Փաշինյանի արարքում առերևույթ առկա է պաշտոնեական լիազորություններն անցնելը նախապատրաստելու արարք․ Դատախազությունը չի ուսումնասիրել նրա հրապարակումը
Հասարակություն
10.06.2025 | 16:45
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր առավոտյան հերթական գրառումն է կատարել՝ քաղաքացիներին կոչ անելով քայլեր ձեռնարկել կաթողիկոսական նոր ընտրություններ կազմակերպելու ուղղությամբ, որում առերևույթ առկա է պաշտոնեական լիազորություններն անցնելու հատկանիշ։
«Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու սիրելի հավատավոր հետեւորդներ․
Որպես Ձեզնից մեկը դիմում եմ Ձեզ․ մեզ անհրաժեշտ է գործուն քայլեր ձեռնարկել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վեհարանը ազատելու եւ Կաթողիկոսական նոր ընտրություններ կազմակերպելու ուղղությամբ։
Այս փուլում պիտի ստեղծենք Համակարգող խումբ, վերը նշված օրակարգի կազմակերպչական հարցերը կարգավորելու համար։ Համակարգող խմբի անդամ կարող են դառնալ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու այն հետեւորդները, ովքեր․
ա) իրենց ամբողջ հոգով հավատում են մեր կենդանի Տիրոջը՝ Հիսուս Քրիստոսին;
բ) գոնե մեկ անգամ սկզբից մինչեւ վերջ կարդացել են Աստվածաշունչը;
գ) վերջին հինգ տարում գոնե մեկ անգամ պահել են Մեծ պահքը;
դ) ամեն օր աղոթում են;
ե) հավատում են, որ Մայր Աթոռի նորոգման օրակարգը բխում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու, մեր ժողովրդի, մեր պետության շահերից եւ համապատասխան է մեր նախնիների սուրբ ավանդին։
Համակարգող խմբի անդամ կարող են լինել թե՛ տղամարդիկ, թե՛ կանայք, թե՛ աշխարհիկ մարդիկ, թե՛ հոգեւորականներ։ Կուսակրոն հոգեւորականների դեպքում պարտադիր է, որ նրանք խախտած չլինեն կուսակրոնության ուխտը։
Համակարգող խմբի առաջին 10 անդամների ընտրության պատասխանատվությունը կվերցնեմ ինձ վրա՝ վերը նշված չափանիշների շուրջ ունեցած զրույցների գնահատմամբ։
Հետագայում Խումբը ինքը կորոշի ընդլայնման ընթացակարգերը, իր կառուցվածքը եւ այլ հնարավոր հարցեր։
Հասկանում եմ, որ Համակարգող խմբի անդամության վերը նշված չափանիշների մեծ մասը օբյեկտիվորեն հնարավոր չէ ստուգել, բայց շփումներում, զրույցներում Աստծո օգնությամբ հնարավոր է պարզել, հնարավոր է տեսնել հոգու աչքերով։
Վերը նշված չափանիշներին համապատասխանելու պարագայում, խնդրում եմ Համակարգող խմբի կազմում ընդգրկվելու համար Ձեր անուն–ազգանունը, հեռախոսի համարը ուղարկել [email protected] էլ․ փոստի հասցեին, Subject տողում գրելով՝ Համակարգող խումբ։
Խնդրում եմ կարճ գրել նաեւ Ձեր մասնագիտության եւ/կամ զբաղմունքի մասին։
Համակարգող խմբի ձեւավորումը տեղի կունենա աշխատանքային կարգով, մինչեւ Խումբը ինքը կորոշի հայտարարել իր մասին։
Մեր այս գործունեության ընթացքում գայթակղության բազմաթիվ խոսքեր են հնչելու, մեզ մեղադրելու են ամենատարբեր մեղքերում։ Այդ ամենին նայեք Ձեր հոգու աչքերով, լսեք մեր կենդանի Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի ձայնը եւ առաջնորդվեք ըստ այդմ»,- գրել է Նիկոլ Փաշինյանը։
ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը, փաստացի, որոշել է համակարգող խումբ ստեղծել, ազատվել ընտրված Ամենայն հայոց կաթողիկոսից և նոր կաթողիկոս ընտրել, այն դեպքում, երբ նման լիազորություն չունի, իսկ պաշտոնատար անձինք իրավասու են կատարել միայն այն գործողությունները, որոնք համար լիազորված են Սահմանադրությամբ և օրենքներով։
Factor TV-ն ավելի վաղ անդրադարձել է այն հարցին, թե ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով ինչպես են կարգավորվում եկեղեցի-պետություն հարաբերությունները։ Ըստ առկա կարգավորումների՝ պետությունը որևէ լծակ չունի եկեղեցու ինքնակառավարմանը միջամտելու, ավելին, այդպիսի միջամտությունն արգելվում է։
Մասնավորապես, ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածի համաձայն՝ «Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու՝ որպես ազգային եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում: Նույն հոդվածով սահմանվում է նաև, որ Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու հարաբերությունները կարող են կարգավորվել օրենքով»:
Այս հարաբերությունները կարգավորող օրենք ընդունվել է 2007 թվականին։ «Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց սուրբ առաքելական եկեղեցու հարաբերությունների մասին» օրենքի 2-րդ հոդվածով ամրագրված է․
«Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին՝ որպես ազգային եկեղեցի՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին կենտրոնով, Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության, Երուսաղեմի և Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքությունների նվիրապետական աթոռներով, և նրա բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում: Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ինքնակառավարումն իր նվիրապետության սահմաններում»:
Այսինքն՝ պետությունն ընդունում է եկեղեցու ինքնակառավարումը, ինչը ենթադրում է նաև հոգևոր առաջնորդի ընտրության հարցում ինքնակառավարում։
Այս օրենքի 4-րդ հոդվածով սահմանվում է նաև, որ Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերությունների կարգավորման սկզբունքները սահմանված են ՀՀ Սահմանադրությամբ, ընդհանուր հարաբերությունները՝ «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով։
«Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» օրենքի 6-րդ հոդվածից հասկանալի է դառնում, որ Հայ Առաքելական եկեղեցին ունի կրոնական կազմակերպության կարգավիճակ։
Այս հոդվածը սահմանում է․ «Հայաստանի Հանրապետության տարածքում գործում են. Հայաստանյաց Առաքելական Եկեղեցին (կրճատ` Հայ Եկեղեցի) իր ավանդական կազմակերպություններով, կրոնական այլ կազմակերպություններ, որոնք ստեղծվում և գործում են իրենց հավատացյալ անդամների շրջանակում՝ սեփական ունեցվածքի ու կանոնադրության համաձայն: Սահմանադրության 17-րդ հոդվածով սահմանվում է, որ Հայաստանի Հանրապետությունում երաշխավորվում է կրոնական կազմակերպությունների գործունեության ազատությունը: Կրոնական կազմակերպություններն անջատ են պետությունից: Սահմանադրական այս նորմն իր ամրագրումն է գտել նաև «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» օրենքում։
Այս օրենքի՝ Կրոնական կազմակերպությունների և պետության հարաբերությունները գլխում նշվում է, որ Հայաստանի Հանրապետության եկեղեցին անջատված է պետությունից: Սահմանվում է նաև, որ պետությունը՝
չի միջամտում եկեղեցու և կրոնական կազմակերպությունների՝ օրենքին համապատասխանող գործունեությանը և ներքին կյանքին,
արգելում է եկեղեցիների և կրոնական կազմակերպությունների կառուցվածքում որևէ պետական մարմնի կամ նրա հանձնարարությունները կատարող անձի գործունեություն։
Այսինքն՝ վերը նշված նորմերի վերլուծությունից կարելի է եզրահանգել, որ Հայաստանի Հանրապետությունը որևէ լծակ և ազդեցություն չունի՝ եկեղեցու կողմից կայացված որոշումներին միջամտելու, ավելին, այսպիսի միջամտությունն արգելվում է, մինչդեռ Փաշինյանը, փաստորեն, որոշել է միջամտել եկեղեցու գործունեությանը։
ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածով ամրագրված է օրինականության սկզբունքը, որի համաձայն՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով:
Տվյալ դեպքում արդեն իսկ փաստ է, որ վարչապետը ո՛չ ՀՀ Սահմանադրությամբ, ո՛չ օրենքներով լիազորված չէ միջամտել Հայ Առաքելայան եկեղեցու գործունեությունը։
Քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով էլ սահմանվում է քրեական պատասխանատվություն պաշտոնատար անձանց համար, որոնք իրենք պաշտոնեական լիազորություններից չբխող գործողություններ են կատարում։ Մասնավորապես, Քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածով սահմանվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու կամ անցնելու հանցակազմը։
Այս հանցակազմի դիսպոզիցիան ձևակերպված է հետևյալ կերպ․
«Պաշտոնատար անձի կողմից իր իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն ի վնաս պետական կամ ծառայողական շահերի օգտագործելը կամ իր ծառայողական պարտականությունը չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը կամ այնպիսի արարք կատարելը, որը չի բխում իր լիազորություններից կամ դուրս է իր լիազորությունների շրջանակից, որն էական վնաս է պատճառել անձի կամ կազմակերպության իրավունքներին, ազատություններին կամ օրինական շահերին կամ հասարակության կամ պետության օրինական շահերին։
Տվյալ դեպքում, եթե անգամ վիճարկվի այն հանգամանքը՝ արդյո՞ք արդեն իսկ եկեղեցու օրինական շահերին վնաս պատճառվել է, թե՝ ոչ, ապա առնվազն ենթադրյալ հանցավոր արարք կատարելը նախապատրաստելու առերևույթ արարքն առկա է։
Դատախազությունից փորձեցինք պարզել՝ արդյո՞ք ուսումնասիրել են Փաշինյանի գրառումը՝ քրեական վարույթ հարուցելու հարցը դիտարկելու համար, ինչին ի պատասխան՝ հայտնեցին, որ Դատախազությունը չի ուսումնասիրել այն։
Արաքս Մամուլյան