Իշխող ուժի միլիոնները․ ովքեր են կանգնած ՔՊ-ի խոշոր նվիրատվությունների հետևում
Քաղաքականություն
15.05.2026 | 17:30
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը 2025 թվականին ստացել է 416․7 մլն դրամ նվիրատվություն` 3 անգամ ավելի շատ, քան 2024 թվականին: Ընդ որում՝ այս գումարի 29%-ը՝ 121 մլն դրամ, նվիրատվություն է գործարարների և նրանց հետ փոխկապակցված անձանց կողմից։
Ընդհանուր առմամբ` 2025 թվականի ընթացքում կուսակցությանը կատարվել է 1688 նվիրատվություն։ Ընդ որում՝ դրանցից 44-ը եղել է 2․5 մլն դրամի չափով, 2-ը՝ 3 մլն դրամի, 2-ը՝ 4 մլն դրամի, 11-ը՝ 5 մլն դրամի, 1-ը՝ 7․5 մլն դրամի, և 1-ը՝ 8 մլն դրամի չափով։ Նույն անձից օրենքով թույլատրելի առավելագույն՝ 1 տարվա ընթացքում 10 մլն դրամի չափով 1 նվիրատվություն է եղել, սակայն մաս-մաս՝ 2․5 մլն+7․5 մլն դրամ։
Իսկ ովքե՞ր են իշխող կուսակցությանը խոշոր նվիրատվություն կատարած անձինք։ Factor.am–ի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ 2025-ին ՔՊ-ի խոշոր նվիրատուների շարքում շատ են գործարարներն ու իշխանությունների հետ փոխկապակցված անձինք։
Պարտապան նվիրատուն
«Օրդ գրուպ» ՍՊԸ-ի սեփականատեր Սամվել Օրդուխանյանը 2025-ի ընթացքում ՔՊ-ին նվիրաբերել է օրենքով առավելագույն թույլատրելի չափը՝ 10 մլն դրամ, որից 2․5 մլն-ը՝ փետրվարին, և 7․5 մլն՝ նոյեմբերին։ «Օրդ գրուպ» ընկերությունը Երևանում մի քանի բազմաֆունկցիոնալ համալիր է կառուցել և կառուցում, նաև հավակնում է շահագործել Կարմիրսարի կրաքարային մերգելների հանքավայրը, որի նախագիծը Վեդի համայնքի ավագանու նիստի ժամանակ անցած տարի ակտիվ պաշտպանում էր համայնքի ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Գարիկ Սարգսյանը։
Սամվել Օրդուխանյանի հայրը՝ Լևոն Օրդուխանյանը, անցած տարի Երևանի քաղաքապետարանի հանդեպ հարյուրավոր միլիոնների պարտավորություններ է ունեցել։ ԴԱՀԿ-ն մի քանի արգելանք է դրել նրա ունեցվածքի վրա, որոնցից մեկը՝ 825 մլն դրամի․ այն մարվել է միայն 2026-ի հունվարի 9-ին։ Ստացվում է, որ ընտանիքում նման խոշոր պարտքի առկայության պայմաններում Օրդուխանյանները ֆինանսավորել են իշխող ուժին։

Սուքիասյանների շրջապատի 52 միլիոնը
52 մլն դրամ կամ ամբողջ նվիրատվությունների գումարի մոտ 12․5 %-ը նվիրաբերել են ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքի անդամները և նրանց պատկանող ընկերությունների աշխատակիցները՝ ընդհանուր 11 հոգի, մասնավորապես՝ Սուքիասյան եղբայրների զավակները՝ Ալբերտ Սուքիասյան Խաչատուրի, Մերի Սուքիասյան Սարիբեկի, Արիկ Սուքիասյան Ռոբերտի և Խաչատուր Սուքիասյան Էդուարդի, ինչպես նաև՝ Սուքիասյանների ընկերությունների ղեկավարները։
Ընդ որում, ինչպես երևում է թվերից, երիտասարդ Սուքիասյանները և աշխատակիցներն իշխող ուժին նվիրաբերել են յուրաքանչյուրը 5-մլն դրամ։ Ավելին՝ այս ամբողջ գումարը ՔՊ-ին փոխանցվել է հիմնականում 3 օրում՝ 2025-ի հոկտեմբերի 14-16-ը։ Միայն «Սիլ կապիտալ» ընկերության տնօրեն Հայկ Բաղրամյանն է փոխանցել 5500 դոլար՝ մարտին (հեղ․՝ համարժեք է 2 մլն 166 հազար դրամի)։ Այդ ժամանակ ՔՊ-ն հայտարարել էր դրամահավաք Գյումրիի, Փարաքարի և Վաղարշապատի ՏԻՄ ընտրությունների և կուսակցության ընթացիկ գործունեության կարիքների համար։

Անհայտ մեծահարուստը
Սուքիասյանների կատարած փոխանցումների նույն օրը՝ 2025-ի հոկտեմբերի 14-ին, ՔՊ-ն ստացել է միանվագ ամենամեծ ծավալի՝ 8 մլն դրամ նվիրատվություն։ Նվիրատուն Արթուր Արտակի Գրիգորյանն է։ Այս անունով քաղաքացիները Հայաստանի ընտրողների ռեգիստրում 5-ն են։ Սակայն նրանցից որևէ մեկը խոշոր գործարար չէ․ իրավաբանական անձանց պետական ռեգիստրում ընկերության նման սեփականատեր կամ տնօրեն գրանցված չէ։ Նրանց գույքի ուսումնասիրությամբ պարզել ենք, որ ոչ մեկը մեծ գույքի սեփականատեր չէ։
Factor.am-ը դիմել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով՝ պարզելու՝ արդյո՞ք նվիրատուն ունի համարժեք եկամուտներ և որևէ խախտում չկա։
Հանձնաժողովից պատասխանել են, որ ոչ բոլոր նվիրատվություններ են պարտադիր ստուգման ենթակա, սակայն Արթուր Գրիգորյանի այս նվիրատվությունը ներառված է պարտադիր ստուգման ցանկում․ «Դրա շրջանակում նաև նվիրատուի եկամտի հետ է համադրություն իրականացվում, արդյո՞ք օրինական եկամուտներով հիմնավորվում է նվիրատվություն կատարելը, թե՞ ոչ»։
Ալեքսանյանների բիզնես շրջանակի նվիրատվությունները
2025-ի հոկտեմբերին ՔՊ-ին միանգամից 5 մլն դրամ է նվիրաբերել Յուրի Աֆրիկյանը։ Ավելի վաղ՝ նույն տարվա մարտ ամսին նա ևս 1 մլն դրամ է նվիրաբերել ՔՊ-ին։ Թեև ՔՊ հաշվետվությունում Աֆրիկյանի հայրանունը նշված է Յուրի, սակայն Factor.am-ը պարզել է, որ նա իրականում Յուրի Ամասիայի Աֆրիկյանն է, նրան են պատկանում «Վեգա Ուորլդ» ընկերությունն ու «Կարմիր կամուրջ» ռեստորանային ու հյուրանոցային համալիրը։ Նաև նրա հովանավորությամբ է անցած տարի վերականգնվել Երևանի պատմական Կարմիր կամուրջը։ Հենց դրա հարևանությամբ է գտնվում Աֆրիկյանի ռեստորանա-հյուրանոցային համալիրը։ Ի դեպ, Աֆրիկյանը ՔՊ-ին նվիրատվություն էր արել նաև 2024 թվականին՝ 2 մլն դրամ, 2021-ին՝ 2․5 մլն դրամ։
Ուշագրավ է, որ Աֆրիկյանի «Վեգա Ուորլդ» ընկերությունը՝ նույն «Վեգա» խանութների ցանցը, տեղակայված է ԱԺ նախկին ՀՀԿ-խմբակցության պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանին պատկանող տարածքներում, վաճառում է Ալեքսանյանի արտադրած կահույքը, տեքստիլը և այլն։ Տարիներ շարունակ «Վեգա»-ն հանրային ընկալումներում կապվել է Սամվել Ալեքսանյանի հետ, թեև վերջինս հրապարակային հերքել է իր՝ սեփականատեր լինելու հանգամանքը։
Նվիրատուների ցանկում է Սամվել Ալեքսանյանի որդուն՝ Գրիգոր Ալեքսանյանին պատկանող «Էյչ Բի Գրուպ» ընկերության տնօրեն Հակոբ Բաբայանը․ նա 2․5 մլն է փոխանցել 2025-ի մարտի 4-ին։
Նվիրատուների ցանկն ուսումնասիրելիս ուշագրավ մի փաստ արձանագրեցինք՝ մեկ օրում ՔՊ-ն 14 հոգուց նույն չափի՝ 2․5 մլն դրամի նվիրատվություններ է ստացել։ Ընդհանուր գումարը ստացվում է 35 մլն դրամ։ Նվիրատուների տվյալների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ նրանք մեծամասամբ նույն տարիքային խմբի երիտասարդներ են, որոնք հիմնականում գրանցված են Մալաթիա-Սեբաստիա և հարակից վարչական շրջաններում։
Այդ 14 հոգուց միայն երկուսի անունը կա իրավաբանական անձանց պետական ռեգիստրում՝ Էդուարդ Օրուջյանի և Միքաել Մխիթարյանի։ Օրուջյանը «Իգլ» ՍՊԸ-ի հիմնադիրն է։ Թե՛ Օրուջյանը, թե՛ ընկերությունը գրանցված են Մալաթիա-Սեբաստիայում։
Մխիթարյանը «Լեքս Դիստրիբյուշն» ՍՊԸ-ի տնօրենն է։ Ընկերությունը փոխկապակցված է Ալեքսանյանների բիզնես շրջանակի հետ։ Դրա հիմնադիրը Արամ Շարոյանն է։ Նրա հայրը՝ Հրաչյա Շարոյանը, Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ալեքսանյան Հոլդինգ» ՍՊԸ-ի տնօրենն է։ «Լեքս Դիստրիբյուշն»-ը զբաղվում է ծխախոտի արտադրատեսակների մեծածախ առևտրով։ Ծխախոտ արտադրում է «Լեքս տոբակո քոմփանի» ընկերությունը, որը ևս պատկանում է Ալեքսանյանների ընտանիքին, հիմնական բաժնետերը Շողերինա Մկրտչյանն է՝ Սամվել Ալեքսանյանի կինը։ «Լեքս տոբակո քոմփանի»-ն, ինչպես և Ալեքսանյանների մի շարք այլ ընկերություններ, ՀՀ կառավարությունից պարբերաբար մաքսային արտոնություններ և պետական գնումների մեծածավալ պատվերներ են ստանում։ Ի դեպ, Հրաչյա Շարոյանը և Սամվել Ալեքսանյանի 4 քույրերը հարևաններ են՝ նրանց առանձնատները գտնվում են նույն փողոցի վրա իրար մոտ։

Միաժամանակ 14 հոգուց նույն չափի՝ 2․5 մլն-անոց նվիրատուներից 1 օր անց՝ մարտի 5-ին, ՔՊ-ին 2․5 մլն է փոխանցել Արմեն Արամի Մկրտչյանը։ Հայաստանում նման անունով 7 քաղաքացի կա, որոնցից մեկը կրկին փոխկապակցված է Սամվել Ալեքսանյանի հետ․ նա «Դրիմքոմփանի» ընկերության սեփականատերն է (գործունեության ոլորտը՝ ծխախոտի արտադրություն)։
Factor.am-ը զանգահարեց «Դրիմքոմփանի»-ի սեփականատեր Արմեն Մկրտչյանին․ վերջինս, լսելով հարցը՝ Դո՞ւք եք ՔՊ-ին 2․5 մլն դրամ նվիրատվություն արել, պատասխանեց, թե կզանգահարի ավելի ուշ, և անջատեց հեռախոսը։ Մկրտչյանը մեր զանգերին այլևս չպատասխանեց։
«Դրիմքոմփանի»-ին, ըստ մամուլի, ծխախոտի շուկա մուտք է գործել «Լեքս տոբակո քոմփանի» ընկերության միջոցով։ «Դրիմքոմփանի»-ն 2022-ին կառավարությունից մաքսատուրքից ազատման արտոնություն է ստացել՝ 938 մլն դրամի չափով։
ՔՊ-ին 4 մլն դրամ է նվիրաբերել Մարտին Մելքոնյանը․ նա առևտրի ոլորտում գործող «Ֆորտունա Մ» և «ՏՄՀ լոգիստիկս կառգո» ընկերությունների սեփականատերն է։
Մելքոնյանի հետ նույն օրը 4 մլն է փոխանցել նրա հետ փոխկապակցված Հայկ Մարտիրոսյանը։ Վերջինս Մելքոնյանի «ՏՄՀ լոգիստիկս կառգո»-ի տնօրենն է։
Կառավարությունից արտոնություններ ստացած նվիրատուները
Հայկ Մելքոնյանը ՔՊ-ին նվիրաբերել է 3 մլն դրամ։ Նման անունով ընտրողների ռեգիստրում 2 մարդ կա։ Նրանցից մեկը «Բեստպակ» ընկերության տնօրենն է, որի սեփականատերը Տիգրան Վարդանյանն է։
Factor.am-ը զանգահարեց «Բեստպակ»-ի տնօրեն Հայկ Մելքոնյանին, որը հաստատեց, որ փոխանցումն ինքն է արել, սակայն ասաց, որ գումարն իրենը չի եղել, այլ՝ իրեն խնդրել են փոխանցել։ Թե ո՞վ է խնդրել՝ Մելքոնյանը չպատասխանեց։
«Բեստպակ»-ի սեփականատեր Տիգրան Վարդանյանին է պատկանում նաև կաթնամթերքի շուկայում հայտնի «Դուստր Մարիաննա» ընկերությունը։ Այն պարբերաբար արտոնություններ է ստանում կառավարությունից․ օրինակ՝ 2025-ի փետրվարին ընկերությունն ազատվել է 750 մլն դրամի մաքսատուրքից։
ՔՊ-ին 2․5 մլն դրամ նվիրատուների շարքում են Վայոց ձորի մարզպետ Վահագն Արսենյանը և նրա ընտանիքին պատկանող «Ջերմուկ մայր գործարան» ՓԲԸ-ի և «Ջերմուկ գրուպ» ՓԲԸ-ի տնօրենները՝ Եղիշե Արսենյանը և Վլադիմիր Պողոսյանը, յուրաքանչյուրը՝ 2․5-ական միլիոն։ Վահագն Արսենյանը նաև որպես կուսակցական է անդամավճարներ փոխանցել ՔՊ-ին։ Հիշեցնենք, որ նա առաջիկա խորհրդարանական ընտրություններում ՔՊ-ի թեկնածուների ցուցակում 77-րդն է։ «Ջերմուկ Գրուպ»-ը բազմաթիվ անգամ մաքսատուրքի արտոնություն է ստացել կառավարությունից, օրինակ՝ 2026-ի հունվարին 18 մլն դրամի, 2023-ի սեպտեմբերին 102․6 մլն դրամի, 2019-ի օգոստոսին 804 մլն դրամի և այլն։

Իշխող ուժին 2․5-ական միլիոն դրամ են փոխանցել շինարարության կամ դրան կից ոլորտում գործող տարբեր ընկերությունների հիմնադիրներ և ղեկավարներ։
Այս ցանկում են․
- Պողոս Ներսիսյան՝ «Նատուրալ շին» ՍՊԸ,
- Նորայր Մովսիսյան՝ «Ֆյուչեր Քընսթրաքշըն» և «Ինֆեռնո 55» ՍՊԸ-ներ,
- Նաիրի Սարգսյան՝ «Ջի Թի Բի Սթոուն» ՍՊԸ տնօրեն․ նա նախկինում վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգնականն էր, ՔՊ-ական ներկայիս պատգամավոր Հայկ Սարգսյանի եղբայրն է։ Առաջիկա ընտրություններին, հիշեցնենք, Հայկ Սարգսյանը չի մասնակցում․ ՔՊ վարչության որոշմամբ նա չի ընդգրկվել կուսակցության նախընտրական ցուցակում։
Հայկ Մխիթարյան՝ «Էմ Էյչ Գրուպ», «Էմ Շին» ՍՊԸ-ներ։ Այս նվիրատվությունն ուշագրավ է, քանի որ Մխիթարյանի մեկ այլ ընկերություն՝ «Մխիթարյան Գրուպ» ՍՊԸ-ն, 2020-ին սնանկ է ճանաչվել ՊԵԿ-ի պահանջով՝ 3․6 մլն դրամ պարտքի պատճառով։ Հավելենք, որ «Էմ Էյչ Գրուպ»-ը 2024-ին Միասնական սոցիալական ծառայությունից 1․8 մլն դրամ դրամաշնորհներ է ստացել՝ Ղարաբաղից բռնի տեղահանված քաղաքացիների համար աշխատանքային փորձի ձեռքբերման և կարճաժամկետ դասընթացների կազմակերպման համար։
Պետպատվերներ ստացող նվիրատուներ
Վայոց ձորից եղբայրներ Գարիկ և Վահիկ Հակոբյանները, նրանց հորեղբորորդին՝ Աշոտ Հակոբյանը, 2-3 օրվա տարբերությամբ յուրաքանչյուրը 2․5 մլն դրամ են նվիրաբերել ՔՊ-ին։ Եվս 1 մլն դրամ նվիրաբերել է Գարիկի և Վահիկի հայրը՝ Արտուշ Հակոբյանը, որը կուսակցական է ու նաև անդամավճարներ է մուծել։
Հակոբյանները մի քանի ընկերություններ ունեն, այդ թվում՝ գազալցակայաններ։ Նրանց է պատկանում «Ոսմար» ՍՊԸ-ն, որ զբաղվում է ճանապարհաշինարարությամբ և 2024-25 թվականներին 19 մլրդ դրամի պատվերներ է ստացել պետությունից։
Եվս մի ուշագրավ անուն՝ Բագրատ Բադալյան․ մինչև 2023 թվականը Հայաստանի վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալն էր, պաշտոնավարման ընթացքում ԱՄՆ-ում 584 հազար 950 դոլարով առանձնատուն էր գնել։ Անցած տարվա ընթացքում նա ՔՊ-ին 2 մլն դրամ է նվիրաբերել։ Բադալյանի ընտանիքին պատկանող «Ճաննախագիծ» ինստիտուտ ՍՊԸ-ն շինարարական նախագծերի գնահատման, տեխնիկական հսկողության իրականացման պետգնումների մշտական հաղթողներից է․ 2025-ին այն ստացել է 544 մլն դրամի պատվեր, 2024-ին՝ 728․5 մլն դրամի։

ՔՊ-ին 2․5 մլն դրամ նվիրատվություն է արել նաև Սուրեն Գալստյանը։ Մինչև 2022-ի մարտ նա ՀՀ արդարադատության նախարարության գլխավոր քարտուղարն էր, իսկ ավելի վաղ՝ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի օգնականը։ Նրան են պատկանում «Արմատ Ըդվայզրի», «Իմպորտ Հաբ», «Հայնավթ» ընկերությունները։
Factor.am-ի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ ՔՊ-ի խոշոր նվիրատուների մոտ 1/3-ը կա՛մ կապված է խոշոր բիզնես խմբերի հետ, կա՛մ օգտվում է պետական արտոնություններից ու պատվերներից։ Միևնույն ժամանակ, բազմաթիվ փոխանցումներ կարծես կատարվել են համակարգված՝ նույնական չափերով և կարճ ժամանակահատվածներում։
2026-ի հունիսի 7-ին կայանալիք ընտրությունների կապակցությամբ ՔՊ-ն գույքի և եկամուտների հայտարարագիր է ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողով, ըստ որի կուսակցությունը ստացել է մոտ 481․8 մլն դրամ նվիրատվություն։ Սա վերաբերում է 2025-ի ապրիլի 1-ից 2026-ի ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածին։ Factor.am-ի հաշվարկով ստացվում է, որ 2026-ի առաջին 3 ամիսների ընթացքում ՔՊ-ն մոտ 286․5 մլն դրամ նվիրատվություն է ստացել։ Հայտարարագրում ներկայացված չեն նվիրատուների անունները։
Նշենք նաև, որ նվիրատուների ցուցակներ հրապարակում են շատ քիչ կուսակցություններ։ Օրինակ՝ ՀՅԴ, «Հայրենիք» կուսակցությունները, սակայն անհամեմատելի քիչ է թե՛ նրանց նվիրատուների քանակը, թե՛ նվիրաբերած ընդհանուր գումարը։ Առաջիկայում Factor.am-ը կանդրադառնա նաև այս կուսակցությունների նվիրատուներին։
Գայանե Խաչատրյան