Լավրովի և Հունգարիայի ԱԳ նախարարի՝ 2024 թվականի զրույցից ձայնագրություն է հրապարակվել. քննարկվել է պատժամիջոցների հարցը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
31.03.2026 | 16:45
2024 թվականի օգոստոսի 30-ին Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն իր հունգարացի գործընկեր Պետեր Սիյարտոյին խնդրել է լոբբինգ անել՝ օլիգարխ Ալիշեր Ուսմանովի քրոջը՝ Գյուլբահոր Իսմայիլովային ԵՄ պատժամիջոցների ցանկից հանելու համար։ Սա հայտնի է դարձել Լավրովի և Սիյարտոյի ենթադրյալ զրույցի ձայնագրությունից, որը հրապարակվել է The Insider-ի, Frontstory-ի, VSquare-ի, Delfi Estonia-ի և ICJK-ի կողմից, գրում է Current time-ը։
Լավրովը զանգահարել է Սիյարտոյին շուրջ մեկ ժամ անց այն բանից, երբ Հունգարիայի արտգործնախարարը Ռուսաստան կատարած այցից հետո Բուդապեշտ է հասել։ Լավրովը նրան ասել է, որ Սիյարտոն օգոստոսի 30-ին ռուսական լրատվամիջոցների վերնագրերում է հայտնվել։
Հունգարացի նախարարը պատասխանել է. «Ես ինչ-որ բան սխա՞լ ասեցի»։
«Ոչ, ոչ, ոչ։ Նրանք պարզապես ասել են, որ դուք պրագմատիկ պայքարում եք ձեր երկրի շահերի համար»,- ասել է նա։
Մի քանի բառ փոխանակելուց հետո Լավրովը հավելել է. «Լսեք, ես զանգահարում եմ Ալիշերի խնդրանքով, և նա պարզապես խնդրել է ինձ հիշեցնել ձեզ, որ դուք ներգրավված եք եղել իր քրոջ հետ կապված մի բանում»։
«Տիկին Իսմայիլովա՞ն։ Այո, անկասկած։ Փաստն այն է, որ մենք, սլովակների հետ միասին, ԵՄ-ին ներկայացնում ենք առաջարկ՝ նրան ցուցակից հանելու համար։ Մենք այն կներկայացնենք հաջորդ շաբաթ, և քանի որ նոր ժամանակաշրջան է սկսվում, հարցը կլինի օրակարգում։ Մենք կանենք ամեն ինչ, որպեսզի նրան ցուցակից հանենք»,- պատասխանել է Սիյարտոն։
Լավրովը շնորհակալություն է հայտնել, որից հետո, ըստ VSquare-ի, նրանք քննարկել են իրենց «ընդհանուր արհամարհանքը» Եվրամիության, մասնավորապես, ուկրաինամետ դիրքորոշում ունեցող երկրների նկատմամբ։
Յոթ ամիս անց ԵՄ-ն վերացրել է Իսմայիլովայի նկատմամբ պատժամիջոցները: Հունգարիան պահանջում է, որ նա և մի քանի այլ անձինք հանվեն պատժամիջոցների ցանկից՝ սպառնալով վետո դնել Ռուսաստանի դեմ եվրոպական պատժամիջոցների ցանկացած երկարաձգման վրա: Գուլբահոր Իսմայիլովայի հետ մեկտեղ՝ պատժամիջոցների տակ հայտնվել էր նաև Ուսմանովի մյուս քույրը՝ Սաոդաթ Նարզիևան, երբ Ռուսաստանը լայնածավալ ներխուժում է սկսել Ուկրաինա, սակայն նա կարողացել է իր անունը հանել ԵՄ պատժամիջոցների ցանկից մինչև 2022 թվականի սեպտեմբեր, նշում է The Insider-ը:
Հետաքննողների տվյալներով՝ Սիյարտոն պարբերաբար Լավրովին տեղեկացրել է եվրոպացի դիվանագետների միջև գաղտնի զրույցների մանրամասների մասին։ Լավրովի հետ նույն զրույցի ժամանակ Սիյարտոն, իբր, բացահայտել է ԵՄ Արտաքին գործերի խորհրդի 2024 թվականի օգոստոսի 29-ի նիստի մանրամասները։
«Եվ պարզապես խելագարություն էր, գիտեք, երբ Լանդսբերգիսն ասաց, որ մենք յուրաքանչյուր հրթիռի և հրթիռային արկի վրա 12% ենք դնում»,- Լավրովին ասել է Սիյարտոն՝ նկատի ունենալով Լիտվայի այն ժամանակվա արտգործնախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսին, որը պնդում էր, որ Ռուսաստանը մասամբ ֆինանսավորում է իր պատերազմը եվրոպացի գնորդներին, ինչպիսիք են Հունգարիան և Սլովակիան, գազի և նավթի վաճառքից ստացված եկամուտներով։
«Ես ասացի՝ ընկերս, դու սխալվում ես, որովհետև եվրոպացիները շատ ավելի շատ են նպաստում… ոչ միայն սլովակները և մենք, ովքեր ուղղակիորեն Ռուսաստանից գազ և նավթ են գնում, այլև դուք բոլորդ, ովքեր նույնը գնում եք նրանցից, Հնդկաստանի, Ղազախստանի միջոցով»,- նրա խոսքերն է մեջբերում VSquare-ը։
Լանդսբերգիսը հետաքննողներին հաստատել է, որ սա կարծիքների իրական փոխանակում էր, որը տեղի է ունեցել Արտաքին գործերի խորհրդի նիստի ժամանակ:
«Պարզվում է, որ Պուտինն ունեցել է և շարունակում է ունենալ «խլուրդ» բոլոր պաշտոնական եվրոպական և ՆԱՏՕ-ի հանդիպումներում: Եթե այս հանդիպումների ամբողջականությունը պետք է պահպանվի, ապա նպատակահարմար կլինի արգելել Հունգարիային մասնակցել: Յուրաքանչյուր սերունդ ունի իր Քիմ Ֆիլբին։ Դատելով ամեն ինչից՝ Պետեր Սիյարտոն ոգևորությամբ է կատարում այս դերը»,- հայտարարել է նա:
Մեկ այլ հեռախոսազրույցի ժամանակ Սիյարտոն Ռուսաստանի էներգետիկայի փոխնախարար Պավել Սորոկինին ասել է, որ ինքն անում է հնարավոր ամեն ինչ՝ Ռուսաստանի «ստվերային նավատորմի» դեմ ուղղված ԵՄ պատժամիջոցների փաթեթը չեղարկելու համար: 2025 թվականի հունիսի 30-ի զրույցի ժամանակ Հունգարիայի արտաքին գործերի նախարարը բողոքել է, որ ԵՄ-ն իրեն չի ներկայացրել ԱՄԷ-ում գործող 2Rivers Group ընկերության դեմ պատժամիջոցների կիրառման վերաբերյալ փաստաթղթեր, որը, ըստ ԵՄ-ի, ակտիվորեն ներգրավված է ռուսական նավթի, մասնավորապես, «Ռոսնեֆտ»-ին պատկանող նավթի մատակարարման և արտահանման մեջ՝ թաքցնելով նավթի իրական ծագումը: Դրա դեմ պատժամիջոցներ նախկինում սահմանել էր Լոնդոնը։
2026 թվականի փետրվարին Հունգարիան արգելափակեց ԵՄ-ի 20-րդ պատժամիջոցների փաթեթը և Ուկրաինային տրամադրվող 90 միլիարդ եվրոյի ռազմական վարկը։ Այնուհետև Սիյարտոն հայտարարեց, որ Բուդապեշտը կվերանայի իր դիրքորոշումը միայն այն դեպքում, երբ Ուկրաինան վերսկսի նավթի մատակարարումները «Դրուժբա» խողովակաշարով։
Politico-ն հաղորդում է, որ ԵՄ-ն այդ ընթացքում քննարկում է ԵՄ քվեարկության համակարգը փոխելու հնարավոր ծրագրերը, եթե Հունգարիայի ներկայիս վարչապետ Վիկտոր Օրբանի կուսակցությունը հաղթի ապրիլի 12-ի ընտրություններում։ Եվրոպացի դիվանագետների կարծիքով՝ այս փոփոխությունները պետք է օգնեն խուսափել ԵՄ քվեարկության ընթացքում որոշումների արգելափակումից կամ ավելորդ ուշացումներից։
Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն մեկնաբանել է Սերգեյ Լավրովի հետ իր հեռախոսազրույցների հրապարակումը՝ փաստացի հաստատելով տեղեկատվության իսկությունը։ Նա պնդել է, որ իր հեռախոսազրույցները գաղտնալսվել են «արտասահմանյան հատուկ ծառայությունների կողմից՝ հունգարացի լրագրողների մասնակցությամբ», նաև նշել, որ հրապարակված նյութերում ինքը «հեռախոսով ասում է նույն բաները, ինչ հրապարակավ»։
Սիյարտոն նաև վերահաստատել է իր դիրքորոշումը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վերաբերյալ՝ նշելով, որ ԵՄ պատժամիջոցների քաղաքականությունը համարում է ձախողված և ավելի վնասակար Եվրոպայի, քան Ռուսաստանի համար։ Նա նշել է, որ Բուդապեշտը չի աջակցի Հունգարիայի էներգետիկ անվտանգության համար կարևոր ընկերությունների և անհատների նկատմամբ սահմանափակումներին և մտադիր է պահպանել այդ դիրքորոշումն ապագայում ևս։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի