Անընդունելի է փաստաբանների կողմից անձանց սեռի, գենդերային ինքնության, կրոնական համոզմունքների կամ դրանց բացակայության, էթնիկ պատկանելության և այլ հիմքերով ատելության խոսքի տարածումը․ ՄԻՊ
ՀՀ փաստաբանների պալատը հայտարարություն է տարածել՝ վերնագրելով այն «Հայտարարություն Մարդու իրավունքների պաշտպանի կողմից փաստաբանական ինստիտուտի վերաբերյալ կատարած հրապարակումների առնչությամբ»։
Հիշեցնենք, որ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հայտարարություն էր տարածել այն մասին, որ կարևոր է, որպեսզի փաստաբանները պահպանեն էթիկայի և վարքագծի կաննոնները, իսկ փաստաբաններին ներկայացնող մարմինները հակազդեն այն բոլոր դեպքերին, երբ խախտվում են նշված կանոնները՝ հատուկ անդրադարձ կատարելով նաև փաստաբանների կողմից ատելության խոսքի լուրջ տարածում ունեցող դրսևորումներին, երեխաների իրավունքների հետ կապված խնդիրների։ Ընդ որում՝ հայտարարությունն ունի Փաստաբանների պալատին ուղղված գործընկերային համատեքստ և խոսույթ։
«Պաշտպանը ևս իր հարցազրույցներում, անդրադառնալով տարբեր դերակատարների կողմից արգելված խոսքի տեսակների գործածության տարածված դրսևորումներին, շեշտադրել է այն հանգամանքը, որ ցավալիորեն նման խոսք տարածվում է ոչ միայն հանրային իշխանություն իրականացնող պաշտոնատար անձանց, այլ նաև մասնագիտական համայնքների կողմից՝ հատուկ ընդգծելով փաստաբանների կողմից ատելության խոսքի տարածման դեպքերի մեծաքանակությունը, դրա անթույլատրելիությունը, փաստաբաններին ներկայացնող մարմինների կողմից այդ երևույթներին հակազդելու և այդ առումով նշված մարմինների բարեփոխման կարևորությունը։
Այս ամենին ի պատասխան՝ Փաստաբանների պալատը տարածել է փաստաբանների էթիկայի և վարքագծի կանոնների խախտումներն ու ատելության խոսքի տարածումը փաստացի արդարացնող հայտարարություն։
Փաստաբանների պալատի տարածած հայտարարության շրջանակներում փորձ է արվում տպավորություն ձևավորել, թե իբր Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունն անդրադարձել է իր նկատմամբ փաստաբանների քննադատություններին և դրա հիման վրա առաջարկել է բարեփոխել փաստաբանական համայնքը։
Հարկ ենք համարում ընդգծել, որ Պաշտպանի բոլոր հարցազրույցներում խոսքը որևէ կերպ չի վերաբերել ՄԻՊ հաստատության հետ կապված փաստաբանների հնչեցրած խոսքին։
Պաշտպանն անընդհատ խոսել է փաստաբանների կողմից ամենօրյա ռեժիմով տարածվող տարբեր հիմքերով ատելության և արգելված խոսքի այլ դրսևորումների մասին։
Մի անգամ ևս ընդգծում ենք, որ անընդունելի է փաստաբանների կողմից անձանց սեռի, գենդերային ինքնության, կրոնական համոզմունքների կամ դրանց բացակայության, էթնիկ պատկանելության և այլ հիմքերով ատելության խոսքի տարածումը, որը ցավալիորեն լուրջ ծավալներ ունի Հայաստանում։ Անընդունելի ենք համարում ոչ միայն փաստաբանների կողմից նման խոսքի տարածումը, այլ նաև արգելված այս վարքագծի մասին ՄԻՊ հաստատության բարձաձայնումները Փաստաբանների պալատի կողմից այս ձևաչափով լռեցնելու փորձը։
Փաստաբաններին ներկայացնող մարմիններն առաջինը պետք է պայքարեն նշված երևույթների դեմ՝ ոչ միայն ֆորմալիզացնելով առկա ընթացակարգերը, այլ նաև հստակ հաղորդագրություն փոխանցելով փաստաբաններին, որ արգելված խոսքի ու վարքագծի տեսակները, էթիկայի նորմերի խախտումները ընդունելի չեն համայնքի համար։
Արձանագրում ենք, որ նման հայտարարությամբ Պալատը փաստացի արդարացնում է նշված երևույթները՝ վնաս հասցնելով մարդու իրավունքների պաշտպանության և խթանման ընդհանուր համակարգին ու այդ ոլորտում առկա հանրային ընկալումներին։
Անհասկանալի է Փաստաբանների պալատի հայտարարության՝ բարեփոխման որևէ անհրաժեշտություն չունենալու հաղորդագրություն փոխանցելու տրամաբանությունը, քանզի բարեփոխման կարիք ունեն բոլոր մարմինները՝ լինեն դրանք պետական, միջազգային, մասնավոր, թե այլ ձևաչափ ունեցող։ Ուստի, ինչպես բոլոր այլ մարմինների, այնպես էլ փաստաբանական համայնքի բարեփոխումներն անհրաժեշտություն են միշտ և դրանց առանցքում պետք է լինեն նաև մարդու իրավունքների խթանումն ու այդ տեսանկյունից վարքագծի արգելված տեսակների դեմ արդյունավետ պայքարը, այլ ոչ պայքարի մեխանիզմների ֆորմալիզացումը։
Ավելին, փաստաբանությունը իրավապաշտպան գործունեություն է ոչ թե իր անվանման, այլ իրավապաշտպան գործունեության հիմքում ընկած արժեքներն ու սկզբունքները պահպանելու ուժով։ Իսկ դա հնարավոր է բացառապես մարդու իրավունքներին վերաբերելի կարևորագույն ոլորտների, այդ թվում՝ իրավահավասարության ու հակախտրականության, երեխաների իրավունքների և այլ ոլորտների նկատմամբ պատշաճ հարգանք ունենալու պարագայում։ Ընդ որում` նորից շեշտենք, որ խնդիրների դեմ պայքարը չի ենթադրում զուտ ֆորմալիզացված մեխանիզմների գործադրում, այլ ենթադրում է համայնքում երևույթների հետ կապված ընդհանուր մթնոլորտ ձևավորելու անհրաժեշտություն:
Նորից ենք ընդգծում, որ բազմաթիվ փաստաբաններ ամենօրյա ռեժիմով էթիկայի սկզբունքներին հակասող հաղորդակցություն են վարում ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչների հետ։ Եվ եթե Փաստաբանների պալատը համարում է, որ փաստաբանները կարող են խախտել բարեկրթության սահմաններն իրենց գործունեությունն իրականացնելիս, և դա ընդամենը դիտարկում է որպես ընդունելի քննադատության ձև, ապա ՄԻՊ աշխատակազմն ընդգծում է, որ ցանկացած վարքագծի և էթիկայի կանոնների հիմքում ընկած են նաև բարեկրթության սահմանները չանցնելու կանոնները, ու դա որպես քննադատություն ներկայացնելուց առաջ անհրաժեշտ է փոփոխել էթիկայի և վարքագծի կանոններին առնչվող միջազգային չափանիշները։
Ավելին, միջազգային գործընկերների կողմից մարդու իրավունքների հետ կապված խնդիրներ արձանագրվում են բոլոր պետությունների առնչությամբ, իսկ դեպքերի մեծամասնությունում` խոսքը լրջագույն խնդիրների մասին է: Սակայն չենք հանդիպել մի իրավիճակի, երբ մասնագիտական համայնքները սա որպես հրապարակային հիմնավորոմ ներկայացնեն բարեկրթությունն ու էթիկայի ստանդարտները խախտելու, ատելության խոսքի դրսևորումները արդարացնելու համար:
Հարկ ենք համարում ևս մեկ անգամ ընդգծել, որ այս բոլոր խնդիրների առնչությամբ Պաշտպանն ու ՄԻՊ ներկայացուցիչները անընդհատ քննարկումներ են ունեցել Պալատի՝ որպես կարևոր գործընկերոջ հետ, երբևէ որևէ շփումներում չեն խախտել ՄԻՊ մանդատն ու էթիկայի նորմերը։ Ակնկալում ենք Փաստաբանների պալատի կողմից համարժեք կառուցողական հաղորդակցություն ու համագործակցություն։
Միևնույն ժամանակ, մեկ անգամ ևս մեր երախտագիտությունն ենք հայտնում այն բազմաթիվ փաստաբան գործընկերներին, ովքեր իրենց բարեվարք ու պրոֆեսիոնալ աշխատանքով նպաստում են Հայաստանում մարդու իրավունքների` գոյություն ունեցող բազում խնդիրների լուծմանը:
Ձեր աշխատանքն անգնահատելի է Հայաստանում մարդու իրավունքների առնչությամբ պատշաճ ընկալումներ ձևավորելու և բազմաթիվ մարդկանց իրավունքները երաշխավորելու տեսանկյունից:
Հիշեցնենք նաև, որ Պաշտպանը մշտապես անդրադառնում է նաև փաստաբանական համայնքի արդյունավետ գործունեության ոլորտում առկա բազում խնդիրներին և գործընկերների հետ համատեղ փորձում լուծումներ գտնել դրանց»,-նշվում է ՄԻՊ հայտարարության մեջ:
Հիշեցնենք՝ ավելի վաղ պալատն էր հայտարարություն տարածել, որում նշել էր․ «Վերջին շրջանում մամուլում, սոցիալական և մեդիա հարթակներում Մարդու իրավունքների պաշտպանի կողմից քննարկման առարկա է դարձել փաստաբանական ինստիտուտը և փաստաբանների գործունեությունը:
Որոշ հանրային հնչեղություն ունեցող գործերով Մարդու իրավունքների պաշտպանը արձագանքել է առանձին փաստաբանների կողմից արտահայտած քննադատություններին, տեսակետ հնչեցրել փաստաբանների էթիկայի կանոնների պահպանման անբավարար մակարդակի մասին:
Անհրաժեշտ ենք համարում հիշեցնել, որ փաստաբանների վարքագծի նկատմամբ Փաստաբանների պալատը վերացական հսկողության իրավունք չունի: Փաստաբանական էթիկայի հարցերը կարող են քննարկվել բացառապես օրենքով սահմանված առիթների և հիմքերի առկայությամբ հարուցված կարգապահական վարույթի շրջանակներում: Ուստի փաստաբանների դրսևորած վարքագծի վերաբերյալ պատշաճ և հիմնավոր իրավական գնահատական կարող է տրվել կարգապահական վարույթի արդյունքներով:
Հանրային մթնոլորտի բացասական կողմը (այդ թվում՝ վիրավորանքներ, բռնի գործողություններ) ցավոք այսօր լրացնում է գործադիր և օրենսդիր իշխանությունների ներկայացուցիչները, որոնց կողմից մարդու իրավունքների և ազատությունների պահպանմանը հետևելը Մարդու իրավունքների պաշտպանի հիմնական առաքելությունն է:
Այդուհանդերձ կրկին հիշեցնում ենք, որ Փաստաբանների պալատը պատժիչ մարմին չէ, և փաստաբանը չի կարող ենթարկվել պատասխանատվության ենթադրյալ խախտում թույլ տալու կամ քննադատական խոսք հնչեցնելու համար, անգամ եթե այդ խոսքը հնչեցվել է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի գործունեության արդյունավետության կապակցությամբ: Հատկապես, որ նման քննադատություններին առիթ կարող է հանդիսանալ երկրում առկա մարդու իրավունքների պաշտպանության ոչ բավարար մակարդակը, որի մասին առկա են մի շարք հեղինակավոր միջազգային կառույցների արձանագրումներ:
ՀՀ Սահմանադրությամբ և միջազգային փաստաթղթերով երաշխավորվում է փաստաբանական գործունեության անկախությունը:
Փաստաբանի գործունեությունը չի սահմանափակվում դատարանում կամ վարույթը իրականացնող մարմիններում պաշտպանություն (ներկայացուցչություն) իրականացնելով: Փաստաբանները իրավապաշտպան գործունեության արդյունավետությունը ապահովելու նպատակով կարող են հանդես գալ հրապարակային եղանակով՝ էթիկայի կանոններին համապատասխանող սուր քննադատությամբ, որպիսի հանգամանքը որևէ մեկնաբանությամբ չի կարող դիտարկվել որպես ոչ իրավաչափ:
Այս առումով տեղին է վկայակոչել Եվրոպայի խորհրդի «Փաստաբանի մասնագիտության պաշտպանության մասին» կոնվենցիան, որի 7-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է՝ Կողմերն ապահովում են փաստաբանների իրավունքը՝ հանրությանը տեղեկացնելու իրենց վստահորդների գործերին առնչվող հարցերի մասին՝ հաշվի առնելով միայն այն սահմանափակումները, որոնք նախատեսված են օրենքով և բխում են մասնագիտական պարտականություններից, արդարադատության իրականացման և մասնավոր կյանքը հարգելու պահանջներից, և որոնք անհրաժեշտ են ժողովրդավարական հասարակությունում։
Մարդու իրավունքների պաշտպանի կողմից նաև տեսակետ է ներկայացվել առ այն, որ «լրջագույն» բարեփոխման են ենթակա փաստաբանական համայնքի մարմինները: Այս առումով հարկ ենք համարում ընդգծել, որ ՀՀ փաստաբանական ինստիտուտը ամբողջովին համապատասխանում է միջազգային չափանիշներին, որի մասին բազմիցս գնահատականներ են տրվել հենց միջազգային համապատասխան կառույցների կողմից: Ավելին, ՀՀ փաստաբանական ինստիտուտը նույն կառույցների կողմից առաջարկվում է դիտարկել որպես էտալոնային մոդել: Ուստի փաստաբանական ինստիտուտի մարմինների բարեփոխումների առաջարկները տեղին կլինեին խորքային ուսումնասիրությունների և վերլուծությունների արդյունքներով, այլ ոչ դրվագային սուբյեկտիվ գնահատականներով: Հակառակ դեպքում այն կդիտարկվի որպես միջամտություն Սահմանադրությամբ երաշխավորված փաստաբանական ինստիտուտի անկախությանը և ինքնակառավարմանը:
Փաստաբանների պալատի և Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի հարաբերությունները տարիներ շարունակ եղել են գործընկերային, իսկ Մարդու իրավունքների պաշտպանը փաստաբանների կողմից ընկալվել է, որպես փաստաբանների և նրանց վստահորդների պաշտպան գործընկեր:
Հետևաբար բարձր գնահատելով Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի առաքելությունը, ակնկալում ենք, որ համագործակցությունը կշարունակվի կառուցողական մթոնոլորտում և փաստաբանների ու նրանց վստահորդների համար Մարդու իրավունքների պաշտպանը կպահի անկախության և պաշտպանության բարձր նշաձողը»: