Աբու Դաբիում Ուկրաինայի պատվիրակությունը հանդիպում է անցկացնում եվրոպացիների և Թրամփի բանագնացների հետ
Քաղաքականություն
10.11.2026 | 13:23
Ուկրաինան, ԱՄՆ-ը և Ռուսաստանն առաջին անգամ փետրվարից ի վեր վերսկսում են եռակողմ բանակցությունները՝ պատերազմն ավարտելու համար։ Աբու Դաբիում հանդիպումները նախատեսված են երկու օր։ Զուգահեռաբար ուկրաինական պատվիրակությունը խորհրդակցություններ է անցկացնում եվրոպացի գործընկերների, ՆԱՏՕ-ի և Եվրամիության հետ։
Միաժամանակ, ուկրաինական պատվիրակությունն Աբու Դաբիում աշխատանքը սկսել է Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի, ՆԱՏՕ-ի և Եվրահանձնաժողովի ներկայացուցիչների հետ հանդիպմամբ, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը։ Այս մասին տելեգրամի իր ալիքում գրել է ուկրաինական բանակցային թիմի ղեկավար Ռուստեմ Ումերովը։
Հանդիպմանը միացել են նաև ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչներ Սթիվ Ուիթքոֆը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փեսան՝ Ջարեդ Քուշները։
«Մենք կհամադրենք դիրքորոշումները և կհամակարգենք գործողությունները բանակցությունների հաջորդ փուլից առաջ։ Այնուհետև՝ եռակողմ ձևաչափ՝ Ուկրաինայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի մասնակցությամբ», -գրել է Ումերովը։
Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ բանակցությունները կանցկացվեն Աբու Դաբիում՝ նոյեմբերի 10-11-ին։ Եվրոպական պատվիրակությունը ներկա կլինի հանդիպումներին, սակայն անմիջականորեն չի մասնակցի բանակցություններին։
Ինչպես սպասվում է, բանակցությունների հիմնական թեմաներից մեկը կլինի Եվրոպայում հետպատերազմյան անվտանգության ճարտարապետությունը։
Հավելենք, որ բանակցություններում ռուսական պատվիրակությունը կգլխավորի ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին։ Պատվիրակության կազմում են նաև Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալներ Միխայիլ Գալուզինը և Սերգեյ Ռյաբկովը, ԱԴԾ-ի օպերատիվ տեղեկատվության և միջազգային կապերի ծառայության ղեկավար Ալեքսեյ Կոմկովը, ինչպես նաև Գլխավոր շտաբի գլխավոր վարչության պետ Իգոր Կոստյուկովը։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

