Եվրոպական մշակույթի կուլիսներում․ Ֆրանսիայի նախագահի կռահումը
Սենայի ափին, Փարիզի 13-րդ շրջանում վեր խոյացող չորս աշտարակները ո՛չ բնակելի շենքեր են, ինչպես մեր աչքն է սովոր, ո՛չ հյուրանոցներ, ո՛չ էլ բիզնես կենտրոններ։ Այս շինություններում եւ դրանց տակ տեղավորված է աշխարհի ամենամեծ գրադարաններից մեկը՝ La BnF-François Mitterrand-ը։
Ի՞նչ կապ ունի այն Ֆրանսիայի նախկին նախագահ Ֆրանսուա Միտերանի հետ, ինչո՞ւ է կրում նրա անունը, պարզապես հարգանքի տո՞ւրք է։
1988 թվականի հուլիսի 14-ին՝ Բաստիլի գրավման օրը, Ֆրանսիայի սոցիալիստական շարժման առաջնորդ, 21-րդ նախագահ Ֆրանսուա Միտերանը (1981-1995) տոնական հեռուստաուղերձում ներկայացրեց Փարիզում աշխարհի ամենախոշոր եւ ամենաժամանակակից գրադարաններից մեկը կառուցելու եւ զարգացնելու իր ծրագիրը։

Հայտարարությունը միանշանակ չընդունվեց։ Եղան քննադատություններ՝ կապված նախագծի հավակնոտության, չափազանց մեծ բյուջեի հետ։ Ավելի ուշ քննադատության թիրախ դարձավ նաեւ գրադարանը նախագծող ճարտարապետ Դոմինիկ Պերրոն։
Միտերանին քննադատողները հղում էին անում Ֆրանսիայի տնտեսության այդ օրվա ծանր վիճակին եւ զարմանում, թե ինչպես կարելի է նման պայմաններում պետական ահռելի միջոցներ ներդնել նոր գրադարան ստեղծելու նախագծում, երբ ակնհայտ է, որ աշխարհում օր-օրի զարգացող տեխնոլոգիաներն այլ բովանդակություն եւ այլ ձեւեր են բերում։
Ճիշտ է, այդ ժամանակ դեռ բավականաչափ զարգացած չէր համացանցը, չկային կամ հասանելի չէին օնլայն հարթակներն ու սոցիալական ցանցերը, բայց գրադարանի, այն էլ այդչափ մեծ մի հաստատության, ստեղծումը կարող էր թվալ ժամանակավրեպ։
72-ամյա նախագահը պաշտոնավարման երկրորդ ժամկետում, հավակնոտ ծրագիր նախաձեռնելով, դժվար թե քաղաքական նպատակներ հետապնդեր, հատկապես որ, ինչպես հետո հայտնի դարձավ, հանրությունից գաղտնի պայքարում էր քաղցկեղի դեմ, ինչից էլ 1996-ին 80 տարեկանում մահացավ։
Դա ոչ թե երկրի առաջին դեմքի քմահաճույքն էր, այլ մտածված ու հետեւողական մի ծրագիր, որը նպատակ ուներ Ֆրանսիայում վերափոխելու գրքի ու մտքի միջավայրը։
Մեդիաթեք․ անվարժ քայլ դեպի թվային աշխարհ
Միտերանի նախագահության օրոք երկրում տեղի ունեցավ մունիցիպալ մեդիաթեքերի բում։ Ապակենտրոնացման քաղաքականության եւ պետական սուբսիդիաների միջոցով նրա կառավարությունը ֆինանսավորում էր տարածաշրջանային ենթակառուցվածքներ՝ վերակառուցելով եւ կառուցելով նոր տիպի կենտրոններ, որոնք մեծ դեր խաղացին մշակույթն ավելի մատչելի դարձնելու գործում։
Մեդիաթեքն ավելին էր, քան պարզապես ավանդական գրադարան. այն ի մի էր բերում գրքերը, ֆիլմերը, երաժշտությունը, ավելի ուշ նաեւ՝ թվային ռեսուրսները:
Մեդիաթեքը մշակույթի ժողովրդավարացման գործիք է, որը գրադարանները «գրքի տաճարից» վերածում է հանուրին հասանելի մուլտիմեդիա մշակութային կենտրոնների։
Հանրային մի ծառայություն, որը հասանելի է բոլորին՝ անկախ սոցիալական ծագումից։

1993-ին Ֆրանսուա Միտերանը բացեց Ֆրանսիայի հարավի Նիմ քաղաքի Carré d’Art մեդիաթեքը, որը քաղաքային գրադարանի եւ ժամանակակից արվեստի թանգարանի համադրություն է։

Բրիտանացի ճարտարապետ Նորման Ֆոսթերի նախագծած շինությունն ինը հարկանի է, որի կեսը գետնի տակ է։ Դա մտածվել է կառույցի պրոֆիլը շրջակա շենքերի մասշտաբին համապատասխանեցնելու համար: Ստորին հարկերում տեղակայված են գրապահոցները, արխիվները եւ կինոթատրոնը: Շենքը կառուցված է անտիկ հռոմեական Մեզոն Կարե տաճարի հարեւանությամբ՝ ընդգծելով ավանդական ու ժամանակակից մշակույթների շարունակական կապը։
Նույն չափանիշներով են հղացվել նաեւ տարածաշրջանային մյուս մեդիաթեքները, որոնք կառուցվում ու սկսում էին գործել Միտերանի պաշտոնավարման ավարտից եւ մահվանից հետո էլ։ Դրանք արտացոլում էին նրա համոզմունքը, որ մշակույթն ու գիտելիքը պետք է ոչ միայն կենտրոնացված լինեն մայրաքաղաքում, այլեւ տարածվեն երկրի բոլոր շրջաններում եւ ժամանակակից ձեւերով։
Մեդիաթեքները տեխնոլոգիական հեղափոխության կռահումն էին եւ Ֆրանսիայի մշակութային միջավայրը բերում էին առաջին աստիճանի պատրաստության՝ նորություններն ու փոփոխությունները դիմավորելու համար։
Նոր գրադարանը՝ նոր մտքի ճանապարհ
Նախագահ Միտերանն իր պաշտոնավարման 14 տարիների ընթացքում 15.7 միլիարդ ֆրանսիական ֆրանկի (ներկայում դա հավասարազոր է մոտ 4.3 միլիարդ եվրոյի) մշակութային եւ ճարտարապետական բազմաթիվ նախագծեր է իրականացրել։ Դրանք հայտնի են «Grands Travaux» (մեծ գործեր) ընդհանրական անվամբ։
«Grands Travaux»-ի ամենանշանակալի նախագիծը Ֆրանսիայի ազգային գրադարանի (BnF) ստեղծումն էր. համալիր՝ անկյունաձեւ չորս աշտարակներով, որոնք խորհրդանշում են ժամանակը, օրենքը, թվերն ու տառերը։
Հսկայածավալ այս նախագիծը մի քանի խնդիր էր փորձում լուծել՝ ի մի բերելով գիտելիքի բոլոր բնագավառները, դրանք հասանելի դարձնել բոլորին, օգտագործել տվյալների փոխանցման ժամանակակից ձեւերը, ապահովել հեռավար մատչելիություն ու կապ եվրոպական այլ գրադարանների հետ։

Լինելով միջին դարերից սկիզբ առած թագավորական հավաքածուների ժառանգորդը՝ BnF-ը՝ որպես Ֆրանսիայի մշակույթի նախարարության համակարգում գործող հաստատություն, դարձավ Եվրոպայի ամենահարուստ շտեմարաններից մեկը, որի ֆոնդերում կան 15 միլիոն գրքեր, շուրջ 400 հազար անուն պարբերական մամուլի համարներ։
Պատկերազարդ ավելի քան 10 հազար ձեռագրերով աշխարհում այն համարվում է առաջատարներից մեկը։ BnF-ն ունի նաեւ ընդհանուր հաշվով շուրջ 250 հազար այլ ձեռագրեր, քարտեզներ, փորագրանկարներ, լուսանկարներ, նոտաներ, դրամանիշներ, մեդալներ, տեսալսողական միավորներ։ Գրադարանը զբաղվում է նաեւ պահպանությամբ ու վերականգնմամբ։
Եթե գրադարանների վարկը չափվում է օգտվողների քանակով, ապա BnF-ը, կարելի է ասել, ակներեւ հաջողություններ է գրանցել։
Այսօր այն տարեկան ընդունում է ավելի քան մեկ միլիոն մարդու (օրական միջին հաշվով՝ 3330), ինչը չորս անգամ գերազանցում է նախկին Ազգային գրադարանի այցելուների քանակին։ Բացի այս՝ բազմաթիվ մարդիկ գալիս են Bnf մասնակցելու ցուցահանդեսների, համաժողովների, սիմպոզիումների եւ այլ միջոցառումների։

Հաջողության լուրջ ցուցիչ է նաեւ վեբկայքից օգտվողների քանակը՝ տարեկան 8.5 միլիոն այցելու եւ ամսական 1.5 միլիոն փաստաթղթերի դիտում։
Այցելուների շրջանում պարբերաբար անցկացվում են «բավարարվածության վարկանիշը» գնահատող հարցումներ։ 2000 թվականից այդ ցուցանիշն անշեղորեն աճում է։
Քայլ դեպի թվային աշխարհ
BnF-ը կապի մեջ է աշխարհի բազմաթիվ գրադարանների եւ նման հաստատությունների հետ։ Անդամակցում է միջազգային կազմակերպությունների, ինչպիսիք են օրինակ՝ Ազգային գրադարանների Եվրոպական կոնֆերանսը (CENL- The Conference of European National Librarians) ու «Եվրոպեանա» հիմնադրամը (Europeana Foundation)։
Ֆրանսիայի ազգային գրադարանի գործադիր տնօրեն (2007-2016) Բրունո Ռասինը եղել է այդ կազմակերպությունների նախագահ եւ այդ ժամանակ էլ արվել է առաջին հաստատուն քայլը դեպի թվային աշխարհ։
«Եվրոպեանա»-ն (https://www.europeana.eu ) համաեվրոպական մշակութային ժառանգության հարթակ է, որը ստեղծվել է 2008 թվականին Եվրոպական հանձնաժողովի կողմից՝ Ֆրանսիայի առաջարկով։
Այս ձեռնարկը Բրունո Ռասինը համարում էր մշակույթի բնագավառում Եվրոմիության ամենակարեւոր նախագիծը։
«Մեր հաջողությունը մեր ցանցն է։ Թանգարանները, գրադարանները, արխիվները, տեսաձայնային շտեմարանները համախմբվել են մի հարթակում, որը փնտրում է օգտատերերին իրենց իսկ մշակութային ժառանգությանը կապելու նոր միջոցներ»։
«Եվրոպեանա»-ի միջոցով այսօր հասանելի են ամբողջ մայրցամաքի ավելի քան 50 միլիոն թվայնացված մշակութային միավորներ՝ գրքեր, արվեստի գործեր, ֆիլմեր, երաժշտություն, ձեռագրեր, թերթեր եւ լուսանկարներ:

«Եվրոպեանա»-ն մշակութային ոլորտում թվային փոխակերպման առաջամարտիկներից է։ Քայլելով տեխնոլոգիական զարգացումներին զուգընթաց՝ այն արդեն ներառում է արհեստական բանականության գործիքներ։
«Եվրոպեանա»-ն ապահովում է աղբյուրների բազմազանություն։ Դրանում իրենց ներդրումն ունեն Ֆրանսիայի ազգային գրադարանը, Բրիտանական գրադարանը, Ռեյքսմյուզեումն ու եվրոպական այլ շտեմարաններ:
«Եվրոպեանա»-ի բովանդակությունը հասանելի է բազմաթիվ եվրոպական լեզուներով, ինչը այն դարձնում է ներառական եւ ավելի մատչելի: Ռեսուրսներն անվճար ու բաց են, որոնցից տարեկան օգտվում են շուրջ 4 միլիոն այցելուներ։
Չնայած այս ամենին՝ համաեվրոպական ցանցային այս հարթակի այցելուների թիվը շատ չէ։ Ի սկզբանե նախատեսված 6.6 միլիոնի փոխարեն վերջին տարիներին այն ունի 4.5-5 միլիոն այցելություն, այսինքն՝ Եվրոմիության երկրների բնակչության թվի հանրագումարի (2019 թվականի տվյալներով՝ 446 774 579) մեկ տոկոսից էլ պակաս։
Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն Աննա Չուլյանի կարծիքով դա կապված է մարդկանց մոտ ընթերցանության ընկալման փոփոխության հետ։ «Deep reading-ը կամ, ինչպես հայերեն կասենք՝ խորասույզ ընթերցանությունը, որը զարգացնում է ուղեղը, քննադատական մտածողությունը, դուրս է մղվել։ Դրա փոխարեն մարդիկ կարդում են կարճ տեքստեր, իսկ շատ դեպքերում հրապարակողները նախապես զգուշացնում են, թե մարդը կարդալիս քանի րոպե կծախսի, ինչից հետո ընթերցողը մտածում է՝ կարդա՞լ, թե՞ չկարդալ»։
Սա էլ իր հերթին փոխակերպումների է ենթարկում հանրային գրադարանները։ Դրանք այսօր Եվրոպայում ոչ թե ընթերցանության, գրքի հետ հարաբերվելու տարածքներ են, այլ սոցիալական հարթակներ։
Արհեստական բանականության հաղթարշավը
ԱԲ-ն աշխարհի գրադարաններում կարող է համակարգային մեծ փոփոխություններ բերել։ Հայաստանի ազգային գրադարանի տնօրենն ասում է՝ այժմ արդեն արհեստական միտքը ներխուժել է այդ ոլորտ։
«Աշխարհը խոսում է ներառականության մասին։ Այն գրադարանները, որոնցում պետությունը մեծ ներդրումներ կանի, շատ արագ առաջ կանցնեն»։
BnF-ն, օրինակ՝ գալիք տարվա ապրիլից ամբողջությամբ փոխակերպելու է մետատվյալների իր համակարգը։ «Ստեղծվել է «Նոյեմի» համակարգը, որը հիմնականում արհեստական բանականության մոդուլներով է աշխատելու։ Թե ինչպիսին է այն լինելու, դեռ չենք կարող ասել, կգործարկեն, կերեւա»։
Դրա առավելությունը որոնման նոր ձեւն է`տվյալների semantic search կոչված տեխնիկան, որը կենտրոնանում է հարցման համատեքստային իմաստի, այլ ոչ թե միայն համապատասխանող բառերի վրա։ «Դա ավելի բարձր մակարդակի որոնում է եւ ավելի լավ արդյունք կարելի է ակնկալել»,-ասում է Չուլյանը։
Շատ հարմարություններ եւ դյուրություններ առաջարկելով՝ ԱԲ-ն ստեղծում է նաեւ նոր խնդիրներ։ Դրանք երեւակվել էին արդեն թվային դարաշրջանի սկզբում։ Փոխվում են ստանդարտները, որոնք պահանջում են նոր սահմանումներ։ «Ի՞նչ է թվային մշակութային ժառանգությունը։ Մենք դեռ չունենք դրա սահմանումը։ Օրինակ՝ ԱԲ-ի օգնությամբ ես մի նկար եմ ստեղծել։ Հիմա բերել, հանձնում եմ գրադարանին։ Գրադարանը դա ինչպես պետք է մուտքագրի, ինչ տվյալներով՝ արհեստական բանականությո՞ւնն է համահեղինակը, արդյո՞ք դա կարող ենք դիտարկել որպես մշակութային ժառանգության մաս»,-ասում է Չուլյանը։
Այսուհանդերձ նա լավատես է, որ իրականացվող փոփոխությունները կնպաստեն գրադարանային ոլորտի բարելավմանը, իսկ հընթացս առաջացող խնդիրները կլուծվեն։
ՎԵՐՋԱԲԱՆ
1988-ից անցել է արդեն երեսունյոթ տարի։ Մարդկությունը նոր հազարամյակ է մտել։ Տեխնիկայի եւ տեխնոլոգիաների սրընթաց զարգացումը հասել է անասպասելի բարձունքների, այդուհանդերձ առաջընթացի գլխավոր երաշխիքը եղել ու շարունակում է մնալ պետական գործիչների, հասարակական եւ մշակութային դերակատարների կամքն ու հեռատեսությունը։
Ֆրանսուա Միտերանի օրինակը պատահական չէ ընտրված, քանզի արտառոց չէ մշակույթի զարգացման եվրոպական համատեքստում։ Ինչպես Ֆրանսիայում, նույնպես եւ ԵՄ բազմաթիվ երկրներում գործում են առանձին, հատուկ ինստիտուտներ, որոնք մշակում են հեռահար ծրագրեր՝ ժառանգությունն ու հիշողությունը ժամանակին համաքայլ տանելու համար։
Տիգրան Պասկեւիչյան
Սույն հոդվածը հրապարակվել է «Պարզաբանելով ժողովրդավարությունը․ իրազեկման նախաձեռնություն» ծրագրի շրջանակում՝ Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանության ֆինանսավորմամբ։