Կառավարությունը երկրի զարգացման իր տեսլականը պատկերում է՝ որդեգրելով  ՀՅԴ-ի «Զարգանալ` չզիջելով» սկզբունքը. ՀՅԴ հայտարարությունը

Լուրեր

09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
09.08.2026 | 11:01
Ռուսաստանը հարվածել է Օդեսային և Խարկովին․ երկու մարդ զոհվել է, ավելի քան 20-ը՝ վիրավորվել
09.08.2026 | 10:44
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.08.2026 | 10:15
Վթարային ջրանջատում Արարատում
09.08.2026 | 00:05
Էդգար Սևիկյանը խաղացել է Մադրիդի «Ռեալի» դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 19:55
Օգոստոսի 10-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.08.2026 | 19:53
Սայաթ-Նովայի պողոտայում բռնկված հրդեհը մարվել է
08.08.2026 | 19:43
Բանակային խաղերը մասնակիցների համար ստեղծում են ինքնադրսևորման նոր հարթակներ. վարչապետ
08.08.2026 | 19:40
Ավարտվել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային 4-րդ խաղերը. հայտնի են հաղթողները
08.08.2026 | 19:25
Հրդեհ՝ Սայաթ-Նովայի պողոտայի շենքերից մեկում. 5 բնակչի տարհանել են
08.08.2026 | 18:48
Խաղաղությունն ու բարգավաճումը փոխկապակցված են. Ռուբիոն՝ Հայաստանի և Ադրբեջանի տնտեսական հնարավորությունների մասին
08.08.2026 | 18:31
Երևանում մեկ օրում պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 34 մոտոցիկլետ
08.08.2026 | 17:55
Փաշինյանն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Բոլորը

Հուլիսի 17-ին տեղի է ունեցել ՀՅԴ Բյուրոյի և ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի համատեղ ընդլայնված նիստ, որին մասնակցել են կուսակցության մարզային կոմիտեների ներկայացուցիչներ, ՀՅԴ-ական պատգամավորներ և գործադիր իշխանության ներկայացուցիչներ: Նիստի ընթացքում հայտարարություն է ընդունվել, որը ներկայացվում է ստորև.

«Քննելով ՀՀ ներքին և արտաքին քաղաքական, տնտեսական, սոցիալական իրավիճակը,  երկրի ռազմավարական զարգացման առաջնահերթությունները և այդ ուղղություններով կուսակցության կատարած աշխատանքներն ու անելիքները, ինչպես նաև հավատարիմ մեր նախընտրական խոստմանը, այն է` պարբերաբար հանդես գալ կատարված և առաջիկա աշխատանքների հանրային հաշվետվությամբ, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը կատարում է հետևյալ հաստատումները.

– Հայաստանի Հանրապետությունը թևակոխել է զարգացման որակապես նոր փուլ: Սահմանադրության բարեփոխումներից բխող օրենսդրական և պետական կառավարման համակարգի փոփոխությունները նոր հնարավորություններ են բացում պետության ու հասարակության զարգացման, ժամանակակից ժողովրդավարական պետության կառուցման համար:

– Հայաստանի Հանրապետությունը շարունակում է դիմակայել արտաքին քաղաքական մարտահրավերներ, որոնք ստիպում են անցում կատարել առաջանցիկ զարգացման քաղաքականության: Առաջնահերթ է դառնում մեր երկրի զարգացման ռազմավարական տեսլականի մշակումը և դրանից բխող ծրագրերի իրագործումը:

– Հայաստանի և Արցախի Հանրապետությունների անվտանգության հիմնախնդիրը շարունակում է հիմնական օրակարգ մնալ և էապես պայմանավորում է թե առկա իրավիճակը, թե զարգացման ռազմավարական ծրագրերի առաջնահերթությունները:

– Խորհրդարանական ընտրություններից հետո ձևավորված ՀՀ կառավարության ներկայացրած  գործունեության ծրագիրը  բխում է  Քաղաքական կոալիցիայի հուշագրով ամրագրված սկզբունքներից  ու առաջնահերթություններից  և ներառում է ՀՅԴ քաղաքական ուղեգծի սկզբունքային հաստատումները:

Մասնավորապես.

– կարևորվում է սահմանադրական բարեփոխումներով սկսված համակարգային և որակական փոփոխությունները խորացնելու և անշրջելի դարձնելու անհրաժեշտությունը,

– առաջնահերթ է համարվում  հասարակության մեջ պետության և ապագայի հանդեպ վստահության ու լավատեսության հիմքերի ստեղծման նպատակով նոր որակի իշխանության ձևավորումը,

– կատարվում են համապատասխան անհրաժեշտ քայլերն`  ամբողջացնելու մարդու արժանապատվության անխախտելիության ու իրավունքի գերակայության սկզբունքների լիարժեք իրացումը երաշխավորող մարդու իրավունքների ու ազատությունների ապահովման համակարգը,

– լուրջ քայլեր են իրականացվում ապահովելու իշխանության բոլոր մարմինների թափանցիկ, հաշվետու և արդյունավետ աշխատանքը՝ ձևավորելով սահմանադրական նոր կարգից բխող ներիշխանական հարաբերություններ,

– նոր թափ է հաղորդվում հակակոռուպցիոն պայքարին , հակակոռուպցիոն քաղաքականությունը ակտիվացնելու և ինստիտուցիոնալ դարձնելու հիմք է ստեղծված,

– ամբողջացվում է «Ազգ-բանակոն» հայեցակարգը՝ հատուկ ուշադրություն դարձնելով հայրենական գիտական և տեխնոլոգիական մտքի վրա հիմնված ռազմարդյունաբերական համալիրի ձևավորմանը,

– աստիճանաբար ձևավորվում է կայուն զարգացում ապահովող սոցիալ – շուկայական տնտեսական համակարգ, վերանայվում է իրականացվող սոցիալական քաղաքականությունը, որակապես նոր մակարդակի է բարձրացվել տարբեր ոլորտներում պետություն- մասնավոր հատված  համագործակցությունը, աճել են արտահանման տեմպերը, փորձ է արվում ներմուծվող ապրանքների մի մասը փոխարինել տեղական արտադրությամբ, ստվերի դեմ արդյունավետ պայքարի արդյունքում ավելացել են բյուջեի հավաքագրումները, էապես բարելավվել են հարկային և մաքսային մարմինների աշխատանքը, թեթև արդյունաբերության, արդյունավետ գյուղատնտեսության, զբոսաշրջության խթանման մեխանիզմներ են ստեղծվում, կան նոր և լուրջ ներդրումների ծրագրավորումներ՝ այդ թվում մարզերի մակարդակում,

– էականորեն փոխվել է ՀՀ կառավարության աշխատանքի որակը, հանրության մեջ ձևավորվում են վիճակի փոփոխության դրական սպասումներ, որոնք կարող են առարկայանալ հետևողական և սկզբունքային աշխատանքով,

– կառավարությունը երկրի զարգացման իր տեսլականը պատկերում է՝ ըստ էության որդեգրելով  Հ.Յ. Դաշնակցության կողմից բազմիցս հիշատակված «Զարգանալ` չզիջելով» դժվարին, սակայն արժանապատիվ սկզբունքը: Կառավարության այս ծրագիրը կառուցված է այն գաղափարախոսության վրա, ըստ որի՝ չնայած նրան, որ Հայաստանը դիմակայում է անվտանգության լրջագույն սպառնալիքների և մարտահրավերների, երկիրը պարտավոր է և կարող է զարգանալ առանց զիջելու մեր ազգային ռազմավարական շահերը: Կառավարությունը փաստացի ստանձնում է հենց այսպիսի հանձնառություն և հայտ է ներկայացնում ապացուցել, առանց մեր սերունդների ձեռք բերածը կորցնելու, երկրի առաջանցիկ զարգացումը ապահովող հայեցակարգի կենսունակությունը,

– լուրջ նախադրյալներ են ստեղծվել Հայաստան-Սփյուռք համատեղ ներուժի արդյունավետ օգտագործման իրական մեխանիզմներ ստեղծելու առումով,

– կառավարությունը, քաջ գիտակցելով երկրի դեպի ծով ելք չունենալու, շրջափակման մեջ լինելու ծանրագույն պայմանները, հանձնառություն է ստանձնում երաշխավորել Հայաստանի և Արցախի միասնական անվտանգությունը, անհրաժեշտ թափ հաղորդել մեր երկրի զարգացմանը՝ ձևավորելով դրա համար բավարար արտաքին և ներքին ռեսուրս:

Քննելով կատարված աշխատանքների արդյունքները՝ ՀՅԴ Բյուրոյի և Գերագույն Մարմնի համատեղ նիստն արձանագրում է, որ Քաղաքական Կոալիցիայի մեջ ՀՅԴ մասնակցությունը դրական արդյունքներ է արձանագրել և կարևոր նշանակություն ունի երկրում համակարգային և խորքային համալիր բարեփոխումներ իրականացնելու համար:

Անդրադառնալով առաջիկա անելիքներին՝  ՀՅԴ Բյուրոյի և Գերագույն Մարմնի համատեղ նիստն արձանագրում է.

– Մեզ համար առաջնահերթ են Հայաստանի ու Արցախի Հանրապետությունների անվտանգությունը, բոլոր ուղղություններով կայուն զարգացումը և երկրում սոցիալական արդարությունը: Մեր համոզումն է, որ այս փոխկապակցված և փոխլրացնող ռազմավարական ուղղությունները` Անվտանգություն, Արդարություն, Զարգացում, ապահովելու են մեր երկրի ու հասարակության բնականոն զարգացումը, Հայաստանի ու հայության արժանապատիվ տեղն ու դերը ազգերի ընտանիքում:

– Կոալիցիայի մեջ ՀՅԴ մասնակցությունը կարևոր նշանակություն ունի համակարգային և խորքային համալիր բարեփոխումներ իրականացնելու և վերոնշյալ ռազմավարական ուղղություններով երկրի զարգացման համար:

– Մեր արտաքին ռեսուրսը հմուտ դիվանագիտություն իրականացնելու, սփյուռքի մեր ներուժը զորաշարժի բերելու միջոցով բազմակողմանի քաղաքական և տնտեսական կապերն ամրապնդելու, դաշնակից ու բարեկամ երկրների շրջանակը հետևողականորեն ընդլայնելու մեջ է: Ներքին ռեսուրսը բազմապատկելու գրավականը հայ մարդու իրավունքների և ազատությունների երաշխավորումն է, ներազգային համերաշխության ու արդարության ապահովումը:

Դրան հասնելու համար բարենպաստ միջավայր ձևավորելուն են կոչված ծրագրային այնպիսի առաջնահերթություններ, ինչպիսիք են`

– սահմանել արդյունավետ կառավարման չափորոշիչներին համապատասխանող կառավարության նոր կառուցվածք և գործունեության կարգ,

– կառավարման խորհրդարանական ձևին անցնելու այս փուլում, ՀՀ Սահմանադրությանը համահունչ և միջազգային լավագույն փորձի հաշվառմամբ, ձևավորել  համապատասխան օրենսդրություն,

– հետևողական լինել հակակոռուպցիոն պայքարի ինստիտուցիոնալացման փուլում դրա թափանցիկությունը, վստահելիությունն ապահովող մեխանիզմների որդեգրման հարցում,

– դատական իշխանության բարեփոխումների հետ են կապված մարդու իրավունքների պաշտպանությունը և արդարության հաստատումը: Դրա հիմնաքարը դրվելու է Դատական օրենսգիրք ընդունելով և դրան համապատասխան Բարձրագույն Դատական Խորհուրդ ձևավորելով,

– շարունակել ընտրական համակարգի բարեփոխումները` նկատի ունենալով մեր հասարակության և միջազգային դիտորդական առաքելությունների դիտողությունները, առաջարկները,

– միջազգային խորհրդարանական համակարգերի առաջադեմ փորձի տեղայնացումը՝ ապահովելով պետական կառավարման, տարածքային և տեղական ինքնակառավարման արդիականացումն ու արդյունավետությունը, մասնավորապես կառավարություն-վարչապետ-նախարար սահմանադրությամբ նախատեսված կարգավիճակներին համապատասխան լիազորությունների և պարտականությունների պատշաճ օրենսդրական կարգավորումը,

– խոշորացված համայնքներում համայնքի ղեկավարի անուղղակի ընտրության մոդելի և համայնքների ավագանիների համամասնական ընտրական համակարգի ներդրումը,

– հասարակության լայն վստահությունը վայելող կոռուպցիայի դեմ պայքարի անկախ ինստիտուցիոնալ համակարգի հիմնումը, ինչի համար անհրաժեշտ օրենսդրական կարգավորումներն արդեն կատարված են,

– բարձր որակավորում ունեցող, մրցունակ, արժանավայել ու վստահելի մարդկային կապիտալ ձևավորելուն կոչված արդար ու թափանցիկ կադրային քաղաքականությունը,

– Հայաստանի, Արցախի և Սփյուռքի՝ որպես մեկ միասնական հայության ամբողջացում, հայության ճակատագրում բոլոր հայերի մասնակցությունն ապահովող համապատասխան իրավաքաղաքական միջավայրի ստեղծումը,

– «Ազգ-բանակ» հայեցակարգի ամբողջականացման հիմքում հակառակորդին խաղաղության պարտադրելու մոտեցումը որդեգրելը, Արցախի հարցում ամբողջական ներուժի համախմբմամբ քաղաքական ամբողջ դաշտի կոնսենսուսի ապահովումը: