս ապահովագրության վարձատրություն է տրվելու, մարտ ամսվա ընթացքում ինչ արել ենք, ասացին՝ ջնջեք»։
Ըստ մեզ ահազանգած մասնագետների՝ առողջության ապահովագրության շրջանակներում հավելավճարի ցանկից հանվել են մանկաբույժները։ Դա զգալիորեն կրճատել է իրենց աշխատավարձը։ «Իմ աշխատավարձը 260 հազար է, ստացել եմ հավելյալ 140 հազար դրամ, սա փետրվարին, հիմա էլ չենք վճարվելու, մնալու է հիմնական աշխատավարձը, իսկ ծավալը մնալու է նույնը»։
Անահիտ Ավանեսյանն այս առումով արդեն միանշանակ չի պնդում, որ խնդիրներ չկան։ Նախարարը, սակայն, կարծում է, որ դեպքերը անհատական են։ «Ես մեր քաղաքացիներին և մեր բուժանձնակազմին վստահեցնում եմ, որ առողջապահության ապահովագրության համակարգը շարունակվելու է, սկզբունքները էլ ավելի են բարելավվելու։ Մարտը հիմա ամփոփում ենք, մարտը փետրվարի համեմատ ավելի լավ արդյունք է ունենալու։ Կատարողականների պատշաճության հարցը պետք է նայենք, անհատական դեպքեր ենք միայն վերանայելու»,- ասաց նախարարը։
Չնայած նախարարի հավաստիացումներին՝ բժիշկները պնդում են, որ զրկվել են նաև նախկինում գործող եռամսյակային հավելավճարներից, որոնք ստանում էին կատարված աշխատանքի ցուցանիշների հիմքով։
Մանրամասները՝ տեսանյութում։
Նարեկ Կիրակոսյան