50 հարկանի երկնաքեր՝ Սարյանի թունելների վրա. ինչի մասին են լռում պաշտոնյաները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
18.11.2025 | 20:45Երևանի Սարյան 22 հասցեում գտնվող «Հայփոստ»-ի արդեն նախկին շենքն առաջիկա 1,5 տարում կհավասարեցվի հողին։ Կառուցապատողը ստացել է շենքն ապամոնտաժելու ՇՄԱԳ դրական եզրակացությունը։ Կառուցվելիք համալիրը Երևանի ամենաբարձր շենքն է լինելու՝ 50 հարկանի։
Բացի այն, որ այդպիսի երկնաքերը գերխիտ կառուցապատմամբ կենտրոնում և մշտապես խցանված Սարյան փողոցի վրա նոր խցանումներ է առաջացնելու, կա լուրջ մտահոգություն, որ այդ կառուցապատումը ռիսկի է ենթարկում Երևանի գլխավոր պողոտան Հրազդանի կիրճին կապող թունելները։
Ի՞նչ է սպասվում թունելներին, որոնք անցնում են անմիջապես այս շենքի տակով։ Ընկերությունը պնդում է՝ «վտանգ չի սպառնում»։ Մինչդեռ նման շինարարությունը բարձր ռիսկային է, առավել ևս, որ Համաշխարհային առևտրի կենտրոնին հսկայական ավտոկայանատեղի է անհրաժեշտ լինելու։ Factor TV-ն ուսումնասիրել է՝ արդյո՞ք թունելները վտանգված են և արդյո՞ք դրանց չի սպառնում ավտոկայանատեղի դառնալու հեռանկարը։
Թամանյանի հանճարն ու քաղաքի կրճատվող հիշողությունը
Երևանի գլխավոր հատակագծի հեղինակ Ալեքսանդր Թամանյանն այս 2 թունելները նախատեսել էր մայրաքաղաքի կենտրոնը Հրազդանի կիրճին կապելու համար․ դրանք պետք է երևանցիների համար ծառայեին որպես կարճ ճանապարհ դեպի կիրճի հանգստի գոտիներ և ապահովեին օդափոխություն։
Թունելները կառուցվել են 1940-ականներին, յուրաքանչյուրի երկարությունը մոտ 400 մ է։ Սկզբնական շրջանում այստեղով նաև ավտոմեքենաներ են անցել, բայց ավելի ուշ թունելները դարձել են հետիոտնային։ Ընդ որում՝ 2-րդ թունելը տարիներ անց ամբողջությամբ փակվել է։ Կա մասնագիտական տեսակետ, որ ներսում փլուզում և քարաթափում է եղել, ինչին նպաստել է վերևում՝ Սարյան փողոցի վրա բարձրահարկի շինարարությունը։ Այս տեսակետն ապացուցող որևէ փաստ, սակայն, չկա։
22 հարկանի շենքը, որ «Հայփոստ»-ի գլխավոր մասնաշենքն էր, կառուցվել է 1970-ական թվականներին։
5 տարի առաջ՝ 2020-ին, «Հայփոստ»-ը ներկայացրել էր կենտրոնական մասնաշենքի արդիականացման նախագիծ՝ առաջարկելով վերակառուցել հայտնի բարձրահարկը՝` պահպանելով արտաքին տեսքն ու դիմագիծը, իսկ դրա հետնամասում կառուցել նոր ավելի բարձր շենք՝ արդի լուծումներով։ Այն ժամանակ թե՛ մայրաքաղաքի իշխանությունն էր այլ (քաղաքապետը Հայկ Մարությանն էր), թե՛ Հայփոստի։ Ղեկավարների փոփոխությունից հետո, արդեն 2023-ին, կառավարությունը հավանություն տվեց «Ռենշին» ընկերության ներկայացրած Համաշխարհային առևտրի կենտրոն (World Trade Center (WTC) կառուցելու քաղաքաշինական ծրագրին։ 13 հազար քմ տարածքի վրա կառուցվելու է բարձրակարգ բազմաֆունկցիոնալ համալիր՝ ներառելով 4-աստղանի հյուրանոց, կոնֆերանսների, գրասենյակային և համերգային տարածքներ։ Շենքի բարձրությունը 200 մ կամ 50 հարկ է լինելու․ այն Երևանի ամենաբարձր կառույցը կդառնա։ Ծրագրի ընդհանուր արժեքը 300 մլն դոլար է։ Ընդհանուր առմամբ՝ կառուցապատվելու է 13․2 հազար քմ տարածք, որից 6332 քմ-ն՝ Հայփոստի շենքի տարածքն է, մնացածը՝ Կոնդի թաղամասն է։
Կառավարության 2023 թվականի սեպտեմբերի 7–ի նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է․ «Իմ գնահատմամբ և կարծիքով՝ երրորդ հանրապետության պատմության մեջ այդ մասշտաբի շենք Հայաստանում չի կառուցվել»։
Ինչպե՞ս է այս շինարարությունն ազդելու Գլխավոր պողոտան Հրազդանի կիրճին կապող թունելների վրա։ Արդյո՞ք 200 մ բարձրության շենքի հիմքերը չեն հասնելու թունելներին, իսկ հասնելու դեպքում ի՞նչ է սպասվում դրանց։ Եվ ի վերջո՝ արդյո՞ք թունելներին սպառնում է ավտոկայանատեղի դառնալու ճակատագիրը։ Այս հարցերին պաշտոնյաները հրապարակավ չեն անդրադարձել։
Սարյան 22-ի ապամոնտաժման հարցով լսումների ժամանակ ընկերության ներկայացուցիչ Տիգրան Հարությունյանը հավաստիացրել է, թե «թունելների վրա ազդեցություն այս փուլում չի լինելու», թեև անվտանգությունից ելնելով թունելները որոշակի օրերին, ժամերին կփակվեն, բայց կարճ ժամանակահատվածով»։ Ընդգծենք՝ սա դեռ միայն ապամոնտաժման ընթացքում, այն էլ խոսքը միայն մինչև գետնի մակերես ապամոնտաժման մասին է։
Factor TV-ին փորձեց Երևանի քաղաքապետարանից պարզել՝ ի՞նչ վտանգներ կան թունելների համար և արդյո՞ք ճիշտ են տեղեկությունները, որ թունելները տրամադրվելու են «Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» ՓԲԸ-ին՝ ավտոկայանատեղի կառուցելու նպատակով։ Քաղաքապետարանի պաշտոնյաները սակայն, որևէ հստակ պատասխան չեն տվել, միայն նշել են, թե Սարյան 22 հասցեով ամրագրված գույքի ապամոնտաժման նախագիծը դեռևս գտնվում է ՇՄԱԳ փորձաքննության փուլում (հեղ․ քաղաքապետարանի պատասխանը ստացել ենք նախքան փորձաքննության եզրակացությունը):
2024 թվականին հաստատված Երևանի գլխավոր հատակագծում թունելներն արտացոլված չեն․ Factor TV-ի խնդրանքին՝ տրամադրել հատակագծի այդ հատվածը, Երևանի քաղաքապետարանից պատասխանել են, որ կառավարության որոշման համաձայն ստորգետնյա կառույցները` այդ թվում թունելները, գլխավոր հատակագծի նախագծի գրաֆիկական մասում ցույց չեն տրվում:
Ուշագրավ է, որ այս թունելները որևէ կերպ չեն հիշատակվում Երևանի զարգացման ծրագրերում։ Factor TV-ի հարցին՝ ինչո՞ւ, քաղաքապետարանի պաշտոնյաները պատասխանելու համար 30 օր են խնդրել։
2023-ին քաղաքապետարանը թունելների հիմնանորոգման նախագիծ է պատվիրել «Մայրուղի» ՍՊ ընկերությանը՝ այդ աշխատանքի համար վճարելով 9 մլն դրամ: Ստացված նախագծի համաձայն՝ 2 թունելների հիմնանորոգումը նախնական կարժենա 8․6 մլրդ դրամ։
«Թունելների վերակառուցման, ինչպես նաև հարակից հատվածում կայանատեղերի կառուցման հարց Քաղաքաշինական հատուկ ծրագրերի վարչությունում դեռևս չի քննարկվել»,- նշել են քաղաքապետարանից:
Ստացվում է՝ հարկատուների գրպանից պաշտոնյաները 9 մլն են վճարել մի փաստաթղթի համար, որը մնացել է դարակներում։ Գործող թունելում երբեմն-երբեմն որոշ կոսմետիկ աշխատանքներ են արվում, օրինակ՝ 2020-ին թունելը մաքրվել-լվացվել է, 2025-ի մարտին լուսավորության ցանցն է արդիականացվել։ Չնայած դրան, վիճակն այստեղ հեռու է գոհացուցիչ լինելուց։
Ընդ որում՝ երկրորդ թունելը, որի մուտքերը 2 կողմից փակ են, իրականում լիովին անցանելի է։ Այս հանգամանքը պարզվել է ՆԳՆ-ին ուղղված Factor TV-ի հարցման շրջանակներում։ Նախարարությունը, որպես ապացույց, մեզ նաև նկարներ է տրամադրել․ «Ձեր հարցման շրջանակներում փրկարար ծառայության կողմից իրականացվել է ակնադիտական ուսումնասիրություն՝ Երևան քաղաքի Գլխավոր պողոտայից դեպի Հրազդանի կիրճ տանող թունելներում, ինչի արդյունքում պարզվել է, որ վերջիններս երկկողմանի բաց են։ Գործարկման հետ կապված այլ հարցերը գտնվում են Երևանի քաղաքապետարանի տիրույթում»։
Ինչո՞ւ էողոտ փակ Գլխավոր պան Հրազդանի կիրճին կապող 2 թունելներից մեկը, եթե այն ամբողջությամբ անցանելի է․ Factor TV-ի այս հարցի պատասխանը գտնելու համար ևս քաղաքապետարանը 30 օր է խնդրել, ապա միայն հայտնել, թե «թունելի ներսի կողային պատերի հարդարումն իրականացված է եղել մետաղական թիթեղներով, որոնք ժամանակի ընթացքում ենթարկվել են կոռոզիայի՝ քայքայվել, որոշ հավածներ նաև դեֆորմացվել են: Հաշվի առնելով դա՝ ներկայում թունելը փակ է հետիոտների անվտանգությունը ապահովելու նպատակով»:
Այս պատասխանը համոզիչ չէ, քանի որ նույն կոռոզիան ու պատերի դեֆորմացումն առկա է նաև գործող թունելում։ Ընդ որում՝ ՆԳՆ-ի տրամադրած նկարներում այդ փակ թունելի տեսքն ավելի բարվոք է։
Ստացվում է՝ կա ուղի, որի շնորհիվ Երևանի տապն ու աղտոտված օդի խնդիրը փոքր ինչ կարող էր մեղմվել, սակայն տասնյակ տարիներ հաջորդող քաղաքային իշխանություններն անհասկանալի պատճառներով այն փակ են պահում։
Ճարտարապետ Կարեն Բալյանը կարևորում է, որ գործեն 2 թունելները․ «Թունելը բազմաֆունկցիոնալ է, կարելի է պատսպարվել, անցում դեպի կիրճ, դեպի ջուրը, կանաչը, որը մեզ շատ է պակասում։ Եթե էն ժամանակ Թամանյանը մտածում էր, որ մեղմացնի շոգը, էսօր մենք մտածում ենք, որ նաև մաքուր օդ ներխուժի քաղաք և մեկով դա քիչ է, 2-ը պետք է լինի, որ միասին աշխատեն և օգուտ բերեն քաղաքին»։
«Թունելները պետք են, որ հիմա մեր կանգնած տեղից, քաղաքի փոքր կենտրոնից, 2 րոպեում դուրս եք գալիս Հրազդանի ձոր, ընկնում եք լրիվ ուրիշ աշխարհ։ Քաղաքաշինական էս խիտ կառուցապատումից հետո հայտվում եք չնաշխարհիկ բնության գրկում»,- կարծում է ճարտարապետ Լևոն Վարդանյանը։
Ճարտարապետ-քաղաքաշինարար Սարհատ Պետրոսյանը նշում է, որ Երևան քաղաքով հոսող գետն ինտեգրված չի քաղաքի հետ․ «Երևանի կենտրոնն այն հատվածներից է, որ Հրազդան գետի հունը բավականին մոտ է քաղաքի մակարդակին, բայց էնտեղ հատվում է կամ խանգարում է Կոնդի բլուրը և Թամանյանի նախատեսած կապը լուծում է այդ հարցը։ Դա շատ կարևոր է, և ամեն գնով դա պետք է պահպանել և փայփայել»։
Փոստի շենքի ապամոնտաժման և 50-հարկանի երկնաքերի շինարարության բացասական ազդեցությունը թունելների վրա, հատկապես՝ դրանց ավտոկայանատեղի դառնալը, ճարտարապետներն անթույլատրելի են համարում և գտնում են, որ ներկայում տեխնիկական հնարավորությունները թույլ են տալիս չվտանգել թունելները։
«Այսօր տեխնիկական հնարավորությունները մեծ են։ Եթե դա պետք է բերի թունելների փակմանը, դա ամենավերջին գործն է։ Այսպես գալ, ջնջել Երիտասարդական պալատի պես, հետո մտածել, թե դրա տեղը ինչ պետք է անենք, դրա համար մեծ խելք պետք չի։ Նման բազմահարկ բիզնես կառույցները բազմաթիվ մեքենաներ են պահանջում։ Որտե՞ղ են դրանք տեղավորվելու։ Էսօր մայթերում, փողոցներում շարժվելու տեղ չունես։ Եթե մեկի մտքով անցնի թունելը լցնել մեքենաներով, դա հարցի լուծում չի լինի։ Դա վերջին վատագույն լուծումը կլինի»,- Factor TV-ի հետ զրույցում նշել է Կարեն Բալյանը։
Սարհատ Պետրոսյանի դիտարկմամբ՝ պետք է ելակետ վերցնել թունլների պահպանումը և ըստ այդմ անել վերակառուցումը․ «Բայց ես լուրջ խնդիր ունեմ վերակառուցման գաղափարի հետ, որովհետև թունելը, փոստի շենքը, դա Գլխավոր պողոտայի մի մասն է եղել, Գլխավոր պողոտան այլանդակվել է և նախնական գաղափարից գրեթե բան չի մնացել»։
Ճարտարապետ Լևոն Վարդանյանն ասում է՝ կառույցի էսքիզային նախագիծը պատրաստ է, ինքն այն տեսել է, թունելներն ամբողջությամբ ներառված են դրանում․ «Էս ամբողջ տարածքը Հայփոստից սկսած մինչև Պռոշյան փողոց շատ մեծ հասարակական նշանակության համալիր է կառուցվելու։ Էդ ժամանակ էլ կլուծվի այս թունելների հարցը։ 2 թունելների արանքը տարածք կա, չէ՞, պատկերացրեք, բոլորը բացվի, դառնան էդ կառույցների առաջին հարկերը, գործող, այսինքն՝ թունելները շատ ակտիվ գոտիների են վերածվելու»։
Ստացվում է՝ շինարարությունն այնուամենայնիվ հասնելո՞ւ և ներառելո՞ւ է թունելները։
Մինչ մասնագետները տարբեր կարծիքներ են հայտնում, կառուցվելիք համալիրի որևէ նախագիծ դեռևս չի հրապարակվել։
Համաշխարհային առևտրի կենտրոն՝ տեղական ձևով
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան»-ի ծրագրին պետություն-մասնավոր մասնակցությունը 50-50 է․ ընկերության 19 %-ի բաժնետերը Հայաստանի Հանրապետությունն է, 31%-ը պատկանում է «Հայփոստ» ՓԲԸ-ին, որն իր հերթին ամբողջությամբ պետական է։ Ընկերության մյուս 50 % բաժնեմասի սեփականատերերը «Ռենշին» ընկերության հիմնադիրներ Էդուարդ Մարությանն (25%) ու Արայիկ Կարապետյանն (25%) են։ Փաստացի՝ պետությունը ներդնում է անշարժ գույք, մասնավորը՝ ֆինանսական միջոցներ։
«Ծրագրից ակնկալվող եկամուտները նախատեսվում է ուղղել «Հայփոստի» զարգացմանը»,- կառավարության 2023-ի սեպտեմբերի 7-ի նիստում ասել է ԲՏԱ նախկին նախարար Ռոբերտ Խաչատրյանը:
Նախկին նախարարի այս հույսերը, ավաղ, չեն արդարանա․ հենց կառավարության որոշմամբ՝ ծրագրի մեկնարկից սկսած 5 տարվա ընթացքում ներդրողը «Հայփոստ» ՓԲԸ-ից պետք է գնի վերջինիս պատկանող բաժնետոմսերը՝ ընկերության հիմնադրման պահին հայտարարված անվանական արժեքով՝ անկախ նրանից, այդ ընթացքում գույքը կթանկանա, թե ոչ։
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան»-ի կանոնադրական կապիտալը, ըստ պետռեգիստրի, 21․9 մլրդ դրամ է։ Եթե այլ գործոններ չազդեն, պայմանականորեն կստացվի, որ «Հայփոստ»-ը 2028-ին կստանա 6․8 մլրդ դրամ (մոտ 17 մլն դոլար կամ 1 քմ-ի դիմաց մոտ 2700 դոլար) և կզրկվի իր բաժնեմասից։ Այդ ընթացքում ծրագիրը դեռ շինարարության փուլում է լինելու, այսինքն՝ շահույթ չի գեներացվելու։
Ասել է թե՝ «Հայփոստը» դուրս կմնա ծրագրից ու չի օգտվի ապագա հնարավոր եկամուտներից։ Իսկ պետության մասնակցությունը ծրագրին կնվազի մինչև 19 %․ եթե մինչ այդ ոչինչ չփոխվի։
Անշարժ գույքի շուկայի ուսումնասիրությամբ Factor TV-ին պարզել է, որ Սարյանի այս հատվածում 2025 թվականի հոկտեմբերի 20-ի դրությամբ բարձրահարկ շենքերում բնակարանի 1 քմ-ն արժի 3000-3500 դոլար, 1քմ հողի գինը մոտ 2500 դոլար է։
Ինչո՞ւ է մայրաքաղաքի այս «յուղոտ պատառը» շնորհվել հենց «Ռենշին» ընկերությանը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2023-ի սեպտեմբերի 7-ին պատճառաբանել է, թե՝ «Ռենշին» ընկերությունն է այս նախագիծը բերել և այդ ընկերությունն է համաշխարհային առևտրի կենտրոն ցանցի անդամ հանդիսանում»։
«Ռենշին»-ը հիմնադրվել է 2002 թվականին՝ Էդուարդ Մարությանի (50%) ու Արայիկ Կարապետյանի (50%) կողմից։ Նրանք իրենց կարիերան սկսել են բանկային ոլորտում, որտեղ էլ, ըստ մամուլի, մտերմացել են ներկայում ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ։ Վերջինս կառավարությունում պաշտպանել է ընկերության նախաձեռնությունը՝ կառուցել տարածաշրջանում ամենաբարձր Համաշխարհային առևտրի կենտրոնը։
«Հարավային Կովկասում մենակ մենք ենք, որ դեռևս չունենք WTC։ Ամենավերջինն ունենալու պարագայում դա պետք է լինի առնվազն ամենալավն ու ամենաբարձրը»,- ասել է Մհեր Գրիգորյանը։
Կառուցած շենքերի բարձրության առումով «Ռենշինը» մեկը մեկից ավելի բարձր նիշեր է սահմանում, օրինակ՝ Բուզանդ 91-ը՝ 16 հարկ, Դավթաշենում կամրջի հարևանությամբ 2 բնակելի համալիրները՝ 18 և 20 հարկեր, Տերյան 107-ում՝ 18 հարկ, Բաղրամյան-Օրբելի հատվածում երկնաքերերը նախատեսվում են 35 հարկ, և ահա Սարյան 22-ում՝ 50 հարկ։
Էդուարդ Մարությանը և Արայիկ Կարապետյանը, բացի շինարարությունից, ընկերություններ ունեն նաև այլ ոլորտներում՝ ֆինանսական, անշարժ գույքի կառավարման, վերականգնվող էներգիայի, ծխախոտի ներմուծման և այլն: Նրանց է պատկանում նաև «Գլոբալ Կրեդիտ» ունիվերսալ վարկային կազմակերպությունը։ Ուշագրավ է, որ այս ՈՒՎԿ-ի սեփականատերերն են ոչ միայն Մարությանն (41.66%) ու Կարապետյանը (38.31%), այլև Հայկ Դարբինյանը (20.01%)։ Նա «Տաշիր» խմբի փոխնախագահ, ՀԷՑ տնօրենների խորհրդի նախկին նախագահ Կարեն Դարբինյանի որդին է։ Վերջինիս պատկանող «Էկթրաք սերվիս» ընկերությունից ՀԷՑ-ը տարիներ շարունակ մեծածավալ գնումներ էր կատարում։ Կ․ Դարբինյանը ՀԷՑ-ում իր պաշտոնից հեռացել է 2024-ի դեկտեմբերին։ Մինչ այդ, հիշեցնենք, ՀԷՑ-ի և կառավարության հարաբերություններն արդեն սրացման փուլում էին։ 2025-ի սեպտեմբերին ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը հայտարարեց, թե Տնօրենների խորհրդի նախկին նախագահը 2024 թվականի ընթացքում ՀԷՑ-ի կողմից ստացել է ընդհանուր 347.5 մլն դրամ աշխատավարձ (ամսական 31․2 մլն դրամ):
Թամանյանական թունելներին սպասվող ռիսկերը պարզելու նպատակով Factor TV-ին նաև գրավոր հարցումով դիմեց «Ռենշին» ընկերության սեփականատեր և ղեկավար Էդուարդ Մարությանին։ Հետաքրքրվեցինք՝ կառուցապատման նախագծերում թունելները ներառվա՞ծ են, ի՞նչ կերպ, արդյո՞ք ճիշտ են տեղեկությունները, որ թունելները կամ դրանց մի մասը վերածվելու են «Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» ՓԲԸ-ի ավտոկայանատեղիի։
Իր պատասխանում Էդուարդ Մարությանն, ըստ էության, ընդունել է ռիսկերի առկայությունը, միաժամանակ վստահեցնելով, թե՝ արվել է ամեն ինչ, որ Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան նախագծում ռիսկերը հասցվեն նվազագույնի, նաև հերքել է թունելները ավտոկայանատեղի վերածելու հավանականությունը․ «Նախագծի իրագործման մեջ ներգրավել ենք անշարժ գույքի կառավարման համաշխարհային առաջատար Colliers ընկերությանը։ Դրանից բացի, համաշխարհային հեղինակությամբ ընկերությունների մասնակցությամբ հայտարարվել է միջազգային մրցույթ՝ նախագծի ճարտարապետանախագծային ընկերության ընտրության նպատակով, որի ամփոփիչ փուլում ենք։
Մրցույթի մասնակիցներին առաջադրվել են հստակ պահանջներ՝ հաշվի առնել տեղանքի առանձնահատկությունները՝ ներառյալ ճարտարապետությունը, մշակութային և պատմական ժառանգությունը, այդ թվում՝ Երևանի կենտրոնը Հրազդանի կիրճին կապող թունելների առկայությունը։ Մրցույթին մասնակցող հեղինակավոր ճարտարապետանախագծային բոլոր ընկերություններն էլ պահպանել են ներկայացված պահանջները, պահպանվել է թունելների ֆունկցիոնալությունը և դրանցից որևէ մեկում թունելները կայանատեղիի վերածելու տարբերակ չի դիտարկվել»։
Թե տեխնիկական ինչ լուծում կընտրվի թունելների համար, արդյոք դրանց միջնամասը կներառվի նախագծում, թե ոչ, պարզ կդառնա շուրջ կես տարի անց, երբ երկնաքերի բուն նախագիծը պատրաստ լինի և վերջնական տարբերակը ներկայացվի հանրային քննարկման։
Ստացվում է՝
– թունելների վերանորոգման նախագիծը փոշոտվում է քաղաքապետարանի դարակներում, իսկ վերանորոգման հարցը գործնականում թողնվել է մասնավորին,
– թունելներից մեկը տասնյակ տարիներ փակ է անհիմն պատճառներով,
– նման բազմահարկ բիզնես կենտրոնի կառուցման նախագծին հավանություն տալով՝ պետական պաշտոնյաներն անտեսել են «Երևանի փոքր կենտրոնի կառուցապատման մասին» օրենքի պահանջը՝ բեռնաթափել փոքր կենտրոնը։ Իսկ այդ երկնաքերի կառուցումից հետո Սարյանի գերծանրաբեռնված վիճակն ավելի կվատթարանա։
Գայանե Խաչատրյան