Ուղիներ է բացում դեպի կարևոր միջանցք․ Gulf Research Center-ը՝ ՀՀ-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի՝ Պարսից ծոցի երկրների համար աշխարհաքաղաքական նշանակության մասին
Քաղաքականություն
25.08.2025 | 22:00
Հայաստանի և Ադրբեջանի միջև 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հովանու ներքո ստորագրված խաղաղության համաձայնագիրը կարևոր քայլ է Հարավային Կովկասում ավելի մեծ կայունության հասնելու ուղղությամբ։ Պարսից ծոցի պետությունների համար համաձայնագիրը նշանակություն ունի անմիջական տարածաշրջանից այն կողմ՝ ուղիներ բացելով դեպի Եվրոպան և Ասիան կապող աշխարհաքաղաքականորեն կենսական միջանցք:
Քանի որ Պարսից ծոցի երկրները շարունակում են ամրապնդել իրենց դերը որպես միջին տերություններ և խորացնել իրենց ներգրավվածությունը Եվրասիայի գործերում, Կովկասը ներկայացնում է և՛ հնարավորություն, և՛ պատասխանատվություն. այս տարանցիկ հանգույցի կայունացմանը նպաստելը կարող է բարելավել առևտրային և էներգետիկ կապը՝ միաժամանակ ամրապնդելով Պարսից ծոցի դերը որպես կառուցողական գործընկեր հակամարտությունների կարգավորման և հակամարտությունից հետո վերականգնման գործում։ Այս մասին ասվում է Սաուդյան Արաբիայի Gulf Research Center-ի գիտաշխատող Լեյլա Ալիի հրապարակման մեջ։
Նշվում է, որ Պարսից ծոցի երկրների տեսանկյունից խաղաղության համաձայնագիրը համապատասխանում է մի քանի գերակա նպատակների՝ տնտեսական կապերի դիվերսիֆիկացումն ածխաջրածիններից այն կողմ, նոր առևտրային միջանցքների միջոցով կապի ամրապնդումը և վերակառուցման մեջ ներդրումներ կատարելը որպես քաղաքական ազդեցության միջոց։
Սաուդյան Արաբիայի, ԱՄԷ-ի և Կատարի համար Կովկասի կայունությունը համահունչ է նրանց ձգտմանը՝ որպես կամուրջ հանդես գալով տարածաշրջանների միջև և ընդլայնել իրենց ազդեցությունը Եվրասիական ցամաքով մեկ։ Համաձայնագիրը դիտարկվում է ոչ թե որպես երկկողմանի լուծում, այլ ավելի շատ որպես եվրասիական ավելի լայն ինտեգրման գործընթացի մի մաս, որում Պարսից ծոցը կարող է դեր խաղալ։
Հրապարակման մեջ հիշեցվում է, որ Արաբական Միացյալ Էմիրությունները դեր է խաղացել երկխոսության համար տարածք ստեղծելու գործում՝ 2025 թվականի հուլիսին հյուրընկալելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև նախնական հանդիպումը։
Ավելին, Պարսից ծոցի երկրները գնահատում են խաղաղության համաձայնագրի խորհրդանշական արժեքը: Դեռևս 2025 թվականի մարտին Պարսից ծոցի համագործակցության խորհրդի գլխավոր քարտուղար Ջասեմ Ալբուդաիվին ողջունել էր Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների առաջընթացը՝ հույս հայտնելով, որ համաձայնագիրը կնշանավորի երկու երկրների միջև համագործակցության, փոխադարձ հարգանքի և կայունության նոր փուլ:
Առևտրային կապը և Միջին միջանցքը
Խաղաղության համաձայնագրում Պարսից ծոցի երկրների ամենաանմիջական հետաքրքրությունն առևտրային կապն է։ Հարավային Կովկասը կենտրոնական տեղ է զբաղեցնում, այսպես կոչված, Միջին միջանցքի՝ Չինաստանը Կենտրոնական Ասիայի, Կասպից ծովի, Կովկասի և Թուրքիայի միջոցով Եվրոպային կապող տրանսկասպյան երթուղու համար։ Պարսից ծոցի պետությունների համար այս միջանցքը ոչ միայն տնտեսական հնարավորությունների, այլև ռազմավարական դիմակայունության հարց է։ Քանի որ Կարմիր ծովում լարվածությունը շարունակվում է, իսկ Սուեզի ջրանցքը մնում է խափանումների ենթակա խոչընդոտ, ինչպես դա երևաց 2021 թվականի ճգնաժամի ժամանակ, երբ փակվել էր Սուեզի ջրանցքը, և վերջերս հութիների սպառնալիքների ժամանակ, առևտրային ուղիների դիվերսիֆիկացիան դարձել է ռազմավարական անհրաժեշտություն։ Պարսից ծոցի երկարաժամկետ տնտեսական տեսլականները հստակորեն ընդգծում են գլոբալ լոգիստիկ առաջատարությունը, և Միջին միջանցքը համապատասխանում է այդ նկրտումներին։
Պարսից ծոցի երկրների սուվերեն ֆոնդերի և լոգիստիկ ընկերությունների համար Կովկասյան տարածաշրջանը նաև խոստումնալից ասպարեզ է առաջարկում նավահանգիստներում, երկաթուղիներում և լոգիստիկ կենտրոններում ներդրումներ կատարելու համար: ԱՄԷ-ի DP World-ը, որն արդեն իսկ ակտիվ է Կենտրոնական Ասիայում և Կովկասում՝ Ղազախստանում, Ադրբեջանում և Վրաստանում իրականացվող նախագծերի միջոցով, կարող է ընդլայնել իր ներկայությունը՝ կառավարելով տերմինալներ և միջմոդալային կառույցներ երթուղու երկայնքով։
Սաուդյան Արաբիայի Հանրային ներդրումային հիմնադրամը (PIF), որն ավելի ու ավելի է կենտրոնանում ենթակառուցվածքների և տրանսպորտային դիվերսիֆիկացիայի վրա, կարող է հնարավորություններ գտնել ոչ միայն երկաթուղային կապի նախագծերում կամ Կովկասով դեպի Թուրքիա և այնուհետև դեպի Եվրոպա անցնող էներգետիկ տրանսպորտային խողովակաշարերում, այլև այն կապերում, որոնք ավելի խորը տարածվում են դեպի Կենտրոնական Ասիա։
Կատարի ներդրումային մարմինն էլ (QIA), օգտագործելով Դոհայի փորձը հեղուկացված բնական գազի առևտրի և նավագնացության ոլորտում, կարող է ներդրումներ կատարել բեռնափոխադրման ենթակառուցվածքների, մաքսային արդիականացման և թվային առևտրի խթանման հարթակներում, որոնք կամրապնդեն ինչպես Կովկաս-Եվրոպա երթուղիները, այնպես էլ Կենտրոնական Ասիա-Ծոցի համագործակցության կապը։
Էներգիան մեկ այլ չափորոշիչ է, որտեղ Պարսից ծոցի հեռանկարները համընկնում են խաղաղության դիվիդենդի հետ: Հարավային Կովկասն արդեն իսկ կարևոր տարանցիկ ուղի է Կասպից ծովի ածխաջրածինների, մասնավորապես՝ ադրբեջանական նավթի և գազի համար, որոնք հոսում են դեպի արևմուտք՝ դեպի Թուրքիա և Եվրոպա: Քանի որ Եվրոպան ձգտում է դիվերսիֆիկացնել իր էներգետիկան, աճում է Ադրբեջանի դերը, և, հետևաբար, աճում է նաև Կովկասով անվտանգ տարանցման նշանակությունը։Հայ-ադրբեջանական կայուն հարաբերությունները ամրապնդում են այս երթուղիների անվտանգությունը և հնարավորություններ են ստեղծում Պարսից ծոցի երկրների համար։
Նշվում է, որ Կովկասը նաև Պարսից ծոցի պետություններին հարթակ է տրամադրում նուրբ դիվանագիտական հավասարակշռություն պահպանելու համար: Տարածաշրջանում Թուրքիայի ընդլայնվող ազդեցությանը ներգրավվելով՝ միաժամանակ խորացնելով կապերը Ռուսաստանի, Չինաստանի և Կենտրոնական Ասիայի հետ, որոնցից յուրաքանչյուրը շահագրգիռ կողմ է զարգացող եվրասիական կարգում, Պարսից ծոցի երկրները կարող է իրենց դիրքավորել որպես կառուցողական և ճկուն խաղացող։
Նույնքան կարևոր է, որ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կայունությունը վերացնում է Միջին միջանցքի հուսալիության հիմնական քաղաքական և անվտանգության խոչընդոտներից մեկը՝ այն դարձնելով ավելի գրավիչ առաջարկ Պարսից ծոցի ներդրողների համար: Անվտանգ Հարավային Կովկասը կարող է ավելի սահուն ինտեգրվել Պարսից ծոցի և Կենտրոնական Ասիայի միջև համագործակցության առկա շրջանակներին։Այսպիսով, Կովկասով անցնող ինչպես առևտրային, այնպես էլ էներգետիկ միջանցքները դիտարկվում են ոչ թե մեկուսացված, այլ որպես ավելի լայն Պարսից ծոցի ռազմավարության մաս՝ եվրասիական և համաշխարհային առևտրային ցանցերում կենտրոնական հանգույցի դեր ստանձնելու համար։
Համապատասխանելով ավելի լայն եվրասիական ռազմավարությունների հետ
Խաղաղության համաձայնագիրը մեկուսացված զարգացում չէ, այլ ավելի լայն եվրասիական վերակազմակերպումների մի մասն է։ Պարսից ծոցի երկրների համար այս փոփոխությունների հետ ինտեգրվելը գլխավորն է։ Միջին միջանցքը փազլի մի կտորն է, որը ներառում է Չինաստանի «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» ծրագիրը, ԵՄ-ի կողմից անվտանգ մատակարարման շղթաների որոնումները և Ռուսաստանի կողմից իր տարածաշրջանային դիրքորոշման վերակարգավորումը։ Պարսից ծոցի երկրները, իրենց ներդրումներն ու դիվանագիտությունը այս շրջանակներին համապատասխանեցնելով, կարող են մեծացնել իրենց ազդեցությունը։
Նշվում է, որ Պարսից ծոցի տեսանկյունից, Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագիրը գերազանցում է երկկողմանի կարգավորումը. այն ունի ներուժ՝ առաջ մղելու ավելի լայն ինտեգրումը Եվրասիական առևտրի, էներգետիկայի և անվտանգության շրջանակներում: Նպաստելով հիմնական տարանցիկ հանգույցի կայունացմանը՝ համաձայնագիրը ամրապնդում է Միջին միջանցքի կենսունակությունը, բարձրացնում է էներգետիկ հոսքերի անվտանգությունը և բացում տարածք Պարսից ծոցի երկրների կառուցողական ներգրավվածության համար: Այնուամենայնիվ, խաղաղության պահպանումը կպահանջի ակտիվ քաղաքական աջակցություն: Ընդգծվում է, թե Միացյալ Նահանգները վերահսկում էր ստորագրումը, սակայն Վաշինգտոնը, հավանաբար, մեծ կապիտալ չի ներդնի դրա կայունությունն ապահովելու համար։
Սա կարևոր հնարավորություն է ստեղծում Ծոցի արաբական համագործակցության խորհրդի (ԾԳԽ) պետությունների համար, որոնք կարող են օգտագործել իրենց դիվանագիտական ազդեցությունը, կազմակերպչական ուժը և հավասարակշռված հարաբերությունները՝ համաձայնագրի պահպանումը երաշխավորելու համար, դիրքավորվելով որպես հուսալի կայունացնողներ Հարավային Կովկասում և որպես նախաձեռնող միջին տերություններ, որոնք ձևավորում են ավելի լայն եվրասիական կարգը։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի