Նախիջևանի իշխանություններն այսուհետ ամբողջությամբ կենթարկվեն Ադրբեջանի նախագահին․ Մեջլիսն ընդունել է Նախիջևանի Սահմանադրության փոփոխությունները
Քաղաքականություն
08.07.2025 | 15:41
Ադրբեջանի Միլլի Մեջլիսի այսօրվա նիստում քննարկման է ներկայացվել «Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Մեջլիսը երրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ հաստատել է օրինագիծը։
Ըստ նախագծի՝ Նախիջևանի Սահմանադրության նախաբանը ենթարկվում է էական փոփոխությունների. առաջին և երկրորդ պարբերություններն ամբողջությամբ վերացվում են։ Գործող օրենսդրության համաձայն՝ Նախիջևանի ինքնավարության հիմքերը դրվել են միջազգային պայմանագրերով՝ 1921 թվականի մարտի 16-ի Մոսկվայի և 1921 թվականի հոկտեմբերի 13-ի Կարսի պայմանագրերով։ Այս միջազգային պայմանագրերը, ըստ ադրբեջանական օրենսդրության, հաստատել են Նախիջևանի պատկանելությունը Ադրբեջանին և ճշգրտել են տարածաշրջանի տարածքային սահմանները։
Պատմականորեն, 1921 թվականի մարտի 16-ից սկսած, շրջանը հաջորդաբար անվանվել է Նախիջևանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, 1923 թվականի հունիսի 16-ից՝ Նախիջևանի մարզ, 1924 թվականի փետրվարի 9-ից՝ Նախիջևանի Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, իսկ 1990 թվականի նոյեմբերի 17-ից՝ Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն։ Փաստաթղթում ընդգծվում է, որ Նախիջևանն Ադրբեջանի Հանրապետության անբաժանելի մասն է։
Ադրբեջանի Սահմանադրության 134-րդ հոդվածի 3-րդ մասում նշված այն դրույթը, որ Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունն Ադրբեջանի Հանրապետության անբաժանելի մասն է, կարտացոլվի Նախիջևանի Սահմանադրության նախաբանում։
Նշվում է, որ Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Սահմանադրությունը հիմնված է 1991 թվականի օգոստոսի 30-ի «Ադրբեջանի Հանրապետության պետական անկախության վերականգնման մասին» հռչակագրում, 1991 թվականի հոկտեմբերի 18-ի «Ադրբեջանի Հանրապետության պետական անկախության մասին» սահմանադրական օրենքում և 1995 թվականի նոյեմբերի 12-ին համաժողովրդական քվեարկությամբ-հանրաքվեով ընդունված Ադրբեջանի Սահմանադրությունում ամրագրված սկզբունքների վրա։
Բացի այդ, Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Գերագույն Մեջլիսի նախագահն այլևս չի համարվի ինքնավարության բարձրագույն պաշտոնատար անձ: Նախիջևանի Սահմանադրության 5-րդ հոդվածի համաձայն՝ Ինքնավար Հանրապետության բարձրագույն պաշտոնատար անձը Նախիջևանի Գերագույն Մեջլիսի նախագահն է։ Նախագծով առաջարկվում է վերացնել 5-րդ հոդվածը։
Առաջարկվում է նաև փոխել Գերագույն մեջլիսի ընտրությունների նշանակման կարգը: Գործող օրենսդրության համաձայն՝ Ինքնավար Հանրապետության Գերագույն մեջլիսի ընտրությունները նշանակում է Նախիջևանի Մեջլիսի նախագահը։
Փոփոխությունների համաձայն՝ Մեջլիսի ընտրություններն այսուհետ կնշանակի Ադրբեջանի նախագահը՝ Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Գերագույն մեջլիսի նախագահի առաջարկների հիման վրա:
Նշվում է, որ պատերազմի պայմաններում, երբ ռազմական գործողությունների վարումն անհնար է դարձնում Նախիջևանի Գերագույն Մեջլիսի ընտրությունների անցկացումը, Մեջլիսի գումարման լիազորությունների ժամկետը երկարաձգվում է մինչև ռազմական գործողությունների ավարտը։
Բացի այդ, Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Նախարարների կաբինետը կենթարկվի Ադրբեջանի նախագահին: Նախագծի համաձայն՝ Նախարարների կաբինետը չի ենթարկվի Ինքնավար Հանրապետության Գերագույն մեջլիսին և իր աշխատանքի կարգը կորոշի Ադրբեջանի նախագահի հետ համաձայնեցմամբ։
Նախիջևանում կառույցներ ստեղծել հնարավոր չի լինի՝ առանց Ադրբեջանի նախագահի համաձայնության։ Ինքնավար Հանրապետության պետական բյուջեում գործադիր իշխանության համար նախատեսված ծախսերի շրջանակում, Ադրբեջանի նախագահի համաձայնությամբ, կստեղծվեն կամ կլուծարվեն կենտրոնական գործադիր մարմիններ։
Այսպիսով՝ տեղի իշխանությունների լիազորությունները մեծապես սահմանափակվում են։
Գերագույն Մեջլիսի նախագահի ընտրության պահանջները նույնպես փոխվում են։ Նախագծի համաձայն՝ Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Մեջլիսի բարձրագույն կրթություն ունեցող ցանկացած պատգամավոր կարող է ընտրվել։ Ըստ գործող օրենքի՝ Գերագույն Մեջլիսի նախագահ կարող է ընտրվել ցանկացած պատգամավոր, որն առնվազն հինգ տարի մշտապես բնակվել է Նախիջևանի տարածքում, պարտավորություններ չունի այլ պետությունների նկատմամբ, ունի բարձրագույն կրթություն և չունի երկքաղաքացիություն։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի