ՀՀ-ն միակ երկիրն է, որի հետ ԵՄ-ն վիզայի ազատականացման երկխոսություն է վարում․ կարծում եմ՝ երկար չի տևի գործընթացը․ Վասիլիս Մարագոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
18.03.2026 | 20:30Factor TV-ի հյուրը Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար դեսպան Վասիլիս Մարագոսն է։ Ողջույն, պարոն դեսպան։ Շնորհակալություն այս հնարավորության համար։ Պարոն դեսպան, վաղը սպասվում է Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսի այցը Հայաստանի Հանրապետություն։ Կարո՞ղ եք ներկայացնել մանրամասներ այցի օրակարգից։
Շնորհակալ եմ Ձեր ունկնդիրների հետ զրուցելու այս հնարավորության համար։ Հանձնակատար Մարթա Կոսի այցը շատ կարևոր է ԵՄ-Հայաստան հարաբերությունների համար։ Ինչպես գիտեք, մենք ռազմավարական համագործակցության պայմանագիր ենք ստորագրել Եվրամիության և Հայաստանի միջև տարբեր ուղղություններով, և սա Մարթա Կոսի երկրորդ այցն է։ Նա այստեղ էր անցյալ տարի՝ սեպտեմբերին։ Այս այցը տեղի է ունենում առաջին անգամ սպասվող ԵՄ-Հայաստան գագաթնաժողովից երկու ամիս առաջ, և հանձնակատարը տարբեր ուղղություններով երկխոսություն է վարելու, նախ և առաջ՝ դիմակայունության և աճի ծրագրի շրջանակում։ Սա ֆինանսական աջակցության ձևաչափ է, որը երկու տարի առաջ նախագահ Ֆոն դեր Լայենի կողմից էր հայտարարվել։ Եվրոպական միությունը ներդրումներ է կատարել Հայաստանի դիմակայունության, տնտեսական բազմազանեցման, սոցիալ-տնտեսական զարգացման ուղղությամբ, ինչպես նաև՝ տարածաշրջանային խաղաղության օրակարգում։ Այդ ձևաչափում մենք կապակցվածության ուղղությամբ ենք ներդրումներ կատարում, և սրանք նոր հնարավորություններ են բացում Հայաստանի համար, հայկական բիզնես համայնքի և քաղաքացիների համար, և ուզում եմ ընդգծել մեր աշխատանքը վիզաների ազատականացման ուղղությամբ։ Այն շատ կարևոր, էապես կարևոր գործընթաց է ՀՀ քաղաքացիների համար։ Ինչպես գիտեք, վերջերս ունեցանք նաև մեկ այլ հանձնակատարի այց՝ ներքին գործերի և միգրացիայի հարցերով հանձնակատար Մագնուս Բրուների այցը Հայաստան։ Սրանք շատ կարևոր հիմնաքարային ուղղություններ են ԵՄ-Հայաստան գագաթնաժողովը նախապատրաստելու տեսանկյունից։
Շարքային հայաստանցիներին, ինչպես դուք նշեցիք, Եվրամիության հետ կապված թերևս ամենաշատը հետաքրքրում է վիզայի ազատականացման պրոցեսը։ Հայաստանի Հանրապետությունը միակ երկիրն է, որի հետ Եվրամիությունը այս պահին բանակցում է վիզայի ազատականացման հարցը։ Օրերս, այո, Մագնուս Բրուները՝ Եվրամիության ներքին գործերի և միգրացիայի հարցերով հանձնակատարը, Երևանում էր, և նա ասում էր, որ եթե Հայաստանում այս բարեփոխումների թափը շարունակվի, ապա առաջիկա տարիներին առանց վիզայի ճանապարհորդությունը իրատեսական է, և համապատասխան զեկույցը ներկայացվելու է 2026-ի մայիսին Հայաստանի Հանրապետություն-Եվրոպական միություն գագաթնաժողովի ժամանակ։ Ո՞ր ոլորտներում է, որ Հայաստանը, պարոն դեսպան, առաջընթաց է գրանցել, և ո՞ր հարցերում է, որ դեռևս անելիքներ կան։
Շնորհակալ եմ այս հարցի համար, շատ կարևոր հարց է, քանի որ երկու կողմն էլ՝ և՛ Հայաստանը, և՛ Եվրոպական միությունը, շատ կարևոր քաղաքական կապիտալ են ներդրել այս գործընթացի ուղղությամբ և ստանձնել երկկողմանի ամուր հանձնառություն հենանիշները բավարարելու տեսանկյունից և հատկապես ապահովելու, որպեսզի ՀՀ քաղաքացիներն առանց վիզայի կարողանան ճամփորդել։ Սա միայն վիզաների ազատականացմանը չի վերաբերում, այն վերաբերում է զբոսաշրջության զարգացմանը, բիզնեսներին, կարևոր է ընտանիքների համախմբման համար և առնչվում է նաև երիտասարդներին։ Համոզված եմ, որ այս գործընթացը մեր ժողովուրդներին ավելի մոտ է դարձնելու և լայն հնարավորություններ է բացելու Հայաստանի քաղաքացիների համար՝ հասկանալու, թե ինչպես է Եվրոպական միությունը գործում, առօրյա կյանքը Եվրամիության ինչպիսին է։ Դուք հարցրիք գործընթացի մասին։ Հայաստանը միակ երկիրն է, որի հետ Եվրամիությունը վիզաների ազատականացման երկխոսություն է վարում։ Սա ցույց է տալիս, որքան կոնկրետ և էական են մեր գործընկերության ուղղությունները, և այդ գործընկերությունը չի վերաբերում ընդհանրական հայտարարություններին, այն կոնկրետ քաղաքացիների համար նպաստավոր պայմաններ ստեղծելու համար է։ Անցյալ տարի մենք տրամադրեցինք գործողությունների ծրագիրը։ Այստեղ այն պետք է տեխնիկական մակարդակում ԵՄ անդամ պետությունների փորձագետների աջակցությամբ իրականացվի և գնահատվի՝ դրա իրականացման և երկխոսության հիման վրա։ Ինչպես գիտեք, Եվրոպական միությունը վիզաների ազատականացման շուրջ երկխոսություն է վարում, պետք է գնահատում արվի։ Այդ գնահատումը պետք է լինի իրատեսական՝ ինչ է իրականացվում և որքանով է Հայաստանը հանձնառու այդ գործողություններն իրականացնել։
Մենք ակնկալում ենք կառավարության կողմից ստանալ կոնկրետ ժամանակացույցներ հենանիշների իրականացման ուղղությամբ, և հանձնակատար Բրուների կարծիքն այն է, որ այո՛, եթե այս ուղղությունը շարունակվի, վիզաների ազատականացումը շատ շուտով իրականություն կդառնա։ Գործողությունների ծրագրերի ուղղությունները հետևյալն են՝ ոլորտային բարեփոխումների իրականացում՝ այն բարեփոխումների, որոնք անհրաժեշտ են ապահով, անվտանգ շարժունություն ապահովելու համար, որպեսզի երկկողմանի չստեղծենք լրացուցիչ խնդիրներ։ Որոշ ռեֆորմներ կենսաչափական անձը հաստատող փաստաթղթերին են վերաբերում։ Շատ խրախուսելի է տեսնել, որ ՀՀ կառավարությունը մեկնարկել է այդ համակարգի ներդրումը։ Սա շատ կարևոր է։
Կլինի առաջին մակարդակի օրենսդրության ընդունում, հետո արդեն կլինի իրականացման բաղադրիչը․ խոսքը իրավունքի գերակայության, սահմանների կառավարման, անձնական տվյալների պաշտպանության ուղղություններով բարեփոխումների մասին է։ Դրանք մարդկանց առօրյա կյանքին են վերաբերում։ Մենք շարունակելու ենք այս շփումները՝ դարձյալ ներգրավելով փորձագետներին։ Եվ այն պահից սկսած, երբ բոլոր հենանիշները բավարարվեն, մենք կկարողանանք ներդնել առանց վիզայի համակարգ ՀՀ քաղաքացիների համար։
Հասկանում եմ, որ դժվար հարց եմ տալիս, այնուամենայնիվ՝ ըստ Ձեզ, ե՞րբ վիզաների ազատականացումն իրականություն կդառնա։
Ես հասկանում եմ հետաքրքրությունը, և այս հարցը ինձ տալիս են նաև քաղաքացիների հետ իմ շփումների ընթացքում։ Սա շատ կարևոր հարց է, բայց ուզում եմ ընդգծել, որ այս գործընթացը կախված է հենանիշների բավարարումից։ Այն պահին, երբ հենանիշները բավարարվեն, և մենք պատրաստ լինենք, Հայաստանի կառավարությունը, Ազգային ժողովը պետք է իրականացնեն դա։ Այդժամ մենք պատրաստ կլինենք ժամկետների մասին խոսել, բայց շատ կարևոր է, որ մենք տեսնում ենք՝ որքան են քաղաքացիները հետաքրքրված տեսնելու այս գործընթացի իրականացումը։ Կարծում եմ, որ երկար չի տևի այդ գործընթացը, բայց ավտոմատացված գործընթաց չէ, ժամկետները կապված են հենանիշների իրականացումից։ Բայց տեսնելով ՀՀ կառավարության կողմից հանձնառությունը, կարծում եմ՝ հայկական ինստիտուտները պատրաստ կլինեն։
Մայիսին Երևանում կկայանա Հայաստանի Հանրապետություն-Եվրոպական միություն գագաթնաժողովը, որի ընթացքում, պարոն դեսպան, քննարկվելու են տնտեսական, քաղաքական, անվտանգային, մարդու իրավունքներին, բարեփոխումներին, վիզայի ազատականացմանը վերաբերող հարցեր։ Արդեն հայտնի՞ է՝ արդյոք Եվրոպական միության բոլոր երկրների առաջնորդները կմասնակցե՞ն, և ի վերջո, ինչու՞ է Հայաստանի Հանրապետությունը ընտրվել որպես Եվրոպական միության քաղաքական համայնքի գագաթնաժողովի անցկացման հերթական վայր։
Շատ լավ։ Իհարկե, Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը, որի մասին դուք խոսում եք, ամեն տարի երկու անգամ տեղի է ունենում կոնկրետ ժամկետներում՝ աշնանը և գարնանը։ Անցյալ տարի որոշում է ընդունվել ՀՀ կառավարության դիմումի հիման վրա, որ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը տեղի կունենա Հայաստանում։ Սա շատ կոնկրետ աջակցության ցուցադրություն է բոլոր առաջնորդների կողմից՝ Եվրոպական քաղաքական համայնքի առաջնորդներից՝ և՛ Եվրամիության անդամ պետությունների, և՛ Եվրամիությունից դուրս, և սա ցուցադրում է, որ պատրաստակամություն կա խթանելու խաղաղություն և նաև բարեփոխումները։
Կարծում եմ, սա համարժեք է ոչ միայն կառավարության, այլ նաև ժողովրդի սպասումներին։ Մեծ հաշվով, բոլոր միջոցառումները, որ տեղի են ունենալու այս տարի ավելի ուշ, նաև բազմազանության ԿՈՊ-17 գագաթնաժողովը, ցույց են տալիս հետաքրքրվածությունը և՛ Հայաստանի կառավարության, և՛ այլ դերակատարների, ներառյալ՝ Հայաստանի ժողովրդի, լինելու միջազգային կյանքի կիզակետում։ Եվ սա թույլ է տալու Հայաստանը դնել համաշխարհային քարտեզի կենտրոնում և խթանել զբոսաշրջությունը։ Սա շատ կարևոր է Հայաստանի համար, և ակնկալում ենք, որ ԵՄ անդամ պետությունների առաջնորդները կմասնակցեն այս հանդիպմանը։
Ուզում եմ ընդգծել, որ Եվրոպական քաղաքական համայնքը ԵՄ-ի նախաձեռնությունը չէ։ Եվրամիությունը թեև կարևոր դերակատարում ունի, որովհետև հրավերներն են ուղարկվում Եվրոպական խորհրդի նախագահի կողմից, այդուհանդերձ, սա միջկառավարական ձևաչափ է և միջոցառում։
Ինչ վերաբերում է ԵՄ-Հայաստան գագաթնաժողովին, այո՛, մենք նախապատրաստում ենք այդ գագաթնաժողովի իրականացումը, և սա նաև հարթակ կհանդիսանա, որտեղ կարող ենք ավելի խորացնել մեր համագործակցությունը։ Վերադառնալով հանձնակատար Կոսի այցելությանը․ իհարկե, նա հնարավորություն կունենա մեդիայի հետ առնչվելու։ Նախապատրաստական աշխատանքները կատարվում են Եվրամիության կողմից։ Հանձնակատար Կոսը և հանձնակատար Ֆոն դեր Լայենը այն երկու առաջնորդներն են, ովքեր ձեր առաջնորդների հետ միասին ներկա են լինելու գագաթնաժողովին և վարելու են այն։
Գագաթնաժողովն իրականացվում է շատ կարևոր գործընկերների հետ։ Եվրամիության պատվիրակության անունից կարող եմ ասել, այստեղ՝ Հայաստանում, շատ կարևոր է հյուրընկալել այս գագաթնաժողովը՝ ծանոթանալու հայկական հյուրընկալությանը, առաջին հերթին, ծանոթանալու, ինչպես են Հայաստանի իշխանություններն աշխատում Հայաստանը զարգացնելու համար։
Պարոն դեսպան, Հայաստանը և Եվրամիությունը նաև վավերացրել են, ստորագրել են երկկողմ գործընկերության նոր օրակարգը, բայց ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի կողմից համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով ստանձնած պարտավորությունների կատարումը, և ո՞րն է լինելու Դիմակայունության և աճի ծրագրի հիմնական շեշտադրումը Հայաստանի տնտեսության համար։
Ինչ վերաբերում է Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին, պետք է ասեմ, որ ստորագրման պահից՝ 2017 թվականից սկսած և իր վավերացումից՝ 2021-ից հետո, ՍԵՊԱ-ի իմպլեմենտացիան շատ կարևոր քայլեր է ներառել, բայց նաև շարունակական դժվարություններ էլ կան։ Դրանցից շատերը վերաբերում են կարողությունների զարգացմանը։
Երեկ, և այսօր մենք պետական համակարգի կառավարմանը վերաբերող շատ կարևոր ծրագիր ենք իրականացնում հանրային, պետական հատվածի համար, և ես ուզում եմ ընդգծել տարբեր ուղղություններում պետական համակարգի դերակատարների կարողությունների զարգացման կարևորությունը։ Եվրամիությունն աջակցություն է տրամադրում կարողությունների զարգացման համար, բայց պետք է ընդգծեմ, որ կա գործակցությունը զարգացնելու և շարունակելու երկկողմանի հանձնառություն։ Օրինակ, Եվրոպական միությունը տրամադրում է աջակցություն սոցիալական ծառայությունների տեղակայման համար։ Մենք նաև աջակցելու ենք առողջապահության ոլորտի բարեփոխումներին Հայաստանում։ Սրանք կարևոր շեշտադրումներ են։
Բայց ՍԵՊԱ-ով նախատեսված շատ կարևոր ոլորտ կա ։ Ուզում եմ ընդգծել, որ ստանդարտացման և որակի, ենթակառուցվածքների, պարենի անվտանգության վերաբերյալ Եվրոպական միությունը տրամադրում է աջակցություն Հայաստանին, և մենք ցանկանում ենք տեսնել ավելի մրցունակ և բարձր որակի չափանիշներին համապատասխանող արտադրանքի արտահանում Հայաստանից դեպի Եվրոպական միություն։
Անցյալ տարի մենք ավելի քան 40 հայաստանյան ընկերությունների տեխնիկական աջակցություն ենք տրամադրել կա՛մ մասնակցելու առևտրային, հանրային ցուցադրություններին, կա՛մ շուկա մուտք գործելու համար։ Եվ այս ջանքերի արդյունքն էական էր։
Զուգահեռ, Եվրոպական ներդրումային բանկի և նաև Վերակառուցման և զարգացման բանկի միջոցով, Եվրոպական հանձնաժողովի կողմից տրամադրված երաշխիքային դրամաշնորհային միջոցների միջոցով 200 եվրոյի վարկ ենք տրամադրել Եվրոպական ներդրումային բանկի կողմից հայկական կոմերցիոն բանկերին՝ նպատակ ունենալով զարգացնելու մասնավոր հատվածը Հայաստանում։
Ավելի քան 200 աշխատատեղ է ստեղծվել այս ջանքերի շնորհիվ։ Սրանք կոնկրետ գործողություններ են, սրանք առնչվում են Հայաստանի առօրյա կյանքի,քաղաքացիների, բիզնեսներ հետ։ Այս ուղղությամբ մենք նաև ենթակառուցվածքի զարգացմանն ենք աջակցում։ Մարթա Կոսը իր քննարկումներում կենտրոնանալու է այս ուղղությամբ։ Ունենք մի շարք ընթացիկ ծրագրեր, որոնց նպատակն է հարևանների միջև փոխկապակցվածության զարգացումը, ինչպես նաև ձեր կապի որակի բարելավումը։ Խոսքը վերաբերում է նաև էլեկտրագծերին, որպեսզի արտադրեք ավելի շատ էլեկտրաէներգիա և կարողանաք ավելի շատ արտահանել։ Մենք նաև ապագա կապակցվածության ծրագրերն ենք քննարկելու, դա լինելու է Մարթա Կոսի այցի շրջանակում։
Շատ կարևոր է խոսել բովանդակային հարցերից։ Եվրոպական քաղաքական համայնքի երևանյան գագաթնաժողովը կայանալու է մայիսին, Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններից մեկ ամիս առաջ։ Արդյո՞ք սա վարչապետ Նիկոլ Փաշինյանի կուսակցությանը, նրա թիմին քաղաքական աջակցություն չէ Եվրամիության կողմից։
Չեմ կարծում, որ պետք է ամեն բան դիտարկել նախընտրական ժամանակաշրջանի պրիզմայից։ Սա որոշում է, որը կայացվել է շատ ավելի վաղ, քան հայտարարվել էր ընտրությունների մասին, և սա ուղղակի արտացոլում է Եվրոպական միության և Հայաստանի միջև գործընկերության թափը։ Ինչպես նշեցի, Եվրոպական քաղաքական համայնքը միջկառավարական ձևաչափ է, և որոշումը, թե որտեղ է անցկացվելու քաղաքական հաջորդ գագաթնաժողովը, նախապես է իրականացվում։ Պետք չէ դա դիտարկել ընտրությունների համատեքստում, այլ պետք է դիտարկել այն բոլոր մասնակից երկրների հետ համագործակցության բարելավման տեսանկյունից։
ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասը երեկ հաստատեց, որ ԵՄ-ն հիբրիդային արագ արձագանքման խումբ կուղարկի Հայաստան՝ ԱԺ ընտրություններին ընդառաջ սպառնալիքներին դիմակայելու համար․ «Մենք Հայաստանին մենակ չենք թողնի՝ բախվելու արտաքին միջամտության հետ: Ճնշման տակ գտնվող ժողովրդավարությունները կարող են հույսը դնել Եվրոպայի վրա»,- ասել է նա։ Մոլդովայի կամ այլ երկրների փորձը հաշվի առնելով՝ ի՞նչ կոնկրետ ռիսկեր է տեսնում ԵՄ-ն Հայաստանի 2026 թվականի ընտրություններին ընդառաջ:
Կարծում եմ՝ սա Հայաստանի հետ արդեն որոշակի ժամանակ ընթացքի մեջ գտնվող համագործակցության մաս է։ Առաջին անգամը չէ, որ մենք աջակցում ենք Հայաստանին ազատ և անկախ ընտրությունների կազմակերպման գործում։ ՄԱԶԾ-ի հետ իրականացվող ֆինանսավորման միջոցով մենք նախկինում նույնպես իրականացրել ենք։ Մենք, ինչպես նշեցինք, տեխնիկական աջակցություն ենք տրամադրել Հայաստանին շատ ուղղություններում և բնագավառներում։ Սա պարզապես մեր համերաշխության ցուցադրությունն է, որը պետք չէ գերագնահատել։ Այս աջակցությունը տեխնիկական է և տրամադրվում է հայկական հաստատություններին և Հայաստանի քաղաքացիներին, որպեսզի ի վիճակի լինեն լուծելու և դիմակայելու հիբրիդային սպառնալիքներին։ Երբեմն բառը կարող է ունենալ յուրահատուկ երանգավորում և ընկալելի չլինել, բայց դա վերաբերում է պոտենցիալ սպառնալիքների կանխարգելմանը, պոտենցիալ արտաքին միջամտությանը և մանիպուլյացիային, և ես պետք է ասեմ՝ կիբերհարձակումներին։
Երկրներ կան, որ դիմակայել են դրան։ Դուք նշեցիք Մոլդովան։ Մոլդովայի իրավիճակը և նաև այլ երկրների իրավիճակը շատ համադրելի է։ Սա վերաբերում է այն հաստատությունների կարողությունների զարգացմանը, որոնք ներգրավված են գործընթացում և պետք է ապահովեն այդ հաստատությունների կարողությունները։ Մենք շարունակելու ենք աջակցել նրանց, կիսելով մեր փորձառությունը, բերելով տեխնիկական փորձագետներ՝ օգնելու նրանց լուծելու և հասցեագրելու նման իրավիճակները։ Այստեղ խոսքը չի վերաբերում միջամտությանը։ Շատ կարևոր է, որ հայկական պետական հաստատություններն ու ինստիտուտներն ամրապնդվեն այնքան, որ կարողանան արձագանքել այս բոլոր ռիսկերին։ Եվ մեր կենտրոնացումն այն ուղղությամբ է, որ ամրապնդենք ընտրական գործընթացների ամբողջականությունը և պաշտպանենք ժողովրդի ինքնիշխան ընտրությունը։
Պարոն դեսպան, ինչպե՞ս կպատասխանեք Հայաստանի այն ընդդիմադիր ուժերին, որոնք Եվրամիությանը քննադատում են Հայաստանի ներկա իշխանությանն աջակցելու մեջ։ Եվ հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարի Եվրամիության պատրաստակամությունը ընդդիմադիրները որակում են պայքար իրենց դեմ։ Ո՞րն է ձեր գնահատականը։
Ես կարծում եմ, հույս ունեմ, որ գործընթացների վրա ազդեցություն թողնելու նպատակով հայկական դերակատարները չեն օգտվում այդպիսի մանիպուլյացիոն միջոցներից, արտաքին մանիպուլյացիոն գործիքներից։ Ես կարծում եմ, սա ավելի շատ փորձ է վախ սերմանելու քաղաքացիների շրջանում, որպեսզի նրանք չվստահեն ոչ մի կողմի։ Կարծում եմ, մեր նպատակն է գործընթացի նկատմամբ վստահությունն ամրապնդել և քաղաքացիների շրջանում ամրություն և ուժ ներարկել։ Մենք համագործակցում ենք բոլոր քաղաքական ուժերի հետ Հայաստանում։ Ժողովրդավարական երկրներում և համակարգերում միշտ տարածք կա բոլոր ուժերի համար։
Ժողովրդավարությունը երբեմն մարտահրավերային համակարգ է, բայց հենց այստեղ է ժողովրդի ուժը, ժողովուրդը շատ կարևոր և պատասխանատու դեր ունի, որովհետև նրանք են որոշում, ի վերջո, ով է լինելու կառավարությունում։ Եվ առիթն օգտագործելով, ես ուզում եմ խնդրել քաղաքացիներին, կոչ անել քաղաքացիներին՝ լինել պատասխանատու, մասնակցել ընտրություններին, քվեարկել, տեղեկացված լինել։ Ձեր աշխատանքը և անկախ մեդիայի աշխատանքը շատ կարևոր է, որպեսզի ներկայացնեն ժողովրդավարության կարևորությունը և քաղաքացիները մասնակցեն քվեարկությանը։
Քաղհասարակության հետ մեր աշխատանքի միջոցով մենք օգնում ենք հասու դարձնել քաղաքացիներին այն գաղափարը, որ ընտրությունը և քվեարկությունը շատ կարևոր են։ Մեդիագրագիտության ուղղությամբ մեր ներդրած ջանքերը, պետք է ասեմ, որ շատ չեզոք, միանգամայն չեզոք աջակցություն են։ Մենք աշխատել ենք հասարակական կազմակերպությունների և ակումբների հետ, նպատակը եղել է աջակցելու՝ հասկանալ, ինչ է մեդիան, ինչպես է այն աշխատում, ինչպես համագործակցել մեդիայի հետ։ Շատ անգամ մենք տեսնում ենք իրավիճակներ և կարծիքների մանիպուլյացիայի փորձեր արտաքին և այլ ուժերի կողմից։
Մեդիագրագիտությանն աջակցելու միջոցով մենք օգնում ենք անկախ մեդիային իրականացնելու իրենց դերակատարությունը։ Մեր դերը չափազանց չեզոք է, միանգամայն չեզոք, և թույլ է տալիս Հայաստանի քաղաքացիներին և պետական մարմիններին անցկացնել ազատ և անկախ ընտրություններ։
Այնուհանդերձ, պարոն դեսպան, ընդդիմադիր որոշ ուժեր ԵՄ-ին մեղադրում են ո՛չ միայն հիբրիդային սպառնալիքներին դիմակայելու արագ արձագանքման խումբ ուղարկելով՝ Հայաստանի ընտրություններին միջամտելու մեջ, այլև Հայաստանի ներկա իշխանություններին «քարտ-բլանշ» տալու և մարդու իրավունքների խախտումները (քաղբանտարկյալներ, ոստիկանական բռնություններ, Հայ առաքելական եկեղեցու դեմ արշավ եւ այլն) անտեսելու մեջ։ Մեղադրում են, որ ԵՄ-ն աչք է փակում այս ամենի վրա՝ հանուն աշխարհաքաղաքական շահերի։ Ինչպե՞ս կպատասխանեք այս քննադատությանը:
Ինչպես ես նշեցի, Եվրոպական միությունը չեզոք է ներքին քաղաքական բանավեճերի առումով, և մենք դիրքավորում չենք ստանձնում։ Կարծում եմ՝ տարօրինակ է ակնկալել, որ մենք պետք է դիրքորոշում ունենանք և քննադատենք կառավարությանը։ Այդուհանդերձ, գործընկերների միջև քննադատությունը նույնպես նորմալ է։ Մենք ունենք երկխոսություն կառավարության հետ, և մենք քննարկում ենք դժվարությունները կառավարության հետ։
Մենք ունենք ձևաչափ՝ միջազգային հաստատությունների, միջազգային կազմակերպությունների, Եվրոպայի խորհրդի, ԳՐԵԿՈ-ի և Transparency International-ի հետ, մենք ունենք հրաշալի գնահատումներ և կարծիքներ։ Մենք իրականացնում ենք երկրի զարգացման, երկրի առաջընթացի զեկույցը, և վերջին զեկույցը հրապարակվել է գործընկերության խորհրդի նիստի վերջին շրջանակում, և նրանք, ովքեր հետաքրքրված են, կարող են ակնհայտ տեսնել, որ այս քննադատությունները որոշակի առումով ձևավորված են և ձևակերպված են այդ շրջանակում՝ զեկույցի շրջանակում, և որոշակի լուծումներ նույնպես տրված են։ Ազգային ժողովի հետ և Ազգային ժողովի ներսում երկխոսության շրջանակում մենք կարող ենք ակնկալել, որ կարող ենք ունենալ կառուցողական քննադատություն՝ իրավիճակը բարելավելու համար։
Դուք նշեցիք որոշ հարցեր, որոնք վերաբերում են բանտարկյալներին կամ իրավական գործիքակազմի կիրառմանը։ Գործընթացներից մեկը, որ շատ հստակ է մտահոգությունների տեսանկյունից, հիմնականում վերաբերում է մինչդատական գործընթացների ժամկետների չարաշահմանը։
Այս հարցը քննարկվել է բազմիցս, այդ թվում՝ կառավարության հետ։ Սրանք ուղղություններ են, որտեղ ես ակնկալում եմ կառավարությունից և համապատասխան ինստիտուտներից՝ բարելավելու գործելակերպը։ Հայաստանը, որպես Եվրոպայի խորհրդի անդամ պետություն, ունի հանձնառություն այդ ուղղությամբ։ Ինչ վերաբերում է այլ ուղղություններին, մենք իրավիճակը բարելավելու համար համագործակցում ենք տեխնիկական աջակցություն տրամադրելով, ինչը նշանակում է, որ կա բարելավելու դաշտ, բայց դա չպետք է դիտարկվի որպես քաղաքական ընթացք։ Ժողովրդավարությունների առումով սա նորմալ է, բայց մենք մաս չենք կազմում այդ ամենին։
Մենք մաս ենք կազմում հայաստանյան պետական հաստատությունների և կառավարության հետ գործընկերության՝ բարելավելու իրավիճակը և Հայաստանն ավելի մոտ դարձնելու Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի չափանիշներին, ինչը նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ձգտումն է։ Որովհետև քաղաքացիները ձգտում են ունենալ չափանիշներին բավարարող ծառայություններ, Հայաստան պետությունը դարձնել ավելի ժողովրդավարական և ավելի բարեկեցիկ, քան նախկինում։ Սա «քարտ բլանշ» չէ, բայց մեր դերը չէ որևէ քարտ տալ որևէ կառավարության։ Մեր դերն է օգնել՝ բարելավելու իրավիճակը։
Ուրեմն, ո՞րն է ձեր գնահատականը։ Հայաստանում քաղբանտարկյալներ չկա՞ն, ժողովրդավարության հետընթաց չկա՞։ Ես պատկերացնում եմ, որ տարբեր ընդդիմադիր առաջնորդներ, դերակատարներ և կազմակերպություններ, դիտելով այս հաղորդումը, որոշակի կարծիքներ են հայտնելու և ձեզնից պատասխան են ակնկալելու։
Ես կարծում եմ՝ շատ կարևոր է, որ բոլորս շարունակենք ներգրավված մնալ երկխոսության մեջ և մոնիտորինգ անենք իրավիճակը։ Իմ նպատակը չի լինելու կոնկրետ հարցերի պատասխանել՝ արդյոք կան քաղաքական բանտարկյալներ, թե ոչ։ Ես կարծում եմ՝ իրավունքի գերակայությունը կարևոր չափանիշ է, և մեր կենտրոնացումն այդ ուղղությամբ է։ Ես չեմ կարծում, որ եթե քաղաքական գործչին կոռուպցիայի համար մեղադրանք է առաջադրվում, ապա դա նշանակում է, որ քաղաքական հետապնդում է։ Որևէ մեկն օրենքից վեր չէ։ Բայց կան նաև հարցեր, որոնք վերաբերելի են մարդու իրավունքներին, որոնց օմբուդսմենը՝ մարդու իրավունքների պաշտպանն, անդրադարձել է։ Մեկ ուղղություն նշեցի, կարող է լինել նաև խոսքի ազատությունը և այլ ուղղություններ։ Բայց մենք պետք է հստակ, ուշադրությամբ հետևենք՝ ինչպես է արձագանքում կառավարությունը։ Սա է մեր դերը։
Մենք գործընկերներ ենք։ Ժողովրդավարություններն ունեն դժվարություններ, և շատ հաճախ դրանք մարդկանց ձեռքերում են, և մարդիկ ունեն կոնկրետ դժվարություններ, սահմանափակումներ, պետք է վերապատրաստվեն։ Եվ այս բոլոր անձինք կոնկրետ հաստատություններում ունեն կոնկրետ վերապատրաստվածության մակարդակ։ Օրինակ կարող եմ բերել ոստիկանության բարեփոխումներից։ Շատ հպարտ ենք, որ ոստիկանությունը, մասնավորապես պարեկային ոստիկանությունը, վերապատրաստվել է և աջակցություն է ստացել Եվրամիության կողմից, ինչպես նաև՝ Հայաստանի Հանրապետության կոնկրետ հանձնառության շրջանակում։ Կարող ենք տեսնել, որ քաղաքացիների շրջանում ոստիկանությունը բավականին բարձր է, բայց դա չի նշանակում, որ ցանկացած բան, որ ոստիկանությունն անում է, հրաշալի է, կամ հավաքների կառավարումը հրաշալի է իրականացնում։ Սա նշանակում է, որ մենք աջակցում ենք Հայաստանի ոստիկանությանը՝ հաղթահարելու այն դժվարությունները, որոնք կապված են այդ հարցերի հետ և հասցեագրելու մարդու իրավունքների հետ կապված խնդիրները։
Պարոն դեսպան, Սևծովյան էլեկտրական մալուխի ծրագրի մասին։ Հայաստանը մտադրություն ունի միանալու մալուխին, որը, ինչպես գիտենք, անցնում է Վրաստանով և Սև ծովով՝ էներգառեսուրսները Եվրամիությանը կապելու համար։ Դա թույլ կտա Հայաստանին էլեկտրաէներգիա արտահանել եվրոպական երկրներ և ապահովել էներգետիկ անկախություն։ Ե՞րբ ենք սպասում նորությունների այդ մասին։
Հանձնակատար Կոսի այցի ընթացքում մենք մասնակցելու ենք շատ կարևոր հանձնառության ստորագրմանը՝ ամրապնդելու Հայաստանի և Վրաստանի միջև էլեկտրահաղորդման գծերը։ Սա այս ծրագրի շրջանակներում և էներգիայի ոլորտում Հայաստանի կարողությունների զարգացման ուղղությամբ մեր համագործակցության շատ կարևոր բաժիններից մեկն է։ Եվրոպական միությունը ֆինանսապես է աջակցում այս նախաձեռնություններին, նաև քաղաքական աջակցություն է տրամադրում։ Վերջին ժամանակահատվածում Հայաստանի հետ համաձայնության շրջանակում մենք ունենք փաստաթղթեր։ Մենք ունենք նաև այլ կապակցվածության ծրագիր։ Սա շատ կարևոր ընթացիկ գործընթացի մաս է։ Շատ դրական եմ տրամադրված Կովկասյան էլեկտրահաղորդակցման ցանցի հանդեպ, որի հաջորդ քայլի մասին մենք կհայտարարենք հանձնակատար Կոսի այցի ժամանակ, այդպիսով այն ավելի մոտ կլինի իրականություն դառնալուն, քան այժմ է։
Պարոն դեսպան, շնորհակալություն Factor TV-ի հրավերն ընդունելու և մեր հարցերին պատասխանելու համար։
Հարգելի հեռուստադիտողներ, Factor TV-ի տաղավարում մեր հյուրն էր Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը։