Ռուսական ռեգիստրում Նարեկ Կարապետյանի անունը․ ինչ են ցույց տալիս փաստաթղթերն ու բիզնես կապերը

Լուրեր

20.05.2026 | 22:24
Շոյգուն հայտարարել է, թե ՀՀ ղեկավարության գործողությունները «չեն համապատասխանում ՌԴ-ի հետ դաշնակցային հարաբերությունների ոգուն»
20.05.2026 | 22:13
Խաղաղապահությունը պահանջում է ոչ միայն պատրաստվածություն, այլև քաղաքական միասնություն. ՀՀ ԱԳ փոխնախարարը՝ Մարոկկոյի համաժողովում
20.05.2026 | 22:00
Փաշինյանը որ այդ քարտեզը բաժանում է, անգամ այդտեղից են տարածքներ զիջել․ երկիրը կործանման են տարել. Մանուկ Սուքիասյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.05.2026 | 21:53
Գիտնականներն առաջին անգամ արհեստական ստեղծված ձվից ճուտիկ են դուրս բերել
20.05.2026 | 21:40
Մարտի 1-ին Տեր-Պետրոսյանը մեզ տարավ սրի բերան, ինքը փախավ տուն, դուք կապ չունեք․ քաղաքացին՝ Քոչարյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.05.2026 | 21:27
ԱԺԲ-ի մեքենան վերադարձվել է. ըստ ՆԳՆ-ի՝ այն վերասարքավորված է եղել և գովազդի կանոնների խախտում է ունեցել
20.05.2026 | 21:15
Տիգրան Ավինյանը գոռգոռում է՝ փախել են Ղարաբաղից, բայց ինքը 3 օր նստած է եղել հյուրանոցի նկուղում, մեր լրագրողներն են տեսել․ Գեղամ Մանուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.05.2026 | 21:00
Ռուսական ռեգիստրում Նարեկ Կարապետյանի անունը․ ինչ են ցույց տալիս փաստաթղթերն ու բիզնես կապերը
20.05.2026 | 20:44
Վրաստանի վարչապետը բաց նամակով դիմել է Եվրամիությանը
20.05.2026 | 20:30
The Insider-ի հրապարակումից ակնհայտ դարձավ՝ ովքեր են օտար շահեր պաշտպանում․ Կարապետյանն ում է դատի տալու. Ծովինար Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.05.2026 | 20:30
Նիկոլ Փաշինյանի հանրահավաքը Վանաձորում․ ՈՒՂԻՂ
20.05.2026 | 20:21
Արմավիրի մարզի մի շարք հասցեներում վթարային ջրանջատում կլինի
20.05.2026 | 20:06
«Վերջին զանգի» միջոցառումներով պայմանավորված՝ կիրականացվի ուժեղացված ծառայություն. ՆԳՆ
20.05.2026 | 19:49
ՄԻՊ-ն ընդունել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության պատվիրակությանը
20.05.2026 | 19:36
Հաղարծին գյուղում վագոն-տնակ է այրվել
Բոլորը

Առավոտյան Քննչական կոմիտեն հաղորդագրություն տարածեց, ըստ որի, ԱԺ պատգամավորի թեկնածու, «Ուժեղ Հայաստան» կուսակցության ցուցակի առաջին համար Նարեկ Կարապետյանը թաքցրել է օտար պետության քաղաքացիություն ունենալու մասին տեղեկությունը, ինչի հիմքով ՀՀ ՆԳՆ-ն հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Քննչական կոմիտե։

Կարապետյանի՝ ՌԴ քաղաքացի լինելու մասին տեղեկություններ սկսվեցին շրջանառվել մայիսի 19-ի երեկոյան․ առաջինը ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Ռուսաստանի իրավաբանական անձանց միասնական պետական ​​գրանցամատյանից փաստաթղթեր հանրայնացրեց, որոնք  վերաբերում են «Մոսպրոմեքսպլուատացիա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը։ Էկրանապատկերներում, որոնք հրապարակել էր Սիմոնյանը, երևում է, որ Նարեկ Կարենի Կարապետյանը նշված ընկերության բաժնետեր է, ունի ՌԴ քաղաքացիություն։ 

Factor TV-ն պարզել է՝ նշված փաստաթուղթն իրական է և վերաբերում է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանին։

Սակայն ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ այստեղ ուշագրավը միայն ռուսական ռեգիստրում առկա տվյալները չեն։ Նույն բաժնեմասի վերաբերյալ տեղեկություններ ավելի վաղ հենց ինքը՝ Կարապետյանն է ներկայացրել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին։ Ապրիլի 23-ին նա ԿԿՀ-ին է ներկայացրել կուսակցության խորհրդի անդամի պաշտոնը ստանձնելու վերաբերյալ հայտարարագիրը։ Կարապետյանն իր պաշտոնեական պարտականությունները ստանձնել է 2026-ի փետրվարի 11-ին։ Այդ օրվա դրությամբ ԿԿՀ ներկայացված հայտարարագրում նշված է, որ նա 2020-ի օգոստոսի 18-ին ընկերության բաժնետոմսեր է ձեռք բերել Վլադիմիր Ռուբչենկովից։ Վերջինս 2004 թվականից «Մոսպրոմեքսպլուատացիա» ՍՊԸ-ի գլխավոր տնօրենն է։ Այդ մասին նշվում է նաև այն փաստաթղթում, որը Ռուսաստանի իրավաբանական անձանց միասնական պետական ​​գրանցամատյանից ստացել է Factor TV-ն։

Էկրանապատկերը՝ Նարեկ Կարապետյանի՝ ԿԿՀ ներկայացրած հայտարարագրից

Ուշագրավ փաստ․ ընկերության 2,5 տոկոս բաժնեմասը Կարապետյանը ձեռք է բերել՝ վճարելով ընդամենը 250 ռուբլի, որն այդ օրվա դրությամբ համարժեք է եղել 1650 դրամի։  Սա այն դեպքում, երբ 2020 թվականի հունվարի դրությամբ «Մոսպրոմեքսպլուատացիա»-ի սեփական կապիտալը կազմել է շուրջ 55 միլիոն ռուբլի, որը համարժեք է եղել 427,3 միլիոն դրամի։ Փաստացի, խոսքը սիմվոլիկ արժեքով իրականացված գործարքի մասին է, ինչը լրացուցիչ հարցեր է առաջացնում բաժնեմասի փոխանցման բնույթի վերաբերյալ։ Հավելենք, որ 2025-ին ընկերությունը 621,9 միլիոն ռուբլու՝ ավելի քան 3 միլիարդ դրամի շահույթ է ունեցել։ 

Ընկերությունը գործունեության բազմաթիվ տեսակներով զբաղվելու թույլտվություններ ունի, այդ թվում՝ առևտրի, արտադրության, ՏՏ ոլորտի և առողջապահության։ 

Թեեւ ԿԿՀ ներկայցված փաստաթղթում ընկերության անվանումը փակ է, սակայն Նարեկ Կարապետյանի բաժնեմասի արժեքի, ինչպես նաև Վլադիմիր Ռուբչենկովից այն գնելու վերաբերյալ  տվյալները համապատասխանում են Ռուսաստանի իրավաբանական անձանց միասնական պետական ​​գրանցամատյանից ստացված տվյալներին, որտեղ նշված է «Մոսպրոմեքսպլուատացիա» ընկերության անունը։ Սակայն արդեն Կենտրոնական ընտրական հանձնաժողով մայիսի 13-ին ներկայացրած հայտարարագրում Նարեկ Կարապետյանը չի նշել ո՛չ այս ընկերության, ո՛չ էլ գնված բաժնետոմսերի մասին։ 

Էկրանապատկերը՝ Նարեկ Կարապետյանի՝ ԿԸՀ ներկայացրած հայտարարագրից

Նշենք, որ բացի  Նարեկ Կարապետյանից,  ընկերությունը ևս 10 բաժնետեր ունի․

  1. Յունաևա Իրինա (15%),
  2. Գարսլյան Լևոն (3%),
  3. Պշենիչնիխ Յուրի(2,2%),
  4. Պողոսյան Սուրիկ (22,3%),
  5. Սիրոտկին Միխաիլ (14%)
  6. Պանիբրատյուկ Կոնստանտին (0,55%)
  7. «ՍԿ Կապիտալ» կառավարման ընկերություն (20,75%)
  8. «Գոլդեն Ստոկ» ՓԲԸ (1,25%)
  9. «Խա-Կար» ՓԲԸ (10%),
  10. «Բիլտասենա Վենչերս» ազատ տնտեսական գոտում գործող կազմակերպություն (8,45%):

Ըստ Ռուսաստանի իրավաբանական անձանց միասնական պետական գրանցամատյանից ստացված փաստաթղթի՝ միակ ֆիզիկական անձը, որը Հայաստանի քաղաքացիություն ունի, Սուրիկ Պողոսյանն է։ «Գոլդեն Ստոկ»-ի և «Խա-Կար»-ի ծագման երկիր ևս նշված է Հայաստանը, իսկ «Բիլտասենա Վենչերս»-ինը՝ Արաբական Միացյալ Էմիրությունները։  

Իսկ ահա «ՍԿ Կապիտալ» կառավարման ընկերության բաժնետերեր են Տաշիր կապիտալ ընկերությունը (21.95%) և Սամվել Կարապետյանը (14․65%): 

Ընկերության 22,3 տոկոսի բաժնետեր Սուրիկ Պողոսյանը Ազգային ժողովի 4-րդ գումարման պատգամավոր է եղել՝ ընտրված Հանրապետական կուսակցության ցուցակով։ Նա երկար տարիներ սերտորեն փոխկապակցված է եղել «Տաշիր» խմբի տարբեր կառույցների հետ։ Ուշագրավ է, որ ավելի քան 10  տարի՝ մինչև 2025 թվականի հուլիսի 7-ը, Պողոսյանը զբաղեցրել է ՀԷՑ գլխավոր տնօրենի տեղակալի պաշտոնը։ Ընդ որում, Պողոսյանը և Կարապետյանները կապված են եղել ավելի վաղ, քան Պողոսյանի  պատգամավոր դառնալը։

Այսպես․ Սուրիկ Պողոսյանը 1996-2007թթ.-ին եղել է Կարապետյաններին պատկանող «Տաշիրի կարի ֆաբրիկա» ԲԲԸ գործադիր տնօրեն, 1999-2007թթ.` «Տաշիրի արծնապատ ամանեղենի գործարան» ԲԲԸ գործադիր տնօրեն, իսկ 2005-2007թթ.` խորհրդի նախագահ, 2004-2007թթ.` «Տաշիր ինվեստ գրուպ» ՓԲԸ գործադիր տնօրեն: 

Մանդատը վայր դնելուց հետո Պողոսյանը վերադարձել է «Տաշիրի արծնապատ ամանեղենի գործարան»-ի տնօրենի պաշտոնին և այնտեղ աշխատել մինչև 2018 թվականը։

Նարեկ Կարապետյանը և Սուրիկ Պողոսյանը նաև Միջազգային էներգետիկ կորպորացիայի խորհրդի անդամներ են։ Կորպորացիան տնօրինում և կառավարում է Սևան-Հրազդան կասկադի ակտիվները։ 2003 թվականի մայիսին գրանցված այս ընկերությունը 2020 թվականին ձեռք է բերվել «Տաշիր» ընկերությունների խմբին պատկանող «Հրազդանի էներգետիկ կազմակերպություն (ՀրազՋԷԿ)» ԲԲԸ կողմից։

Նարեկ Կարապետյանն այսօր՝ մայիսի 20-ին, Factor TV-ի լրագրողի հարցին ի պատասխան  կրկին  պնդեց, որ ՀՀ քաղաքացիությունից բացի այլ քաղաքացիություն երբեք չի ունեցել․ «Իրավաբանները դիմել են ՌԴ դեսպանատուն, ամենայն հավանականությամբ, որպեսզի պատասխան տրվի»:

Լրագրողի հարցին՝  «Մոսպրոմեքսպլուատացիա» ընկերությունում նա բաժնետե՞ր է, թե՞ ոչ, Կարապետյանն արձագանքեց․ «Չգիտեմ՝ ինչ ընկերության մասին է խոսքը, բայց կարող եք վստահ լինել՝ ընկերության բաժնետեր ես կարող եմ լինել, բայց ՀՀ-ից բացի այլ երկրի քաղաքացիություն չեմ ունեցել»։ 

«Մոսպրոմեքսպլուատացիա»-ի վերաբերյալ Կարապետյանը ասաց՝ ծանոթ ընկերություն է, նշեց՝ մի քանի ընկերություններում բաժնետեր է, այդ թվում՝ այս մեկում։ 

 

Այսպիսով, Նարեկ Կարապետյանի՝ ԿԿՀ ներկայացրած հայտարարագրում առկա տվյալները՝ բաժնեմասի չափը, դրա ձեռքբերման արժեքը և վաճառողի վերաբերյալ տեղեկությունները, ամբողջությամբ համընկնում են Ռուսաստանի իրավաբանական անձանց միասնական պետական գրանցամատյանի տվյալների հետ։ Ընդ որում, խոսքը ոչ միայն անուն-ազգանվան համընկնման մասին է․ նույն ընկերության 22,3 տոկոսի բաժնետերը Սուրիկ Պողոսյանն է, որը տարիներ շարունակ ղեկավար պաշտոններ է զբաղեցրել «Տաշիր» խմբի տարբեր կառույցներում, եղել է ՀԷՑ գլխավոր տնօրենի տեղակալը, իսկ ներկայում Նարեկ Կարապետյանի հետ միասին հանդիսանում է նաև Միջազգային էներգետիկ կորպորացիայի անդամ։  

Բացի այդ, «Մոսպրոմեքսպլուատացիա»-ի 20,75 տոկոսի  բաժնետեր «ՍԿ Կապիտալ» կառավարման ընկերության բաժնետերերի թվում են «Տաշիր Կապիտալ»-ը և Սամվել Կարապետյանը։ 

Այսինքն՝ ռուսական ռեգիստրում նշված անձի նույնականացումը հիմնված է ոչ թե մեկ առանձին տվյալի, այլ միմյանց լրացնող մի շարք հանգամանքների համադրության վրա՝ նույն անունը, նույն բաժնեմասը, նույն գործարքը, նույն վաճառողը,  նույն բիզնես միջավայրը և նույն գործարար կապերը։ Այս փաստերի համակցությունը էապես նվազեցնում է հավանականությունը, որ ռուսական պետական ռեգիստրում հիշատակվող անձը կարող էր լինել մեկ այլ Նարեկ Կարենի Կարապետյան։

Միևնույն ժամանակ, Նարեկ Կարապետյանը Factor TV-ի հետ զրույցում ընդունել է, որ «Մոսպրոմեքսպլուատացիա» ընկերությունն իրեն ծանոթ է և ինքը տվյալ ընկերության բաժնետերերից է։ Սակայն, չնայած դրան, մայիսի 13-ին այդ բաժնեմասի մասին  Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացված նրա հայտարարագրում չի նշել։

 

Եվգենյա Համբարձումյան