Դու ո՞վ ես, որ «Սասնա ծռերի» անունից հանդես գաս. Պավել Մանուկյանը Գարեգին Չուգասզյանին դասալիք անվանեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
19.10.2018 | 17:30Factor.am-ի զրուցակիցն է ազատամարտիկ, «Սասնա ծռեր» խմբի անդամ Պավել Մանուկյանը
-Պարոն Մանուկյան, տեղեկություններ կան, որ համաներումը տարածվելու է նաև «Սասնա ծռեր» խմբի անդամների վրա։ Ինչպե՞ս եք վերաբերվում դրան։
– Ես ի՞նչ եմ արել կամ տղաներն ի՞նչ են արել, որ պետք է համաներման արժանան։ Մենք ընդամենը ժողովրդի տասնամյակներ կուտակված ժայթքումն ենք ի կատար ածել։ Նախօրոք էլ բազմիցս զգուշացրել ենք, որ մենք թույլ չենք տալու, որպեսզի պետական տեռորը գործի։ Մենք ըմբոստացել ենք ժողովրդի իրավունքի համար, եթե հարկ լինի՝ մի հատ էլ եմ ընմբոստանալու։
Բոլոր այդ պետական պարգևները, որ հետ էինք հանձնում, ահազանգում էինք, թե՛ ներքին, թե՛ արտաքին թշնամու դեմ, ոչ մի աջակցություն չկար, արտագաղթ, կամայականություններ, բացահայտ թալան, ի՞նչ զենքով, ի՞նչ միջոցով։ Ես համարում եմ, որ դա անհրաժեշտություն էր, հպարտորեն ասում եմ՝ ճիշտ ենք արել, եթե իմ ժողովրդի հետ կփորձեն նորից այս ձևով խոսել, նորից եմ ըմբոստանալու։
-Այսինքն զենքով հարց լուծելու էջը փակված չէ՞։
-Ես երբեք չեմ փակել, զենքը անհրաժեշտություն է, բայց պետք է զենքը լինի ազնիվ մարդկանց ձեռքում։ Ինձ համար ի՞նչ տարբերություն, եթե իմ ժողովրդին թալանում, սպանում են։ Թշնամին ազգություն չունի, ավազակն ազգություն չունի, բա ինչպե՞ս պատասխանենք նրանց։
– Դուք աղմկահարույց հայտարարություն արեցիք դատարանում, նշելով, որ ոստիկանության ծառայող Գագիկ Մկրտչյանի սպանության հեղինակը Արմեն Բիլյանը չէ, այլ էդուարդ Գրիգորյանը։ Կմանրամասնե՞ք պարոն Մանուկյան, թե իրականում ինչ է եղել։
-Նախ դա սպանություն չէր, դա պատահական կրակոց էր ձեռքին։ Նա 21 օր անց մահացավ արյան վարակումով, եթե ձեռքից վիրավորված ոստիկանը մահացավ, ուրեմն ես կամ Արամը, կամ մյուսները վաղուց պետք է կենդանի չլինեինք։
Մենք ոտքի էինք կանգնել մեր ժողովրդի ցասումը բավարարելու, ապստամբության իրավունքով, և եթե գնում էր քրեական դաշտ, ապա ես չէի կարող տարբերություն դնել Արամ Մանուկյանի, Արմեն Բիլյանի և Էդուարդ Գրիգորյանի միջև։ Ճշմարտությունը դա էր։ Ես կրկնում եմ, եթե անգամ որդիս՝ Արամը լիներ, ես էլի ասելու էի, որ կրակողը Արմեն Բիլյանը չէ, այլ Արամ Մանուկյանը։
Երկու տարիների ընթացքում Բիլյան Արմենը ոչ մի բառ չի խոսել այդ մասին։
-Ինչո՞ւ պարոն Մանուկյան, ինչո՞ւ էր լռում։
-Դա ապստամբի հոգուն բնորոշ գործելակերպ է։ Բայց ոչ ոք չի ասել, որ այսպիսի սցենար կար։ Ես ուղղակի չէի կարող հանդուրժել, ես չեմ կարող արդարությունը բանտում թողնել։ Արդարության մարտիկը, եթե դուրս է եկել արդարության համար մարտի, չի կարող մի կեղտոտ ուսապարկ շալակել ու դուրս գալ։ Ես հիմա էլ չեմ թողնի, որ Էդուարդ Գրիգորյանը հայտնվի բանտում, բայց ժողովրդի առաջ գոնե պարզ պետք է ասենք ճշմարտությունը։
Կամ, որ բանկոմատի կողոպուտը դրված է Արմեն Բիլյանի վրա, մենք բոլորս էլ այնտեղ ենք եղել։ Արմեն Բիլյանը նույնիսկ պահաջել է /Մխիթար Ավետիսյանից․ Լ․ Շ/, որ հիմնավորիր, ինչի՞ համար, դեմ է եղել, ես էլ եմ դեմ եղել, Վարուժան Ավետիսյանն էլ է դեմ եղել։
-Այսինքն Ձեզնից բացի էլի՞ մարդիկ գիտեին, որ ոստիկանի մահն ու բանկոմատի կողոպուտն Արմեն Բիլյանի կողմից չի եղել։
-Չե՞ք տեսնում դրա համար էլ բոլորի դեմքին թախիծ կա։ Դժվար է ճշմարտությունը թաղել ու խոսել ազնվությունից։ Բոլորն էլ լռում են, բոլորի հոգու մեջ էլ ցավ կա, բայց ես իրավունք չունեմ լռելու։ Ես իմ կենսագրությունն եմ դրել, իմ մեծ հարստությունը՝ տղայիս կյանքն եմ դրել։
– «Սասնա ծռերը» խմբավորումից զատ արդեն նաև կուսակցության տեսքով է հանդես գալիս ու խորհրդարանական ընտրություններին է պատրաստվում։ Բայց Դուք չեք անդամագրվել։ Ինչո՞ւ։ Առաջարկ չի եղել, թե ցանկություն։
-Ճիշտն ասած, բացահայտ առաջարկ չի եղել՝ իմանալով իմ բնավորությունը, որ ես դա չեմ ընդունելու։ Արդեն ասացի, եթե հիմքը մաքուր չէ, հնարավոր չէ, որ արդար լինի։ Այնտեղ մարդիկ կային, որոնք այդ օրերին դասալքել էին շարքերը, իսկ հիմա համարում են իրենց հիմնադիր անդամներ։ Այդպես չէ, ես չեմ ապստամբել, ես չեմ այդ քայլին դիմել, որ ինչ-որ մեկ-երկուսը, կամ երեքը բավարարված զգային, խոսքը Գարեգին Չուգասզյանի բավարարված լինելու մասին է։ Բայց դո՞ւ ով ես, որ «Սասնա ծռերի» անունից հանդես գաս։
Դասալքությունն իր հերթին, հայտարարությունն՝ այնպես չէ, որ «Սասնա ծռերը» սուրբ են, ոչ ընկե՛ր, ես իմ տղային եմ վերցրել մարտադաշտ արդարության համար, ասեք՝ որտե՞ղ են ձեր զավակները։ Այս հայրենիքը միակն է, իմ որդին էլ էր միակը, բայց որդիներ կլինեն, հայրենիքը չկա, միակն է։ Ես չեմ կարող լինել այնտեղ, որտեղ կեղծիքն է։
Եթե մինչև ՊՊԾ մտնելն իմ կարգախոսը «քոռ էշին, քոռ նալբանդ» էր, «քոռն» այստեղ չկամն է, ծույլը, դավադիր միտք ունեցողը, ապա հիմիկվանից կարգախոսս փոխելու եմ՝ «թաց կոպալով՝ չոր գանգին», անկախ նրանից՝ ով է դա՝ դատավոր, մարզպետ, թե այլ մեկը։
-Պարոն Մանուկյան, այսօր ի՞նչ հարաբերություններ ունեք Գարեգին Չուգասզյանի, Վարուժան Ավետիսյանի, Ժիրայր Սեֆիլյանի հետ, հանդիպե՞լ եք նրանց։
-Ճիշտն ասած, ոչ հանդիպել եմ, ոչ զրուցել եմ, ոչ էլ ցանկություն ունեմ։ Տհաճ է արդեն։ Վարուժանին ես բանտախցում մի բան եմ ասել․ ես Վարուժանին շատ էի սիրում, երբեմնի ինձ համար սիրելի Վարուժանը վերածվեց զզվելիի։ Նա ընդամենն ասաց՝ շնորհակալ եմ ազնիվ խոսքի համար, ես էլ ասացի, որ ցավում եմ կորստի համար։ Որտեղ վերջանում է ազնվությունը, այնտեղ սկսվում է սատանայի թագավորությունը։ Ես չկամ այդտեղ։
-ՊՊԾ գնդի գրավման օրերին, երբ Նիկոլ Փաշինյանը եկել և հարթակում ելույթներ էր ունենում, սրա մասին հետագայում ձայնագրություն հրապարակվեց, որտեղ Դուք կոչ էիք անում, որ քարով խփեն նրա գլխին, գցեն աղբամանը։ Փոշմանե՞լ եք Ձեր խոսքերի համար։
– Նախ՝ ձայնագրությունն ամբողջական չէ։ Ձայնագրությունը հետևյալն է եղել․ Նիկոլի հետ ես խոսել եմ, ասել եմ՝ Նիկոլ, թողեք այս ժողովուրդը մի անգամ հաղթանակ տանի, վերացրեք կուսակցական խաղերը, բոլոր կուսակցական դրոշները պետք է խոնարհվեն, իսկ ինքը ՔՊ-ից էր խոսում։ Հիմա ինչի՞ համար չեմ խոսում, հիմա թող «Քաղաքացիական պայմանագրից» էլ խոսի, Մոսկվայի խայտառակ պայմանագրից էլ խոսի, Սևրի դաշնագրից էլ թող խոսի, խոսելու ժամանակը հիմա է։ Բայց այդ պահին ժողովրդին չէր կարելի ցայտնոտի մեջ գցել։ Հիմա էլ եմ պատրաստ ասել այդ բառերը, եթե կկրկնվի։ Ըմբոստության ժամանակ բոլոր կուսակցական դրոշները պետք է վայր իջնեն։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։
Լիլիթ Շաբոյան